Այսպես, այսօր կորչող քաղաք… Այն քաղաքը, որտեղ ես ապրում եմ, որ իմն է միայն, ու կթողնի մեզ մեկ-մեկ… Թակոցով բացվող քաղաքը, Օղակաձևի ու Զանգվի կիրճի միջև պարփակված մի բնական սահմանով, հասարակությանը «Հին Երևան» կոչվող, Ֆիրդուսնոց կոչվող և Կոնդ պատմական անունով հայտնի՝ երեք վտանգված գոտիների միացություն է… Առանձին-առանձին, բնակչից-մարդուց-հասարակությունից օտարված, կառուցապատվող տարածք ճանաչված, որպես այդպիսին հատակագծված, իրացված, իրացվող, իրացվելիք, որպես այդպիսիք՝ երևանցուց մոռացված, ավերակների, աղբանոցների, այնտեղ պատսպարված ուրվականների թաքստոց դարձած, որպես կայարան սպասող-մնացած, ճամպրուկները վաղուց հավաքած մեկնողների, նրանց կողմից անիծվողների… Հոգով-սրտով ներողություն, իմ քաղաք… որ, այո, գտնվում է իմ պաշտպանության ներքո, ես չեմ հանձնելու, շշնջացող ավերակների կանչով-ուժով ետ եմ նվաճելու, ես, այո, վերադարձել եմ ու այնտեղ, որքան ժամանակ է, ապրում եմ, ամեն օր անցնում աշխատանքից տուն իմ ճանապարհին՝ ոտքով, հեծանվով, մտքով, թափառումով… Համեցեք:

Երևանում հին ժողովրդական տներ կային, որ դեռ 1980-ականներին հաշվառված էին պետական ցուցակներում՝ որպես հուշարձաններ, 1990-ականներից հետո դրանց կարգավիճակը փոխվեց: Հանրության մեջ սկսեց շրջանառվել «գերակա շահ» եզրույթը… Ամեն օր ավելի քիչ է մնում փոքրիկ Երևանի միջուկից։
Արգամ Այվազյան, պատմաբան, նախիջևանագետ:

Վերնագիրն ու նախագիծը՝ թատրոն բլոգում հրապարակված, Քնարիկ Ներսիսյանինն են, ինչպես և այս հուզիչ-կենդանի ֆիլմը, որ դիտեք անպայման: Լուսանկարներն իմն են՝ արված նոր տարում, մի շնչով-անցումով Ֆիրդուսնոցով, Արմինե Թոփչյանի ընտրությամբ…
— Ոնց որ Շուշին լինի,- թռցրեց Արմինեն…

Մտնում ես Ֆիրդուսնոց Հանրապետության փողոցից, մի տեղից դուռը թակոցով բացում, հայտնվում ես մի ուրիշ քաղաքում, իսկական քաղաք՝ քաղաքի ներսում, թափառում ու դուրս գալիս Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դալանով Խանջյան փողոց՝ մի այլ քաղաք, աղմուկի-մեքենաների մեջ լռված… Այո, սկսենք այս ուրիշ քաղաքի լուծումը Ֆիրդուսնոցից գուցե… Հարգանքով վերաբերվենք այստեղ ապրող մարդկանց, հանենք բոլոր մետաղյա ցանկապատերը, մաքրենք կենցաղային աղբից ողջ տարածքը, լցնենք առաջացած շինարարական փոսերը, բացենք անցումները, որ քաղաքը այս բացվի, վերադառնա մայրաքաղաք, ապրի մայրաքաղաքի բնակավայրի՝ թաղամասի կյանքով բնական:

Բուզանդ փողոցի վրա փնտրում էինք այն պատշգամբը, որտեղ երկու տարի առաջ, ավելի ստույգ՝ 2016-ի հուլիսի 26-ին, ինժեներ բնակիչ Հրաչը սուրճ հյուրասիրեց… Բակը կա… մարդն իր պատշգամբով արդեն հիշողություն է, ուրվական, կա-չկա…

Հենց բակի զարմանալի դալանով Բուզանդի փողոց դուրս գալիս, որ սահման է անհետացողի ու առաջացած նոր Բանգլադեշի, հանդիպեցինք Լիլիթ անունով մոսկվաբնակին, որ տուն ունեն այս նոր Բանգլադեշում Բուզանդի… Եկել են տոներ նշելու… Չեն ապրում… ինչպես շատ-շատերը…

Ու այս չապրող նոր Բանգլադեշ բնակելի զանգվածի եկող-գնացողների թարթումների ներքո անհետանում է բնիկ երևանցին՝ իր ժողովրդական տնով, մարդը… որ հիմա իբր ուզում են նորից, որպես մումիա՞, պահպանել «Հին Երևան» կոչվող թանգարանում…

#1547

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քանի կանք, վառենք, որ մնանք, Սոֆի, խանդավառ…

Երաշտ է Հայաստանով մեկ. անձրև, անձրև, ցա՛ծ արի… Արևն ի՞նչ անի. երկարատև չորությունը խանձում-պառկացնում է դաշտերում, արտերում, հանդերում՝ ամենուր և ամեն ինչ՝ ծիլ, ծաղիկ ու խոտ, այնպես, որ երկրագործը հուսահատ է,

Իմ ձեռքերը միջնորդ դարձրու քո խաղաղության

Ձմեռ պապը ո՞նց իմացավ, որ Ամանորին Գյումրիում ենք, որ Դավիթը քնում-երազում է չմուշկների մասին․․․ Դավիթն ինքնուրույն հագնում-հանում-մեծացնում-փոքրացնում է կարմիր-խորոտ չմուշկները, հյուրանոցով մեկ չմշկում․․․ Բոլորի և՛ աչքը Դավթի չմուշկներին է, և՛

Հանրահայտ ու մատչելի մարդու օրը չկտրվի. օր է` գրի

Որ հարցերն անպատասխան չմնան, հարցեր, որ ամենաշատն են հնչում իմ օրերում հիմա՝ փողոցում, տաքսիում, այլուր – բոլորն են ճանաչում – ահա, օրերի հարցը իմ օրագրում: — Ինչի՞ էլ քաղաքականությամբ չեք