Պարույր Սևակ

Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Անաղարտ մնամ
Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում:
Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ:

Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Եվ ասեմ՝ ինչով.
Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:
Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե՛կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե՜մ կարող:

Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա՛ծ, ժպտո՛ւն ու գո՜հ աչքերով՝
Հաղթելով և՛ քաղցը, և՛ պապակ փափագ:
Ուզում եմ ապրել անչար ու բարի՝
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես…
Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո՛ւ նրան:

Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.
Կորցրո՛ւ այդ ձուն:
Ճանճեր են նստած ինձ վրա
Այնպե՛ս,
Ինչպես քունջութը՝ կաթնահունց հացին:
Ճանճը քունջո՛ւթ չէ.
Հացս չի՜ ուտվում:

Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև,
Ինչպես վարսանդը՝ խաշխաշի սերմով:
Խաշխաշ չե՜մ ուզում.
Կակա՛չ դարձրու:
Ասում են, իբր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր:
Լսո՞ւմ ես, Մարիա՛մ,
Ինձ ներս ու դրսից կապո՜ւյտ հագցրու…

Նկարը՝ Մարտիրոս Սարյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զատիկ. նախաբանի փոխարեն

Հարություն կամ, որ նույնն է, Կարմիր Զատիկ Զատիկն ասելա. Հենց գամ, արմանաս, Հենց գնամ, զարմանաս: Գալիս է զատիկն ու գնում, և մեր ու մանուկ, արար աշխարհ զատկի բերած հրաշքից արմանք-զարմանք

ԻՄ ՔԱՂՑՐ ԵՂԲԱՐՔ

Միքայել Նալբանդյան Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ Կենդանության նվիրված այս փոքրիկ գործի ճակատը կենդանի մարդերի անունով ցանկացա պսակել, և այս խորհրդով ձեզ ընծայեցի։ Մեր ազգի անցածը տխուր է, այն օրերի պատմական

«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ»

Աշոտ Բլեյանը քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում. «Ընտրությունը կարող է մեզ միավորել, եթե մենք խնդիր դնենք` Հայաստանում ընտրելու ազատության մեր իրավունքի վերականգնումը, եթե այն չդարձնենք դուքան, փող կամ պաշտոն