Երբ Թոփչյան Արմինեի հետ առանց երկար-բարակ մտածելու սկսեցինք սեբաստացի մեդիա խմբերի հետ հանդիպումները, ինչ ինչ՝ այսպիսի զարգացումներ, զուլո՜ւմ, ու աչքերն էլ յուրաքանչյուրի՝ զույգ կրակ, չէինք պատկերացրել… Որ հանդիպումից հանդիպում մեր խփած մի բահը, քիչ է, այնպիսի փոս կստեղծի, ինչպես, ահա, Հռիփսիմեի դասարանի իսկական ուսումնական նախագիծը՝ բոլորի մասնակցությամբ, իմ բլոգի այս օրերի հաշվիչի ցուցմունքի կտրուկ աճն էլ գրանցում է, որ նախագծին՝ իմ բլոգի յոթօրյա կտրվածքով ընթերցում-դիտում-ունկնդրում-քննարկմանը, որպես նախագծով պարտադիր պայման, սկսում են մասնակցել ոչ միայն սովորողների ծնողները, ընտանիքները, հարազատները, այլև ծանոթ-անծանոթ ուրիշ մարդիկ… Այսպես, սիրելիներս, ես ոչ միայն պիտի կարդամ ձեր անհատական բլոգներում ուսումնական նախագծի արձագանքները՝ կարծիքներ, հարցեր, առաջարկներ, այլև ծանոթ-անծանոթ հարյուրավոր նոր մարդկանց…

Տեսնենք՝ ո՛նց ես իմ փորած էս փոսը չեմ ընկնում, Արմինե Թոփչյանի ու Հռիփսիմեի աջակցությամբ… Ախր, դիմացը մարտ ամիսը կա, ամեն հինգշաբթի՝ մի հանդիպում նախատեսված-պայմանավորված… Փոս ընկնելը, փոսում մնալը, որպես մի բնական, իմ կամքից անկախ թաքստոց, ինձ կփրկի՞… Կգան փոսի շուրջ կամ էլ հենց փոսի մեջ իրենց հարցերը կտան, խոսքը կասեն ու ոչ էլ կգնան…

Արևմտյան քարափ-բարձունքին։
Լուսանկարները՝ Շուշան Ալեքսանյանի։

Օրը ես սկսել եմ Արևելյան դպրոցում, Հռիփսիմե Առաքելյանի ու իր սաների հետ, իրենց անհատական բլոգներում… Կհանդիպե՞նք ֆիզիկական միջավայրում հինգշաբթի… Տեսնենք-տեսնե՜նք… Մի բան. իմ բլոգում, օրակարգում ի՞նչ պիտի փոխվի, եթե երրորդ դասարանցիները շարունակեն կարդալ… Ես, որ այդքան էլ, մեղմ ասեմ, հիացած չեմ վերջին շրջանի իմ պատումով, հետադարձ հայացքով ի՞նչ հետաքրքիր բան գտնեմ իրենց ընթերցանության համար… Առանց Դավիթ Բլեյանի գլուխ չեմ հանի… Դավիթը փոսերի մասնագետ է, ինձ մենակ չի թողնի…

Բլոգային-նախագծային ուսուցումը հեղինակային կրթական ծրագրով մեր փորած փոսն է, որպես փաստ-իրողություն մեր առաջ է, չես շրջանցի։ Չենք էլ ուզում շրջանցել. մեր ձեռքերումն է։ Ե՛վ մարտ-ապրիլյան տեխնոլոգիական կրթության ստուգատեսը, և՛ ընդունելության-համալրման ակտիվացող շրջանը, 2019-2020 ուսումնական տարվա գործունեության մանկավարժական մշակումները, ուսումնական պլաններն ու կարգերը, դասընթացների նյութական և ոչ նյութական միջավայրի կրթահամալիրային զարգացումները՝ տարվա և միջնաժամկետ ծրագրի համար, ենթադրում են մեր կրթական համայնքով մեկ բլոգային-նախագծային մոտեցման-եղանակի հետևողական, խորքային կիրառում, այնպես, որ անհատը ստեղծի, վերստեղծի, յուրայնացնի-յուրացնի հեղինակային մանկավարժություն կոչվածը՝ որպես հաստատություն ստեղծող, հաստատությանը կպած, հաստատությանը պատկանող մի բան։ Սրանք եղել են, սրանք կան. բա զարգացո՞ւմը…

Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ։ Գունավոր մաթեմատիկական չափումներ։ Լուսանկարները՝ Տաթև Սահակյանի։

Իմ շարունակվող-շարունակական հանդիպումները տարատարիք-միատարիք մեդիախմբերով համոզում են, որ սրա համար կրթահամալիրով մեկ առկա է մի կարողություն, որով, որպես տարիների մեր ձեռքբերում, ես զարդարում եմ իմ օրվա գիրը։ Շնորհակալ եմ։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1589

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինձ նստել չի կարելի, այոˊ, բայց ինձ գործից շեղել էլ չի լինի

Գործն էլ մեզ միավորող, Աստծու ճարտարապետությամբ շինարարական է. մենք Բանգլադեշի մեր աշխարհով, բնակելի մի թաղամասում ստեղծում ենք կրթական պարտեզ, մերը, որպես օրինակ,  պիլոտ, որ, խնդրեմ, դառնա ձերը, որ գործը շարունակվի… նստել

Կյանքը սեբաստացիական ճամփեքին․․․

Վահան Թոթովենցի միշտ սիրելի-հուզիչ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» պատումի արձագանքով ու մեր հունվարյան ուսումնական ճամբարների հաղորդակցային աշխույժից ծնվեց իմ կենսապատումի հերթական, թվով 910-րդ գիրը․․․ Միջին դպրոցի Գոհար Եղոյանի մոբիլ ջոկատի

Վերջին մոհիկանը դու ես, ես միակ հեծանվորդն եմ իմ ճամփին

Գազարի, կաղամբի, բազուկի նկատմամբ իմ թուլությունը հայտնի է. հում, մաքրած, տռուզ-ամբողջական կամ խոշոր կտրտած, մատչելի առօրյայում՝ որպես կերպարներ մեր միջավայրում… Հյուսիսի մեր աղջիկները երեկ այդպիսի մի սեղան-ցուցադրություն, «համեցեք-համտես արեք» էին