որպես համակեցություն, միասին ապրելը՝ ուրախ, առանց վախերի….

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը

– Պարո՛ն Բլեյան, գործադիրի նախորդ շաբաթվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դպրոցը միայն աշակերտի համար է, որ մենք մինչ օրս սխալ ենք հասկացել դպրոցի դերն ու նշանակությունը։ Ո՞րն է կամ ո՞րը պետք է լինի դպրոցի դերը մեր կյանքում։

– Ակնհայտ է, որ դպրոցը համակեցություն է, բաց, համայնքային, դրա համար էլ մեր դպրոցի հոմանիշներից մեկը հանրային դպրոցն է, այսինքն՝ հասարակության, հասարակ, սովորական մարդու դպրոց։ Համակեցության մեջ և՛ սովորողներն են, և՛ ուսուցիչները, և՛ պատվիրատուն՝ ծնողը, հասարակությունը։ Դպրոցը չի կարող չլինել համակեցություն, քանի որ հանրակրթության բուն բովանդակությունն այդ համակեցության  կազմակերպումն է։ Այստեղ խնդիրն այն է, թե այդ համակեցության առանցքում ի՛նչն ենք դնում։

Իտալացի գրող Ջանի Ռոդարին մի գիրք ունի, որ կոչվում է «Ստեղծագործական երևակայության քերականություն», որում խոսում է երևակայության, ֆանտազիայի ու դպրոցի մասին։ Այս գրքի մի գլուխն ամբողջությամբ այդպես էլ կոչվում է՝ «Երևակայություն, ստեղծագործություն, դպրոց»։ Նա որպես դպրոցի գլխավոր խնդիր առանձնացնում է երևակայության, ստեղծականության զարգացումը։ Այնինչ մեզանում մեծ նշանակություն է տրվում հիշողությանը, վերարտադրությանը, և քիչ նշանակություն այնպիսի որակների, ինչպիսիք են ստեղծագործելը, երևակայության՝ ֆանտազիայի զարգացումը։ Համոզված եմ, որ ստեղծականությունը նաև առանցք է, այն կարող է հավաքել։

Ռոդարին ունի նաև մի շատ համոզիչ ձևակերպում, այն է՝ դպրոցում կա մի առարկա, և դա մեր իրականությունն է, կյանքը, որում մենք ապրում ենք, ու կրթությունը այդ կյանքի ուսումնասիրումն է իր բոլոր դրսևորումներով, ու քննարկումը բոլոր դիրքերից, բոլոր մասնակիցներով։

Ռոդարին պատասխանում է նաև Ձեր հարցին՝ իսկ ուսուցի՞չը։ Նա չի էլ բաժանում դպրոցն ուսուցիչների, սովորողների, օգտագործում է «մեծեր», «փոքրեր»։ Երևակայության դպրոցը կենդանի դպրոց է, հաճույքի, հրճվանքի դպրոց, որովհետև գործ ունենք մտքի աշխատանքի հետ, մտածողության զարգացման հետ։ Ռոդարին դրա  այլընտրանքը համարում է մանկական գաղութ։ Դպրոցների մեծ մասը նա անվանում է մանկական գաղութ, որի պատերը պետք է մեր աչքի առաջ փլուզվեն…

Այսինքն՝ այդ երրորդությունը՝ երևակայություն, ստեղծագործություն, դպրոց, դիտում է մեկ հարթության վրա ու կարևորում այդ համակեցության հաստատումը, որտեղ ուսուցիչը երեխաների մեջ է, նրանց հետ է։ Այդ ուսուցիչը փորձ է փոխանցում ու օգնում երեխային, որ նա առավելագույնս դրսևորի իր ստեղծականությունը, զարգացնի երևակայությունը, իր կյանքը փոխի, չվախենա փոփոխություններից, այդ փոփոխությունների կրողը լինի։ Դա է կյանքը դպրոցում, իսկ դպրոցը հասարակության մեջ է։

Դպրոցը չի կարող փակ լինել, այն պետք է անպայման բաց լինի, և հասարակության բոլոր անդամները պետք է զգան այս պատասխանատվությունը, որ գործ ունեն երեխայի հետ։ Իմ թվարկած այս մասնակիցներից որևէ մեկը ո՞նց կարող է օտարվել դպրոցից, այն էլ՝ ուսուցիչը։

Ինչ վերաբերում է ուսուցչին․.. Ցավոք սրտի, տարածված պնդում է, թե իբր դպրոցը մինչև հիմա եղել է ուսուցչակենտրոն, հիմա պետք է ստեղծել երեխայակենտրոն դպրոց Ես երբեք չեմ պաշտպանել դա, որովհետև իրականում երբեք ուսուցչակենտրոն չի եղել դպրոցը. ի՞նչ է որոշել ուսուցիչը, շատ քիչ բան: Ուսուցիչը զուրկ է եղել իր երևակայությունը, ստեղծականությունը լիարժեք դրսևորելու հնարավորությունից։ Լավ ուսուցիչ ասելով՝ հասկացել ենք հրահանգները լավ կատարող, կարևոր չէ՝ հրահանգներն ումից են գալիս։ Եվ ավելի վատ, եթե դրանք գալիս են պետությունից, առաջին դեմքից, որովհետև խոսքն անձնական պատասխանատվության մասին է, որովհետև ուսուցիչը հանրային գործիչ է, իմ կարծիքով, կամ պետք է լինի այդպիսին, այն առումով, որ հասարակության առաջ պետք է պատասխան տա իր գործողությունների համար, որ հետո չասի՝ ես մեղավոր չեմ, ինձ ասում էին, պարտադրում էին։

– Մեր հանրակրթական դպրոցներն այսօր որքանո՞վ են ձեր ասած այդ բաց ու զարգացող կառույցը։

– Ես չեմ ուզում գնահատողի դերում լինել, ուղղակի այդ մանկական գաղութների պատերը պետք է փլուզվեն մեր աչքի առաջ, որովհետև դրանք վտանգավոր գաղութներ են։ Գերմանացի փիլիսոփա, մանկավարժ Դիստերվեգն ասում էր, որ դպրոցում յուրաքանչյուր ուսուցիչ հայտնվում է երեք դևերի ճանկերում, որոնք մշտապես խժռում են նրան։ Դրանք են տափակությունը, սահմանափակությունը և մեխանիկականությունը։

Մենք պետք է իմանանք, որ այս վտանգը յուրաքանչյուր ուսուցչի համար է, ու առավելագույն ջանքեր են պետք այս դևերից ազատվելու համար, որովհետև մենակ որ թողնես, դրանք ուսուցչին կխժռեն որևէ մի փուլում։ Ասածս այն է, որ դատավորի կեցվածք պետք չէ ընդունել, այլ պետք է փորձել օգտակար լինել. հատկապես նրանք, ում լծակները շատ են։ Մենք մեր բլեյան դպրոցով փորձել ենք օգտակար լինել, փորձ փոխանցել, ու հիմա ինձ հաճույք չի պատճառում քննադատելը, վերևից նայելը։ Ուսուցչին ամենամեծ օգնությունը Ռոդարիի այդ երրորդությունն է. պարտադրանքն ամենավտանգավոր բանն է։

– Պարո՛ն Բլեյան, ըստ էության, հիմա չկան այդ կարևոր կետերը, որոնք դուք մատնանշում եք, որովհետև բողոքները դպրոցներից ու նաև բուհերից շատ են թե՛ մասնագիտական մակարդակում, թե՛ հանրության մյուս շերտերի մեջ։

– Դե, ես ասացի այն, ինչը կուզեմ որ լինի։ Իհարկե, այսօր էլ կան այդ դպրոցները, կան այդ միջավայրերը, կան հարյուրավոր լավ ուսուցիչներ, որոնց համար ուսուցչությունը իրենց կյանքի գործն է, իրենց դպրոցն է, իրենց ստեղծածն է։

Դպրոցը պետք է հիմնված լինի ընկերության վրա՝ ուսուցչի ու սովորողի, ինչպես այն բլեյան դպրոցում է։ Դա համակեցություն է, միասին ապրել, ու պետք է լինի ուրախ, առանց վախերի։ Այն պետք է լինի բաց, որովհետև հասարակության դպրոցն է, ու հասարակությունը պարտավոր է իմանալ՝ ինչ է կատարվում իր դպրոցում, հասարակությունը նաև պետք է լիարժեք մասնակցի այդ համակեցությանը։ Դպրոցի, մանկապարտեզի ու ընդհանրապես մեր հաջողությունները պետք է կարողանանք կառուցել ընկերության մթնոլորտի, ընկերական սիրո ու համերաշխության վրա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ֆլամինգո հնդկահավի ու անսարք ծորակի մասին

— Ինձ ասեք Դավիթ հնդկահավ, էնքա՜ն վատ բառեր եմ ասել, որ հնդկահավ եմ դարձել… — Ես մայրիկի հնդկահավն եմ, իսկ քույրիկի՝ ֆլամինգոն… Հա, իսկական ֆլամինգո-հնդկահավ, որ արագ հավաքում է մայրիկից

Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան…

Ես պլագիատից (գրագողություն) խորշում եմ, կամ որ ավելի կարևոր է՝ հարգում եմ հեղինակային իրավունքը։ Երբ գիտեմ՝ ինչ-որ բան կոնկրետ ո՛ւմ մոտ եմ առաջինը կարդացել, կամ ասելիքիս վրա ո՛ւմ ձևակերպումն է հետք

Մարդկային գործոնը

Երեկոյան Մեդիա կենտրոնից քայլում ենք Գեղարվեստ՝ դաստիարակի հնարավոր տեղափոխման առիթով, ծնողների նախաձեռնությամբ՝ հավաք է 2-4 տարեկանների խմբում: Դավիթն էլ երեխաների հետ խաղալուց գերադասում է ինձ հետ ժողովին մասնակցելը: Իր ազատ ընտրությունն