Նոր նախաձեռնություն Նոր ուղի հարթակում։
Հեշտացնելու համար ընթերցողի, Նոր ուղու հետևորդի գործը, Անդրադարձ շարքով սկսում եմ հրապարակումներ՝ թերթելով 1989թ․-ից իմ քաղաքական արխիվը՝ առանց միջամտելու․․․ Չեմ կարող, Գուգլը թույլ չի տա. Դավիթ Բլեյանը կասեր՝ Что написано пером, не вырубишь топором։
Ցանկությունների ժամանակը, գործելու ժամանակը հարցազրույցը՝ է՜ն մեր օրերում հայտնի-հետաքրքիր, ավա՜ղ, վաղամեռիկ Գենոֆիա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, որ 19.05.1992թ․ հրապարակվել է «Республика Армении»-ում, արվել էր կրթահամալիրում, երբ սիրելի Գենոֆիա-Ժենյան հասցրել էր բավականին նյութ հավաքել կրթահամալիրի ու նրա տնօրեն Աշոտ Բլեյանի գործունեության մասին։ Հարցազրույցից առանձնացրել եմ հատկապես հայոց համար այսօր էլ արդիական հատվածը։ Ցավոք։ Դա ամբողջությամբ կարդացի կրթահամալիրի հիմնադիր իմ ընկերների համար, որ 1989-ից են կրթահամալիրում, հիշում են Ժենյային ու այդ շրջանը ամբողջությամբ, ինձանից լավ, կենդանի… Եվ գրական ակումբի հիմնադիր-ղեկավար, բոլորիս մենթոր-ընկեր Մարիետ Սիմոնյանն իր այս խոսքով ամփոփեց-արտոնեց.
– Ոնց որ այսօր գրված լինի, տիա՛ր։
Դուք էլ ասեք՝ հերքե՛ք կամ հաստատե՛ք, բայց կարդացե՛ք։
– Դուք ուսուցիչ եք եւ միաժամանակ քաղաքական գործիչ: Քաղաքականություն եւ բարոյականություն․ չկա՞ արդյոք սկզբունքային հակասություն այս երկու ձեւերի համատեղման մեջ:
– Դուք ուզում եք իմանալ, թե ես ավելի շատ քաղաքական գործի՞չ եմ, թե՞ ուսուցիչ: Ես շատ լավ կզգայի քաղաքական գործչի վիճակում, եթե ուսուցիչ չլինեի: Մեկը մյուսին, իհարկե, խանգարում է, բայց միայն ժամանակի իմաստով, որը միշտ չի հերիքում: Քաղաքականությունը նույնպես մասնագիտություն է, ինչպես մանկավարժությունը, եւ նրան պետք է տրվել ամբողջությամբ: Ինչ վերաբերում է հակասություններին, այդպիսիք չկան: Ի դեպ, անբարոյական կարող է լինել ոչ միայն քաղաքականությունը, այլեւ՝ մանկավարժությունը:
– Երեւի այդպես է: Պարզապես քաղաքականությունը ավելի շատ է ասպարեզում: Այդ դեպքում բարոյականության տեսանկյունից գնահատե՛ք Ձեր հրապարակավ արտահայտությունն այն մասին, որ Արցախի խնդրի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի կազմում: Շատերն այն գնահատում են որպես նահանջողականություն: Դա հատկապես աններելի է ՀՀՇ վարչության անդամի համար:
– Ես այդ ասել եմ հստակ եւ մտածված՝ իմ արտահայտությունը չհամարելով ավելի համարձակ, թե ես այլ կերպ եմ մտածում, քան ուրիշները: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ ի՞նչ է նշանակում արցախյան խնդրի լուծում՝ Արցախի ազատ֊անկախ հանրապետությո՞ւն: Հրաշալի է: Բայց մտածել՝ այսօր ստեղծել այդպիսի ազատ-անկախ Արցախ պետություն առանց պատերազմի, միջազգային միջնորդությունների օժանդակությամբ, նշանակում է՝ մոռանալ մեր պատմության բոլոր դասերը: Ոչ ոք եւ երբեք տարածքային ոչ մի հարց չի լուծել առանց պատերազմի: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը պատերազմել առանց վառելանյութի, սննդամթերքի, խարխլված տնտեսությամբ: Նրա ստրատեգիական պահեստավորումը կհերիքի մեկ-երկու շաբաթ՝ ոչ ավելի: Մի խոսքով, պատերազմի մեջ ներքաշվելն այսօր մեզ համար վերջնական պարտության տանող արկածախնդրություն է: Ե՛վ խորհրդարանը, ե՛ւ նախագահը պարտավոր են վերջապես կողմորոշվել այս հարցում եւ այդ մասին պարզ եւ հստակ ասել ժողովրդին: Քանզի ցանկությունների ժամանակը սպառվել է: Անցած 4 տարիները բավարար էին հասկանալու համար, որ քաղաքականության մեջ ցանկանալը այնքան էլ անմեղ բան չէ: Հիմա ժամանակը չէ պատասխանատվության հսկայական բեռը ծանրացնելու միևնույն կազմակերպության մեկ-երկու անդամի ուսերին։ Եթե դա արվում է այդ մարդկանց պատժելու կամ փաստի առաջ կանգնեցնելու նպատակով, ապա հատուցելու ենք սարսափելի գնով: Նրանք իրականում կրում են պատասխանատվություն, այդ թվում՝ հավանաբար եւ ես, ու պիտի պատասխան տան՝ յուրաքանչյուրն իր չափով: Բայց այդ հետո: Կա այսօրվա խնդիր:
– Ձեր կարծիքը կիսո՞ւմ են ՀՀՇ վարչության մյուս անդամները:
– Ոչ բոլորը, բայց շատերն են հակված․այն սթափ հայացք է իրողությանը:
– Իսկ դա չի՞ նշանակում ՀՀՇ կազմակերպության քաղաքականության վախճան:
– Չեմ կարծում: Նախ եւ առաջ, ոչ թե շարժումն է Ղարաբաղի շարժառիթը, այլ Ղարաբաղը՝ շարժման: Իսկ եթե ուշադիր վերլուծենք շարժման զարգացման պատմությունը, ապա կհամոզվենք, որ դեռ 1988 թ-ից շարժումն իր գերխնդիրն էր դարձրել հայկական պետականության վերականգնումը: Եվ մեծ թվով մարդիկ սկսեցին գիտակցել, որ արցախյան հակամարտության խնդրի լուծումը, սկզբնական ձևակերպմամբ, հակասում է այդ գերխնդրին: Մեզ անհրաժեշտ են տնտեսության մեջ շոշափելի վերափոխումներ, ժողովրդական դժգոհություններն առանց այն էլ հասնում են իրենց գագաթնակետին, իսկ վերափոխումներ հնարավոր են, եթե միայն Արցախի հարցում հստակություն լինի: Իսկ առայժմ մեզանում իրարամերժ հարցադրումներն են՝ նետվում ենք մի ծայրահեղությունից մյուսը:
Ամբողջը՝ Ցանկությունների ժամանակը, գործելու ժամանակը, 19.05.1992 թ․, «Республика Армении»։ Ավելին՝ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուում, 1992թ., «Շաղիկ»։
Ֆոտոխմբագիր՝ Աչեր Բաստաջյան
#1957