«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագիծը ԱԺ-ի նախորդ քառօրյայում առաջացրել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրդովմունքը: Վերջինս քննադատության է ենթարկել նախագիծը ներկայացնող Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե կառավարությունը շարունակելու է փակել մասնավոր բուհերը՝ նշելով, որ նախարարությունը ցանկանում է լիովին վերահսկել դաշտը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՀՀ ԿԳՆ լիցենզավորման հանձնաժողովի նիստին կայացրած որոշմամբ դադարեցվեց Լևոն Օրբելու անվան համալսարանի գործունեությունը:

Armlur.am լրատվականի հետ զրույցում 1994-1995 թթ-ին լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանը  ասաց, որ իրականում մասնավոր բուհերին զրկում են հավատարմագրման գործընթացից:

«Այսինքն՝ բուհը կարող է շարունակել իր գործունեությունը, բայց չի կարող պետական նմուշի դիպլոմ տալ: Քանի որ  չհավատարմագրված բուհերը այլևս ուսանող չունեն և ոչ ոք էլ չի գնում չհավատարմագրված բուհ՝ սա փակել է նշանակում: Մի պահ պատկերացրեք` այդ հավատարմագրումը չլիներ, գործատուն ճանաչեր բուհի որակը և մարդուն ճանաչեր աշխատանքի ընդունելով, ապա պետությունը չէր  կարող փակել դրանք»,- ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը:

Ըստ Բլեյանի` վճարունակ ուսանողի համար բնավ կարևոր չէ` ինքը սովորում է մասնավոր, թե պետական բուհում:

«Բարձրագույն ու մասնագիտական կրթության մասին օրենքը հավասարություն է սահմանում բուհերի միջև անկախ նրանց իրավակազմակերպական ձևից, հետևաբար պետությունը պետք է բոլորին  հալալ ու արդար աչքերով  նայի, բայց  այդպես  չէ: Ողբերգություն է այն, որ վերջին 25 տարիների ընթացքում մենք չունեցանք հարգանք վայելող մասնավոր բուհեր, որովհետև դրանք գնացին այլ ճանապարհով»,- կարծում է  կրթահամալիրի տնօրենը:

Իրականում, սակայն, մասնավոր շատ բուհեր ուսանողներ չունեն, հետևաբար նրանք արդեն փակված են: Իսկ չունեն, որովհետև պետական հաստատություններն անսահման թվով հեռակա ուսուցման տեղեր բացեցին, մեծ թվով ուսանողներ ներկայում նախընտրում են սովորել արտասահմանում, արտագաղթի պատճառով կրճատվում է ծնելիությունը: Այս ամենը բացասական ազդեցություն ունեցավ  մասնավոր ուսումնական հաստատությունների վրա` վստահ է  Բլեյանը:

Խնդրի մյուս կողմը  կրթության որակն է` մասնավորապես այն կարծրատիպը, թե պետական բուհերը տալիս են որակյալ կրթություն ի տարբերություն մասնավոր ուսումնական հաստատությունների ՝ այդպես չէ. «Մենք հաշտվել ենք այն մտքի հետ, որ հայաստանյան բուհերն արտադրում են դիպլոմավոր գործազուրկներ»:

-Պրն Բլեյան, համաձա՞յն եք այն տեսակետին, որ կառավարությունն այս օրինագծով փորձում է ամբողջությամբ քաղաքականացնել` կուսակցականացնել կրթության ոլորտը:

-Խոսենք Հյուսիսային համալսարանի օրինակով: Հիմնադիրն ու սեփականատերը ՀՀԿ-ական է: Հիմա այսքանից հետո դուք տարբերություն տեսնո՞ւմ եք մասնավորի ու պետականի միջև: Միայն  ամերիկյան համալսարանն է, որ պահում է իր չեզոքությունը քաղաքական առումով: Մյուսները մասնավոր են, թե պետական ՝ հնազանդ ենթարկվում են:

-Օրենքից քաջատեղյակները մի բան են մատնանշում` սա ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքի խստագույն ոտնահարում է։

-Էդ բուհերը վաղուց փակված են, քանի որ ուսանող չունեն: Եթե ուսանող լինի, չեն կարող փակել: Մասնավոր բուհերը պետք է ավելի շուտ  իրենց մասնավորի իրավունքներն ու ազատությունները  պաշտպանեին, ոչ թե գնային տասնյակ գործարքների, ուրիշ բաների ետևից ընկան, որպես բուհ չկայացան, պետությունն էլ չուզեց, որ կայանան: Մեծ հաշվով  հասարակությունն էլ չէր ցանկանում, որ կայանան մասնավոր բուհերը, քանի որ իրենց դիպլոմն էր պետք:

-Ի՞նչ նկատի ունեք ասելով` մասնավոր բուհերը գնացին գործարքների:

-Նրանք  չդարձան որակյալ ու հետաքրքիր բուհեր: Ցույց չտվեցին, որ իրենք ազատ գոտի են, պիտի իր պրոֆեսորների աշխատավարձով, պաշտպանվածությամբ տարբերվեր պետական բուհերից: Մասնավոր բուհերը մեծ մասամբ դուքաններ էին, իշխանությունն էլ ասում է` մենք ունենք մեր դուքանները, որոնք մեզ բավարարում են:

Հարցազրույցը՝ Սոնա Դավթյանի
Աղբյուրը՝ armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե մարդու համար՝ ապա մարդու հետ…

Հանդիպում կրթահամալիրի Ավագ դպրոցի «Սուրհանդակ» ռադիոյի ստեղծագործական խմբի հետ։ Կարևոր մի փուլ մարդը չի մասնակցում հանրային կյանքի փոփոխություններին, ու դա կոչվում է դպրո՞ց… Աշոտ Բլեյան — Շնորհակալ եմ հրավերի համար,

«Յուրաքանչյուրիս պարտականությունը առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ՝ նվիրելը»

«Ոչ մի նպատակ այնքան կարևոր չէ, որ արդարացնի դրան հասնելու միջոցը։ Աստվածատուր այդ միջոցը կյանքն է, մարդավարի ապրելը։ Հենց այս գիտակցումն է, որ նշանավոր է դարձնում մեր՝ ցանկացած տարիքի սեբաստացու

Հարցազրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ ծրագրով կրթահամալիրի 50 հոգանոց դասավանդողների, սովորողների, ծնողների խումբը մարտի 25-28-ը եղավ Թբիլիսում: Օրերի մասին հարցասերների ռադիոյի հարցազրույցը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: