Որոշումն այս երեկ եմ կայացրել Մեդիակենտրոնում, Վայքի ավագ դպրոցի վերապատրաստվող ուսուցիչների հետ զրույցի ժամանակ։ Հուլիսի 18-ին, երբ նրանցից մեկը կանչեց. «Ձեզ մոտ էս ի՜նչ հուլիս ա, հուլիս չէ. հուլիսին դպրոց չի լինում»։ Հուլիսի գովքը տես իմ հուլիսի 12-ի գրում։ Հիմա շարունակությունը՝ հուլիսի 18-ի իմ մասնակցությամբ իրադարձությունների շարադրանքի ձևով։

Ժամը՝ 04-07։ Շարադրում եմ հուլիսի 18-ի գիրը. ինտերնետում եմ՝ mskh.am-ում, 168.am-ում։ Եղիշե Չարենցի հոբելյանական (Հրանտ Մաթևոսյանի արած) ժողովածուն եմ կարդում։ Թվում է՝ «Դեպի լյառն Մասիս»-ը ոչ էլ կարդացել եմ։ Գևորգ Հակոբյանի հուլիսի 17-ի հավաքում արած առաջարկը՝ բլոգում ունենալ «Ինչ եմ կարդում» մշտական էջը, սրտիս կպել է. մի նոր օրագիր չստացվի հանկարծ։ Արմինեն մի քանի դարակ արխիվ է առանձնացրել. փորփրում եմ…

Ժամը՝ 07-08.10։ Դավիթն արթուն է. այսօր նախորդ օրերից ուշ սկսեց թփթփոցը. «Պապա, ես գնալու եմ պարտեզ». համակարգչին չմոտեցավ, չուզեց։ «Երգի Դավիթը», «Ճոճորվի Դավիթը». ես պատմում եմ Արևիկի (իր քրոջ) ու Արմենի (իր եղբոր) մասին։ Նախորդ օրը պլաստիլինով մի կապիկ ու մի ձուկիկ է ծեփել Արմենը՝ ընդգծված շնորհքով, այս կիրակի ութ տարեկան դարձող սեբաստացին, ու Դավիթն այս քանդակները ձեռքից բաց չի թողնում։ «Տանեմ՝ Նարեի հետ խաղամ»։

Ես Չարենցից չեմ կտրվում։ Դավիթն ասում է՝ կարդա. հետաքրքիր է նրա վերաբերմունքը Չարենցին։ Իմ քույր Էմման այդպես զմայլված Չարենց էր կարդում վառարանի մոտ, երևի 10-րդ դասարանում, բանասիրականի 1-ին կուրսում. ես՝ 6-րդ, 7-րդ դասարանցի, զմայլված լսում էի։ Ես զմայլված եմ էլի, քույրս… կոկորդիս արցունքը կուլ տվեցի, Դավիթը թե՝ «Չարենցը ի՞նչ ա գրում»…

8.10-8.20։ Ես ու Արմինեն սուրճ ենք խմում. հերթապահ է Արմինեն ու լուրջ է դրանից, իսկ Դավիթը համը հանում է, 3-րդ կապույտ-դեղին-մանուշակագույն մարմելադով կոնֆետը կերավ. ագահ, ագահ, ագա՛հ Դավիթ։ Մենք՝ հայր ու որդի Բլեյաններ, հանդիսավոր, ձուկիկով ու կապիկով, փակում ենք դուռը. Արմինեն կիջնի քիչ հետո։ Կսպասեցնի… այդպես երախտամոռ եք… իսկ ինձ հետ Աբովյան-հերոսի վիճակն է.

Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին —
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։

Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում Էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած…

08.30-08.35։ Ես ու Դավիթը Չայկովսկու մայթով (Չայկովսկին, Դավիթ ջան, երաժշտություն է գրում, երաժիշտ է, կլսենք) քայլում ենք։ Երաժիշտ՝ կրկնում է անընդհատ Դավիթը, «կլսե՞նք Չայկովսկի, պապա»… Աղբը չենք մոռացել, երեկ Զալոն մեզ անաղբ է թողել։ Նշագծած անցումով մոտենում ենք թերթերի կրպակին. վաճառողուհին հենց Դավթին է սպասում։ Չի հարցնում, ինձ օրաթերթ է մեկնում։ Մոտենում է կարմիր մեքենան… Ես չեմ հասցնում նյարդայնանալ. Արմինեն կարմիր մեքենայի մեջ է։

8.35-8.55։ Ճանապարհ դեպի պարտեզ. Դավիթը հաստատակամ և ուրախ պարտեզ է սլանում։ «Պապա, Վահագն վիշապաքաղը ձեռքերով է քաղում հրեշներին»։ Մենք Րաֆֆու պողոտայի մայթից ողջունում ենք տիար Գևորգին, Սուսանին ու Նառային։

9.00-9.15։ Մենք ճանապարհում ենք Մարթա Ասատրյանի՝ Ծաղկունք մեկնող էկոթիմին… «Լուսինը, պապա, լուսինը»։ Իսկ արև՞ը, Դավիթ։ «Արևը ծառերի մեջ է խճճվել»։

9.15-9.30։ Դավթին ուղեկցում ենք մինչև պարտեզի մուտքը. դեռ ան-տանելի չդարձած մետաղե ցանկապատերն իրենց տեղում են, իսկ ծառերը… Ջուրը կլինի շաբաթ օրը։ Պարտիզպան Վանիկ ջան, ջո՞ւրն է խնդիրը… Ես նայում եմ սալիկապատող բանվորի աշխատանքին, լսում նրա հուզիչ պատմությունն իր երեք տարեկան աղջկա երեկվա՝ օրորոցից անհաջող իջնել-բարձրանալու մասին։ Ցա՛ծր արեք բոլոր երեխաների մահճակալները, անկողինները գցեք գետնին, թող անարգել-անվտանգ ինքնուրույն մտնեն, դուրս գան։

9.30-10.10։ Մայր դպրոցի և խաղադաշտերի աշխատողների հետ եմ։ Բոլորի հույսը ես եմ՝ ինքն է սկսել, թող ինքն էլ տակից դուրս գա։ Հո տակը չե՞մ մնա…

10.15-10.35։ Նոր դպրոցում եմ։  Վերջապես «Վահան Ասատրյան» պուրակում (մեր պայծառ, վաղամեռիկ ընկեր, որքան դժվար տրվեց այս ժայթքումը…) ջուր է խփում։ Շշմելու է։ Նոր դպրոցի ոռոգման ցանցով քայլում եմ։ Ջուրը՝ կենարար. հուլիս է ու ջուր։ Հետո Մեդիակենտրոնի պատուհանից եկեղեցու ֆոնին ինձ կերևա մի ջրե շիթ, ու Երևանը կզովանա… Ողջույն, լողացող ճամբարականներ Նոր դպրոցի։ Ճամբարականների թիվը գնալով ավելանում է նաև Գեղարվեստում, Դպրոց-պարտեզում. ես հաշվեցի… Առանց կենարար ջրի ու հեղինակային բանգլադեշյան ջրաշխարհի՝ ի՜նչ հուլիս, ի՜նչ պարտեզ, ի՜նչ ճամբար…

10.30-10.50։ Նոր դպրոց-Գեղարվեստ կածանով բարձրանում եմ Մեդիակենտրոն. ես հայտնի արագաքայլ եմ, լավ է՝ մենակ եմ։ Ճամփին մտնում եմ Գեղարվեստ ու Թոփչյան Արմինեին հրահրում քանդելու հաջորդ պատերը… Կոնցեպտը՝ բաց միջավայրը, իր զարգացումն ունի, իսկ դա պլեներային ներքին ու արտաքին տարածքների կազմակերպումն է։ Գեղարվեստը մանկավարժական այս տեսիլի մեր մոդելն է… Ես արագացնում եմ պատումը։

11.00-12.00։ Հանդիպում եմ Վայքի ավագ դպրոցի՝ վերապատրաստվող ուսուցիչների խմբին։ Իմ ելույթն ահա. Նառան չի միացնում, որովհետև չի անջատում իր տեսա-ձայնագրիչը։

Հանդիպում եմ Վրաստան՝ միջազգային էկոճամբար մեկնող խմբին. Հասմիկ Նալբանդյանն իհարկե, ոգևորված է կազմով։ Զրուցում եմ Տավուշի մարզ՝ Կողբի արշավախմբային միջազգային ճամբար մեկնող Կարեն Խաչատրյանի և ընկերների հետ։ Կոնցեպտը՝ մոբիլ ու ստեղծական…

Հետո՝ համերգ-հանդիսություն է Մեդիակենտրոնում. կրթահամալիրի երաժշտության դպրոցի վեց սան 7-ամյա ուսուցման վկայագիր է ստանում. Նառա Նիկողոսյանն ու Սվատա Ճաղարյանը՝ ընկերների հետ, խնամքով են պատրաստվել։ Ես, գիտեք՝ ի՛նչ երանություն եմ ապրում…

12.45-13.30։ Ես ու Սուսան Մարկոսյանը լեզվական առումով քննարկում-խմբագրում ենք իմ հուլիսի 17-ի գիրը։ Սուսանը, իմացեք, օրագրի համաստեղծողն է. սա՝ օրագիրը, բլոգը, մենակ մարդու գործ չէ։ Հուլիսի 17-ի հավաքի գլխավոր կանչը սա է։ Համեցեք, դարձեք համաստեղծող…

13.30-14.00։ Ընդմիջում. սիրում եմ մեր պարզ հացի այս խորհուրդները, ինձ հարազատ մի խումբ մարդկանց հետ։ Ամպրոպ, ճայթյուն և ատամների կրճտոց Մեդիայում։ Կոնցեպտը՝ լավ է, որ ինչպես գարնան երկինքը, շուտ եմ պարզվում։ Ես ավելի եմ արագացնում պատումը։

14.00-14.30։ Գեղարվեստում եմ նորից։ Վերահսկում եմ. ժամեր առաջ ես հանձնարարություններ տվեցի։ Ինձ հետաքրքիր են մեր կրթահամալիրի քոլեջի շրջանավարտներ Բուրաստանի և Օլյայի նախակրթարանային խմբերը։ Աննա անունով չնաշխարհիկ գոյության հանդիպեցի։

14.30.-15.30։ Նորից Մայր դպրոց, նորից շինարարություն։ Տնօրինական գործունեության այս կյանքում շինարար-ճարտարապետ-նախագծող-դիզայների մասնագիտություն եմ ձեռք բերել։ Լավ չէ։ Բայց լավ է, որ ինձ ընդունում են։

15.30-17.00։ Մեդիայում բարի արձակուրդ եմ մաղթում Լիլիթ Ազիզխանյանին. իբր ի՞նչ ես արել, որ հիմա էլ հանգստանում ես, էլ չեմ ասում՝ մեդիակրթություն իրականացնող գրասենյակի ղեկավար ես, չէ՞, ի՜նչ արձակուրդ։

17.00-17.30։ Ես ու Նառա Նիկողոսյանը խաղաղ զրուցում ենք Կուրթանի արշավախմբային ճամբարի նախապատրաստման, հետո՝ հայտարարված մրցույթին դիմող ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպելու մասին։

16.30-18.00։ Տարբեր խմբերով քննարկում ենք մանկավարժական լաբորատորիայի գործունեությունը, արված աշխատանքի ամբողջացումը՝ 2014-2015 ուստարվան ընդառաջ։ Տիար Գևորգը մեզ սեխ ու ձմերուկ է հյուրասիրում։

18.00-18.30։ Կրթահամալիրի հյուսն-ատաղձագործների հետ եմ։ Բաց միջավայրի զարգացումը նոր լուծումներ է առաջադրում. պատրա՞ստ են նրանք։

18.30-19.10։ Ես իմ աշխատասենյակում եմ, համակարգչի առաջ։ Կարդում եմ։

19.10։ Ես Մեդիան, վերապատրաստող Հերմինե Անտոնյանին ու վերապատրաստվողներին թողնում եմ Գևորգ Հակոբյանին ու նստում առաջին պատահած տաքսին։ Վարորդն օրվա նվերն է, հերոսը՝ կիրթ, քչախոս երևանցի, ով լսել ու տեղին արձագանքել գիտի։

19.30։ Մեր դռան զանգին սպասված թփթփոցն է արձագանքում։ Դավիթն ու Արմինեն ինձ են դիմավորում։ Արմինեն խայթում է՝ այսօր մի քիչ շուտ ես եկել, տիար տնօրեն։

Օրվա բարձր տրամադրությունը կամ երկրորդ պլանի գլխավոր իրադարձությունները։

Վիրահատող բժիշկը զննել է Շուշանին և գոհ մնացել ետվիրահատական բուժման ընթացքից։ Ուռա՜, Շուշանի հետ կարելի է և հարկ է քննարկել հուլիսի վերջի և ողջ օգոստոսի հայաստանյան ծրագիրը։ Սեպտեմբերի 2-ի համար Շուշանը՝ իմ ուսանող աղջիկը, Վիեննայի տոմս ունի։

Լավ է, Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրվա այս «փարթին» էլ անփորձանք անցավ. աո՜ւ, Նազեր, որտե՞ղ ես։ Դավիթ, գիտի՞ Նազենի քույրիկը, որ վաղը ես, դու, Շուշոն ճանապարհվում ենք Սևանի Ծաղկունք։ Իմացավ, կմիանա՞։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի մասին արտահայտող ուրիշ բառ է․․․

Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած 20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան

Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն…

Ռուբեն Սևակի «Գիշերն իջավ»-ի համար շնորհակալ եմ. այսպես չէի կարդացել… Ապրիլի 24-ի օրով, իմ ժամին՝ առտու-մութուլուսի, նորից կարդացի, լսելի՞ բոլորիդ համար… Քանի՜ պտույտ արեցի բնակարանով մեր, ամեն քունջ ու պուճախ

Որպես մեր ազատության ազնվականների դաջվածքներ մի-մի…

Ո՛չ վարչապետի Սարդարապատի ելույթը, ո՛չ Քոչարյանի խոսքը իր աջակիցներին, չեմ անտեսել… Կարդում եմ, հետևում… Այլ խողովակներ կան դրանց անդրադառնալու… Իմ գրում՝ որպես ամենօրյա պատում, մանկավարժությունն է. իմ օրը, առօրյան, իմ