Կարո՞ղ է լինել ավելի պատշաճ-համապատասխան արձագանք իմ 300-րդ հոբելյանական գրին, քան «Բանգլադեշ անիվների վրա» ապրիլի 17-ի երթ-ակցիան… Ես, անկասկած, մասնակցելու եմ երթին իմ նոր ամերիկյան հեծանվով: Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի, որ «Բանգլադեշ անիվների վրա» ուսումնական նախագծի նախաձեռնողները՝ Մարիետը, Ռոզան, Դավիթը… Գեղարվեստի կրտսերի 4-րդ դասարանից, Արմինե Թոփչյանը, ոչ մեկից ոչինչ չեն պահանջում-հիշեցնում. նախագծի իրականացումը քայլ առ քայլ սկսել են, ամեն օր տեղից շարժում են, գործում են՝ բաց, հավեսով, թեթև… ճիշտ-ճիշտ անիվների վրա… Ինչո՞ւ Տաթև Աբրահամյանն ու Կարինե Բաբուջյանն ակտիվ մասնակից չեն, երևի հեծանիվ չունե՞ն: Ինչո՞ւ երթին-նախագծին չի արձագանքում «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը՝ իր հեծանվորդ-կասկադյոր տնօրեն Առնոլդ Բլեյանով… Չի լսվում կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության ձայնը… Նախանձից չորացե՞լ են…
Ինքնուրույն ու հետևողական է գործում նաև Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարում 5-րդ անգամ Հայաստանը ներկայացնող նախաձեռնող խումբը. Բուշ Լուսինեն, Մարիետը Սիմոնյան սկսել են ու շարունակ թափ են հավաքում: Իսկական սեբաստացիական ակումբ՝ «Իզմիր 2015» անունով… Ես կարողացա զրուցել ակումբի նախաձեռնողների հետ. որքա՜ն մեկը մյուսից գրավիչ ու մեկը մյուսի շարունակություն մտքեր ունեն, և բոլորն էլ իրագործելի, քանզի իրենցից՝ ակումբի-նախագծի մասնակիցներից է կախված: Ես հայտարարում եմ, որ իմ աշխատակազմով գործում եմ որպես ուսումնական նախագծերի-նախաձեռնությունների-ստուգատեսների, ուսումնական ճամբարների, ակցիա-հավաքների աջակցման ծառայություն։ Սեբաստացինե՛ր բոլոր տարիքի, յուրաքանչյուր կոնկրետ գործ կստանա պատշաճ ու կոնկրետ աջակցություն…
Կիրակի օրը Դավիթ ու իմ եղբայր Ստեփան Բլեյանների հետ կապվեցինք Շուշան Բլեյանի հետ…Ա՛յ, սա տրամադրություն է, վճռականություն, թափ՝ աշխարհի բեմը նվաճելու անհրաժեշտ պայման… Ինձ ոգևորել է նաև իմ ավագ թոռնուհի, մեր Միջին դպրոցի 8.3 դասարանի Արաքս Հովհաննիսյանի թափ առնող ակտիվությունը… Ո՜նց ես ոգևորում, Արաքս, ու քո թույլտվությամբ «Շողակն»-ի «Աշխարհի մութ և լույս կողմերը» հրապարակումը բերում եմ ամբողջությամբ.
Աշխարհում, ինչպես մարդկանց մեջ, կան մութ և լույս կողմեր:
Որոշ մարդիկ թաքցնում են իրենց մութ կողմերը, իսկ մյուներն էլ՝ իրենց լույս կողմերը: Իմ կարծիքով, չի կարելի թաքցնել քո ներսում գտնվող լույսը: Պետք է ցուցադրել այն և տարածել: Դրան հակառակ՝ դու պետք է թաքցնես քո ներսում գտնվող մութը: Մութ մարդիկ թաքցնում են իրենց միջի առանց այն էլ սակավ լույսը՝ շուրջբոլորը տարածելով մթություն: Նման մարդիկ կարող են վտանգավոր լինել ոչ միայն իրենց, այլև բոլորի համար: Նրանք երբեք լուսավոր չեն լինում, միշտ տխուր են ու դժգոհ:
Պետք է լինել լուսավոր, առաջին հերթին քո, իսկ հետո արդեն ողջ աշխարհի համար: Չէ՞ որ լուսավոր մարդիկ գեղեցիկ և արևոտ են դարձնում աշխարհը»:
Ուշադրություն դարձրեք «Շողակն»-ի հիմնադիր կազմը մեծացնելու վճռականության, գործընկերության ընդարձակման վրա: Այսպես է լինում միշտ, երբ ոչ թե խնդրում ես ինչ-որ մեկին կամ պահանջում-հիշեցնում… Ի վերջո ամեն պահանջ-խնդրանք չէ, որ կատարվում է. դառնում ես հիշաչար-անգործուն, չարանում-թունավորվում-պասիվ ես դառնում: Երբե՛ք: Սեբաստացիները սկսում են, գործում են մի միջավայրում, որտեղ սեփական տաղանդի ներդրումը լիարժեք խթան է, որտեղ ով ինչով կարող է, մի պահից սկսած, աջակցում է, եթե ոչ՝ բարի կամեցողությամբ ճանապարհ հարթում նոր անհատների ներգրավման, նախաձեռնության նկատմամբ վստահության և հասարակական ճանաչելիության համար…
Այս շաբաթը, որ սկսվում է այսօր՝ ապրիլի 13-ին, անկախ անձրևի թափից ու անընդհատությունից, հայ-վրացական երկարատև ստեղծագործական համագործակցության շրջան է… Հիշո՞ւմ եք, 2015-ի մարտի 25-28-ը «Սեբաստացիներ» երգչախումբը «Երաժշտական լաբորատորիայի» ղեկավար Կարեն Խաչատրյանի, իմ, Նառա Նիկողոսյանիուղեկցությամբ եղավ Թբիլիսիում. մեր համերգ-ելույթների ընթացքում ձեռք բերեցինք նոր պայմանավորվածություններ նոր գործընկերների հետ: Բեկում՝ Վրաստանի հետ մեր հարաբերություններում. դրանք, նախ և առաջ, ուսումնական են՝ համատեղ կրթամշակութային նախագծերի-խնդիրների ձևով, որ վրացի և սեբաստացի սովորողներն ու ուսուցիչները միասին ձևակերպում, լուծում և տարածում՝ հանրայնացնում են Թիֆլիսում և Երևանում… Խնդրեմ. Թբիլիսիի դպրոցների երաժշտության ուսուցիչների խումբը կաշխատի մեր դասվար-դաստիարակների «Շրխկան» համույթի հետ, որ պատրաստվում է համերգային շրջագայության… Խոստացել եմ, կլինի…
Ուսանողների ազգագրական վոկալ-գործիքային խումբը կաշխատի կրթահամալիրի Ավագ դպրոցի՝ Լուիզա Քեշիշյանի երգչախմբի հետ: Իսկ Կարեն Խաչատրյանի «Երաժշտական լոբորատորիան» գտնված գործընկեր է Թբիլիսիի ավագ դպրոցականների էստրադային նվագախմբի համար… Այո, մեր վրաց գործընկերները, իհարկե, կծանոթանան Երևանին, կլինեն Էջմիածնում և Աշտարակում, համերգներ կունկնդրեն ու կտան, առանց սրա ի՞նչ փոխանակում, հատկապես, որ այս մեծ խմբից ոչ ոք մինչ այս Հայաստանում չի եղել: Կամուրջներ իսկական: Բայց գլխավորը սեբաստացի և վրաց մասնագետների համատեղ աշխատանքն է, որը, չորս օրում կսկսվի-կլինի, բայց, իհարկե, չի ավարտվի… Մենք պատրաստվում ենք մեր հայտարարած, իմ խոստացած հունիսյան Բանգլադեշյան պլեներին, որը սրանով դառնում է միջազգային, բաց… Իսկ հունիսի վերջին ստեղծագործական հավաքի-ճամբարի մասնակիցները միասնական համերգ-ցուցադրություններով հանդես կգան Թբիլիսիում, Վրաստանում… Այսպիսով, ամեն մի նախագիծ դառնում է մյուս նախագծի սկիզբ՝ ապահովելով ուսումնական-ստեղծագործական աշխատանքի անընդհատություն, ինչպես իմ օրագիրը, որ սկսվել է 2014-ի հունիսի 17-ին. ամեն օրն իր գիրն ունի… 300 օրն իմացա՞ք՝ ինչպես բոլորեց…
Երկար է իմ օրը, ինչպես Գեղարվեստի 6 տարեկանների ռոդարիական հեքիաթը. համ էլ՝ ի՜նչ բարձրակարգ երաժշտություն ունկնդրեցինք՝ համարյա 5 րոպե: Հետո Աննա Հայրոյանի բլոգում վայելեցինք աթոռներով նախավարժանքը, երաժշտությունը, որ Դավթին տարավ լողարան… Էհե՜յ, հո քնա՞ծ չեք…