Newsbook.am
30.03.2015թ.

ՀՀ հանրակրթության մասին օրենքով, Սահմանադրությամբ պարտադիր է 9-ամյա կրթությունը, որն անվճար է ՀՀ ողջ տարածքում: 12-ամյա միջնակարգ կրթությունը դարձյալ երաշխավորվում է յուրաքանչյուրի համար: Սա նշանակում է, որ պետությունը պետք է ապահովի սովորողի իրավունքը, որպեսզի նա ստանա այս կրթությունը: NewsBook-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանն՝ անդրադառնալով 12-ամյա պարտադիր կրթությանը:

Նա նշեց, որ կրթություն ստանալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անօտարելի իրավունքն է, և պետությունը պարտավոր է ամեն ինչ անել, որ ցանկացած ոք ստանա միջնակարգ կրթություն. «Կրթության անօտարելի իրավունք գոյություն ունի: Եթե մարդը ցանկանում եմ 9-րդ դասարանից հետո մասնագիտական կրթություն ստանալ կամ միջնակարգ կրթություն ստանալ պետական ուսումնական հաստատությունում, պետությունը պարտավոր է ապահովել սա նրա համար: Չապահովելու դեպքում պետությունը կամ պաշտոնատար անձը պետք է պատասխանատվություն կրեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Առհասարակ խոսելով ֆորմալ կրթության մասին` Աշոտ Բլեյանը փաստեց, որ որքան մարդն ապրում է, այնքան սովորում է: Իսկ եթե խոսք է գնում կրթության բուն իմաստի մասին, ապա մարդն իրավունք ունի 1 կամ 3 տարի սովորել իր ցանկացած ուսումնական հաստատությունում, և պետությունը որևէ կերպ իրավունք չունի նրան զրկել դրանից. «Կրթության ստանալը, սովորելը դա կարողություն է: Այս առումով ի՞նչ է նշանակում 3, 4 կամ 5 տարի: 9-րդ դասարանը ավարտելուց հետո մարդն իրավունք ունի 1 տարի սովորել, 6 ամիս կամ 3 տարի: Կարող է միջին մասնագիտական հաստատությունում սովորել: Այս դեպքում արդեն մենք կրթության տևողությունը ոչ թե պետք է տարիքով չափենք, հատկապես պարտադիրից հետո, այլ մարդու ստացած գիտելիքներով: Դա մարդու, քաղաքացու կապիտալն է: Նա չի կարող այդ կապիտալը մսխել, չի կարող պետությունը որևէ պատճառաբանությամբ վերցնի իրենից այդ իրավունքը` որոշելու, թե ինչի մեջ պետք է ներդրում անել»,- շեշտեց Աշոտ Բլեյանը:

Նա կարևոր  համարեց այս առումով այն հարցը, որ ի վերջո, մեծ թվով նյութական միջոցներ, նյարդեր ծախսելուց հետո դրա փոխարեն մարդն ի՞նչ է ստանում. «Ինձ հուզում է այն հարցը, թե մարդն ի՞նչ կարողություններ է ձեռք բերում իր տաղանդը դրսևորելու, իր տնտեսական կյանքը տնօրինելու համար: Մարդը պետք է դառնա իր ժամանակի ու ռեսուրսների տերը: Մարդն ինքը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, այլ ոչ թե ուսումնական հաստատությունները: Այս առումով ես ստեղծագործ, արտադրող, ինքնուրույն, իր իրավունքներից լիարժեք օգտվող մարդու կողմնակիցն եմ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Բլեյանի կարծիքով` մարդու խոսքը պետք է որոշիչ լինի, այլ ոչ թե հաստատության: Այս դեպքում արդեն կրթական այն բոլոր հաստատությունները, որոնք վատ են, ուղղակի կվերանան ասպարեզից. «Եթե հաստատությունները վատն են, թո՛ղ մեռնեն, սատկեն, գնան: Կառաջանան նորերը, առաջ կգա ոչ ֆորմալ կրթությունը, իրական կրթության նոր ձևերը: Ի վերջո, մարդու համար ի՞նչ տարբերություն իրեն ով է սովորեցնում: Կարևորը, թե ինչ է սովորեցնում: Ուսուցիչը հաստատությունը չէ: Ուսուցիչը մարդուն փոխանցում է կարևոր բաներ»,- նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը և ընդգծեց, որ ցավոք սրտի, մասնագիտական կրթություն դասավանդող հաստատությունները քիչ կապ ունեն ներկայիս կյանքի հետ: «Նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական հաստատություններն իրարից անկախ բաներ են: Դրանք ոչ միայն իրարից, այլ մարդու կյանքից են անկախ: Եթե գործազուրկներ է «արտադրում» բարձրագույն կրթական համակարգը, եթե մարդը ֆորմալ կրթության վկայական է ստանում, հետո իրական կյանքում պետք է լուծի մասնագիտության հարցը, այսինքն` երկու անգամ է կրթություն ստանում՝ մի հատ ձևական` ինչ-որ փաստաթղթի համար, մի հատ էլ գնում է, օրինակ` արհեստավորի մոտ և ձեռք է բերում իրական մասնագիտություն, էլ ի՞նչ կարծիքի լինեմ այս հաստատությունների մասին: Իհարկե` վատ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չի կարելի ականջը սովորեցնել անօրինական բաների

1in.an Նարե Գրիգորյանի հարցազրույցը 20.08.2016թ. Թեման՝ մասնագիտական կրթության վարձավճարները, բարձրագույն կրթության որակ, մասնագիտական կրթության կազմակերպման մեջ մրցակցություն, ազատականություն, մասնագիտական կրթության մեջ պատներն, պարիսպներ և անջրպետներ, կրթության կազմակերպման սուբյեկտներ…

Ինչի՞ վրա ենք ծախսելու մեր շանսը

Մեկուսացված մեր կյանքի մեջ մենք պատրաստել էինք այս օրը… 06.04.2016թ. Աղբյուրը՝ 1in.am

«Երկրի հարցը»

«Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը», 10.07.2015 «Զարթոնքի սերունդ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ. գնահատականներ 3-րդ եթերաշրջանի ավարտից առաջ։