Արթնացա պատմելու-գրելու պահանջով. Սուսան Մարկոսյանի «Դպիրը» գարնանային՝ Սուսան Հովհաննիսյան թարգմանիչով (թե չէ Նազենի Հովհաննիսյան ա՜ստղ), Էմանուել Ագջոյան հեղինակով ու իմ միշտ սիրելի Փոյայով, mskh.am-ի գլխավոր էջը՝ իր մանկավարժական ամենշաբաթյա սեմինարի ու Արման Երանոսյանի «Տնտեսական միամսյակ»-ի նյութերով շեղեցին-տարան այնքա՜ն, որ քնելս եկավ… Ասացե՛ք, դե, քանիսի՞ն եմ արթնացել ես, Նազենի աստղ Հովհաննիսյան… Նազենին չէր կարողանում հավատալ-հասկանալ, թե ինչպես կարելի է գիշերվա-առավոտվա 3-9-ը 6 ժամ արթուն լինել, գործել, հետո էլի գործել, բայց այս անգամ՝ Բանգլադեշում: Իմ կյանքն էլ այսպես դասավորվեց… հիմա ո՞ւմ բողոքեմ…

«Ես պարտիզպան եմ»  նախագծից: Ներքին և արտաքին բակերի մաքրում-բարեկարգում: լուսանկարները Իվետա Ջանազյանի: Նոր դպրոց:

Արման Երանոսյանը կստանա մեր կոնկրետ աջակցությունը՝ տեխնոլոգիական հանրակրթության մեջ «Տնտեսական միամսյակ» ստուգատեսը, որպես մեզանում բացակայող բաղկացուցիչ, կայացնելու համար։ Արման ջան, տարիքային սահմանափակումների հետ զգույշ վարվիր. ինչո՞ւ միամսյակը հենց 8-12-րդ դասարանցիներին նկատի ունենա։ Եթե մեր 7-րդ դասարանցին՝ իր ուսուցչով-կազմակերպիչով վեր կենա ու գա հայտարարված պարապմունքներին, ինչպե՞ս եք ջոկելու կամ արգելելու… Էլ չեմ ասում Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների մասին, որ հայտնի են իրենց հասունությամբ-հետաքրքրասիրությամբ, տնտեսագիտական անուրանալի մղումներով…

«Տնտեսական միամսյակ» ստուգատես. օր առաջին: Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի

Էմանուելի՝ «Էկոտուր 2015»-ի կազմակերպիչ ակումբի ղեկավարի ու բնապահպանական հանրակրթական նախագծերի ստուգատեսի համակարգողի հոդված-ուղեցույցը ժամանակին է ու կոնկրետ, իսկական ուղեցույց կրթահամալիրի բոլոր, այո՛, բոլոր դպրոցների, բոլոր 2-6 տարեկանների, բոլոր 1-12-րդ դասարանցիների, արհեստագործական ու միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների, բոլոր աշխատողների համար. հենց դրա համար էլ ստուգատես է ամենամյա՝ հանրակրթական ու բնապահպանական… Так держать! Էմանուել, ես իմ ողջ զորությամբ ու աշխատակազմով այս պահից սկսած ստուգատեսի սպասարկման ծառայություն եմ…

Mskh.am-ում որևէ կարգավիճակով հայտնվողներ, բլոգավարներ ու նյութերի հեղինակներ, մեր կայքի որևէ էջի պատասխանատուներ, ես պահանջում եմ մայրենիի նկատմամբ ավելի խնամքով-քնքուշ վերաբերմունք. խնդրեք, որ ձեր նյութի մայրենիի խմբագիր դառնա վստահելի մեկը… Սուսան Մարկոսյանից պահանջում եմ հավելյալ միջոցառումներ՝ սկսած թողարկողների սխալների-վրիպումների (հետո կորոշենք) հավաքումից: Հարցնում եմ՝ ինչո՞ւ չենք շտկում իրար՝ զգույշ-աննկատ, բայց, անպայման, տեղում… Չե՞նք կարդում… Լավ, բա ե՞րբ ենք իրար գրած կարդալու, չե՞նք կարևորում… ի՞նչը… Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան, որպես մայրենիի մասնախմբի ղեկավարներ, Ռաֆայել Իշխանյանի՝ ձեր պայծառ դասախոսի ու մեր անմոռուկ ժամանակակցի ծննդյան օրով ինձ ուրախացրեք գործողությունների անհապաղ մի շարադրանքով, որ այսօր վարչական խորհրդին հրապարակենք-գործենք-հանգստանանք… Սրանից էլ պատեհ առի՞թ… Այսպիսի շնորհավորանք առաջացավ Ձեր ծննդյան օրով, հայագիտության հարգարժան պրոֆեսոր ու հայերենի պահապան…

Հատված «Գարնանային լուրեր» ռադիոհաղորդումից: Ծանոթություն դերասանական վարպետության մասնագետ Սարգիս Արզումանյանի հետ: Գեղարվեստի դպրոց — պարտեզ:

Մի խնդրանք-առաջադրանք էլ մեր Նոր դպրոցի 6 տարեկան 1-ին դասարանցիներին ու Հասմիկ Պողոսյանին ունեմ. շատ եմ հավանում ձեր կյանքը, որի մի կարևոր մասն անցկացնում եք ձեր աշխարհ դարձած խմբասենյակում… Նկարչորեն միջամտեք, կանչեք Գրիգոր Խաչատրյանին ու Կարինե Մացակյանին, վրձին վրձնի տվեք ու ներկ ներկի խառնեք, ու ընթացք կլինի… Հոգնեցնում են ձեր սեղանները՝ իրենց գույնով. արդեն քանի՜ տարեկան են… Պինդ նյութ են, մնում է՝ թեթևություն ու լրջություն հաղորդեք, որ այլ դառնան…

Սովորեցրեք ձեր սեփականը. ի՜նչ պարզ խորհուրդ է տալիս էս մեր ամերիկացի Հոլթը: Ինչքան մեծահասակ տատիկ-պապիկ կա՜, մեկը՝ իմ եղբայր Ստեփանը, որ «պարապությունից մեռնում ա»… Սովորեցրե´ք աջ ու ձախ, համեցեք կրթահամալիրի դպրոց-պարտեզներ (չորս կրտսեր դպրոց, հինգ նախակրթարան) ու սովորեցրեք հարյուրավոր երեխաների ձեր իմացածը… Չեմ կարծում, թե կենսափորձով մարդկանց այսքան մեծ խմբի համար միակ իմացածը «պարապությունից մեռնելը» լինի: Մի՛ մեռեք, ապրե՛ք՝ ձեր իմացածը փոխանցելով… ինչպես ես՝ կիրակի օրը, Դավիթ Բլեյանի հետ… Առտու ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 10-ը… Էնքա՜ն բան գիտեմ, որ 13 ժամ տալիս եմ, տալիս, ու չի հատնում. Դավիթն էլ՝ ագահի պես, կպել է ու ծծում է՝ էլի եմ ուզում… Իսկական Յուլիսիս՝ մայրաքաղաքում… Վ. Սարոյանի «Մարդկային կատակերգության» հերոս Հոմեր Մաքոլիի կրտսեր եղբայր Յուլիսիսի կերպարը, թվում է, ամենավառն է ստացվել: Ամբողջ օրը հետաքրքասիրությունից, մարդկային շփման պահանջից գլորվող Դավիթ Բլեյանը զննեց քաղաքը՝ կենտրոնով մինչև Նոր Նորքի IV զանգված, այստեղից մինչև 3-րդ մաս ու նորից կենտրոն՝ ոտքով, տաքսի մեքենայով, տրոլեյբուսով, մետրոյով, էլի ոտքով… հեծանիվով… թռչկոտելով, վազելով… Բոլորին ու յուրաքանչյուրին բարևում է, ժպտում՝ նշանավոր, քննում ճանապարհին պատահած ամեն ինչ, հաղթահարում ճանապարհին պատահած բոլոր աստիճանները… «Գերազանց» ստացավ Դավիթ Բլեյանը՝ իսկական ծաղիկ-նվեր ու պահապան մարդկային ջերմության… Գովազդային գործակալություն աշխատեց մարդը…

Ափսոս, որ մարտի 8-ին կինը կնոջն ավելի հաճախ թանկ-էժան-անվճար ծաղիկ նվիրելուց այն կողմ չանցավ… Կանանց իրավունքի համար պայքարի օրվա որևէ հետաքրքիր նշույլ-ներկայության ես չհանդիպեցի Յուլիսիս-Դավթի հետ իմ շրջագայության-թափառումի ողջ օրվա ընթացքում, չհանդիպեցի և մեդիա աշխարհում հայկական… Այնպես ուզում էի… Մեր արմանք-զարմանքը Լեոնտևն է ու ապրիլ 6-ին սպասվող մյո՞ւս սարսափը՝ Ալեգրովայի տեսքով… Երեկոյան 7-ից 10-ի արանքում TV-ում մոնիտորինգ եմ անում. ախր, հանրապետություն է՝ կանանց տասնյակ, մեկը մյուսից կենսական խնդիրներով, մեծ ու փոքր, լուծելի, բարձրաձայնելի հարցերով, ու… ահա գագաթը մեր շնորհավորանքի՝ Լեոնտև… Այնպես չէ, որ ես ինձ երաժշտագետի կամ ճաշակավորի տեղ եմ դրել, բայց սա վայրենություն է. սա ի՞նչ կապ ունի, սա կապ չունի երաժշտության հետ… Մամա ջան, կարող է ես այս աստիճանի ապուշ եմ, բայց չեմ հասկանում, թե այս «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճը, հազար ներողություն, ինչո՞վ կամ ինչո՞ւ է ծափահարում, ի՞նչն է հավանել… Դավիթը քաքիկից հետո նայում է նստակոնքի մեջ ու՝ յա՜խկ… Հազար ու սրտանց ներողություն, ես, իսկապես, հասկանալու պահանջ ունեմ… Ես ներշնչանքի այս աստիճան տրվող չեմ, որ չհասկանամ ու ծափահարեմ…

— Հայրիկ, հիշում ե՞ս, որ ես փոքր էի, շռեցի տակս, լրիվ շորերս թրջվեցին… Հիշում ե՞ս…
— Բա ես ի՞նչ ասեցի, Դավիթ, լռեցի՞…
— Դու ասեցիր՝ շռա՜ն Դավիթ, Դավիթ շռա՜ն, հիշում ե՞ս…
— Մայրիկ, ես լրիվ լողացա՝ ինքնուրույն…
Դավիթը, իրոք, ինքնուրույնության նոր մակարդակ արձանագրեց, հասունության զվարթացնող աստիճան ցուցադրեց: Իսկական ծաղիկ եղավ՝ կարմիր ծաղիկը գարունի…

Կոլաժային աշխատանք՝ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»:
Հեղինակ՝ Զառա Ոսկանյան: 
Դպրոց–պարտեզ:

Իսկ ես մաքրվեցի-խաղաղվեցի. լավ էր, որ իմ քույրիկներ Նազենիների՝ աստղ ու կրտսեր, Սուսան և Էդիտ Հովհաննիսյանների հետ մեր Նեկտարենց հյուր եղա: Որքա՜ն կարևոր ժամանակ անցկացրի Դավթի հետ տիկին Ֆրիդայի՝ Տիգրան Հայրապետյանի, միշտ պայծառ մեր Տիգրանի մայրիկի տանը… Բարի կիրակի եղավ:

Կարդո՞ւմ ենք Չարենց, «որ իր խոսքով տիրական մարդկանց արևային մի աշխարհ է բացվում, անլեզվության ստորագույն կապանքից ժողովուրդ է ճորտաթափվում, ժողովուրդ է կանգնում՝ ժամանակի հետ խոսքի շքեղ տուրևառի, երկիր է դառնում՝ ազատների հայրենիք» (Հրանտ Մաթևոսյան)։

Նետե՜լ է երկաթե մի ձեռք 
Դեպի վեր ոսկի մի ծնծղա1.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։ 
Վառվել է երկնքում հակինթ 
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այս քաղաքն անգամ քայլելու համար չէ…

Անձրևի համար, գիտեք, ուշքս գնում է, անձրևանոց այդպես էլ չեմ բռնում. Արմինե Թոփչյանի ընտրած անջրանցիկ թիկնոցն ամենահարմարն է անձրևին քայլելու, հեծանիվ վարելու համար… Այս դեպքում մի վտանգ կա Երևանում՝ ջրափոսերը,

Կարևորը առաջ ընթանալն է…

Դուք չգիտեք, թե ուղիղ ժամը 5-ին արթնանալու (թողեք սրան անվանեմ իմ այգ-նոր օրվա սկիզբը), թող որ առանց կիտրոնի իմ գոլ մեղրաջուրը կում-կում ըմպելու, իմ ռելաքսի վիճակում հայտնվելու ու պատումը-գիրը սկսելու

Կրթահամալիրի Բանգլադեշի ու Գլդանի արանքում…

Կարոտել էի Բանգլադեշիս… Թբիլիսիի Գլդանից Երևան ճանապարհն անցնում էր կիրակիով. այն ամբողջությամբ անցկացրի տանը՝ Դավթի ու Արմինեի հետ: Արմինեի հիվանդությունը՝ այս տարածված «զզվելի վիրուս» կոչվածը, կարծես կրկնվում է. Արմինեն լուրջ անհանգստացած է