Տան ճանապարհին Դավիթ Բլեյանը հաստատում է՝ իր ծննդյան օրերը՝ դեկտեմբերի 12-ից սկսած, շաբաթ-կիրակի-երկուշաբթիով, ավելին եղան, քան անցյալ տարի, հարազատներով, ուսուցիչներով, ընկերներով․․․ նվերներով, նոր ընկերներով, ռազմամարզական խաղերով, հնգամարտով, նոր ակումբ-վերնատան նորամուտով, բայց մեկ է…
-Не то! Ուրախությունն էր պակաս․․․ Բոլորը նույն տեսակ տխուր են․․․ Անցյալ տարի սրտանց ուրախություն էր․․․
– Ես գիտեմ՝ ինչի,- շարունակում է,- մենք պարտվել ենք․․․ Ես Շուշին եմ կորցրել, Շուշիի իմ տատիկի-պապիկի տունը, մնացել եմ առանց սպասումի, շատ-շատ են զոհվածները․․․ Արցախն ասում են՝ չկա․․․ Թուրքերը շարունակ հարձակվում են․․․ Նոր տարի էլ չի լինի․․․
Քոլեջում մեր դեկտեմբերի 16-ի պատրաստությունը՝ մուտք նոր սեղանատուն, գինի 2020-ի համտես, մեր գործընկեր գինեգործներին խաղողագործության-գինեգործության մեր ձեռքբերումների ներկայացումը, 2021-ի համատեղ անելիքները, աշխույժ է բերել․․․ ուրախությո՞ւն… Սրտանց․․․ Միջանցքում բռնում ենք իրար՝ ես ու Երևանով նոր քայլքի նախաձեռնողները՝ Քնարիկ Հարությունյանն ու մի խումբ պայծառ աղջիկներ․․․ Իմ պահանջը՝ խումբը լրացնել քոլեջի տղաներով, կատարված է, ու տղաները կազմուպատրաստ են իմ լրացումով, իրենց ցանկալի ուղով թափառման․․․ Շա՜տ քայլք, մարդկային շփում, լեցուն ուսումնական արտադրական առօրյա…
Հիգիենիկ, խնամված մեր Մարմարյա սրահում ավագ դպրոցի պատանիների պար-պարերգը չգիտեմ ինչ զգացողություններ է առաջացնում Մայր դպրոցում հայտնված առողջապահության և կրթության նախարարության տեսչական մարմինների աշխատակիցների մոտ, բայց ինձ, որպես մենթոր տիար, վերևից դիտողի իմ օբյեկտիվում, բնական օդափոխվող ընդարձակ սրահներում ուրախություն ճառագող միջին-ավագ դպրոցի ուսուցիչ-սովորող սեբաստացիները վստահություն են փոխանցում․․․ Դուք եք ձեր առողջության, ուսման, կյանքի տերն ու պատասխանատուն. համավարակի արտակարգ իրավիճակի, կարանտինի, գումարած՝ ռազմական դրության, պատերազմի ու հետպատերազմական շրջանի ձեր փորձով, հասունությամբ, հմտություններով կարողացեք գործել ինքնավար-ինքնուրույն, համերաշխ․․․ անձնապես պատասխանատու․․․ պատմականորեն ձևավորված սեբաստացիական միջավայրում․․․ Դուք ու ձեր կյանքը. ուրախ, առողջ եղեք, ձեզ էլ, մեզ էլ օգնեք՝ էս անուրախ վիճակը հաղթահարենք օր առաջ․․․
Կրթահամալիրի Բանգլադեշի Հարավում Մոնիկա Տոնոյանի դասարանի ընդարձակ վիտրաժից դեպի հյուսիս-արևելք ձգվող բարեկարգ-կարմիր ճանապարհը գայթակղիչ թվաց այնքան, որ… միայն ձմեռ պապը կդիմանա այսպիսի կանչին, թող գա․․․ նոր գործերով․․․ Ես երթուղիս փոխեցի ու հեծանվով անցա ձմեռ պապի համար ստեղծված անցումներով, այգիներով Առնո Բաբաջանյան, Մայր դպրոց, Զորավար Անդրանիկով՝ Րաֆֆի փողոց, իմ աշխատանքային օրվա ծրագրված դադարներով։ Որոշումները հետաձգել չի կարելի։ Գեղարվեստի ոսկերչության արվեստանոցի ղեկավար Դավիթ Պետրոսյանի առաջարկը՝ ունենալ գործող ձուլարան, տեղում լրացվեց գործիքների արվեստանոցով․․․ որպես խթան, ամանորյա նվեր, ուրախություն մեր տարատարիք ոսկերիչներին, քանդակագործներին, խեցեգործներին․․․
Ականջներում իմ չի մարել Հարավի մեր պարտիզպան Արսենի լացի ճիչը․․․ Խոսում էինք դպրոցի պարտեզի դեկտեմբերի գործերից, երբ հեռախոսով լսեց․․․ հոր մահվան մասին։ Ճիչ-լաց, հոսող արցունքներ, հասուն որդու՝ հոր կորստի այսպիսի անմիջական ողբ տղամարդու․․․
Հիմա, երբ պատմում եմ այս գրով այն, ինչ երեկվա իմ անցուդարձից առանձնացնում-փոխանցվում է, հիշեցի յոթերորդցի Մարիամ Արշակյանին, որը շատ սիրում է իր կրթահամալիրը, ֆրասներենի ու սուսերամարտի նկատմամբ հետաքրքրություններ ունի, պայքարով մնաց ընդգրկված այդ խմբերում։ Հետո դիտեցի Մարիամ աղջկա հայրիկի՝ Մհեր Արշակյանի հետ զրույցը. դիտեք։ Երեսունամյա անկախ քաղաքական կյանքում հասարակության շեշտադրումը երրորրդ և չորրորդ հանրապետությունների խաչմերուկում հայտնվածի իմ պատումում ինձ հնարած չթվաց։ Դիտեք։
Ռազմամարզական խաղերը, որ Սոնա Փափազյանը, կեցցե, ի պատիվ մեր պրինցի՝ Դավիթ Բլեյանի, սկսեց երեկ Արևմուտքում, փոխանցվում են այս օրերին Հյուսիս-Հարավ-Արևելք ճանապարհային քարտեզով դեպի 2021-ի հունվարյան ճամբար․․․ Դեռ կտեսնենք՝ Միքայել Ղազարյանն ու իր ընկեր մարզիչները տրիաթլոն-հնգամարտը առատ-փափուկ ձյունով ի՛նչ կդարձնեն հունվարի ճամբարներում սեբաստացիական․․․ Այնպիսի՜ մի ուրախություն, ուժի-գեղեցկության տոն, որ Դավիթ Բլեյանի Не то-ն դառնա Вот это да!
#1929