Շո՛ւտ արեք, վե՛ր կացեք․․․ Պարտեզ եմ գնում․․․ 

Աստղիկն է ասում։ Մշուշը պատել է Նորքի աշտարակը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը խաչով, Խանջյան փողոցն է մշուշի մեջ, մութ ու թաց է շուրջը մեր․․․
Աստղիկը արթնացնում է բոլորիս՝ ծնողական մահճակալի սնարին նստած, ձեռքով տմբտմբացնելով պայքար-գիշերից հետո հանձնված-մեկնված մոր գլխին․
– Շուտ արեք, վե՛ր կացեք, պարտեզ եմ գնում․․․
Մեզ որ մնար, մեր բնակարանով փակված կմնայինք մշուշում․․․ 

Մեքենայի մեջ, կրթահամալիրի ճանապարհին, Արմինեն Տերյան է կարդում․ 

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն…
Անուրջներս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն… 

Իմ գիրը հենց այս տողն էր փնտրում Աստղիկի հետ պատշգամբում։ Մշուշը այնքա՜ն անսպասելի էր Աստղիկի համար, որ տարավ մեզ․․․ 

Մեքենայում, մեկ էլ.
– Վա՜յ, Աստղիկը․․․ քնե՜ց․․․
Միայն տեսնեք, լսեք․․․ Ես լուսանկարում եմ, Դավիթը կարդում է․․․ 

Спи, Астхик, засыпай
Тише-тише,
Астхик спит,
Не играет, не шалит.
Милая Астхик, засыпай,
А проснешься – поиграй. 

Պարզվում է, հոգատար-զգայուն եղբայրն իր սիրելի Три кота-ից վերցրել, խաղում է տողերի հետ, ու խնդրեմ, իր ռուսերենով օրոր է կարդում․․․ 

Երկուսը մեկում 

Երեկ առավոտյան՝ մասնագիտական ընկերակցությանը մեր 2020թ․ գինու ներկայացումից առաջ երիտասարդ լրագրող Հեղինե Ասրյանը ինձ կարողացավ կտրել,  Միքայել Ղազարյանի հետ հասցնել Վերին Անտառային փողոց, ուր ես վաղուց չէի եղել։ Երկար ճամփան դարձավ մեր մենթորական աշխատանքի հնարավորությունը։ Վերին Անտառայինը՝ նոր քաղաք քաղաքի մեջ, նորակառույցներ բարեկարգ․․․ Տեսնես՝ ովքե՞ր են ապրում այս նոր քաղաքում, ի՞նչ երազներով, անուրջներո՞վ երկնածին․․․ 

Մեր զրույցը նոր TV-ի «Քաղաքական խոհանոցում» ստացվեց․․․ Մի սերնդի բաժանումը այսպիսով, մտերմությամբ հաղթահարելի է․․․ 

Օրվա վերջում քոլեջից, աշխատանքային քննարկումից (պատրաստվում էինք կրթական խորհրդի այսօրվա նիստին, շարունակում նույն տեղում երկու օր առաջվա կրթահամալիրի մենթոր-հիմնադիրներով Բլեյան դպրոցի զարգացման մշակումները) հետո անձրևի-մութի-իրիկնային մշուշի մեջ կորած քաղաքի աղմկոտ կենտրոնում ես իմ տեղը չէի գտնում․․․ Փողոցը իմը չէ. սա ես արձանագրել եմ վերջին անգամ 2018-ին, բայց տուն հասնել պետք է․․․ 

Երեքը մեկում 

Խաղաղարար (ոչ պացիֆիստ), ստեղծարար, ազատարար. այո, այս երեքը մեկում՝  սովորական հայ մարդու մեջ, որ ծնվել է Երևանում բազմազավակ, մեծ ընտանիքում, ապրել հայրական ջանքով ստեղծված, ապահով տանը, ցեղասպանություն-գաղթ է իմացել (իմ պապերը գաղթել են 1828-1829-ին Հին Բայազետից, հիմնել Նոր Բայազետը՝ իր Լանջաղբյուր դարձած Քիսաջղով), ստալինյան աքսոր (իմ հայրը, պապը 1937-ին աքսորվել են ստալինյան ճամբարներ. պապիս գնդակահարել են ճանապարհին, հայրս վերադարձել է հաշմանդամ), ներքին տեղահանում է տեսել (հաշմանդամ-հետապնդվող երկրագործ մարդը ինչո՞վ պահեր ընտանիքը. տեղափոխվել է Երևան)․․․ Հայրենականի վերածված համաշխարհային պատերազմ (իմ հորեղբայրներին 1941-ին տարել են պատերազմ, երկուսը չեն վերադարձել այդ պատերազմից, երրորդը վիրավոր է վերադարձել)․․․ Երեքը մեկում-ը ես ստացել եմ որպես ժառանգություն։ 

Իմ ականջներում, մեկ է, մնացել է երեկ գիշերվա երկու պատումը, որպես շշուկներ․․․ Մեկը՝ զանգեզուրյան ծագումով երևանաբնակ երիտասարդ կնոջ, մյուսը՝ Բաքվում ծնված, մեծացած, 1988-ին Երևան տեղափոխված իմ սերնդակցի․․․ Գևորգին, Սուսանին առավոտյան պատմեցի մեր ավանդական հասարակ՝ քրքում-դարչին-կոճապղպեղ-կիտրոնով  (չորսը մեկում) թեյի սեղանի շուրջ․․․ Մեր չավարտվող ժամանակի, ապրելու-չապրելու մասին է։ Ձեզ էլ կպատմեմ, անընդհատ է իմ գիրը, ախր․․․ 

#1931

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաշիվ պահիր քո խոսքերին…

Այո, ես Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում եղել եմ 1974-ի ամռանը։ Ինձ ընտրեցին.  ինքնառաջադրվեցի, թե նշանակեցին՝ չեմ հիշում։ Կազմակերպել-ղեկավարել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի «Տարոն» ուսանողական շինարարական 40 հոգիանոց ջոկատի

Խորհրդավոր ժպիտով կնոջ հայտնությունը

Երբ ինն ամիս ու ինն օրն անց կացավ, Տաթև աղջիկս Վահան ունեցավ… Մնացածը՝ ինչպես էպոսում։ Հատուկ հանդիսավոր-ծիսական ներկայացնում եմ իմ-ձեր Տաթև Բլեյանի ու իր ամուսին Սամվել Սերոբյանի ստեղծագործությունը՝ Վահան Սերոբյանին,

Իմ օրը, իմ գիրը՝ որպես մեր կրթական ծրագրի զարգացման-տարածման աշխատանք

ՀՀ ՊՆ  պահանջով ներկայացնում ենք Արատեսի դպրական կենտրոնում մեր ճամբարին աջակցության մեր առաջարկությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, պետության պատվերով, մշակում իրականացնում, տարածում է կրթական այլընտրանքային ծրագրեր: Այդ ծրագրերի բաղացուցիչներից են ավագ