— Դավիթ, ձկան պոչ կուտե՞ս:
— Մայրիկ, շան պոչ կուտե՞ս:

— Դավիթ ջան, անջատիր էդ հիմար մուլտիկը, մայրիկը կբարկանա:
— Չի կարա, ես մայրիկին կծեծեմ:

Իմ էլեկտրոնային փոստը՝ տոնական, զատկական, մեռելոցը կտրում է:

  • «Հարգելի տիար, ապրիլի 7-ին նշանդրեքս է…»,- ավետում է  Տաթև Մելքոնյանը՝ Հիմնական դպրոցից… Այ, դու կեցցես, Տաթև ջան, սրանով ապրիլի 7-ը քեզնով ես արել…
  • Լուսինե Բուշը գրում է. «Վերջապես ստացա Իզմիրի տիեզերագիտական ճամբարի պաշտոնական նամակը… Մասնակիցների փաստաթղթերի ուղարկման ժամկետը մեզ համար երկարաձգել են մինչև ապիլի 30-ը: Աշխատում ենք…»: Այսպիսին են մեր թուրքերը. հերիք չէ՝ միջազգային ճամբարի անվճար ուղեգրեր են տրամադրել արդեն 6-րդ անգամ, դեռ ընդառաջում են, որ մեր շփոթմունքը հաղթահարենք…
  • Սարգիս Արզումանյանը տնօրենին ներկայացրել է թատերական ամենամյա ստուգատես-փառատոնի նախագիծը: Քննարկումը բուռն՝ mskh.am փոստում: Ստուգատես-փառատոնի հիմնադիր մշտահմա Քնարիկ Ներսիսյանն էլ իր ATV-ով թող դառնա փառատոնի ինֆորմացիոն հովանավորը…
  • Ռինա Շագինյանը թարգմանում-հասկանալի է դարձնում մեր վրաց գործընկեր, Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեի նամակը. «Ուզում եմ օգտվել առիթից և մեր դպրոցի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ, քանի որ արդեն վեցերորդ տարին է՝ Ձեր կրթահամալիրում ակտիվորեն շարունակվում է վրաց լեզվի ուսուցումը, ինչը նպաստում է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության և գործընկերության բազմակողմանի սերտ հաստատմանը»: Ապրիլի 9-ին՝ հայ-վրացական պարատուն-համերգ է Մարմարյա սրահում, համատեղ հայ-վրացական Զատիկ՝ Գեղարվեստի դպրոցում… Վրացերենի օրեր կրթահամալիրում՝ ավանդական, ամենամյա տոն…

Նոր դպրոցի նախակրթարանում Զատիկ է, իսկ բակում՝ միջավայրի խնամք
Լուսանկարները՝ Նելլի Արղությանի

  • Մարիետ Սիմոնյանն ընդամենը 18 հազար ՀՀ դրամ է խնդրում՝ Մայր դպրոցի վարդանոցը 120 վարդով թարմացնելու համար… 12 հազար էլ հատկացնում եմ պարտեզի կանաչ ցանկապատի համար… Եթե ցանկապատ, ապա կանաչ…
  • Էմանուել Ագջոյանը հիշեցնում է «Էկոտուր» 2015-ի ծրագրում կատարված փոփոխությունների մասին… Ասել եմ, կրկնում եմ՝ կրթահամալիրի ոչ միայն ամեն դպրոց-ակումբ, այլև ամեն մի դասարան, ուսուցիչ պիտի մասնակցի բնապահպանական նախագծերի ամենամյա, թվով 5-րդ բաց ստուգատեսին. սա, վստահեցնում եմ, ավելի հեշտ մարդկային-կանաչ ճանապարհ է, քան չմասնակցության մահանան… Մենք, հիշեցնում եմ, այլընտրանք ենք հենց անմահանա, անընդհատ, կենդանի կրթությամբ…
  • Դե, իսկ Արտեմ Խաչատրյանի նախաձեռնությամբ Կարբիի տնկարան-տնտեսությունում լինելու արձագանքները՝ mskh.am-ի, բերված 120 ջոկված պտղատու տնկիներն ապրիլի 7-11-ի «Բակը՝ պարտեզ» նախագծերի գլխավոր հերոսներն են…

Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի

Հետևեք իմ օրագրին, եթե Հայաստան-Բանգլադեշ-կրթահամալիրում տաղանդի դրսևորման-իրացման-բազմապատկման ձեր ընտրությունն անկասկած է, կոնկրետ, եթե պարտիզպանն եք մեր Բանգլադեշ աշխարհի:

Կասկադ-պտղատու այգու աշխատանքներին միացել են Նոր դպրոցի 5-րդ դասարանի սովորողները
Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի

Իսկ Սուսան Մարկոսյանը հրապարակել է «Դպիրի» 92-րդ համարի Մայիսյան հավաքի հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մի փնջի հետազոտություն-արդյունքները… Հոդված առ հոդված, տող առ տող կարդալու գործեր են:

«Ապրիլի 7-ը հայ առաքելական եկեղեցում Ավետման տոնն է՝ անշարժ տոն է: Ավետել նշանակում է բարի լուր հաղորդել: Մի ավետիս, որ ստացավ Սուրբ կույս Մարիամը: Ապրիլի 7-ը նաև մայրության և գեղեցկության օրն է. բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում»: Այս ամենի մասին, որ հեռու չգնաք, կարդացեք «Հայկական կակաչում», մեր Նունե Մովսիսյանի բլոգում:

Իմ իշխանությամբ կրթահամալիրի տոնացույցով «Ձոն» ստուգատեսի օրեր եմ հայտարարում ապրիլի 8-ը, 9-ը, 10-ը, 11-ը… Ձոն մայրությանը՝ մեր սիրելի երաժիշտ Լիլիթ Պիպոյանի մասնակցությամբ՝ ապրիլի 8-ին, ժամը 15.00, Մեդիակենտրոնում, ապրիլի 9-ին, չեք մոռացել, հայ-վրացական համատեղ Զատիկն է ու պարատունը, ապրիլի 10-ին՝ Գեղարվեստում մեր 6 տարեկան առաջին դասարանցիների տոնախմբություն-ելույթն է, Մարմարյա սրահում՝ «Ձոն» հաշվետու-համերգը: Ապրիլի 11-ին կանաչ անկյունների, այգիների, պտղատու ծառերի, պարտեզների օր է… Յուրաքանչյուր սեբաստացի մի քառակուսի մետր մաքրված, խնամված հողով, մեկ տնկիով, մեկ թաղարով… նշանավոր կդարձնի «Ձոնը»…

Տեսնո՞ւմ եք, այնքան բուռն է ֆիզիկական կյանքը մեր մեդիայում ու կրթահամալիրի Բանգլադեշում, որ դրանք՝ կարևոր իրադարձություններն արձանագրելուց հետո տեղ-դադար չի մնում իմ օրագրի համար:

Հիմնական դպրոցում տնկվեցին Կարբիից բերված պտղատու ծառերը

Ինձ հարցնում են՝ այս ամենից ի՞նչը կառանձնացնեի ես: Իհարկե, Կարբիի տնկարանային տնտեսության այսպիսի խանդավառ պատրաստված այցը… Մեկ բառով՝ շնորհակալ եմ, Արտեմ Խաչատրյան… Սոնա Փափազյանը հիացրեց իր գործնականությամբ, մեր տարատարիք սովորողներն ու ուսուցիչները՝ իրենց հետևողականությամբ: Մենք չենք կարող չունենալ մեր տնկարանը՝ որպես ամենախնամված, կրթահամալիրի խորհրդանիշ դարձող ուսումնական տարածք… Երկրագործությունը, որպես ուղիղ ճանապարհ, թե՛ դեպի Հայաստան, թե՛ Հայաստանը փոխելու, ենթադրում է, որ այն պիտի դառնա, չի կարող չդառնալ կապ երկրի ու իր գործչի միջև, կրթության բովանդակություն ու կազմակերպում: Տեսեք՝ մի կողմից «Ես և շրջակա աշխարհը», բնագիտություն, կենսաբանություն, կենդանաբանություն, անատոմիա, աշխարհագրություն դասընթացների ձևով որքա՜ն ժամանակ է հատկացվում մարդու, բույսի և կենդանու ուսումնասիրմանը… մյուս կողմից՝ որքա՜ն անկարող է պետական հանրակրթական ծրագրով անցած մարդը՝ ինքն իրեն խնամելու, առողջ ապրելակերպի, ինքն իր բժիշկը լինելու հարցում… Որքա՜ն թույլ է կապված իր հողի, պարտեզի, կենդանական աշխարհի հետ, չի ճանաչում-չի կարողանում-չի խնամում… Այդքան ժամանակ հատկացնում է գնահատականներ ստանալու, քննություններ հանձնելո՞ւ համար: Սրա այլընտրանքը մեր հեղինակային կրթական ծրագրով կարողություններ ձեռք բերած սովորողն ու մանկավարժն են, մեծահասակը: Ահա ինչու պարտեզները, ջերմոց-լաբորատորիաները, պտղատու այգիները, տնկարանը, գյուղացիական տնտեսությունը, ընտանի կենդանիների խնամքը-բուծման արհեստանոցները, առողջագիտության կաբինետները, տեսեք, իսկական ուսումնական վարժարաններ են դառնում, իսկական ուսումնական-ստեղծական աշխատանքներ: Հեռուն տանող ու ճիշտ հանգրվանի հասցնող նախաձեռնություններ են, որ ուշացած, երբեմն ձախողված, բայց հետևողական, մի գծով շարվում են՝ սեբաստացիների ուղիղ ճանապարհ դառնում: Հետևողական գործենք: Ե՛վ բնապահպանական նախագծերի ապրիլյան ստուգատեսը, և՛ Մայիսյան ստեղծագործական հավաքը, հունիսյան աշխատանքային ջոկատները մի կարևոր հարթակ են մեր կանաչ-կենդանի-խնամված երկրի՝ կրթահամալիրի Բանգլադեշի, ձեռք բերված ինքնազարմանքի համար՝ մեր ուսումնական երկրագործությամբ: Ես որ այսպիսի ինքնազարմանքի պահանջով եմ ապրում… Հետևողականությունը մեր երկրագործի հաջողության պսակն է:

Հիմնական դպրոցի 2-֊րդ դասարանի սովորողները աղբից  մաքրում են  դպրոցի հարակից տարածքները։ Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի

Գլլխավոր նկարում  այսօրվա Արարատն է Գեղարվեստի դիտակետից. նկարը՝ Մանուշակ Աբրահամյանի 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր կյանքը՝ փաթեթավորման մշակույթի հաղթահարում…

— Ինչո՞ւ են բոլոր աղջիկները վարդագույն սիրում, հը՞․․․ — Իմ քույրիկ Աստղիկը բախտավոր է։ Ինքը բոլորիցս ուշ է ծնվել ու ամենաուշը կմահանա։ Ես ծիծաղում եմ. — Իսկ դու սո՜ւս, ձայն

Մեր ոգևորող ընկերը չքացա՞վ հավիտյան․․․

Հուլիսն ի՞նչ անի, մեղավոր չէ, ինչպես և լեզուս բռնի-չբռնի… Թաթոս եղբորս ետևից Սեյրան ընկերոջս «չքվելը հավիտյան» մինչև այս հուլիսը նախապատրաստված էր, հաշտեցումի աստիճան… Ոգևորողն ընկավ արդեն, Եվ լռեցին նորա հետ Սիրո