Գրառում 1․ Մուտք իրականություն նկուղից
Հարավային դպրոց-պարտեզում Շամիրամի, Անուշ Ներսիսյանի, մեր հարսիկ Ջուլի Ղազարյանի հրավիրած «Բանալի» անունով հանդիպմանը, ակումբի նորամուտին, ես մտա՝ երկար շրջելով շենքի առաջին հարկ դարձող նկուղներում։ Ինչքա՜ն աշխատանք է կատարվել-կատարվում. դուք սա չեք տեսնում, կտեսնե՜ք, երբ մասնակցեք սեպտեմբերի 4-ի նորամուտին՝ Հարավի կրթական շքերթով․․․
Ինքնաեռի շուրջ հավաքված 5-րդցիներն իրենց ուսուցիչների հետ արդեն իրենց որոշումն ունեն՝ Հարավի նոր առաջին հարկի մի գողտրիկ անկյուն տեղափոխել իրենց ակումբը․․․ Ես համաձայն եմ, լրացումով՝ վերցրեք այս ակումբով ողջ նոր առաջին հարկի ստեղծման պատասխանատվությունը, սկսեք գծագրից, չափագրումներից, խմբերով ամենօրյա աշխատանքներին մասնակցելուց․․․ Հիշեցի ուսանողական ջոկատներով մեր աշխատանքները Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի կառուցվող շենքում, Երևանի Փոքր թատրոնում, Երևանի Երիտասարդական կամերային թատրոնում, Օղակաձև այգում։ Որքա՜ն կարևոր էին այդ նախաձեռնություններով աշխատանքները իմ ու իմ ընկերների կայացման համար։ Ուսանողների ու 5-րդ դասարանցիների տարիքի տարբերությունը լուծվում է աշխատանքի կազմակերպմամբ, գործիքների համապատասխանությամբ․․․ Մեր մեկժամյա զրույցը ինքնաեռի շուրջ, անգամ առիթը, կասկածի տեղ չեն թողնում՝ հասուն մարդկանց հետ էր իմ հանդիպումը, իսկական ընկերային շրջանում․․․
Գրառում 2․ Նոր հեծանիվներ ու հեծանվաուղիներ, նաև մարզական նվաճումներ
Երևանի «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» և կրթահամալիրի գործընկերությամբ 2020-ին սկսված հեծանվասպորտի ակումբը, հեծանվամարզիչ Հրայր Հովհաննիսյանի գործունեությունը նոր վիճակ են ստեղծել․․․ Մեզ այցելել էին հեծանվադպրոցի տնօրեն Արմեն Գյոզալյանը, ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանը․ հինգ նոր՝ սպորտային նոր կարգի հեծանիվներով․․․ Իմ, Միքայել Ղազարյանի ու Հրայր Հովհաննիսյանի ուրախությունը ո՜նց չափես։ Արյան ճնշում չէ, որ չափելի լինի․․․ Ապրիլին մենք կունենանք ևս հինգ նոր հեծանիվ․․․ Կարևոր են Հրայրի ներառվածությունը, մարզական բարձր վիճակը, վստահությունը։ Պատկերացրի Դավիթ Բլեյանին ու իր ընկերներին հեծանվի ակումբի կազմում, հեծանվորդի արդուզարդով, խճուղու վրա․․․ Հեծանվորդների դպրոցի ղեկավարները չէին կարող չհիշել. իրենք իրենց մարզական կարիերան սկսել են Մայր դպրոցի նկուղներում տեղավորված (հիմա այդ տարածքում միջին դպրոցի լուսավոր հանդերձարանն է) մեր 1990-ականների հեծանվադպրոցում։ Իսկ տարիներ անց, տեսեք, կյանքը մեր նորոգվում-վերականգնվում-շարունակվում է․․․․ Ինձանից ու ձեզանից է կախված, ասել է թե․․․
Գրառում 3․ Երբ բոլորն իմն են․․․ մերն են
Արտոնյալներ՝ սեբաստացի սովորող, թե աշխատող, մեզանում չի եղել. իմ հինգ երեխաները, երեխաների երեխաները, որ պարտեզով սեբաստացի են, շատ Բլեյաններ, հարազատներ, ծանոթ-անծանոթներ, ուսուցիչների-ոչ ուսուցիչների, պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քառյակը՝ շրջանավարտներ Մարիամը, Աշոտը, որ սովորում էին, երբ Նիկոլը լրագրող էր, նրա վարչապետության ողջ շրջանում, հիմա՝ Շուշանը, Արփին, սովորական սեբաստացի են՝ սեբաստացի աշխարհում ներառման իր անհատականությամբ։ Սա, այո, բոլորի ու յուրաքանչյուրի համար․․․ Սա բերել է մի վիճակի, որ հանրային միջավայրում համերաշխությունն ու արդարության-հավասարության սկզբունքներն ապահովություն են փոխանցում յուրաքանչյուր սեբաստացի սովորողի, ընտանիքի՝ անկախ քաղաքական-անձնական կյանքի վայրիվերումներից․․․ Հաստատե՛ք իմ ոչ հանկարծ ծնված այս գրառման իսկությունը․․․
#2002