Շաբաթ, աշխատանքային ուղևորություն Շուշան Բլեյանի հետ․․․ Գագարինով Սևան, Սարհատ Պետրոսյանի սիրալիր ուղեկցությամբ, աշխույժ զրույցով ողջ ճանապարհին, Սարհատն ու ես էլ, հեռահար կապի մեջ, հիմա շնորհիվ Արսեն Աղաջանյանի «Գագարին» պրոյեկտի, որում Սարհատն իր «Ուրբանլաբով», նախագծային խմբով կարևոր մասնակցություն ունի։ Շուշանն էլ, որ մեկ տարի, երկու ամիս հեռացված էր մեզմե քովիդով-պատերազմով, Վիեննայով կապված Արսեն Աղաջանյանի հետ ընկերային-որդիական թելերով․․․ ծանոթանում է Սարհատին, Սարհատի միջոցով՝ պրոյեկտին․․․
Մեքենան Սևանի խճուղով, Սևան չհասած «Գագարին» ցուցանակով աջ է անում, ողջ ճանապարհը՝ մինչև Ծաղկունք գյուղ, Գագարինով-Գեղամավանով, մաքուր-ճերմակ ձյունի մեջ կորած, ձյունից փայլող, արևի մեջ, սարերի եզերքով․․․ Ճերմակափայլ հայրենիք․․․ Գագարին ավանում կանգ ենք առնում. սա պրոյեկտի մեխերից է, առավելություններից։ Գագարինն այս պրոյեկտով նոր կյանք է ստանում՝ վերստեղծվում․․․ Շուշանի հետ կանգնում ենք խորհրդային իմ կյանքի լեգենդներ Գագարինի-Տերեշկովայի արձանի առաջ․․․ Սարհատը կարևոր տեղեկություններ է փոխանցում․․․
Հաջող թռիչք քեզ, Հայաստանի համայնքային զարգացման նախագիծ։
Մենք միանում ենք Ծաղկունքում աշխատանքային խմբին, նոր մարդիկ, բացահայտումներ պրոյեկտի, ճանաչողական-գործնական շրջայց, քայլքով քննարկումներ․․․ Պրոյեկտն ինձ իր կոնկրետությամբ-լուծումներով ավելի ու ավելի հետաքրքրում-համակում է․․․ Որքա՛ն գործ է արված իմ Ծաղկունք վերջին այցից հետո, պատմել եմ, շփոթ-արտակարգ շրջանում այս ամիսների․․․ Սատանան մանրունքների մեջ է. Արսեն Աղաջանյանի այսպիսի հետևողական բարեխղճությամբ մոտեցումը, գործի գիտակ մարդկանց ներգրավումը հենց օրինակ է, երկինք ուղղված մեր երկրի սլացքի հաջողության պայման․․․
Շուշանի համար այս ամենը բացահայտում է, ոգևորում ներկաներով. Վիեննայից հատուկ Գագարին պրոյեկտի այս շրջայցին մասնակցելու համար ժամանած Շուշան աղջիկը, ինչպես Արսենը ներկայացրեց, չէր կարող չներգրավվել, չարտահայտել իր ոգևորվածությունը տեսածով։ Նախագծային քննարկման փուլում գտնվող, չգործող, յուրահատուկ եկեղեցին Ծաղկունքի, որ կարող է դառնալ և համերգային դահլիճ, թե հերթական հացատունը հազարաշենով՝ մեկ-մեկ բացահայտումներ էին ինձ համար, ու Արսենով շարունակ հայտնի դարձող այս գյուղն իր թաքնված արժեքներով՝ ներկայացող այլ իրականություն։ Տեր ողորմյա,- երգում է Շուշան Բլեյանը Ծաղկունքի հացատանը։
Շնորհակալ ենք։ Ծաղկունքում Գագարին պրոյեկտով երկրագործության մաստեր-կլասը ես չեմ մոռանա, Արսեն Աղաջանյան։
Ծաղկունքում արդեն գիտեին իմ ժամը երեքի հանդիպման մասին Սևան քաղաքի «Նկուղում»․․․ Գիտեր նաև Ծաղկունք-Սևան տաքսու վարորդը, որ ձյունաթույր ճանապարհի կարճ րոպեներին խոսում էր ոգևորված․․․ Լավ է, որ քաղաքացին ներկայացնում է Սևանում կատարված փոփոխությունները՝ նոր քաղաքապետի անձով պայմանավորված․․․
«Նկուղում» միջավայր կար հարազատություն հաստատող զրույցի․․․ Ինձ հեշտ էր խոսեցնելը․ շիտակ է ծրագիրը մեր՝ օգնել Սևանում հասունացող նախագծին՝ Բլեյան կրթական ցանցին միանալու, Սևանում հեղինակային, հանրային դպրոց-պարտեզ ունենալու․․․ Մերն էլ համայնքային զարգացման ծրագիր է, հանրային դպրոցը մեր՝ համայնքաստեղծ. համայնք, որ իր արժեքները մշակութային, նյութական-ոչ նյութական՝ բնական, թե մարդաստեղծ, ճանաչումի-ուսումնասիրության-պահպանության-զարգացումի առաջնային խնդիր ունի, սկսած բարբառից, ավանդույթից, խոհանոցից․․․ Ու նաև ուրախ մանկավարժությամբ քաղաքին՝ Սևանին, ինքնաբավություն-լիարժեքություն-ինքնավարություն հաղորդելու հնարավորություններ ունի․․․ Մենք վստահելի գործընկեր ենք Սևան քաղաքի նախաձեռնող խմբին, քաղաքապետին-ավագանուն, հասարակությանը, մարզպետարանին․․․ Երկու ժամ տևած մեր հանդիպումը, որ շնորհիվ Արմինե Թոփչյան-Սյուզի Մարգարյան-Աննա Երիցյան-Նելի Փիլոյան համերաշխ-ստեղծական սեբաստացիական քառյակի և Սևանի երիտասրադական միության հասարակական կազմակերպության Գոհար Մնացականյան առաջնորդի, նախագծի նախաձեռնող Երվանդյաններ ընտանիքի, չէր կարող հաջողված չլինել, անհրաժեշտ քայլ չդառնար մեր ավելի պարզ երևացող ճանապարհին․․․
Եվ քայլքը Սևանով, «Նկուղից» «Բոհեմ» անցումը, համատեղ ուրախությունը, թեյախմությունը նոր մասնակիցներով Բլեյան կրթական ցանցի հաստատեցին, կարևոր խորհուրդ-վստահություն հաղորդեցին, ինձ-մեզ․․․ Փոխանցում եմ ձեզ՝ մեր մանկավարժության տարածման, մեր ունեցածով հայրենի-մայրենիով օգտակար լինելու։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին, սրտներս բաց, Սևան-Երևան վերադարձը, մայրամուտի, մեկ է, միշտ անկրկնելի խաղով արևի․․․
Շնորհակալ եմ Շուշան աղջկաս հետ նախագծից նախագիծ, կրկնակի շահում օրվա համար։
#1999