Հարցնում եք, պատասխանում եմ. քաղաքական անցուդարձի մեջ վերջին մեկ տարում, Մայդանից սկսած, ես փնտրում եմ Ուկրաինայի հետքը… Ամեն ինչ Ուկրաինայի մասին ինձ գրավում-կարևոր է թվում. մեր աչքի առաջ, զրկանքով, զոհողություններով ծանր, նոր եվրոպական խոշոր, ինքնիշխան պետություն է առաջանում, որից միայն անունն է առաջվանը՝ Ուկրաինա… Ի դեպ, Շուշանը Վիեննայում փոխել է կոնսերվատորիան հանուն նոր պրոֆեսորի, որը ծագումով ուկրաինուհի է, հայտնի եվրոպական երգիչ…
– Ինքն այնքան ոգևորված է հա՛մ Ուկրաինայով, հա՛մ ինձնով: Ես էլ՝ իրենով, ինչպես դու՝ Ուկրաինայով, հայրիկ,- երեկ սկայպով ինձ ու Դավթին պատմում էր Շուշանը մեր, որ պատրաստվում է հունիսի 10-ի՝ պրոֆեսորի դասարանի ուսանողների համերգին, որ հայտարարված է արդեն… Այսպիսով հունիս-հուլիսին իմ օրացույցը հայրիկական լցվում է. հունիսի 10-ին՝ Վիեննա, հուլիսի 13-ին՝ Երևան, Շուշանի մենահամերգը՝ իր շողշողուն 20-ամյակի առիթով: Տեսարան: Ձայնե՜ր, ծափե՜ր… Իսկ դու, օրագրի իմ 250-րդ գրի ուշադիր ընթերցող, փակիր ականջներդ ու կարդա «Ուկրաինան կարող է լինել և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի դարպաս» նյութը:
Ես ուշադիր լսեցի-դիտեցի նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություն-ելույթը ԱԺ նիստում երեկ: Ես իմ ասուլիսում, օրեր առաջ, «Տեսակետ» ակումբում, 2015-ի Բերձորի առնչությամբ կարևորել եմ բարոյական վնաս կոչված փոխհատուցումը. արցախյան կողմը՝ տարբեր մակարդակներով՝ և՛ որպես իշխանություն, և՛ որպես հասարակություն, պիտի գործուն զղջա կատարվածի համար, ցավի, ներողություն խնդրի… Պիտի լրագրողներին, խաղաղ երթի բոլոր մասնակիցներին պատճառված բոլոր նյութական ու բարոյական վնասները հատուցվեն… Ինձ համար, օրինակ, դժվար կլինի Արցախ մեկնելը այս պայմաններում, երբ վերջին հինգ տարում տասնյակ միասին ապրելու-գործելու, որպես մեկ հանդես գալու կրթական նախաձեռնությունների (խմբային-անհատական) հեղինակն եմ կամ պաշտպանը, աջակիցը… Դրանք ամրագրվել էին սեբաստացիների ուսումնական օրացույցում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչ կարդաս օգոստոսյան կիրակիով, որ վայել ու հարմար լինի, երբ…

Երբ չինացիներն ամենուր են՝ օդում, ջրում, ցամաքում… մեդիայում… Չինաստանից ու չինացիներից ամեն բան սպասում եմ. ինչե՜ր են անելու մեր ու մեզանից հետո եկողների գլխին, մենակ իրենք գիտեն, մեզ մնում է

Մեռելներին թաղել է պետք

1in.am Հարցազրույցը՝ Գոհար Հայրապետյանի

Լցվեցինք ու… լծվեցինք…

Երեկվա կարևոր քաղաքական-քաղաքացիական իրադարձությունը, իհարկե, Մանուշակ Աբրահամյանի երրորդ երեխայի ծնունդն էր… Աղջիկ, իհարկե… Մանուշակի երրորդ դասարանցի սաների և Մանուշակի դասարանի այսօրվա ղեկավար-ընկերուհի Կարինե Մամիկոնյանի հետ աղմուկով-զվարթ քննարկում էինք անվան հարցը…