«Իմ վաղեմի երազանքը հիմա տեսում եմ Ձեր և Ձեր հրաշալի Կյանքի դպրոցի մեջ։ Սա Աստծո օրհնությունն է»։

Քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխաների հայր Մասիմո Լիպիին՝ Ֆլորենցիայի հետ հայտնագործած ու ինձ էլ պարգև դարձրած Վիգեն Ավետիսի հետ նամակ-զրույցը՝ նամակագիրը մտքումս, թողեցի Երևանը մեր Մեդիակենտրոնում, ու սեբաստացի ընկերների մի խմբով Էջմիածնով-Աշտարակ-Ամբերդ, Էջմիածնի տարածքի, Այգեշատ, Ոսկեհատ կանգառներով, Աշտարակով երեկոյան մտանք Երևան։ Հայրենագիտությունն է Կյանքի դպրոցի։ Էջմիածնում քայլեցինք Աստվածամոր եկեղեցուց, որտեղ կանգ էինք առել վերջին անգամ, պատմել եմ, խոստում է՝ անկատար-դրժած էլ չեմ թողնում, Էջմիածնի հայտնի նկարիչներ-քաղաքացիներ, ընկեր դարձած Հարություն Հարությունյանի ու Ղազար Միրզոյանի ուղեկցությամբ մտանք Ռոմանոս Մելիքյանի փողոց, որտեղ ապրել են՝ բնակվել Ռոմանոսը, Եղիշե Թադևոսյանը,   Հովհաննես Հովհաննիսյանը, Մակար Եկմալյանը, Գուսան Շիրինը… Լրացրեք, Վաղարշապատի գիտակներ։ Անհավատալի է թվարկումն այս, փողոցի այսօրվա տեսքը, ոնց որ երեսուն տարում մեր կենցաղ, ուրախություն դարձած աղմուկը՝ այսօրվա երաժշտություն կոչվող հորինվածքը․․․ Վաղարշապատից ո՞ւր հասանք…

Ես Վիգենի հետ հրապարակում էի այն օրերին, որոնք թերթերը միտումնավոր ու «Թավշյա հեղափոխություն» են անվանում։ Հեղափոխությունները երբեք թավշյա չեն լինում։ Այս բառը ելևէջորեն արտահայտիչ է, բայց․․․ հապճեպ։ Այդպես ասողները չեն սիրում իրենց իրական ճակատագիրը և Հայաստանի Սուրբ հողն արևի տակ։ Կարևոր է ոչ թե հնի վերակենդանացումը, այլ ճակատագրի իրականացումը։
Մասիմո Լիպի

Էջմիածնում

Հարությունն ու Ղազարը ցույց էին տալիս երեսուն տարվա՝ հեղափոխությամբ, շինարարության «բում»-ներդրումներ դարձած ցուցանիշներով բուսած լպստան-կեղծ-հակաճաշակ ամեն մի տան տեղում նախկինում եղածը՝ ինչ է քանդվել, ժողովրդական տունը-պատմական մասունքը, մշակութային արժեքը ու տեղը ահա․․․ հեղափոխության ոչնչացրած Վաղարշապատ․․․ Քանի՞սն են միայն էջմիածնում․․․ տասնյակ ու տասնյակները․․․ թվարկում են.
— Բոլոր նկարները, չափագրումները, երկար շրջան բանկիր աշխատած հանգուցյալ Ստեփանի գեղանկարները կգտնեք էջմիածնի երկրագիտական թանգարանում․․․

Մենք խոսում ենք Եղիշե Թադևոսյանի դատապարտված, զարմանալի՝ իր ստեղծագործությունների, կյանքի նման տան առաջ, մաքրելով սանդուղքների աղբը․․․ Սեփականատեր ունի, որ ինչ ուզի՝ կանի․․․ Սպառնում է․․․ Հարցնում եմ.
— Էս երեսուն տարում քանդված-կորցրածը, ոտի տակ տվածը թվարկեցիք, կարո՞ղ եք ասել, երեսուն տարում ի՞նչ հիշատակի արժանի բան է կառուցվել Վաղարշապատում։

Մարդիկ, որ փետրվարի 16-ին ցուցահանդես են բացում Երևանի նկարիչների տանը, որ ամիսներ առաջ ազատ Էջմիածնի քաղաքապետ են ընտրել, որ մեզ հետ միացել են ժամանակակից արվեստի թանգարան ունենալու ծրագրով, որ քաղաքային բազում խնդիրների մեջ են… հանձնված են բոլորը․․․ Ի՞նչ, ժողովրդական բոլորը տները հերթով քանդվելո՞ւ են․․․ 1988-ի հեղափոխությունը՝ այն ժամանակ ազգային վերածնունդ կոչվող, հիմա, 2018-ից՝ թավշյա, մեր մասնակցությամբ շարունակվո՞ւմ է Հին Երևանում, Էջմիածնում, Ոսկեհատում․․․ Սա՞ է հեղափոխության բերած թավիշը…

Էջմիածնի շրջանի Ամբերդ, Այգեշատ գյուղերում։

Մարինե Մխիթարյանի ծննդավայր Ոսկեհատի քարափները իմ վրա առաջին անգամ նույն տպավորությունն են թողել՝ անանց, անջնջելի, չթուլացող-զորացող ազդեցությամբ, ինչ Եղեգիսի Հորբատեղի․․․ Այս անգամ, որքան էլ գյուղի դպրոցի հոգատար տնօրինուհին չիր-չամիչ-սուջուխ-անուշեղենով, մանկավարժական զրույցով գրավեց, չշեղեց մեզ։ Քարափով երիզված, Ամբերդ գետի երկու ափերին աննկատ փռված գյուղը ծայրից ծայր՝ Սուրբ Հովհաննեսից քարափի գլխից միչև Ճգնավորի քարափի վերին գլուխ՝ Ոսկեհատի պատանիների ամառային ճամբարի, նրանց սեբաստացի ուսուցիչների՝ Մարինեի, Կիմի, Գոհարի հետ ծերպ-ծերպ, քայլ-քայլ անցնանք․․․ Հարցերը՝ գյուղական դպրոցի հեղափոխության, որ այս կամ այն ուժգնությամբ հնչում էին Ամբերդի տնօրեն-փոխտնօրենի, գյուղի դպրոցի այգեգործական տարածքում,  Այգեշատի Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու՝ առաջին մաշտոցյան դպրոցի, ըստ գյուղապետի, Ոսկեհատի ուսուցիչների «արտահերթ» մանկավարժական խորհրդում, որոնց իմ արձագանքները այնքան ուշադրությամբ տեսանյութ են դարձել Մարալ Կարապետյանը, Արմինե Թափչյանը, Քնարիկ Ներսիսյանը, անպատասխան չեն մնա, չեմ թողնի․ գիր է անընդհատ։

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում։

«Ձեզ չեմ կարող ասել, թե ով եմ ես։ Ես մի կատարյալ անծանոթ եմ՝ «արևմուտքից», բայց հայի սրտով»։

Հիմա ջոկեք՝ ի՞մ խոսքերն են, թե՞ իտալացի Մասիմոյի, թե՞ կրթահամալիրի Բանգլադեշում Ֆլորեցիայի մշակութային դեսպան Վիգեն Ավետիսի…

Սրանից հետո եկավ Վաղարշապատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմադիր՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի արձանագրությունը։

Տեսագրումը՝ Քնարիկ Ներսիսյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=c2RRZtF_65g]

Ո՞նց անենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցի մտնող յուրաքանչյուրը կանգնի այս արձանագրության առաջ, որ արձանագրության ընթերցմանը, արձանագրության հետ հաղորդակցմանը ոչինչ չխանգարի՝ ո՛չ արևելահայերեն ցուցանակը, ո՛չ փայտե, ուշ շրջանի խաչը։ Սիմեոն Երևանցու քարե տախտակի վկայության զորությունն ավելին է։ Ո՞ւ դիմենք. իմ գիրը դիմում չէ՞…

#1577

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեդիաուրբաթ-համերգների փունջ-շարք Գլդանում եղավ… տիար ջան

Վերնագիրն այս Սյուզի Մարգարյանինն է. երբ վրացական նշանավոր Ջավարիա-Մցխեթա կամավոր ինքնապաշարումից կարողացանք «դուրս պրծնել», ժամը 19.30 էր, իսկ մենք պիտի հասցնենք մեկ ժամվա ճանապարհ կտրել Թիֆլիսի մի ծայրից մյուսը, մեր

Ուղերձներ հենց կիրճից երևակայության

Մայիսյան հավաքի նախապատրաստական վերջին աշխատանքներ կրթահամալիրի քոլեջում. մայիսի 9-ի երեկոն քոլեջում… Ռոդարիական աշխա՞րհ-իրականությո՞ւն… Ես անցա քոլեջով ցերեկով, միայն ցերեկով՝ ափսոս և հիացում: Ափսո՜ս, չհանդիպեցինք: Հիացում, որ  քոլեջն այսօրով այսպիսին է,

Ցավն է հաճախ առաջ մղում…

Մեր թաղում՝ Երևանի Սևանի փողոցի 3-րդ փակուղում, մեր հայաթում, ուր իրար կից-խիտ տներում ապրում էինք հարազատներով, հարս շատ էին բերում, շարունակ՝ խոսակցություն-պատրաստություն, հարսնատես, նշանդրեք, նորահարսի առաջին այցելություն մեր տուն… Ես