Ես հիմա ավելի հաճախ-պարբերական եմ մոտենում Դավիթ Բլեյանին, երբ քնած է: Հենց զարթնում եմ, երբ հարկ է իրեն արթնացնել-անկողնուց հանել․․․ Երկարել է մեր հերոսը. բա՜ց, ներքնակի վրա փռված, իր բոյը, բարակ-ուժեղ մարմնից կտրված կլոր գլուխը՝ խելացի դեմքով, պատկեր են, որի առաջ երկա՜ր կանգնում եմ․․․ Օրվա մեջ էլ, երբ ինքը կլանված է իր զբաղմունքով, արտահայտիչ, ես կողքից զմայլվում եմ․ այս ե՞րբ, այս ո՞նց․․․
Արմինեն պատմում է, որ երբ ես ուշանում եմ, Դավիթն անհանգստանում է, ու սկսում հարցերի տարափը․․․
— Ինչի՞ է հայրիկը ուշ գալիս տուն․․․ շա՞տ է աշխատում․․․ ինչի՞, որ շատ փող ունենա՞նք։ Ես չեմ ուզում աշխատի, ուզում եմ իր հետ ճամփորդեմ-ճանաչեմ։ Երբ հայրիկը ուշանում է, ես տխրությունից ձանձրանում եմ․․․
Հանկարծ հայտնվում է ծնողական ննջարանում, գիշերով, ջրի բաժակով՝ խմելով հուշիկ․․․
— Դավի՜թ, չե՛ս տեղավորվի, հիմա շոգ է, անկողինը՝ ջրի մեջ․․․
— Ոչի՜նչ, ձեր ոտքերի տակ կտեղավորվեմ․․․
Ու տեղավորվում է։ Ես, բնական է, անցնում եմ իմ գրասեղանին, իսկ Արմինեն՝ իմ տղայի ու աղջկա հետ… անկողնում է։
Բարի լույս, ընթերցո՛ղ իմ պատումի, իմ ընկեր, կրթահամալիր, իմ աշխատանք, իմ օր հերթական․․․
Դավթապատում:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Սահակյանց Ռուդիկը մեր երեկ հարազատների-ամենամերձավորների հետ սրահում մի ընդարձակ նշեց իր յոթանասունամյակը՝ թողնելով հիվանդասենյակը․․․ Տոկունության շրջան է մեր ավագ, 31 տարի անբաժան գործընկերոջ, մարդու համար․․․ Օրեր հետո ինքն ու Էլզան, միշտ միասին, մի ողջ կյանք՝ սիրով-խնամքով, իրենց զավակ Հայրապետի ընտանիքի հետ օվկիանոսից այն կողմ կապրեն․․․ Ահա, այս ոչ սովորական, հրաժեշտի-հոբելյանի-առողջության ստուգատեսին Ռուդիկը դրսևորում է լավագույն որակներն իր։ Իմաստուն-ամփոփ խոսքը Ռուդիկի լսվեց, ինչպես և որդի Հայրապետի, դուստր Քրիստինեի, թոռների․․․ Դավիթ Բլեյանի․․․ իմ․․․ Մայիս Նիկողոսյանի․․․ Ընթերցողին հայտնի անուններ եմ տալիս։ Սեբաստացիական հավաք էր երեկ, որտեղ Դավիթ Բլեյանն ամենաստեղծականն էր, ամենաինքնիշխանը։
Ռուդիկ Սահակյանցի տարեդարձին:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Արմինեն տան ճանապարհին մեզ իջեցրեց Երևանի հին Յոնջալղում․ Դավթի հետ պատրաստվել էինք շնորհավորել Կարինե Ջանոյանին՝ ծննդյան օրվա առիթով․․․ Պետք էր տեսնել, որքա՜ն տպավորիչ-դիտարժան էր Կարինեի մեկժամանոց շփումը Դավթի հետ, որքա՜ն մանկավարժական․․․ Դավթի հայտնի անցումներով, Կարինեի կենսախինդ շարունակություններով․․․ ճիշտ իմ նման ընտրյալ ունկնդրի համար։ Շնորհակալ եմ։
— Ինչո՞ւ չես ամուսնանում, Կարինե,- հանկարծ հարցնում է այս ամենաթափանցը՝ ուղիղ դիմացինի աչքերի մեջ նայելով, զուլալ-շիտակ-հասուն…
Ու մինչ Կարինեն աղջկական շփոթմունքով արժանի պատասխան կգտնի…
— Ինչո՞ւ չկարողացաք հայրիկի հետ միասին ապրել, ինչո՞ւ բաժանվեցիք…
Հետո սկսեց Կարինեի հետ քննարկել ում հետ ամուսնանալը…
Մետրոյով մեր ճամփին այս Երևանում ամեն ինչ նկատում է, ոչինչ չի մոռանում… հա՛մ ճանաչում է, հա՛մ փոխում, առաջարկում…
— Ի՜նչ փոքր մետրո է, երկու վագոնով։ Կիրակի օրվա վերջ է, դրա համա՞ր են մարդիկ քիչ… Փարիզի մետրոյից շա՜տ է տարբեր մերը…
— Որ էս հրապարակի շատրվանները չէին աշխատելու, լավ չէ՞ր լինի Արամ Մանուկյանի արձանը էստեղ դնեին… Էն վերևում երկու արձանը շատ չեղա՞վ…
Նկատի ունի Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի վերևն ու ներքևը…
— Այստեղ մարդիկ զբոսնում են, թող շատրվանները շատ լինեն։
Իսկ տանը հայտարարեց, որ ընդունել է Կարինեի առաջարկը՝ մեկ լրիվ օր միասին անցկացնելու մասին… Կարինեենց տանը…
Կեցցե Արմինեն, որ պաշտպանում է Դավթի որոշումը…
— Հիմա ո՞վ է Կարինեն,- հարցիս ամբողջական պատասխան է տալիս.
— Շուշանի, Լիլիթի, Տաթևի մայրիկը, Սոնայի, Վահանի, Արևիկի, Արաքսիկի տատիկը…
— Իսկ քեզ ի՞նչ է գալիս Կարինեն։
Խորամանկում է, սուր, հիմա էլ աչքերիս մեջ մեխած իր հասուն մարդու հայացքով.
— Չգիտեմ… կարևորը, որ դու գիտես…
Ամառային թաց ուրախությունը Քոլեջում:
Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի:
Գիրն իմ, որ հայրիկին-մայրիկին ուրախ-անձանձրույթ կիրակի պարգևած Դավթով սկսվեց, շարունակում եմ «Հայաստան» կինոթատրոնի դիմաց, Տերյանի այգում… Օրը կանուխ են սկսում այստեղ, մարզական պարապմունքով ամենօրյա, տասնյակ երևանցիներ՝ իսկական ակումբ. պուրակն այս մաքուր է, խնամված… Քիչ առաջ ես ծնողների հետ Արցախ, Նոր Այգեստան, Բալուջա գետի ափ՝ ռազմամարզական պատանեկան «Ասպետ» ճամբար ճանապարհեցի կրթահամալիրի ավագ դպրոցի սեբաստացիական ջոկատը, իմ ավանդական ուղեկցող խոսքով, Սուրբ Երրորդություն եկեղեցու հարավային՝ մեր ճամփորդական մեկնարկի հարթակը դարձած աստիճաններին շարված… մի-մի Դավիթ ինձ համար. ծիծաղում եմ, ախր այնքա՜ն արագ է մեծանում, որ աննկատ կգա կխառնվի ասպետների ամենամյա շարքին այս…
Ես սկսում եմ աշխատանքային օրը, իմ աշխատանքը… Մտքերը կարգի բերելը կարևոր փուլ է։ Այսօր կսկսենք mskh.am-ում «Արատես» բովանդակության ստեղծումը…
Հարավային դպրոցի ամառային ճամբարի առօրյայից:
Լուսանկարները՝ Արաքս Հովհաննիսյանի:
Իսկ Հայրապետը Ամերիկայից մի նոր խելացի ժամացույց է բերել Դավթին:
— Հայրի՛կ, սա ավելի խելացի է, քան իմ ունեցածը: Ես իմը այսօր կտամ իմ ընկերոջը… Կիրակի օրով զանգել, Վահրամ Մարտիրոսյանի հետ պայմանավորվել է.
-Վահրա՛մ, ինձ էլ կվերցնես երկուշաբթի առավոտյան, ես ճամբար եմ գալու…
Կեցցեն, ճամբա՛ր, քեզ ստեղծող-բանուկ պահողները… Տարոսը՝ մեր Արատեսի ճամբարին, որի նախաձեռնող խմբի հետ այսօր արդեն հանդիպում եմ ժամը 12-ին Մեդիակենտրոնում։ Հետևեք իմ գրին։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1429