Որտե՞ղ փնտրեմ իմ այսօրվա պատումի սկիզբը… Մակարավանքի շրջակա անտառի բացառիկ ծառերի հավաքական ազդեցությա՞ն, թե՞ հեծանվով Արգիշտի փողոցից Լուսավորիչի խաչմերուկը հատելիս Իտալական փողոցի երկայնքով ինձ լույսերով-շատրվաններով դիմավորող այգու, պատվիրատու Վարդանյան եղբայրների շրջայցի տպավորության մեջ…
Կիրակի էր, ու Դավթի-Աստղիկի հետ որոշեցինք Արմինեին Մարիամ Աստվածածնի ավետման առիթով նվեր մատուցել. սայլակով դուրս եկանք զբոսանքի… Խանջյան աղմկոտ-ծանրաբեռնված փողոցի անհրապույր-անհարմար ստորգետնյա անցումին այլընտրանք չկա. վերնանցումը հարմար չէ սայլակի համար… Պարզվեց, ոչ միայն դա. Վարդան Մամիկոնյանի հրապարակով, Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու այգով, Օղակաձևի Խանջյան փողոցի անցումով… ամենուր՝ անխնամ, հակակրելի, բարձիթողի, անվավոր մարդու համար արգելքներ… Դավթին, որ թողնես՝ իր Վարդան զորավարի արձանից չի իջնի, ուղղահայաց համառ-հաջողությամբ գրոհում էր քարերով պատվանդանից մինչև արձանի վերին հարթակ… Բայց, դե, հո չե՞նք թողնի, որ Արմինեի սիրտը կանգնի… Դավիթը ողջ ընթացքում մարմնամարզական վայելքի մեջ էր, ես՝ երկրորդ պլանից Դավթին խրախուսող, զբոսավար… Արմինեին որ մնար, եկեղեցու ընդարձակ-խաղաղ-օրհնված սրահից դուրս չէինք գա…
Կարող էր, չէ՞, եկեղեցու և պետության կողմից ճանաչված այս օրով «Մեղեդի ծննդյան» խորագրով համերգ լիներ՝ ընդմիջումներով, վոկալ ու գործիքային խմբերի հատուկ ընտրությամբ. երգեին-գովաբանեին-փառաբանեին-ներկայացնեին Աստվածամորը՝ իր բոլոր շնորհներով… Կուզեմ, որ մյուս տարի ես-մենք այսպիսի նախագծով հանդես գանք…
Աստղաշարը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:
Գրիգոր Լուսավորչի եկեղեցին՝ իր ընդարձակ սրահով, եզակի է, միակը, մարդաշատ-համերգային-պատարագային… Շենքը՝ իր դրսով, անավարտ-վանող է, ինչպես այգին, աղմկոտ… Որքա՞ն կարելի է այս վիճակը հանդուրժել… Զուգահեռներ չեմ սիրում, բայց գալիս է… Թիֆլիսի Սուրբ Երրորդության մեծածավալ եկեղեցին էլ իմ սրտով չէ, բայց եկեղեցու այգին՝ ընդարձակ-խնամված-հետաքրքիր, որքա՜ն ներկայանալի-գրավիչ-մարդաշատ է դարձնում… Մի նախկին օլիգարխ, մեր օրերի գործարար, ասենք՝ Ալեքսանյանների ընտանիքը, կամ Սուքիասյանները Վարդանյանների նման ստանձնեին մեր Օղակաձևի՝ եկեղեցու այգու բարեկարգումը… Ես գիտեմ՝ Վարդանյանների ծախսածի չափ գումարով ոնց կարելի է Օղակաձևի մուտքը Ռոսիայի կողմից բարեկարգել… Հանեին աղմուկը այգուց, պուրակային զբոսանքի ավազե ուղիներով փոխարինեին բետոնը, ազատեին ողջ տարածքը եզրաքարից, կանաչը խնամեին-մաքրեին, լանջերի կիսատը ավարտեին ու… եկեղեցին Լուսավորչի շրջանաձև թաղեին սոսիների կամ կաղնիների՝ հատուկ ընտրած սաղարթի մեջ… որ այս քարը վանող մղվեր երկրորդ-երրորդ պլան… Սա էլ՝ որպես բարեկարգման՝ իմ օրագրով ներկայացված հանրային առաջադրա՞նք։
Դավիթ Բլեյանը բարձերով տուն է սարքել կիրակի օրով, վերցրել է իր համար անհրաժեշտը, իր հեռախոսը՝ Ձմեռ պապի նվեր, էլի մեկ-երկու պիտույք, մեքենաներ պուճուր ու քաշվել է իր տունիկը… Աստղիկ քույրիկը ձայն է տալիս, սպառնում…
— Դավի՛թ,- կանչում եմ,- քույրիկիդ տար քո տուն…
— Հա՜, էս տունը իր համա՜ր եմ սարքել… Աստղիկը սկսել է ձեզ խանգարե՞լ…
Աստղիկի համար հարմար, բարձերով, անվտանգ մի անկյուն եմ ստեղծել, Արմինեի նոր բերած փափուկ-գունեղ խորանարդիկները հրամցրել, որ ձեռքերը բացի, խաղա… Գոհ եմ իմ արածից. իմ անկյունում կարդում եմ… Աստղիկը քիչ անց կանչում է… Գնամ տեսնեմ՝ խորանարդիկները չկան, փոխարենը իր ձիուկն ու գառնուկն են… Դավիթն իր փայտե խորանարդներով նոր կառույցի համար հանկարծ այլ դետալների պահանջ էր զգացել ու ելքը գտել էր…
Ծառաշարը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:
Կասկած չկա, որ մեդիտացիոն հանգստացնող երաժշտություն լսելը էժան և մատչելի թերապիա է, որը միայն օգուտ է տալիս սրտին,- նշել են Գերմանիայի սրտանոթային կենտրոնի գիտնականները, որ հետազոտել են քնից առաջ լիցքաթափող, հանգստացնող երաժշտության ազդեցությունը միջինը 26 տարեկան 149 առողջ մարդու վրա:
Աշոտ Տիգրանյանի կիրակնօրյա ընթերցարանը ինձ ուրիշ տեղ էլ տարավ… Լավ է, կարող են լինել և մի թերթի մի համարով ներկայացրած նյութեր, կարող է և… կրթահամալիրի սովորողների-ուսուցիչների բլոգներից ընտրված նյութերով առաջարկ անել ընթերցողին… Առանց ընտրության իրավունքի՞… բա, ընթերցողական ճաշակի-ուղղության-վստահության հարգումը…
Իսկ դուք գիտե՞ք՝ ինչքան կարոտ կա մեր սրտերում… Գուցե այս կարոտից, որի արձագանքը Գյոնջյան Արմինեի TV-ի հերթական հաղորդման մեջ ներկայացվում է, ծնվել է իմ գիրը…
Դեպի Ծառզարդար եկեղեցու երիտասարդաց միությունը կնախաձեռնի՞, կսկսի՞ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքի բարեկարգման իմ առաջարկած նախագիծը-նախագծերը… Պիտի հանդիպեմ: Եկեղեցին էլ երևանցունն է, ինչպես այգին, և չի կարելի մատը տնկել միայն Մայր Աթոռի վարչակազմի ուղղությամբ… Եկեղեցին մերն է, ու մեր նախաձեռնությունը՝ շատ տեղին… Մեկ էլ տեսար քաղաքային իշխանությունը, մի գործարար մի փուլում միացան: Այլապես մոտեցող ևս մի տոնը կդառնա հերթական ու կանցնի մեր կողքով, իսկ ուզում ես, որ մեր սրտից դուրս գա կարոտը, Տիրամոր փառաբանման խորհուրդ դառնա…
Ցուցահանդեսի պատրաստություն Հարավի մառանում: Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1625