Տպավորություն է, թե ՔՊ-ական իշխանությունը որոշել է ամեն հնարավոր բան անել, հասարակությանը զայրացնելու և ոտքի հանելու համար: Բացի այն, որ այս իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և անվտանգ Հայաստանը դարձրել սողացող պատերազմի գոտի, պարզվում է անգամ ամենատարրական հարցերը լուծել անկարող են:
Իշխող թիմը ոչ մի կերպ չի կարողանում լուծել մայրաքաղաքի խցանումների հարցը:

Էլ կարմիր գծերի գները բարձրացրին, եւ գազելներն արգելեցին ու ավտոբուսներ բերեցին, երթեւեկության կանոններն են շարունակ փոխում: Երեկ էլ տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գտել է Երևանը խցանումներից ազատելու տարբերակը. դպրոցներում դասերը սկսելու են ոչ թե 8:30 կամ 9:00-ին, այլ 8:15:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, այժմ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է վերաբերվում դպրոցներում դասապրոցեսն այդքան վաղ սկսելու որոշմանը: Նա ասաց. «Հիմնավորման հիմքում դրվում է օբյեկտիվ մի բան, որը բոլորիս կյանքն է: Խոսքը անտանելի դարձող Երևանն է, իր երթևեկությամբ: Խոսքը ոչ թե Հանրապետության մասին է, այլ Երևանի:

Փաստացի Երևանի քաղաքապետը չի կարողանում այս խցանումների դեմն առնել, այլևս չենք տեսնում լուծում, սակայն մի բան է տեսանելի, որ գնալով ավտոմեքենաների թիվն ավելանում է և դեռ ավելանալու է և Երևանն օր օրի դառնում է ավելի անտանելի` ապրելու համար: Քաղաքային իշխանությունը` քաղաքապետը պետք է կարողանա լուծումներ գտնել:

Բայց այդ լուծումը չի կարող հակամանկավարժական լինել, չի կարող հոգեբանորեն լինել ոչ հիմնավորված: Մեկ-երկու հարգելի փորձագետի լսեցի, չեմ կարող նրանց տեսակետը չկիսել: Այդ մասին պետք է նաև խոսեն բժիշկներ, հոգեբաններ: Մեզանում միշտ այդ քննարկումները լինում են հետո, չես հասկանում թե ինչու` փոխանակ սկզբում քննարկեն, քննարկում են այն ժամանակ, երբ որոշումը ընդունվում է:

Ինչ վերաբերում է խցանումների պատճառով դասաժամերը փոխելուն, ապա այդ խցանումները հո մեկ օրում չեն ավելացել և չի կարելի հարցին տալ նման լուծումներ: Պետք է անպայման հանրային լսումներ կազմակերպել, լսել ծնողներին, ի վերջո, երեխան հենց ինքը չպետք է ընդվզի այդ ամենին, երեխան իր տրամադրությամբ կարող է ընդվզել: Պետք է անպայման լսել բոլոր կողմերին, բայց շատ կարևոր է, որ խոսակցությունը գնա մասնագետների հետ:

Նման որոշումներ կայացնելիս պետք է լինի 100 գործողություն, այլ ոչ թե մեկ: Եթե քաղաքում խցանումներ են, դա չի նշանակում, որ պատճառը դպրոցականներն են: Երեխաների ճնշող մեծամասնությունը հաճախում է իր տանը մոտ գտնվող դպրոց: Ենթադրվում է, որ երեխաները դպրոց գնում են ոտքով: Նախ այս հարցերը պետք է ուսումնասիրել: Պետք է հասկանալ, քանի հարյուր հազար երեխա է հաճախում դպրոց և նրանցից քանի՞սն են դպրոց գնում ոտքով, քանիսը ավտոմեքենայով»:

Իսկ ժամային փոփոխությունն ազդելո՞ւ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա, ժամը քանիսի՞ն են դասերը մեկնարկելու իրենց մոտ. «Քաղաքապետի որոշումը ենթադրաբար վերաբերում է միայն քաղաքին ենթակա դպրոցներին: Դրանք հիմնական դպրոցներն են, մեր կրթահամալիրը գտնվում է Հարավ-արևմտյան թաղամասում, մեր աշակերտների մեծ մասը, մոտ 80 տոկոսը երթևեկում են: Մենք դասերը չենք կարող սկսել ժամը 9-ից շուտ, իսկ եթե սկսեն պարտադրել, դա կդառնա գաղութային խոսակցություն:

Մենք չենք կարող աշխատել այդ ձևով: 30 տարի աշխատել ենք այսպես: Ծնողները կամավոր որոշել են, որ իրենց երեխան այլ թաղամասից գա մեզ մոտ, դա իրենց կամավոր ընտրությունն է, մենք չենք պարտադրում ոչ մեկին և մեզ հարմար է ժամը 9-ը:

Վտանգավոր է, երբ երեխան ժամը 8-ին արթնանալու փոխարեն արթնանա ժամը 7-ին: Դա ի վնաս երեխայի է: Ես հիմա կրթահամալիրի տնօրենը չեմ, սակայն արդեն իսկ հաստատված է մեզ մոտ դասացուցակը և դասերը սկսվելու են ժամը 9-ին:

Երեխայի կարիքները պետք է պահել կենտրոնում, սա շատ կարևոր է, սակայն շատ կարևոր է նաև քաղաքի այս անտանելի վիճակը կարգավորելը: Հակառակ դեպքում ես որպես երևանցի օր առաջ ուզում եմ հեռանալ Երևանից»:

Հոդվածի աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մրցույթի հրավեր

«Երեկոյան Երևան», 10.05.1989թ. Խմբագրությանն են դիմել բազմաթիվ ընթերցողներ՝ մանկավարժներ, տարբեր մասնագիտությամբ քաղաքացիներ, խնդրելով պարզաբանել «Խորհրդային դպրոց» թերթի ապրիլի 13-ի համարում տպագրված «Մրցույթի հրավեր» հայտարարությունը, նպատակ ունենալով մասնակցել դրան: Փաստն ինքնին

Դուք չեք կարող ասել՝ ինչու Վանոն մեզ հետ չէ…

Շնորհակալ եմ, որ գրքի այս մասում դրված են այս տողերը։ Որովհետև եթե ինձ ասեին՝ ընտրիր 10 տող, ես հենց այս տողերը կընտրեի. մնացածը կա՛մ ասված է, կա՛մ մարդիկ կասեն։ Հասարակությունից

Ինքն է քանդել հուշարձանը, ինքն էլ թող շտկի. Աշոտ Բլեյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին

«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում կազմակերպել էր երաժշտական ցերեկույթ՝ ի պաշտպանություն «Փակ շուկայի»: Միջոցառման մասնակիցները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայիս և նախկին ուսանողներն էին: