Վիլյամ Սարոյանին որ հետևենք (իր միտքն է վերնագիրն իմ դարձել օրվա 1478 -րդ գրի), վստահ, ես անկարգապահ եմ ապրում․․․ Ու խոսք եմ տվել, զոռով ձգում-քաշ եմ տալիս գիր գրի հետևից, որ 1500-րդ հոբելյանականին հասնեմ, ազատվեմ էս մի հրապարակային-գրավոր ասվածից․․․
Դավիթ Բլեյանն իր դասարանի հետ լավաշթխիկի օր է անցկացրել Էդմոնդ Փաշինյանի ապրելատեղը-ձևը դարձած իսկական ուսումնական Ագարակում․․․ Դավթի ընկեր Ալեքսի Գրետա տատիկը խորոտ-հմուտ-պատրաստակամ հացթուխն էր՝ ցորենի ալյուրով թոնրի հաց, սեփական ձեռքերով դրած թթու ու ճմլած խաղողով գինի․․․ Սեբաստացու օրերով կրթահամալիրի տոնին ի՞նչ մնաց, նոյեմբերի տասի հարիսայի ծեսին պատրաստ են․․․ ծիսական երգերով, պարերով, Զառայի տեխնոլոգիայով։
Դեզի հարսանեկան ինստալացիա Արատեսում։
Տուն եմ մտնում Վերնաշեն-Արատես-հարսանիքից իրիկունը. քայլել եմ Արշակունյաց-Խանջյան, առավոտյան էլ՝ Խանջյան-Արշակունյաց, կրկեսի մոտ կառուցվող կանգառով, տնտղելով… Բանգլադեշի իմ ճամփի էս անավարտի մասին մոռացավ կառուցողը, իշխանավորը, հին ու նոր երևանցին, ինչպես Կոմիտասի այգու և Ալեքսանդր Մյասնիկյանի արձանից մինչև Շահումյանի հրապարակ ձգվող գյոզալ այգու, ինչ է թե՝ փողը ծախսելու տեղ չունեն, Երևան 2800-ի արմանք-զարմանքը պիտի լիներ․․․ Չտեսությունը ո՞նց է լինում, այսպե՛ս ավերակ են փռել, ծածկել քաղաքի մեջտեղում, որ չտեսնե՞նք, մոռանա՞նք․ կարևորը մարտի 1-ի բացահայտո՞ւմն է․․․
— Հե՜պ-հո՜պ, հե՜պ-հո՜պ, հերս էկավ, հե՜պ-հո՜պ․․․
Դավիթն է երգով այսպես ինձ դիմավորում․․․ Իրիկունը, երաժշտությամբ քունը այս անգամ Մելինե Մարտիրոսյան քույրիկի հետ է․․․
Մի ժամ Մելինեի ընտրած ունկնդրման երաժշտությունը լսելուց հետո, երբ Մելինեին թվում է, որ վերջապես քնեց, էս կրկնակի զոռբա եղբայրը, կրկնակի՝ իր հալալ Մարտիրոսյան Արմենի հետ համեմատ անգամ, մեկ էլ թե՝
— Մելինե, էդ գործը լավը չի, ուրիշ կոնցերտ դիր․․․
— Ա՜յ տղա, ես քեզ ասում եմ՝ քնի, դու դեռ երաժշտությո՞ւն ես ընտրում-քննարկում․․․
Իսկական հարսանիք Արատեսում։
Երևանից Եղեգնաձորի Վերնաշենի ճանապարհին ուսուցչական երգչախմբի հետ էի՝ իր գովական մաեստրո Թոփիկյանով, Նանե Բագրատունու և Վարազդատ Իգիթյանի հարսանյաց ուրախությունից վերադարձին՝ «Սեբաստիո» ժողգործիքային խմբի հետ։ Միկրոավտոբուսներում հարմարավետ խաղողի-գինու-այգեգործության երկրագործի ստեղծած ծիսական մշակույթի ու նյութական միջավայրի խնդիրն է մեզ միավորում․․․ Պատրաստվում ենք Կախեթի-Արարատյան դաշտ տուրին, պատանի-երիտասարդ հայ-վրացի երկրագործների շփումներին, միջանկյալ՝ Սեբաստացու օրերի երաժշտական-պարային-ծիսական բովանդակությունն ենք որոշում՝ ինչ ենք երգելու՝ մեր ստեղծածով գինովցած, ինչ ենք ձոնելու որպես սեբաստացի հավաքանի․․․
Մի երգ՝ Սարմենի խոսքերով, փորձեցինք երգչախմբով, մաեստրոյի մատուցմամբ, մի երգ էլ՝ «Սեբաստիոյի» նվագողների հետ, Արամ Խաչատրյան՝ հիացական Մարիամ Մնացականյանի կատարմամբ։ Լավ սկիզբ է, ու վաղվանից սկսվող մանկավարժական ճամբարին արժանի նախագիծ՝ առավոտյան պարապմունքների, գործիքային-շարժումային-տեխնոլոգիական մշակումների․․․
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Իրիկունը-գիշերով, անկարգ եմ դարձել և քնի մեջ, ինտերնետում կարողացա մինչև վերջ լսել Տիգրան Հեքեքյանին… «Փոքրիկ երգիչների» ձեռից գնացող հին Երևանի վերջին բեկորը․․․ Երևանում Կոմիտասի ազնվականության-հեռանկարի մեր կենտրոններից․․․ Մենակ ենք թողել մեր գործընկերոջը․․․ Ահա, այսպե՞ս ենք պատրաստվում պետականորեն «Կոմիտաս 150»-ին։ Կարևորը կառավարական մեծաքանակ հանձնաժողով ունենա՞լն է, որ նիստեր անի․․․
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1478