Իմ օրագիրն այսօր ունեցավ երեսուներորդ եթերը, բեմելը, թե հրապարակումը… Ուռա՜. սա հենց այն առիթն է, որ մեզ կհավաքի վաղը՝ նշելու աշխատանքային կարգով։

Հետաքրքիր կապ է հաստատվում ինձ ծանոթ-անծանոթ մարդկանց հետ. արձագանքում են՝ մոտենալով, քննարկելով, զանգում են (ավելի շատ), գրում են իմ էլեկտրոնային bleyan@mskh.am հասցեին, ՖԲ էջին։ Դրանցից երեքին անդրադառնամ, օրագրով պատասխանելու խոստումս կատարեմ։

Որքան էլ ինձ մեղադրում են (երբեմն, թե հաճախ) կտրուկության, անհանդուրժողականության համար, ինձնից էլ հանդուրժող, ներառված ու ներառող մա՞րդ… Ցույց տվեք։ Դժվար է, երբ փաստական հանգամանքը և իբր դատողություններ անելը (ազատ արտահայտվելը, կարծիք ունենալը) հանդիպում են նույն խոսքում, նույն տեղում, նույն դեպքում՝ մերժելով իրար։ Դե, փաստը փաստական հանգամանք է հենց դրանով, որ ենթակա է ճշտման, ընդունման կամ մերժման։ Արի, բարեկամ, սա ընդունիր ու կարծիքդ ազատ արտահայտիր, ես հարգալից կլսեմ։ Ավելի լավ է մեկ անգամ տեսնելը, քան քանի՞ անգամ լսելը. ժողովրդական է, չէ՞։ Տեսնելը փաստ է, փաստական հանգամանքի արձանագրումը, լսելը՝ կարծիք։ Հաճախ մեզանում՝ փա՜ստն ուր, կարծիքն ուր… Ես էլի կբերեմ առած-ասացվածքներ իմ օրագրում, որ ժողովրդական են՝ իմաստուն, խիստ մշակված լեզվական ձևեր, բայց, այ, ապրում ենք՝ հակառակ դրանց, կարծես դրանց ստեղծմանը չենք մասնակցել…

  1. 1999թ. մայիսի 14-ից մինչև 2001թ. հուլիսի 13-ը ես անընդհատ եղել եմ Երևանի թ. 1 քննչական մեկուսարանում, մեկուսարան-դատարանի դահլիճ ճանապարհին՝ հատուկ ուղեկցությամբ, կամ դատարանի դահլիճում։ Սա փաստ է։ Այսպիսով ես ազատության մեջ եմ եղել (թեև երբեք այդքան ազատ չեմ գործել-մտածել ինքս ինձ հետ, քան կալանքում եղած ժամանակ) 2001թ. հուլիսի 13-ից։ Շուշան Բլեյանն այդ օրը դարձավ 6 տարեկան, ես նրա ձեռքը բռնեցի և 2001թ. սեպտեմբերի 1-ին, որպես հայրիկ՝ ուղեկցեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոց՝ Արմինե Եղիկյանի դասարան. Թադևոս Մարկոսյանը՝ Շուշանի դասընկերը, հիմա՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողը, կվկայի. կվկայես, չէ՞, Թադևոս։
  2. Ես արխիվ չունեմ. կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, Մարի Գաբանյան, աո՜ւ, շնորհակալ եմ, ձևավորվեց իմ ֆոնդը. պիտի նայեմ՝ ինչ վիճակում է։ Իմ արխիվն իմ հրապարակումներն են՝ տպագիր ու էլեկտրոնային։ Այն, ինչ էլեկտրոնային է, իմ բլոգի նյութն է, հետաքրքրվողին օր օրի ավելի մատչելի կլինի։ Սկսել ենք դրա դասակարգումը։ Ավելի աշխատատար է մինչև ինտերնետ իմ գործունեության «հետքերի» հետևից գնալը։ Այստեղ էլ բլոգը կդառնա պատվիրատու և կազմակերպիչ. հետևեք իմ բլոգին։ Իմ քաղաքական-հասարակական-կրթական գործունեության բոլոր դրվագները, հայտնի-անհայտ էջերը, այն, ինչ առկա է, փաստ է, հետաքրքրվողը կունենա իր ձեռքի տակ. ես գնահատում եմ ձեր ժամանակն ու  կկարողանամ ժամանակի նվազագույն ծախս պահանջող սպասարկում ապահովել իմ բլոգի միջոցով։
    Ինձ անծանոթ մարդկանց, անսպասելի զանգեր հաճախ են գալիս. ես միշտ եմ մատչելի եղել՝ որևէ պաշտոնում, յուրաքանչյուրին։ Ահա երեկվա զանգով, հարգելի ընկեր կամ, ինչպես ընդունված է ասել, պարոն քաղաքացին, որ կիրթ ներկայացավ, հետաքրքրվում էր, թե ինչու և ինչպես ազատություն ստանալով (ինչպես ասաց՝ բերդից դուրս գալով)՝ չշարունակեցի իմ քաղաքական գործունեությունը։ Այդպես էլ ասաց. «Ես Ձեր տեղ…»։ Որքան էլ իմ ոչ հեռու անցյալի՝ 2001-2006թթ շրջանն է ընդգրկում, բայց առանց արխիվային ճշգրտումների չի լինի։ Ի՜նչ լավ է, իմ դարակներից մեկում, իմ անվան հետ կապված հրապարակում-գրքույկ-ժողովածուների մեջ տեղեկատվական թերթիկ կա՝ «Պարտական միայն  Ձեզ ու հաշվետու Ձեր առաջ» վերնագրով, կոկիկ-ընթեռնելի-ամփոփ, ճաշակով-համեստ։ Հիմա էլ հավանում եմ. շուռումուռ տվեցի, կարդացի. կարծես խելքուշնորհքս ոչ էլ ավելացել է… Այսպիսով. «Ես խոսել եմ, երբ բոլորը լռել են, երբ խոսելը վտանգավոր էր։ Խոսքը՝ գործ. պաշտպանել եմ յուրաքանչյուրիդ խաղաղ, ազատ ու ապահով ապրելու իրավունքը»։ 2003թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին քաղաքացիական նախաձեռնությունների կարգով գրանցվեցի պատգամավորության թեկնածու։ Վճռական էի, ուզում էի պատգամավոր աշխատել։ Չեղավ, չընտրվեցի թե կեղծեցին-չթողեցին՝ գնահատականի հարց է, բայց չեղավ… Մինչ այդ ես հիմնել էի «Տանիք» իրավապաշտպան կազմակերպությունը՝ փորձելով շարունակել-ընդարձակել կալանատան իրավապաշտպան գործունեությունս… Ես խոսում եմ աշխատանքի մասին, վճարովի, իհարկե, ես որևէ բիզնես չունեմ, ահա ինչու՝ աշխատանքի դիմաց ստացվող վճարն է իմ եկամտի աղբյուրը։ Առավելագույն ջանքեր գործադրեցի 2001-2003-ին հայաստանյան իրավապաշտպան կառույց ստեղծելու համար, որի վճարունակ պատվիրատուն լիներ հայաստանցին՝ իր իշխանությամբ, քաղաքացիով, ձեռնարկատերով, ֆոնդերով, իրական հասարակական գործունեություն կատարող մարդկանցով… Հասարակական կազմակերպությո՞ւն առանց հասարակական աշխատանքի՝ որպես 1-2-3-ի գործունեություն, ընտանիք պահելու միջոց, միշտ կախված ինձ անենթակա գրանտներից (դրամաշնորհ), իմը չէ, անընդունելի է…Հետո ճշտեցի իմ հարաբերությունները «Նոր ուղի» կուսակցության հետ, որի հիմնադիրն ու նախագահն էի։ Մարդ-կուսակցություն կամ մի մեքենա մարդ-կուսակցություն, երբ չի գործում ընտրական մեքենան, երբ կուսակցությունը չի ստանում տարրական դրամական միջոցներ… Նորից իմը չէր։ Ես նախաձեռնեցի կուսակցության լուծարումը՝ լինելով-մնալով Նոր ուղի. կարդացեք։
  3. Վերջին զանգը՝ լրագրողի, որ ես խոստացա իմ օրագրում պատասխանել։
    2005թ. կրթահամալիրի գործադիր տնօրեն Ռաիսա Գալստյանը տեղավորվեց նորաստեղծ կրթության պետական տեսչությունում, որտեղ աշխատում է առ այսօր որպես պետի տեղակալ։ Ինձ իմ կրթահամալիրն առաջարկեց աշխատանքային պայմանագիր…
    Երբեք որևէ ձևով քողարկված (օգնականի, ընկերոջ, վարորդի միջոցով), թե բացահայտ պաշտպանություն չեմ ունեցել։ Տանել չեմ կարողանում, որ ինձ սպասում են՝ մեքենայի վարորդը, թե անծանոթը ընդունարանում, էլ չեմ ասում նշանակված հանդիպման եկողի մասին, իմ հասցեն՝ բնակարանի, աշխատավայրի, իմ հեռախոսը, իմ էլ.հասցեն հայտնի ու մատչելի են յուրաքանչյուրին։ Երևանի փոխքաղաքապետ, լուսավորության նախարար, կրթության և գիտության առաջին փոխնախարար, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, կալանավոր (շեշտում եմ՝ կալանավոր), կրթահամալիրի տնօրեն աշխատած ողջ շրջանում, մեկ է, փողոցում, աշխատավայրում, թե հասարակական վայրում, դահլիճում, արտագնա՝ ես աշխատանքի մեջ եմ, ստորագրել եմ թղթեր, տվել լուծումներ, պայմանավորվել… Սա իմ արյան մեջ է, և ստացվում է ինքնաբերաբար։

Ի դեպ, իմ օրագրում բերված փաստերի, տեղեկությունների համար ես, միայն ես եմ կրում պատասխանատվություն, դուք դրանք կարող եք օգտագործել ձեր հայեցողությամբ, միայն առանց աղավաղելու… Մեջբերում արեք օրագրից, և Ձեր կարծիքը անհնար է, որ չլսվի…

Հիմա շարունակեմ իմ օրվա գիրը նաև մյուսների համար։ Ամենադժվարն ինձ համար եղել է 1999-2001 թթ կալանքի շրջանում կապը Շուշանիկի հետ… Իմ աղջիկը չորս տարեկան էր դառնում, և ամիսը մեկ (իրականում՝ ոչ այդ պարբերականությամբ) հանդիպում-տեսակցություններն ինձ հունից հանում էին… Երկար, շատ երկար ուշքի չէի գալիս։ Իսկ տնեցիք պիտի նրան բացատրեին, թե ուր են տանում, իսկ ես պիտի արհեստական այդ միջավայրում բնական-անկաշկանդ շփվեի… Վա՜յ, հուզվեցի, ինչպես երեկ, երբ Դավիթը, չի մոռացել, «Դեպի բեմ» նկարով մեր պատշգամբում ջուր է խմում ծորակից, գլուխը բարձրացրել է՝ «Պապա, ես Շուշոյի համար աղոթում եմ»… Աղոթելը՝ չգիտեմ, Դավիթ ջան, բայց Շուշանի օպերային գործի ու կյանքի պաշտպանն ես դու. ուր էլ որ համերգ տա, կգնաս, կծափահարես, ծաղիկ կտաս, էլ չեմ ասում, խոստացիր, որ համերգները դու կկազմակերպես…

Դավթի առավոտը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հարություն կամ որ նույնն է՝ կարմիր զատիկ

— Հայրիկ, զատիկը քանի՞ ոտք ունի: — Արի հաշվենք… Մեկ, երկու… «Զատիկն ասել ա. Հենց գամ, արմանաս, Հենց գնամ, զարմանաս: Գալիս է զատիկն ու գնում, և մեր ու մանուկ, արար

Նոր ստուգաբանություն «լուսնոտ»-ի

— Պապ, ուզում եմ աշխարհի ամեն ինչը ունենամ… — Էդ ո՞նց, Դավիթ,- հարցնում եմ… — Նամակ կգրեմ Ձմեռ պապին, աշխարհի ամեն ինչը կդարձնի խաղալիք, կնվիրի ինձ, կունենամ… — Էդքա՜ն հեշտ,

Խոսքս մեղրով կտրեք, վայելեք կիրակին ու…

Կիրակնօրյա ընթերցանության նյութերը ես ընտրում եմ, իհարկե, իմ ճաշակով, իմ ընթերցածից… Չինաստանը շարունակում է զարմացնել. ուրիշ աշխարհ է, թվում է՝ իմ իմացած ոչ մի երկրի նման չէ… Ահա, ես մտածում