«Ինչ՞ու ինձ և Տեր- Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի մեկի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,-հարցնում է Աշոտ Բլեյանը…
«Հացադուլ հայտարարած մարդիկ իմ եղբայրներն են, ում հետ ճանապարհ ենք անցել 1988-ից, միասին պայքարել ենք, ձեռք բերել ու կորցրել, սխալվել… Միասին ապրել ենք և շարունակում ենք միասին պայքարել: Փաստում եմ, որ իմ ընկերներն այսօր պատանդ են: Այսպես պատանդ են վերցրել Տեր-Պետրոսյանին ու ՀՀ նախագահի ընտրություններով ձևավորված նոր քաղաքացիական շարժումն ընդհանրապես»: Ողջույններ հղելով քաղաքական պայքարի կիզակետում գտնվող իր ընկերներին՝ Աշոտ Բլեյանը միաժամանակ նշում է, որ փուլ է, որով պետք է անցնել: Այն, որ մարտի մեկի դեպքերի առիթով մարդիկ իրենց քաղաքական-քաղաքացիական գործնեության համար են կալանավորված և շարունակում են պայքարել, դրա դրսևորումներից մեկն էլ հացադուլն է, ապացուցում է, որ նրանք քաղբանտարկյալներ են: Եվ Աշոտ Բլեյանը վստահ է` նրանք քաղաքական պայքարի լավագույն օրինակ ցույց կտան` մնալով շարժման ավանգարդում: «Ես նրանցից մեկն եմ: Կարծում եմ՝ այսպես պետք է ասի մեզնից յուրաքանչյուրը, որովհետև այս մարդիկ ձերբակալվել և հետապնդվում են հրապարակային այն գործողությունների համար, որի մասնակիցն եմ ես և 100 հազարավոր այլ մարդիկ: Ես չեմ կարող ինքնախաբեությամբ զբաղվել, ինձ չեն կարող հիպնոսացնել, այն աստիճանի միամտի տեղ դնել, որ ես տարակուսեմ, թե կա մի բան, որ իմ ընկերներն արել են, ու ես չգիտեմ, նախաքննությունն էլ պիտի պարզի: Այդպես կարող են ասել անպատասխանատուներն ու վախկոտները: Ես գիտեմ, որ իմ ընկերների արարքներում հանցակազմ չկա: Նրանք պայքարել են իրենց և այլոց իրավունքների համար՝ հրապարակային, օրենքով չարգելված միջոցներով», — ասում է մեր զրուցակիցը: Նա իրեն և հրապարակում եղած մարդկանց համարում է այս գործով վկա և զարմանում է, թե ինչու իրեն չեն ներգրավում, քանզի պատրաստ է պատմելու իր տեսածները: Ավելին,կարծում է, որ նաև տուժող է իշխանության ուժի գործադրման արդյունքում և հավաստիացնում է, որ դատավարության ինչ-որ փուլում կգտնի դրան սեփական մասնակցությունը բերելու ձևը:
«Սովետն անմեռ է, ընդ որում, բոլշևիզմը իր ամենատխուր էջերով, որովհետև իմ, քո, նրա մեջ է ու մեր աչքի առաջ, մեր թողտվությամբ հաստատվում է», — կարծում է Ա. Բլեյանը: Զուգահեռներ անցկացնելով 1990 և 2008 թվականների գարունների միջև մեր զրուցակիցը փաստում է, որ այն ժամանակ էլ, հիմա էլ ունենք դիկտատուրա՝ տնտեսությանը, օրենսդիր, գործադիր ու դասական իշխանությանը տրապետող նոմենկլատուրայի դիկտատուրա: «1990թ. գտնվեց ելքը, և Գերագույն խորհրդի արդար, խաղաղ ընտրություններով քաղաքական ճգնաժամը հաղթահարվեց: Հիմա էլ ընտրությունները չեն ավարտել, քանզի ճգնաժամը առկա է: Ընտրությունն, ի վերջո, քաղաքական ճգնաժամը լուծելու միջոց է»: Նա հակահեղափոխության դրսևորում և երրորդ հանրապետության դեմ ուղղված հացանք է որակում այն դաժանությունը, որով նեոբոլշևիզմը գործում է երրորդ հանրապետության արժեքների և այս հանրապետությունն ստեղծած անձանց, արցախյան շարժման ազատամարտիկների, իրենց ընտրական և քաղաքացիական իրավունքներից օգտվող քաղաքացիների նկատմամբ: Այս ամենով հանդերձ, մեր զրուցակիցը վստահ է, որ հայաստանցիներս կունենանք բավարար հաստատակամություն և միասնականություն նոր քաղաքացիական շարժման հռչակած խնդիրները լուծելու համար: «Ժամանակին՝ 1988-ից սկսած, անտեսել ենք անհատի իրավունքների և ազատությունների համար պայքարը: Հիմա դա ենք անում,առանց դրա չի կարող լինել մեր երազած, մեզ ու մեր զավակներին արժանի կյանքը: Առաջին պլանում քաղաքացին է՝ որպես գիտակցված շահ՝ իր իրավունքներով և ազատություններով, և բնական է, որ այդ պայքարի առաջին շարքում անկոտրում մարդիկ են այսօրվա հացադուլավոր կամ «հետախուզվող» քաղբանտարկյալները: Պայքարի այս փուլում ևս նրանք կարևոր գործ են անում», — ասում է մեր զրուցակիցը: Իշխանության պահվածքի առումով էլ կարծում է. «Հակաբռնությունը պետք է միավորի բոլորիս և ապահովի իրավունքի Հայաստանի շուտափույթ հաստատումը: Դա պետք է արվի սիրով, համբերատար, խաղաղ, կարգապահ-բարեխիղճ: Սա ազատության համար պայքարի՝ Գանդիների բերած մեթոդն է, երբ ձերբակալությունը, հալածանքը ոչ թե կասեցնում են հասարակական կամքը, այլ բազմապատկում հաստատությունը և պայքարողների թիվը: Ոստիկանության բաժին, վարչական կամ այլ դատարան, քննչական մեկուսարան գնալը, քաղաքական զբոսանքը թե հակաբռնությամբ պայքարի այլ դրսևորում, պետք է դիտենք իբրև քաղաքացու հարկադիր աշխատանք և բարեխղճորեն կատարենք…»: Այս համատեքստում Աշոտ Բլեյանը ողջունում է Հյուսիսային պողոտայի զբոսանքները, Մասիսում, Հրազդանում,Գյումրիում բողոքի ակցիաները, մշակութային մի խումբ հարգելի գործիչների հայտնի հայտարարությունը… Ուրախ է, որ դրանք ինչ-որ կենտրոնից կազմակերպվող, նախապես երաշխավորված չեն, այլ ինքնաբուխ դրսևորումներ են, որ ակտիվացնում են այսօրվա արտակարգ դրության մեջ պասիվացած քաղաքացուն:
Ի պատասխան «Առավոտի» դիտարկման՝ հարկ կա՞ քաղաքացիական պոռթկումը կանոնակարգելու և ուղղորդելու, մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ որոշակի փուլում այն ինչ-որ կազմակերպման տեսք կընդունի. «Գուցե ոչ թե վերևից կլինի, այլ ներքևից առաջ կմղվեն նոր դեմքեր: Անպայման կգտնվի հակաբռնության կազմակերպման ձևը՝ և´հայտնի, և´ նոր առաջնորդներով»: Ա.Բլեյանը մերժում է իրեն հաղթող հռչակած կոալիցիայի և նրա մաս կազմող քաղաքական ուժերի մեղադրական կեցվածքը. «Ավա՜ղ, 1988-ի շարժումով սկսված արտաքին պատերազմը ոչ միայն չհաջողվեց վերջնական խաղաղ ելքի բերել,այլև նեոբոլշևիզմը այն տեղափոխեց՝ հասարակության մեջ դեմ հանդիման կանգնեցնելով իրավունքների համար պայքարող հասարակությունը և իր անդամներից կազմված բանակն ու ոստիկանությունը: Ավա՜ղ, մենք այսօր մտասևեռված ենք Ազատության հրապարակը վերանվաճելու վրա, երբ Հայաստանի արտաքին խնդիրները ավելի ու ավելի անլուծելի են դառնում…»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ