Ուռա՜․․․ Կրթահամալիրի ծածկած լողավազանի ղեկավար Անուշ Համբարյանի և Քրիստինե Հարությունյանի նախաձեռնությամբ ուսումնական արձակուրդի օրերին նորոգվեց ծածկած լողավազանն իր հանդերձարանով, ավազանով։ Քիչ առաջ, Մայր դպրոցի ճանապարհին, ես դադար առա և Անուշի ջերմաչափով ու իմ ափով ստուգեցի նոր լցված թարմ-մաքուր ջրի ջերմաստիճանը։ Այսպիսի լողավազանում անհրաժեշտ է ժամ առաջ աշխատակարգով սկսել լողուսուցման պարապմունքները կրթահամալիրով մեկ։ Դուք ունեք քիչ ժամանակ՝ նոր ժամանակացույց կազմելու։ Այն պետք է հրապարակված լինի մինչև օրվա վերջ։ Վաղը ես մի քանի անգամ լինելու եմ լողավազանում՝ զմայլվելու լողորդներով։ Պաչիկներ Անուշին և բոլոր նրանց, որ մասնակցեցին և աջակցեցին, որ այս օրը շուտ գա՝ Սոնային, Ռիմային, Նորային, Վահրամին, Էդմոնին, Կարապետ Ռուբինյանին․․․ Շարունակե՛ք։

Հետո ես Արևմուտքի՝ լողավազանին կից նոր ֆուտբոլի դաշտում էի։ Այսպիսի դաշտը նախանձի առարկա է։ Ես ուզում էի հասկանալ՝ որտե՛ղ են Արևմուտքի մեր ֆուտբոլիստները։ Դավի՛թ Բլեյան և ընկերներ, հայտնվե՛ք, թե չէ դաշտը կհավաքեմ ու կտանեմ։

Արևմտյան դպրոցի  նոր կառուցվող ֆուտբոլի դաշտում։
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի և Ռիմա Երեմյանի։

Ուզում եմ նորից անդրադառնալ ուսումնական ճամփորդությունների  համար կրթահամալիրի տնօրենին ներկայացվող հայտերին։ Անփույթ կազմված հայտերը ժամանակի, նյարդերի ավելորդ ծախս են առաջացնում։ Բա նախագծի հայտից, հայտով որոշված սովորողների բլոգներից չերևա՞ ինչպես է կատարվել ուսումնական ճամփորդությունների կազմակերպման կարգի պահանջը, որ «մասնակիցները նախօրոք ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իրենց հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա. եթե եղել են այդ վայրում խմբով կամ անհատապես, այլ նախագծով, վերանայում են իրենց հաշվետվությունները-տպավորությունները, ծանոթանում են նույն վայրում կրթահամալիրի այլ դպրոցների, քոլեջի նախագծային խմբերի աշխատանքին՝ իրար շարունակելու-լրացնելու համար»։

Կրթահամալիրը՝ դպրոցներով, ուսումնական կենտրոններով, կրթական փոխանակումների կացարաններով, պատրաստվում է հաջորդ շաբաթվան՝ մեր ուսումնական օրացույցով «Հայ-վրացական օրեր» ամենամյա նախագծին, մեր գործընկերների՝ Թբիլիսիի թ. 98 դպրոցի 45 հոգիանոց խմբի ընդունելության, հանրակրթական կամուրջների 10-ամյակի առթիվ երևանյան տոնախմբությանը։ Որոշում ենք, որ մեր տոնը տեղային չի լինի, ինչքան էլ արդարացված համարենք Ռինա Շագինյանի ու վրացախոսների ակումբի խանդավառությունը։ Վրացի սովորողները խմբերի կբաժանվեն, և մեր դպրոցների նախագծային խմբերի հետ հանդես կգան և՛ ապրիլի 12-ի ուրբաթ-համերգին, և՛ ապրիլի 13-ի հոբելյանական համերգին Մարմարյա սրահում, և՛ քաղաքային տոնախմբությանը, որ Սյուզի Մարգարյանը սպառնում է կազմակերպել Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանում։ Բաց չթողնեք ծրագիրը mskh-ում, ներգրավեք տոնի կազմակերպման նախագծային խմբերում։

Արևելյան դպրոցի բնության սանիտարները։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Մեր ազգագրագետ-երաժիշտ Աննա Երիցյանի, ֆրանսերենի ուսուցիչ Կարինե Թևոսյանի ղեկավարությամբ նախագծային մի խումբ էլ պատրաստվում է մայիսի 24-ից Փարիզից ոչ հեռու, մեզ հարազատ դարձած Փարիզի «Մկնիկների» հետ ուսումնական ճամբարին, որ ֆրանկոֆոնիայի մեր ամենամյա հարթակն է։ Այստեղ սեբաստացիները մեր հակաբացիլը կտարածեն՝ Կոմիտասի, ազգագրական երգ ու պարի, ծեսի միջոցով,  «սփյուռքի իրենց հասակակիցների առօրյայի մասին պատկերացում կազմելու, նրանց հետ սերտ կապեր հաստատելու և, իհարկե, իրենց համար Ֆրանսիան հայտնաբերելու» հնարավորություն կունենան, ինչպես «Մկնիկների» պաշտոնական հրավերում է նշված: «Մկնիկները», գիտեք, ֆրանսահայ մեր գործընկերն է, վերջին երեսուն տարում ձևավորված հայկական կրթամշակութային կազմակերպություն Փարիզում, որի հետ արդեն երկրորդ տարին ունենք բանուկ, շարունակ աշխույժ դարձող կամուրջներ։

Ես հեծանվի վրա եմ։ Պատմում եմ հընթացս։ Ձեզ ի՞նչ մնաց՝ լսել, կարդալ և միանալ-մասնակիցը դառնալ նախագծերի, տարածել դրանք…

Աստղապատում։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1620

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուղտով, ուխտի ճամփին ծնվող երազներով…

Ես անգրիչ մի պոետ եմ փողոցների փոշով հարբած, քիչ իմաստուն, քիչ էլ խենթ եմ-նաիրական իմ աշխարհից․․․ «Գուրգեն Մահարի» գազելն իմ մասին է ասված… Ճամփից առաջ հայտնվեց-դառավ իմը ու չլքեց, ինձ

Ի՜նչ վերնագիր է՝ ապագան ալեկոծ մեր ժամանակներում…

«Ալեկոծությունը կարող է երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը։ Պետք է մեր գործընկերներին՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- հայտարարել

Առավոտն այսպիսին է, հույս է բերում

Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն Բաքվում է՝ Ծիծեռնակաբերդից Բաքու։ Ախ, այս ծվծվան ֆրանսիացիք, ասում էր պատմաբան Լեոն։ Իսկ Բելոռուսի նախագահ, Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից Լուկաշենկոն ապրիլի 23-ին Թբիլիսի հասավ, Երևան՝ ոչ։