Դավիթ Բլեյանն իմ սենյակային-պալատային մեկուսացման օրվա ընթացքում հրաժարվեց ինձ հետ լինելուց.
— Թող ինքը գա մեր սենյակ, մայրիկ…
Հենց առողջագետ Արմենը եկավ, Դավթի «ով ես դու» հարցին հասկանալի մի բացատրություն գտնվեց.
— Բժիշկ Արմենն է, եկել է՝ հայրիկին բժշկի…
Դավիթը բժշկման ողջ ընթացքում ոչ միայն իմ սենյակում մնաց, այլև ինձ հետ քիթ քթի հսկում էր բժշկի գործողությունները, շարունակ բացատրություններ պահանջում, տեղեկանում…
— Հայրիկ, էլ չի ցավո՞ւմ… Արդեն բժշկե՞ց… Վաղը կգնաս գործի՞։

Վերջում էլ իմ մահճակալի մոտ փռվել էր մանրահատակին, ինձ թվաց՝ ինչպես գամփռիկ, պարզվեց՝ գետնախնձորի պես…
— Տիար տնօրենին բժշկի, դու կարո՞ղ ես…

Ինչո՞ւ «գետնախնձոր». սա հետաքրքիր է ոչ պակաս, քան այս՝ ինձ անպատեհ (միշտ էլ անպատե՞հ է, թե՞ եթե կա, պատեհ է) բռնացրած օստեոխոնդրոզը…

Գեղարվեստի դպրոց — պարտեզ: Թողարկել է Օլյա Մանդալյանը

[embedplusvideo height=”300″ width=”450″ editlink=”http://bit.ly/1HZxbZ9″ standard=”http://www.youtube.com/v/KJ38v8lRmNM?fs=1″ vars=”ytid=KJ38v8lRmNM&width=450&height=300&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep3493″ /]

Ինչո՞ւ ես գրում, տիար ջան, այս էլ 271-րդ անգամ, հիմա էլ՝ անկողնային ռեժիմը թողած, առտու ժամը 5-ին, երբ հայտնի չէ, թե այս նշանավոր՝ իմ պայծառ ընկերոջ, մեզ այնքան հարազատ, մերը դարձած Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվա՝ հայտարարված հանդիսությանն ինչպես եմ մասնակցելու… Պատասխանեմ: Աշխատանքը, ինչպես կյանքի այլ ժամանակահատված, չի կարելի պայմանավորել ֆիզիկական վիճակով… Ծուլությունը բժշկի թուղթ չի պահանջում. չես անում և վերջ… Պատկերացնո՞ւմ եք, մեր օրերի ամենահանճարեղ-հայտնի անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն ասի՝ ուռա՜, ունեմ սահմանափակումներ, չաշխատեմ, չգործեմ… Կյանքդ դարձնես բուժվելը, հաճախ՝ ողջ կյանքը, երբ չգիտես՝ ով է հիվանդ, ով՝ առողջ, որ բուժվեցիր՝ ի՜նչ, ի՞նչ ես անելու, աշխատելո՞ւ ես…

«Տիգրան Հայրապետյան» մրցանակաբաշխություն:
Լուսանկարները Մ.Մկրտչյանի

Արմինե Թոփչյանը՝ հեռախոսով, 11-րդ դասարանցի վարժարանցի Ջուլի Սիմոնյանը՝ իր բլոգում, պատմում էին «Փարոս» երգչախմբի երեկվա համերգի, դրա նախապատրաստության մասին, որպես ծավալուն, տարատարիք, սովորողի թե ուսուցչի նախագիծ… Մերի Առաքելյան ջան, սիրելիս, ահա ինձ համար շարունակ վիտամին դարձող այսպիսի հուզումներն են իմ բժիշկը… Մնացածը՝ հավատամ-չհավատամ, բժիշկն է ու իր գործը. տրվեցիր՝ չես փրկվի… Պատկերացրեք, որ «Փարոսի» այդ սքանչելի հավաքանին պատճառ բռներ իր ֆիզիկական սահմանափակումը ու չերգեր, չտարածեր-չգործեր՝ անընդհատ ու ամենուր, ինչպես կյանքն է… Մարտի 17-ին, տեսեք, այս համերգին զուգահեռ, Կոմիտասի նորակառույց թանգարան-ինստիտուտի դահլիճում (սա բնականորեն դառնում է հայոց ամենապատվաբեր հարթակներից մեկը) հայագետ, երաժիշտ, կոմիտասագետ մեր Արթուր Շահնազարյանի կյանքի գործ դարձած «Կոմիտաս» աշխատության շնորհանդեսն էր… Սա համազգային իրադարձություն է. մարդը՝ իր գործը գնահատող, ոգևորված մեծաքանակ լսարանի առաջ… Վայե՜լք: Ու Արթուրի համար ոչ մի արգելք անհաղթահարելի չեղավ՝ ամենահարազատների կորուստ, կենցաղային-կենսական դժվարություններ… ոչ մի մահանա, քո կյանքը, եղբայր՝ քո գործը: Շշմելու լավ ստացվեց. իմ ներկա-բացակա լինելն էլ, մի տեսակ, թեական է՝ հա՛մ ես էի ներկա, հա՛մ  մասնակիցները չէին վիճարկում իմ ներկայությունը: Միշտ ներկա:

«Փարոս» երգչախմբի երեկվա համերգը:
Լուսանկարները Սուսան Ամուջանյանի

«Ծաղկաձո՞ն», թե՞ ծաղկով ձոն… Բայց ձոն-նվեր՝ մայրիկին-տատիկին-ուսուցչին-կնոջը՝ իր ստեղծագործությամբ, հիմա՝ ծաղկով (թաղար, ծաղկաթումբ, ծաղկային այլ լուծումներ), սրանից առաջ՝ իր կարդալով, Տերյան-Թումանյան-Չարենցով, իր թատրոնով, սրանից հետո՝ իր համերգով, իր ձեռագործով, կավե ամանով, գեղանկարով, այնպես, որ սովորողը կենտրոնանա ոչ թե պարապ, հաճախ խեղճությունից եկող ինչ-որ նյութական փոխանակման, այլ տղամարդկային ուժի-շնորհի-հանճարի դրսևորման վրա… Կնոջ առաջ իր շնորհով հպարտանա՝ տես, ինչեր եմ կարողանում ես… Ահա ինչու «Ձոն», ինչու տեխնոլոգիական կրթության ստուգատես-նախագիծ, ինչու մարտից սկսվող ու մինչև ապրիլի 10-ը ձգվող… Ես այս ուսումնական նախագծի սկզբում արձագանք գտած հրապարակումով հանդես եմ եկել «Դպիրում»: Վերադարձեք, խնդրում եմ: Այնպես որ, սովորողների՝ դասարան առ դասարան այս ուղևորությունը դեպի Արհեստագործական՝ տիկին Շողիկի ջերմոց, խանդավառություն պարգևող երթ է, լսո՞ւմ եք, հանրակրթական… Երթը սկսվել է, սիրելիներս, ծաղկաբույծների ակումբը՝ իր կարող ու հաստատակամ ղեկավարով, ծաղկաստեղծ միջավայրը՝ հանրակրթական, տարիների մեր նպատակային՝ այսօրվա երթի, մեկնարկած «Ձոնի» համար ներդրումների արդյունք. մնում է՝ յուրաքանչյուր սեբաստացի ընտանիքի տղամարդ սկսի միանալ այս երթին, ծաղկաստեղծ շարժումին… Մեզնից է կախված, մեր մանկավարժության նախագծային ուսուցման ղեկավարից, ով, այս դեպքում, միայն տիկին Շողիկը չէ՜ (տեսեք՝ ի՜նչ համբավ է ձեռք բերում մեր Շողիկ ջանն այս նախագծով՝ համարյա Մարի Գաբանյան, Մարիի նման արժանի, իր տեղում, անխոնջ), 2-6 տարեկանների յուրաքանչյուր դաստիարակ, ամեն մի դասվար, 4-5-րդ դասարանցիների կազմակերպիչ, երկարօրյա ուսուցիչ, ակումբի ղեկավար, պարզապես այս նախագծի հեռավարությամբ, հանրամատչելիությամբ ու կոնկրետությամբ խանդավառ տարատարիք սեբաստացի… Ամեն մի սեբաստացի՝ իր շնորհով, եթե չհամակվի ուսումնական աշխատանքով այլ միջավայր ունենալու մարմաջով, ցույց տվեք այլընտրանքի ու պետականի մի տարբերություն… Ստեղծագործելն առաջին տեղում. նախագծային ուսուցումը, այսպիսով, այս ժողովրդական-իրավական-մանկավարժական կոչը դարձնում է սովորողի ուսումնական գործունեություն… Մեր սովորողը պիտի կարողանա ընտանիքին հետևողականորեն ներգրավել այսպիսի հանրակրթական նախագծերի իրագործման մեջ, որ միասին տեսնեն, գնահատեն՝ ուսուցման արդյունքում փոխվող, այլ դարձող ընտանեկան-դպրոցական միջավայրը:

Դպրոց-պարտեզի ներքին բակն այսօր:
Լուսանկարները Տաթև Բլեյանի

Ես չխուսափեցի իմ գործընկերների բազում անգամ հնչեցրած հարցից՝ ինչու եմ անընդհատ գրում, ո՞ւմ համար, տեսնո՞ւմ եմ իմ ջանքերի արդյունքը… այդքա՜ն միջոց եմ ծախսում ու ամեն օր… Մայիսյան հավաքի պատրաստության ընթացքը նաև իմ օրագրին է վերաբերում. իմ օրագիրը չի կարող դուրս մնալ՝ սեբաստացիական քննության, կասկածի ենթարկելու, վերաձևակերպելու համապարփակ ընթացքից: Ես օրինակ ցույց կտամ՝ սիրով-շնորհքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խաղաղարարներ, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ…

— Տիա՛ր, մի՛ գնացեք, սպասե՛ք ուրախացնեմ ձեզ՝ նոր․․․ Դպրոց-պարտեզի բաց մեծ լողավազանից Դավիթ Բլեյանի խմբի 5 տարեկան Վարդուհին է ինձ ձայնում՝ տրանզիտով լողափ մտածիս, որ չհասցնեմ վշտանալ… երեկվա պես։ Սպասում եմ,

Թարմ, զվարթ, հետաքրքիր` այսօրվա պես

Շուշան Բլեյանի, իմ, Դավթի և Արմինեի Թբիլիսի… Նախատեսածս եռօրյա-քառօրյա ճամփորդությունը՝ մեկ օր դադար Կողբում, այցելություն Կիրանց վանք, չկայացավ այս անգամ… Շնորհակալ եմ իմ կրտսեր վրացի ընկերոջը՝ Գիորգի Մոմցելիձեին, թիվ 98

Դու ուզում ես արևի շեկ գո՞ւնդը, դու ուզում ես աստղերով լի մի թա՞ս…

Ինչո՞ւ ոչ, եթե աշխարհ ես եկել հետք թողնելու համար… Հարգելի տիար Բլեյան․ Օգոստոսի 11-ին պաշտոնապես, իմ կամքով, քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում (Էրեբունո՞ւ), գրանցում եմ ամուսնությանս ՀՀ քաղաքացի Նվեր Մանուկյանի հետ…