Կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննություններից առավելագույն միավոր է ստացել 48, իսկ անբավարար՝ 200 դիմորդ: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նույն հաջողությամբ կարող ենք խոսել ուսումնական պլանում ներգրավված բոլոր առարկաների մասին:

«Մի բացառություն կանեի՝ անգլերենը, բայց ոչ այն պատճառով, որ դա դպրոցում լավ է ուսուցանվում, այլ որ դպրոցից դուրս արդեն կա անգլերենի ուսուցման ցանց՝ կենտրոններ, մարդիկ շրջագայում են և այլն: Դպրոցներում ուսուցման վիճակը լավ չէ անգլերենի, բայց հասարակությունը կարևորում է: Մնացած բոլոր առարկաները, հատկապես բնագիտական առարկաների ուսուցումը հեռու է նույնիսկ բավարար լինելուց»,- ասաց նա:

Սակայն Բլեյանը խնդիրը նաև այլ տեղ է տեսնում, հատկապես բնագիտական առարկաների հետ կապված: Նրա խոսքով՝ ողբերգությունն այն է, որ բնագիտական առարկաների դասապրոցեսը հիմնված չէ բնագիտական փորձերի վրա: Աշոտ Բլեյանն այս խնդրում նաև կրթական ծրագրի մեղքն է տեսնում:

«Իրականում, երբ նայեք, թե ինչ է ստուգվում, ոնց է ստուգվում, կտեսնեք, որ բնագիտության հետ կապ չունեցող ինչ-որ անգիր է, ինչ-որ բան, որը պետք է մտապահել, բայց դա այդքան էլ հեշտ գործ չէ մտապահելը: Պատմությունն է ստուգվում միայն մտապահելու հիմքով, ինչը ծրագրային խնդիր է, պատմության գնահատականներն էլ բավականին ցածր են: Հայտարարում են, որ կարևոր է բնագիտական ուղղությունը, բայց հարց է՝ եթե կարևոր է, ապա ինչու ուշադրություն չեն դարձնում լաբորատորիաների վրա: Երեխաները կյանքով պետք է կարողանան ձեռք բերել գիտելիքներ, զրույցով, օրինակով, բաց ամբողջը կառուցված է զուտ տեքստերի վրա: Եթե քննությունները դրական ստանային, այլ ոչ թե անբավարար, ի՞նչ օգուտ, ընդհանրապես քննությունից այսօր ի՞նչ օգուտ: Կրթական ծրագրերի հետ կապված՝ լուրջ խնդիր կա»,- շարունակեց Բլեյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի գնահատմամբ՝ քննությունն անբավարար ստացած երեխաներին փաստացի ուղարկում են հեռակա ուսուցման: Նրա դիտարկմամբ՝ հեռակա ուսուցման պարագայում ուսանողները կարողանում են ավելի հեշտ մտնել արտադրական պրոցեսի մեջ:

«Արտադրական ձեռնարկությունները, կենտրոններն ավելի հետաքրքիր ու հագեցած են՝ թե՛ տեխնիկապես, թե՛ նոր բան սովորելու առումով, քան բուհական կրթությունը: Ստացվում է՝ ավելի լավ է կյանքով սովորի մարդ, քան 4-5 տարի սեղանին ու աթոռին նստի: Բուհական կրթության ամբողջ իմաստը մասնագետ պատրաստելն է, իսկ մասնագետն այսօր պետք է կարողանա այդ ծառայությունը մասնագիտական գործունեությամբ իրականացնի, այլ ոչ թե զուտ դիպլոմ ունենա, որտեղ գրված է նրա մասնագիտությունը»,- ընդգծեց Աշոտ Բլեյանը:

Որպես կրթահամալիրի տնօրեն՝ Բլեյանը հայտարարում է, որ այսօր դժվար է գտնել մասնագետ, որը հեղինակային կրթական ծրագիր ունեցող դպրոցում կարող է աշխատել: Նա տեղեկացրեց, որ իրենք նաև մանկավարժների ճամբար ունեն, որտեղ կարելի է նոր հմտություններ սովորել:

«Այո, բարձրագույն կրթությունը պարտադիր է, բայց ոլորտը պահանջում է նաև ստեղծագործական մոտեցում, ինքնուրույնություն, նորը սովորելու կարողություն, գործի նկատմամբ հետաքրքրվածությունը, չէ՞ որ հենց այս որակներն են մասնագետ դարձնում»,- եզրափակեց Աշոտ Բլեյանը:

Անի Օհանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նկատառումներ հանրապետության հոգևոր-գաղափարախոսական բնագավառի կառավարման կառուցվածքի մասին

Հանրապետության կառավարման կաոուցվածքի կազմում ընդգրկուն կոմիտեների գոյությունը, կոմիտեներ, որոնք իրենց մեջ օրգանապես չեն ներառում ու իրենցում լուծում մի քանի նախարարությունների ֆունկցիաներ, կարծում ենք վնասակար են։ Պետշինի, պետագրոարդի, ժողկրթության կոմիտեի (Խորհրդային

Մեր` որպես հավաքականություն, մոբիլ ու խիզախ գործելու ժամանակը

Մոբիլ՝ այսպես են գործում. որոշեցի առավոտ 7-ին ճանապարհել Գյումրի գնացքով մեկնող իմ Տաթևիկին Բլեյան ու թոռնուհի Արևիկին, երբ ավարտել էի օրվա գիրը, երբ Արմինեն ու Դավիթ Բլեյանը շարունակում էին իրենց

Օտար լեզվի դասավանդման արդյունավետության մասին կարելի է եվ, իհարկե, պետք է խոսել, բայց ոչ միայն եվ ոչ այնքան ռուսերենի

Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության վերջին նիստը և հատկապես ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի որոշ հայտարարություններ դարձել են հանրային լայն քննարկման առարկա: Ազգային ժողովում նույնիսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ հնչեց նշված անձնավորությանը