Որպես հիմնադիրներ Հայաստանի… չորրո՞րդ հանրապետության, նո՞ր Արցախի, ձեր նոր բիզնեսի, ձեր բնակավայրի՝ Հայաստանում, թե Արցախում․․․ նոր համակեցության… ձեր նոր տարվա․․․ նոր կյանքի՝ անպայման ինքնավար, ինքնուրույն, պատասխանատու, որ լինի-դառնա ձերը։ 

Որպես անդրադարձ, ստուգենք՝ այդպիսի՞ն ենք եղել Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ, Հայաստանի Երրորդ Հանրապետության, Արցախի Հանրապետության ակունքներում, մինչև այսօր։ 

Այսպիսի բովանդակությամբ հրապարակում 1992-ի վերջին, 1993- սկզբին ես ունեցել եմ Հանրային 1-ին ալիքով՝ որպես հայտարարություն՝ Նոր ուղի կազմակերպության ղեկավարի, ՀՀ ԳԽ պատգամավոր Աշոտ Բլեյանի․․․ Իմ բլոգը, որպես յուրահատուկ՝ իմ հիմնադրած մեդիատարածք, ինձ իր ամբարով հիշեցումներ ուղարկում է կամ արձագանքում է ֆեյսբուքյան հիշեցումներին, ու իմ բլոգապատումը, որ խոստում է, այս շրջանում էլի անընդհատ է, ամենօրյա, որպես օրագիր, այս հրապարակումով-քայլով էլ է մոտենում բազմահոբելյանական հարթակներով 2000-ին․․․ Գրանցեք իմ բլոգի հաշվիչով՝ իմ 1924-րդ գիրն է ձեր էկրանին։ 

Կարո՞ղ ենք ցույց տալ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը՝ իր տարեթվով սկզբնավորման, իր տարածքով-սահմաններով, իր մշտական բնակիչ-քաղաքացիով։ Փորձենք։ 1989-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհուրդը համատեղ նիստում որոշում են ընդունել «ճանաչել ԼՂ լիազոր ներկայացուցիչների համագումարը և ազգային խորհուրդը՝ որպես մարզի միակ օրինական իշխանություն»։ Որոշման 3-րդ կետով հռչակվել է ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու փաստը, և մարզի բնակչության վրա տարածվել են ՀԽՍՀ քաղաքացիության իրավունքները։ Գիրս առավել ուսումնական-հանրակրթական դարձնելու համար հրապարակում եմ նաև  ԼՂԻՄ-ն Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու գործընթացի մասին տեղեկանքը։ Սա՝ գործող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում, ԽՍՀՄ, որը դադարեց գոյություն ունենալուց միայն 1991թ. դեկտեմբերի 26-ին։ Վերամիավորման այս որոշումը ոչ ոք չի վերացրել, իմ մերժած-ծամծմված բառով կրկնեմ՝ չի չեղարկել։ Կարգավիճակը տեսեք Հայաստանի իրավական-տեղեկատվական  համակարգում հրապարակված փաստաթղթում. «գործում է»։ 

1990 թ. օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը իր ընդունած Անկախության հռչակագրով Խորհրդային Միության կազմում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետություն։ 1990թ․ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը անցկացնում է միավորված Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններ, ձևավորվում են ընտրական օկրուգներ նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները դառնում են ՀՀ ԳԽ պատգամավորներ… Իսկ ամիսներ հետո՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի ընտրական տեղամասեր ԼՂԻՄ-ի տարածքում չեն ձևավորվում, Արցախի բնակչությունը չի մասնակցում Անկախության հանրաքվեին․․․ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԽ որոշումով հռչակվում է ՀԽՍՀ-ի իրավահաջորդ՝ առանց ԼՂԻՄ-ի ու նրա ժողովրդի․․․ 

1988թ. փետրվարի 20-ին ԽՍՀՄ Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (նրա կազմում Շուշիի, Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Մարտունու շրջաններն են՝ համանուն շրջկենտրոններով ու մայրաքաղաք Ստեփանակերտով) ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց «ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ՝ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»։ 1989թ. դեկտեմբերի 1-ին ԼՂԻՄ-ը իրեն հայտարարեց վերամիավորված ՀԽՍՀ հետ։ Իսկ 1991-ի սեպտեմբերի 2-ին «ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը»  հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։ Հակիրճ՝ ԼՂՀ։ 1991թ․ դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ «այո» ասաց անկախ պետությանը: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006թ. Սահմանադրությամբ Արցախը անկախ պետություն է 11.458 կմ² տարածքով։ 

Այս ամենին ավելացնենք 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ որպես իրավական նորմ, թե միջազգային պայմանագիր, թե՞․․․ Բայց գործո՞ղ։ 

1995թ. հուլիսի հանրաքվեով ընտրված ՀՀ Սահմանադրության, նրա հետագա փոփոխության մեջ, որ նայես առաջաբանին, մենք ծովից ծով Հայաստան ենք, չկա նկարագրած Հայաստանի Հանրապետությունը՝ իր սահմաններով, իսկ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքով-համայնքներով՝ գյուղերով, քաղաքներով, մարզերով, բնակչությամբ, քաղաքացիությամբ, մենք մինչև 1988թ. փետրվարը՝ արցախյան շարժումը եղած ՀԽՍՀ-ն ենք՝ մայրաքաղաք Երևանով․․․ 

Ես շարադրեցի փաստերը՝ առանց վերաբերմունքի։ Եթե կան վրիպումներ, անճշտություններ, օգնեք, խնդրում եմ, որ վերացնենք։ 

Հայաստանի և Արցախի հարգելի հայրենակիցներ, հարազատ մարդիկ, քաղաքացիներ, թե մշտական բնակիչներ, մենք արձանագրում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետության ավա՞րտը, մեր ինքնավար, ինքնուրույն, իրավական որոշումով դառնում հիմնադիրներ Հայաստանի Չորրո՞րդ Հանրապետության, որ ունենանք քաղաքացիություն, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակիչները որոշեն Նոր Արցախն՝ իր նոր կարգավիճակով․․․ 

Հետգրություն։ ՀՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես ԽՍՀՄ մյուս բոլոր նախկին հանրապետությունները, 1992թ. ՄԱԿ-ի անդամ են դարձել ԽՍՀՄ ներքին սահմաններով։ 

#1924

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարադոնան էլ մեզ չի օգնի…

Վերնագիրն ինձ հուշեց Արմեն Նիկողոսյանի՝ «Հայկական ժամանակ»-ի մարզական լրագրողի գրավիչ պատումը: Հաճույքով կարդացի. սկսեˊք իմ օրվա գիրը սրանով… Ի դեպ, Արմենը կրթահամալիրի գործադիր տնօրեն է եղել 1990-1994 թթ… Համաձայնեք, որ

2015-ն ընկերության հաստատման տարի դարձնենք

— Ժամանակն ի՞նչ ասել է, հայրիկ,- դավիթավարի հարցնում է լողարանում՝ ցնցուղի տակ,  իր ամեն առավոտյա ծեսը մի փոքր արագացնելուն ուղղված իմ երկչոտ «Դավիթ ջան, պրծի, ժամանակ չկա»-ին հակազդող Դավիթը… Այնպես

Հայացքս՝ առվի բերանի վիշապաքարերին…

Իրանցի պատգամավորը Հայաստանին մեղադրում է Արաքս գետն աղտոտելու և դրա հետևանքով Իրանում քաղցկեղային հիվանդությունների աճի համար… Իսկ իմ մտքից չի ելնում Աշտարակի մայր առուն, որ սկիզբ է առնում, իհարկե, Քասաղ