Ի՛նչ եղավ երեկ երեկոյան կրթահամալիրի խորհրդի նիստում․․․ Աշոտ և Տաթև Բլեյանների ներկայությամբ Բլեյան դպրոցի տնօրեն  ընտրվեց Սուսան Մարկոսյանը․․․ Մի տեսակ ինքնըստինքյան ստացվեց, բայց ինչպես կասեր իտալացի մանկագիր, «Ստեղծագործական երևակայության քերականության» անմահ տետրակի հեղինակ Ջանի Ռոդարին, ամեն այսպիսի «չնչին բանի» ետևում որքա՜ն աշխատանք կա․․․

Մենք սկսում ենք փոխանցել մեկմեկու հեղինակային-հանրային դպրոցի ղեկը՝ մնալով պատասխանատու հեղինակային մանկավարժության որպիսության համար․․․ Հավատում եմ, ցանկանում եմ, կաջակցեմ,  որ մեր Սուսանը հաջողակ-հիշվող-կարևոր լինի իր այս գործում ևս՝ անցկացնելով երկու, երեք, հա՜-հա՜, չորս, բայց ոչ երբեք աշխատանքային պայմանագրով-օրենքով նախատեսված հինգ տարի, խթանելով-ուղղորդելով իրեն բնորոշ խելքով-մարդասիրությամբ-շնորհքով Բլեյան դպրոցի, նրա տարածման բաց ցանցի, հեղինակային մանկավարժության դինամիկ զարգացումը, այնպես որ Երևանում ու նրանից դուրս, Հայաստանում ու էլի էն կողմ, նորանոր մարդիկ ճաշակեն մեր մանկավարժությամբ միասին ապրելու քաղցրությունը՝ թե՛ որպես սովորողներ, կրտսերներ, թե՛ որպես ավագներ՝ ծնողներ, ուսուցիչներ, բարեկամներ․․․ 

Իսկ ես պատրաստվում եմ «Մարդամեջ 2021 սոցիալական նորարարության» առցանց հավաքին, իմ «Միջավայր, նորարարություն և ստեղծագործականություն» թեմայով քննարկմանը, որ ունենալու եմ «Ուրբանլաբ-Երևան» քաղքաշինության ժողովրդավարացման ինստիտուտի համահիմնադիր Սևադա Պետրոսյանի, հավաքի կազմակերպիչ՝ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը ներկայացնող Միքայել Հովհաննիսյանի հետ մեծ խումբ ինձ անծանոթ-հետաքրքրիր, երիտասարդ, համայնքային կյանքի փոփոխություններ նախաձեռնողների հետ․․․ Գրի վերնագիրն էլ է էստեղից՝ ինչ եղավ հետո, երբ ես 1985 թվին Երևանի կենտրոնից քշվեցի մայրաքաղաքի հարավ-արևմուտքում կառուցվող արվարձան, որը ժողովուրդը Բանգլադեշ անունով կնքեց․․․ Ինչ եղավ հետո, երբ արագ կառուցվող արվարձանի Բ-1 անունով թաղամասը երեխաներով այնքան արագ էր լցվում, որ երկհերթ աշխատելը «183» համարով դպրոցի շենքում լուծում չէր, լուծում չէր և ռուսաց լեզվով ուսուցման դասարանները Բ-2 թաղամասի դպրոց ճանապարհելը, անհարժեշտություն առաջացավ՝ դպրոցի շենքին կից մասնաշենքեր նախագծելու, հյուսիս ու հարավից կից կառուցումներ ունենալու համար․․․ Ինչ եղավ հետո, երբ դպրոցը վերածվեց դպրոց-համալիրի, հեղինակային մանկավարժության փորձարարական-հետազոտական միավորման, իսկ զուգահեռ՝ 1988-ի երկրաշարժի, արցախյան շարժման բերած պատերազմի, խորհրդային պետության փլուզման հետևանքով դեմոգրաֆիկ բացասական զարգացումներ էին, ու սկսեցին թաղամասում և նրանից դուրս՝ արվարձանում, նորակառույց ուսումնական շենքեր ազատվել․․․ Երբ անկախ ճանաչված հանրապետության ֆինանսական դժվարությունների պատճառով կրթահամալիրի մասնաճյուղ-դպրական կենտրոններում՝ Եղեգիսի Արատեսում, Աշտարակում, Երևանում, կառավարության նախատեսած կառուցման աշխատանքները 1990-1992-ին դադարեցին․․․ Երբ չնայած մեզ համար նոր-անսպասելի-զուլում, մեր գլխին որպես կրակ ու բոց թափված այսպիսի իրականության՝ մեր մանկավարժությամբ որոշված համալիր միջավայրի ստեղծման փնտրտուքը-չարչարանքը մեզ նվաճող դարձրին․․․ Կրթահամալիրը սկսեց մի հարկի տակ հավաքել Անկախ մայլի Ծովակալ Իսակովի 52/6 հասցեում Գունավոր տպարանի կառուցած տիպային մանկապարտեզի այդպես էլ մանուկներ չտեսած շենքը (այժմ՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ), Բ-1 թաղամասում թիվ 11, 309, 295 մանկապարտեզների շենքերը (այժմ՝ կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզ, Քոլեջ, Հյուսիսային դպրոց-պարտեզ-գեղարվեստ), «Մեխակ» ռեստորանը (այժմ՝ կրթահամալիրի կենտրոն, Սեբաստացի մոլ), սրանց ավելացրեք թիվ 183-ին ամենից վաղ կցված Բ-4 թաղամասի թիվ 119 մանկապարտեզը դատարկվող (այժմ՝ կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզը), երկաթգծի հարևանությամբ շինաղբով լցված  հողակտորը (այժմ՝ ուսումնական ագարակ)․․․ 

Հարկ չկա, ինչպես կասեր Ջանի Ռոդարին, դիմելով ռուսերեն թարգմանված իր գրքի ընթերցողին, իմ ու իմ ընկերների սարքած-հորինած աշխարհը որպես մեր ինչ-որ «պոետիկա», «համակարգ» կամ հեքիաթ սարքելու դեղատոմսերի ժողովածու դիտել․ այն ընդամենը մի համեստ էքսկուրս է դեպի ֆանտազիայի տիրույթը՝ որպես իրականության ճանաչողության միջոց։ Մի ճանապարհ, որին հետևելով՝ կյանքի խորխորատներն ես սուզվում, ոչ թե ամպերի մեջ հածում։ Եթե կուզեք՝ պայքարի զենք է, ոչ թե վահան․․․ 

Չեմ կարող ուրիշը լինել, քան կամ, այս շարքը, որ երկու-երեք պատումի ձևով լույս է տեսնում, հատուկ Բլեյան ցանցի զարգացումներով հետաքրքրվածների, մասնակիցների համար է․․․ Խնդրում եմ վերաբերվել որպես Բլեյան դպրոցի հիմնադիր տիար տնօրենի մտքերի-զարգացումների-գործերի մասին փաստագրական մի վկայության, մի հեքիաթագործի, որը շարունակում է մնալ իր երկրի քաղաքացին, գաղափարների պայքարի ակտիվ մասնակիցը։ Այստեղ հարցն այն է, որ գաղափարները (Ռոդարու ժամանակում և Իտալիայում էլ էր այդպես) շատ դանդաղ են իրենց համար ճանապարհ հարթում, և դրանք պետք է անխոնջ առաջ մղել։ 

Կարդացեք նաև՝ 

#1995

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զգացմունքների վավերագրություն գիր է…

Քաղաքը «դուխ» է, և կարող է պատկանել բացառապես «դուխով» մարդկանց, քաղաքը տեղով մեկ մի մեծ հանդգնություն է․․․ Վարդ Սիմոնյանի մարտի 3-ի հրապարակումը՝ հատված իր «Զգացմունքների վավերագրություն»-ից ներկայացնում եմ իմ օրագրի

Հայտնի ագահը, անհագը… Ես և դո՞ւ…

Վիդեոխաղերը երեխաներին ստիպում են ուտել ավելի շատ բանջարեղեն ու միրգ. ամերիկացի գիտնականների այս պնդումը ես հաստատում եմ Դավիթ Բլեյանի օրինակով… Ելակասեր է մեր հերոսը. Արմինե մայրիկը պատմում է, որ երեկ

Մարդու՝ իր գործի, իր անելիքի տերը լինելու ժամանակը չէ՞

Գարունը հրեն, հա՜, մի քանի օրական փետրվարը մնաց. դրսում էլ՝ արև, չոր, էս համաճարակը չլիներ էլ, կստեղծեինք, որքան էլ որ հակահամաճարակությունը նույնքան կարգապահ-գրագետ աշխատանք է ենթադրում, ինչպես ուսուցման առցանց կազմակերպումը… Շաբաթ