«Ես որոշում եմ կայացրել, որ այս տարվա դպրոցական ավարտական քննությունները կչեղարկվեն ինչպես 11-րդ, այնպես էլ 12-րդ դասարանների աշակերտների համար… Մեզ հարկավոր է ուժեղ եւ անկախ դպրոց ունենալ, որը կենտրոնացած կլինի կրթություն տալու վրա, այլ ոչ թե մեր ապագա սերնդին քննությունների նախապատրաստելու»: Մամուկա Բախտաձե
Աչքիս ընկավ մեր կրթության և գիտության նախարարության այս հայտարարությունը՝ կեղծ թեստային ժողովածուներից զգուշանալու համար… Այսպիսի պահա՞նջ են ստեղծել հայոց լեզվի կենտրոնացած քննությունները Հայաստանով մեկ…. Հիմա ինչո՞վ են զբաղված Հայաստանի, ասենք, 9-րդ դասարանցիները. Թումանյանի-Կոմիտասի փրկած-նվաճած հայրենի աշխարհների ժառանգումո՞վ, թե՞ զարտուղի-արդարուղի թեստերի զուբրիտով, Մեծարենցի արևմտահայերենի, շարական-սաղմոս-աղոքթի՝ Կտակարանի գրաբարի յուրացմա՞մբ՝ քահանայի-եկեղեցու աջակցությունն ու օրհնությունը վայելելով, թե՞ աթեիստի գրականով քահանա՝ սև սատանա վանկարկելով…
Ուրախ եմ, որ հարևան վրացիներն առաջ են անցնում ու մեզ՝ սեբաստացիներիս, չեն մոռանում… Բոլնիսի մեր գործընկերները հրավիրում են գարնանամուտին, Կախեթի մեր նոր գործընկերները մեր հյուրն են տրնդեզին…
Երեկ կրթահամալիրի ավագ դպրոցում Ստամբուլից ժամանած, ընտանիքով Երևանում հաստատված խորոտիկ-եռանդուն Թինա Կոպմա Քեշիշյանին՝ թուրքերենի, արևմտահայերենի մեր նոր ուսուցչուհուն, ես ներկայացնում էի վրացերենի ուսուցիչ Ռինա Շագինյանին և պարսկերենի ուսուցիչ Դիանա Նազարյանին։ Դիանան՝ իր պարսկերենի ակումբով, Ռինան՝ մեր վրացախոսներով, Կախեթից ժամանող խմբի հետ, պարսկական ու թուրքական գործընկերների մասնակցությամբ պատրաստվում են կովկասյան տրնդեզի…
Ղափամայի պատրաստում Հյուսիսի 2-4 տարեկանների խմբում։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։
Քրիստինե Շահբազյանի, Հասմիկ Մաթևոսյանի, Տաթև Աթոյանի «Դյուցազնապատում» սկավառակի շնորհանդեսը, նախագիծ, որը ուսումնական-համայնքային աշխատանքի մեկ տարվա արդյունքի կենդանի-գրավիչ-հավաստի ներկայացում էր ողջ Հյուսիսով մեր, ես մեր «բարբարոս» հայերենով հայրենի նյութի բերանացի-խաղային ստուգատեսի վերածեցի Քնարիկ Ներսիսյանի հեղինակային TV-ի ուղիղ եթերում… Վիգեն Ավետիսի ու իր քանդակի դպրոցի արվեստագետների՝ Դավթի, Մհերի, Ալիսի… արմանք-զարմանքին նայելով…
Աշխարհիկ կյանքից վերացածի այսպիսի վիճակում էի դրանից ժամ առաջ Սուրբ Երրորդություն եկեղեցում, կրթահամալիրի դպրոցների, քոլեջի երգեցիկ խմբերի և ուսուցիչների ուսումնական ժամերգությամբ, որ հնչեց նաև որպես շնորհավորանք՝ հարազատների մեծ խմբով մեզ անծանոթ-սիրելի Սուրենին «քառասունքից» հանելու առիթով… Իսկական դպրոց դարձած եկեղեցի, հանրակրթական ստուգատես՝ մշակույթի- հայրենագիտության մեր յուրացման, իսկական եկեղեցու վերածված դպրոց՝ իր խորհրդավորությամբ-ծիսականությամբ…
Դե, իսկ Հարավի վեց տարեկանների, Մարինե Մկրտչյանի ուսուցչական վոկալ խմբի Մարմարյա սրահ բերած Թումանյան-Կոմիտասը որպես ժողովրդական օպերայի նախերգանք հնչեց… Ես խոստումներ կորզեցի հունիսի բանգլադեշյան պլեներին արդեն երկու ժողովրդական օպերաների՝ Ջանգյուլումի ու Դյուցազնապատումի, որ ես ուրիշ անունով կոչեցի՝ Սաթոյին գովելու համար Բանգլադեշում մեր բոլոր դյուցազունների հավաք…
Երևանյան թափառումներ․ Հարավային դպրոց, 4-րդ դասարանցիներ։
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։
Ցավոք, այսպիսի՜ օրը ուրիշ ավարտ ունեցավ… Երեկ՝ օրվա վերջում, տան ճանապարհին ես հայտնվեցի շուրջ քսան տարի փորվող փոսում շինարարական… Հրապարակից Արամի փողոցով, Արամի 7 շենքից աջ. ի՞նչ շենք, ֆասադ է լոկ կլպված, էն էլ՝ Արամի՜ շենքը, որտեղ Առաջին հանրապետության հիմնադիրն ընդամենը հանգրվանել էր։ Ի՜նչ պաշտպանություն. «Պաշտպանվում է պետության կողմից» ցուցանակին կից հայտնվել է «Պաշտպանվում է հասարակության կողմից»՝ կատարյալ դարձնելով զավեշտ-անհուսությունը… Ուրեմն Արամի փողոցից ձախ ես իջնում ու մտնում էս շինարարական հրապարակ, խորանում Բուզանդի ուղղությամբ, մի դիրք կա. դիտարան-փոսից երևում է Երևանի հենց սրտում հոշոտման մոլուցքը, մեր քաղաքաշինության ամենաեղկելի «ձեռքբերումը»՝ հորիզոն կազմած, երկինք բռնած, մեկը մյուսից անճոռնի շենքերի սարսուռը… Ապրելդ չի գալիս. ուզում ես շվեյցարացի Սրմաքեշի պատվերով փորված այս փոսում էլ մնալ… Չի փրկի: Այս հատվածում իսկական, 1980-ականների մեր Երևանը կարծես չի էլ եղել… Ա՛յ, թե ինչի համար պիտի Քոչարյանը պատասխան տար, և նրա հետ հարյուրավոր մարդիկ՝ պաշտոնյաներ, ճարտարապետներ, այլ մասնակիցներ… մինչև Լևոն Վարդանյան՝ իր արվեստանոցով։
Ինձ փրկեց անձրևից ձյան վերածված տարերքը… Ո՜վ կմտածեր…
— Ի՜նչ լավ ես մտածել, հայրի՛կ, որ այսօրը աշխատանքային ես դարձրել…
Մեր օրացույցով, գիտեք, ծես է…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1570