Իրիկունով տուն եմ մտնում… Երբ հյուրասենյակում, Դավթի, Արմինեի հետ տարված ենք զրույցով, Աստղիկը՝ օրորոցում, Դավիթն իմ խնդրանքով փոխում է մուլտերի իր ալիքը «Եվրոնյուզ»՝ ինչպես ինքն է ասում, իմ մուլտերի ալիքը… Մեզ հանկարծակիի է բերում Փարիզի Աստվածամոր այրվող տաճարը… Հուլիսին, պատմել եմ, Դավիթը, Արմինեն, Շուշանը առաջին անգամ անջնջելի հիշողությամբ այցելել են Նոտր Դամ դը Պարի. Շուշանը այն մտցրել էր պարտադիր այցելության ճամփորդական ցուցակ… Մեկ էլ Դավիթը, երբ հասկացավ, ինձանից ճշտեց՝ ինչ է կատարվում, բարձր ռուսերեն կանչեց…
— Только не это… О, боже… только не это…
Շնորհակալ եմ Հարավին, Անուշ Ներսիսյանին՝ «Ձոն» ստուգատեսի ամփոփման օրը մեր շփման համար, և ավելի լավ գիր, քանի Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների հետ իմ կենդանի հանդիպման սղագրությունը, ի՞նչ պատմեմ։ Գրանցել են, հո չե՞ն փոխի… Գիր է կենդանի տիարի կենդանի զրույցի։
— Տիար Բլեյան, Դուք ո՞ր ֆակուլտետն եք ավարտել, որ դարձել եք տնօրեն։
— Իմ սովորածը տնօրեն աշխատելու հետ կապ չունի։ Ես ավարտել եմ Վ.Տերյանի անվան հ.60 միջնակարգ դպրոցը Երևանում, 1972թ.֊ին և նույն թվականին ընդունվել ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը և ավարտել, բայց հետո իմ կյանքը փոխվեց, սիրում էի գիտական֊հետազոտական գործունեությամբ զբաղվել, բայց դարձա փոխտնօրեն, հետո 1985թ.-ին, 30 տարեկանում դարձա թիվ 183 դպրոցի տնօերն, որը ներկայիս Մայր դպրոցում էր։ Շատ անհնազանդ էի որպես փոխտնօրեն, ունեի գաղափարներ, եռանդուն էի, գործունյա, ասացին՝ եկեք աքսորենք, և աքսորեցին Բանգլադեշ՝ որպես նոր կառուցվող արվարձան։ Բանգլադեշում ևս երկու աքսորական կային՝ Աշոտ Մանուչարյանը և Աշոտ Դաբաղյանը։ 2 տարի տնօրեն էին ման գալիս, և ավելացավ ամենաանհնազանդ երրորդ Աշոտը։ Երիտասարդ ուսուցիչներ, գաղափարներ, նոր բնակիչներ, սկսեցինք օգտագործել Գորբոչովյան փոփոխությունները և կատարել դա նաև մանկավարժության մեջ, ստեղծել հեղինակային դպրոց։ Եվ 1989թ.-ին կառավարությունը ընդառաջեց և հեղինակային դպրոցի ծրագիրը հաստատվեց որպես «Մխիթար Սեբաստացի» փորձարարական-հետազոտական միավորում, այդ թվում՝ նաև Հարավի շենքը, որը կողքի տպարանի մանկապարտեզի շենքն էր դատարկ, որովհետև երեխաներ չկային. կարողացանք համոզել, որ այդ շենքն էլ մեզ տան, մտավ միավորման մեջ, սկզբից դարձավ Լուսավորչական դպրոց, հետո Հարավի դպրոց, դպրոց-պարտեզ։
Քոլեջի սովորողների աշխատանքը սարալանջում՝ Արտակ Ռշտունու օբյեկտիվից:
— Ձեր կարծիքով երեխաները փախչո՞ւմ եմ դասերից։
— Մի անգամ փախչելու փորձ արել եմ։ Մի կողմից՝ դասարանով գնում էին, ես էլ դասարանի ավագն էի, չգնալ չէր լինի. հետևը՝ սուր, առջևը՝ ջուր, դաժան պատիժը ստիպում էր չմտածել փախչելու մասին։ Մայրս շատ խիստ կին էր։
Արդեն երբ ունեցա իմ դպրոցը, այդ հարցը լուծեցի, ասացի՝ ոչ մի կողպեք, դռները՝ բաց, ազատ ելումուտ, ոչ մի զանգ, այնքան գրավիչ անենք, որ տեսնենք՝ ո՞ւր են փախչում, ինչո՞ւ են փախչում։ Թող փախչեն, տեսնենք՝ ուր են փախչում։ Մարդ պետք է լինի այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում, կամ էլ շատ արագ պետք է փոխես, դարձնես քեզ հարմար, որ քեզ լավ զգաս։ Պետք է դարձնել գրավիչ։ Հիմա, որ հարցնեն, թե ո՞րն է աշխարհի ամենագրավիչ տարածքը, դուք ի՞նչ կպատասխանեք։ Այո՛, մեր կրթահամալիրի Բանգլադեշը։ Շատ սիրուն բաներ կան աշխարհում. նույն Վիգեն Ավետիսի Ֆլորենցիան, Տոսկանան և այլն, բայց մենք այստե՛ղ հնարավորություն ունենք մեր ձեռքով փոխելու, ստեղծելու, ինքնարտահայտում ունենք, ստեղծագործական ազատություն։
— Կուզեի՞ք՝ Ձեր մանկությունը հետ վերադառնար։
— Հարցը հռետորական է։ Ես, եթե մի բան ուզում եմ, անպայման անում եմ, ունենում եմ։ Դրանք դառնում են իմ կյանքի գործերը։ Բայց մանկություն գնալը մտքովս չի անցել։
— Ինչո՞ւ է կրթահամալիրը բաղկացած տարբեր դպրոցներից։
— Երկու բան կա. մարդը ընտրելու հնարավորություն ունի, և դրա համար պետք է մեծ աշխարհ լինի, որտեղ գեղարվեստ լինի, արհեստներ լինեն, սպորտ, երաժշտություն, գիտություն լինի, թատրոն, կերպարվեստ, քանդակ, ագարակ, մեծ հնարավորություն լինի ու անընդհատ մեծանա. այդպես դառնում է կրթահամալիր։ Երկրորդ՝ ես չեմ սիրում մարդկանց մերժել, երբ դա մարդու իրավունքն է։ Պատկերացրեք՝ ծնողը ընտրել է քո դպրոցը, իսկ դու ասում ես՝ տեղ չունեմ, բայց չէ՞ որ նա ընտրել է, կնշանակի՝ մենք չենք հարգում մարդու ընտրությունը։ Այստեղից էլ՝ հյուսիսում, հարավում, արևելքում և արևմուտքում ունեցանք մեր դպրոցները։ Հիմա ուզում ենք Հայաստանով մեկ տարածել, այստեղից էլ 2018-2019թթ. զբաղված ենք մեր կրթական ծրագիրը որպես ցանց տարածելով՝ Իջևանում, Գյումրիում, Վանաձորում։
— Ինչպե՞ս է առաջացել Մեդիաուրբաթի գաղափարը։
— Աստված ստեղծեց աշխարհը, 6 օր աշխատեց, 7-րդ օրը հանգստացավ, փորձեց հասկանալ՝ ինչ է ստեղծել վեց օրում։ Քանի որ մենք հենց սկզբից եղել ենք հնգօրյա, աշխատել ենք, ստեղծել ենք փոփոխություններ, որոշեցինք ուրախությամբ ավարտել շաբաթը, որ այն լինի ստուգատես, և դա գրավիչ ներկայացնենք։ Այստեղից էլ ներկայացումները։ Ամեն ուրբաթ՝ ժամը 15։15, միշտ կարելի է այդ օրը և ժամին գալ Մայր դպրոց ու մասը դառնալ մեծ ուրախության։
Ստամբուլի մեր գործընկերների ժամանումը Երևան, կրթահամալիր: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
— Դպրոցից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք։
— Ես ամեն ինչ բերում եմ կրթություն՝ երաժշտությունը, խաղողը, գինին, Վիգեն Ավետիսը, հարսանիքը, հեծանիվը։
Հեծանիվը ոչ թե նախասիրություն է ինձ համար, այլ փոխադրամիջոց, ես աշխատանքի եմ գալիս հեծանիվով, դա իմ գործիքն է։ Ես մեքենան քաղաքում չեմ սիրում։
— Ի՞նչ տարբերություն կա մեր և ձեր ավարտած դպրոցների միջև։
— Սար ու ձոր։ Իմ դպրոցը սովորական դպրոց է եղել։ Ես իմ դպրոցի, իմ կյանքի հեղինակը չէի, անընդհատ սահմանափակումներ, դասարան, չորս պատեր, փակ դուռ, համեմատելու չէ։ Մերը մի աշխարհ է, և մենք ենք այդ աշխարհի տերը։ Այստեղից էլ հեղինակային դպրոց անունը։
— Ինչո՞ւ եք որոշել համատեղել դպրոցն ու պարտեզը։
— Դա ծնվեց պատվերից։ Քանի որ մեր շենքերը նախկին մանկապարտեզի շենքեր են, շատ հարմար էին պարտեզի համար։ Այդպես ծնվեց դպրոց-պարտեզ հասկացությունը։ Դպրոցը լինի պարտեզում, իսկ պարտեզը ունենա դպրոց։
— Տիար Բլեյան, արդյո՞ք Դուք Ձեր ողջ գործունեությունը հրապարակում եք բլոգում։
— Ես բաց եմ ապրում, բայց, իհարկե, չեմ սիրում իմ ներքին , անձնական բաները պատմել, ես ունեմ իմ աշխարհը,, որը չեմ պատմում, ես դերասան չեմ, դրա վրա չպիտի անուն հանեմ։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ես բաց եմ։
Հիմա մենք պատրաստվում ենք ապրիլի 26֊27-ին՝ հեղինակային կրթական ցանցի լաբորատորիային, հյուրեր ունենք տարբեր տեղերից, դուք կարող եք հրավիրել հյուրերի։
— Ամենաշատը ի՞նչը կուզեիք տարածել մյուս դպրոցներում։
— Քո կյանքը փոխելու հնարավորությունը չկորցնելը։ Հեշտ մի՛ հանձնվեք։ Յոլա մի՛ գնացեք։ Չի կարելի հանձնվել անգործությանը։
— Քանի՞ լեզու գիտեք։
— Իմ մայրենիից՝ ծնողներից, բակից, փողոցից փոխանցված հայերենից, որով ես սիրում եմ, աշխատում եմ, օտար լեզուներից՝ ռուսերեն, որով շատ կարդում եմ։
Մանրամասն՝ ռադիոնյութում։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1633