— Հայրիկ, զատիկը քանի՞ ոտք ունի:
— Արի հաշվենք… Մեկ, երկու…
«Զատիկն ասել ա.
Հենց գամ, արմանաս,
Հենց գնամ, զարմանաս:
Գալիս է զատիկն ու գնում, և մեր ու մանուկ, արար աշխարհ զատկի բերած հրաշքից արմանք-զարմանք են կտրում:
Երեկ սառցե շապիկ էր գետակը հագել, սուսուփուս ծվարել, իսկ այսօր ահա քչքչոցն է գլուխը գցել. մեջքը հաստացրել ու ճամփա ընկել»:
Կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչությունում տպագրված՝ Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գիրքը, որ 1996թ. ստեղծվել, 5000 օրինակ տպվել-տարածվել-սպառվել է, հավանել եմ միշտ:
Երեկ իրիկունը մեր տանը չտեսնված-չլսված իսկական զատկական աշխույժ էր. երեք Մարտիրոսյաններին՝ Արմեն-Մելինե-Մարիամին ավելի ուշ միացավ Տաթև քույրիկին հատուկ-միայնակ այց կատարած Դավիթ Բլեյանը (տեսեք, ոնց է մեծացել մեր հերոսը՝ իսկական Դավիթ դարձել)…. Պատկերացրի՞ք՝ ինչ էր կատարվում…
«Նորն է ծնունդ առնում էսպես ու շարունակ պտույտ տալիս կյանքի անիվն անմեկնելի:
Դա է հրաշքն, ուրիշ էլ ի՞նչ: Եվ անունն է այդ հրաշքի՝ Հարություն, կամ, որ նույնն է՝ Կարմիր Զատիկ»:
Ռուդիկ Հարոյանի նախաբանի աբովյանական թարմությամբ-զնգզնգոցով-քչքչոցով առաջաբանն անպայման կարդացեք, գիրքը թերթեք. օգտակար շատ բան կգտնեք, ինչպես այս քսան տարում գտել ենք գրքի էջերում… Անսպառ է… Եվ Մայիսյան հավաքին, երաժշտության-ծեսի-խաղի-սիրելի սեբաստացի դաստիարակ-ուսուցիչներ, կկարողանաք, չէ՞, տարվա արածը որպես գործածելի-շարունակական ուսումնական արդյունք ներկայացնելու ձև գտնել… Որպես հանրակրթական ուղղություն՝ ես կառանձնացնեի պար-շարժումը, 2-10 տարեկանների գեղարվեստը, որ «կպարփակվի հենց շարժման մեջ», կամ պարն ու 2-ից 10 տարեկան մանուկը՝
- մեր 2-ից 6 տարեկանների նախակրթարանում,
- 6-9 տարեկանների «Իմացումի հրճվանք» ինտեգրված դասընթացում,
- 9-10 տարեկան 4-5-րդ դասարանցիների դպրոց-պարտեզում…
Իսկ «Զատիկ» գրքի առաջաբանն ամբողջությամբ կկարդաք «Ընթերցարան» բաժնում:
Էհե՜յ, ինձ ոգևորեցիք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ որ լինեք… Այ, սա գործ է՝ սեբաստացիներին արժանի… Վարժարանի խնամված ընթերցարանում, որքան էլ վարժարանցիների ու տնտեսագիտական քոլեջի խմբի կենդանի-մարդաշատ բանավեճը լսելի էր, կարևոր, Արման Երանոսյան, տեղս տիտիկ չէի կարող անել…
«…պերճ ծառերը բողբոջ հագած, մանուկները՝ գեղածիծաղ, թռչունները՝ թևատարած, թուխ ամպերը՝ կայծակներով, ծիածանը՝ վառ գույներով, մարդը՝ արդար իր գործերով»… կանչում էին կրթահամալիրի տնօրենին… Հասիր, թե կարող ես… Հիմնականով, որտեղ բակ-պարտեզի վիճակի համար արդարացի, բայց խոստմնազանց, բարկացա-նեղացա Գոհար Բալջյանից ու ընկերներից, Մայր դպրոցով, որտեղ վարժարանցիները՝ երաժշտության պարտեզում, Միջին դպրոցի սեբաստացիները՝ Մայր պարտեզում, ադրենալինի մեծ դոզա ներարկեցին, Նոր դպրոցով, կասկադ-պարտեզով, Արհեստագործականով—Գեղարվեստ ու… իսկական պարգև՝ հենց մուտքի մոտ… Դիաննան Գևոգյան՝ իսկական զատիկ-խորոտիկ՝ սիրահարվելու աստիճան… Թոփչյան Արմինեից մեր Դիաննային տասը րոպեով խլեցի. Աղունիկ մայրիկի ու Վիլյամ Սարոյանի 1976-ի Ուջանի սիրո պատմությունն արեցի… Չեմ պատմի: Բա ինչի՞ համար են ձեր հեռախոս (այփադ-այփեդ)-իսկական փայտ դարձած թվային միջոցները, որ իմ ոգեղեն պատմությունը չպիտի գրանցեիք, ձայնագրեիք, տեսագրեիք. բավարարվեք այս լուսանկարով… Ինչպես չեմ պատմի երեկ չէ մեկէլ օրը մեր Դպրոց-պարտեզի հարևանությամբ՝ կրթահամալիրի գյուղացիական տնտեսության տարածքում իմ տեսած պատկերի մասին… որ, թվում է, հասցրել է չքվել, բայց, ահա, որպես տեսիլք, նորից հայտնվեց՝ ձեր բերած հավեսով… Էհե՜յ, ինձ ոգևորեցիք, կստանաք…
Ես արթնացել եմ 3-4-ի արանքում. շնորհակալ եմ, սեբաստացիներ, երեկվա՝ ինձ փոխանցած ոգևորության համար, որ շարունակվում է, կաթում-ճառագայթում՝ հիմա էլ մեր mskh.am մեդիաաշխարհի գլխավոր էջից… «Դու լավ նայիր շուրջդ ու կտեսնես, որ ոչ երեկ, այլ հենց այսօր, հազար տեսակ, հազար կանչով, թևխաղերով, թռչուններն են քո շուրջբոլոր: Ու ինչքան էլ վերև նայես՝ հավքթռուկի պարին կարոտ, դու կլսես գետնի խորքից տնքոց հողի, որ պահանջն է երկունքի, ու ափերդ քոր կգան՝ ծոր քրտինքդ գետնին տալու, մաճ բռնելու պահանջից»… Դուք ինձ՝ մաճ բռնելու պահանջով ոգևորեցիք, սեբաստացի շնասեր-շնապահներ, հալալ կաթնակեր կովապահներ-ձիախնամներ ու ճագար բազմացնողներ, մասնագիտական ուսումնական տնկարան կառուցողներ, ձեր երկրագործ ստեղծականությամբ նոր տոնավաճառի հիմնադիրներ… Ես ոտքով անցա, բայց զատկական տեսչական իմ շրջայցի ճամփեն դուք կանցնեք չմուշկով, կգլորվեք… Հրա՞շք եք ուզում. ապրիլ 1-ին՝ խաբելու օրը, ես ձեզ Գեղարվեստի ընդհանուր պարապմունքին խոստացա ու, ահա, ապրիլի 2-ին, իմ օրվա 286-րդ գրում կրկնում եմ, որ լրջանաք, դուք կստանաք, սեբաստացիներ, մեզ այնքան պակասող գյուղացիական իսկական տնտեսություն. «վայ» ենք ասելու ու հիանալու մեր արածով… Դուք ինձ ոգևորեցիք, այ, սա գործ է, կեցցե´ք, մաճը պինդ բռնեք, ես ձեզ հետ եմ… «Դա է հրաշքն, ուրիշ էլ ի՞նչ: Եվ անունն է այդ հրաշքի՝ Հարությո՜ւն, կամ որ նույնն է՝ Կարմիր Զատիկ»: