Վերջին մեդիաուրբաթ համերգ-ներկայացման հերոսուհին՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցի Ռոզա Խաչատրյանը՝ իր տեսանյութով, որոշեց և՛ իմ օրագրի վերնագիրը, և՛ գլխավոր խոսքը: Մարմարյա սրահում ընդհանուր բաց պարապմունք-համերգը (տևողությունը 45-60 րոպե) վարած սովորողներն ինչպե՞ս են պատրաստվել (ինքն ու իր դասընկեր Դավիթը), ինչպե՞ս անցավ, ի՞նչ ստացան, ի՞նչ տվեց այդ ուսումնական աշխատանքը սովորողներին. ինքնուսուցում և ինքնագնահատական… Անպայման նայեք տեսանյութը… Եվ ամենուր մենք կանք՝ Արմինե Թոփչյանը, Դիանան, ծնողները, ես, բայց միշտ երկրորդ պլանից. առաջին պլանում ողջ ընթացքում Ռոզան և Դավիթն են: Ուսումնական աշխատանքի կարողությունները նրանք դրսևորեցին ակնհայտ… Եվ տեսե՜ք, աշխատանքը շարունակելու ներքին պահանջմունք դարձավ:
[embedplusvideo height=”150″ width=”300″ editlink=”http://bit.ly/1LtNFLi” standard=”http://www.youtube.com/v/lOC2Z2gIjJs?fs=1″ vars=”ytid=lOC2Z2gIjJs&width=350&height=200&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep8105″ /] [embedplusvideo height=”150″ width=”300″ editlink=”http://bit.ly/1LtNMGD” standard=”http://www.youtube.com/v/MN-NZ9hKzeY?fs=1″ vars=”ytid=MN-NZ9hKzeY&width=350&height=200&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep4872″ /]
Չորս տարեկան մեր Արեգ Պարսիլյանը իր խմբասենյակի մի անկյունը վերածել է ֆոլգա-թատրոն-մենապատումի. սա հայտնի ստվարաթղթի թատրոնի հեղինակային-անհատական տարբերակն է: Շշմելու ներկայացում է: Ափսո՜ս, որ երկրորդ պլանում արդյունավետ գործած անձինք՝ Նվարդ մայրիկը, Տիգրան հայրիկը, Աիդա տատիկը, դաստիարակը… ուշացնում են դպիրյան, թե՝ «Պարտեզ» ամսագրի պատումը՝ ինպես առաջացավ թատրոնն այս… Ես յուրաքանչյուր հեղինակի՝ ծնողի, ուսուցչի, սովորողի (ինչպես Ռոզան 4-րդ դասարանցի), ով որևէ կարգով մասնակցում է հեղինակային կրթական ծրագրի մշակմանը, կազմակերպմանը, տարածմանը, չեմ հոգնի ուսումնական պատշաճ պատում պարտադրելուց` մանկավարժական ամսագրում, բլոգում… Ի՞նչ է նշանակում` ի́նչ պատմեմ… ծուլության, աշխատանքը կիսատ անողի գործելաձևն է՝ մերժելի, իհարկե: Իմ ասածը ծայրից-ծայր վերաբերում է թումանյանական ստուգատեսի շաբաթում սովորող-ուսուցիչների ուսումնական-գործնական բազմազան դրսևորումներին՝ տանը, թե դպրոցում ստեղծած, մեկը մյուսից անմիջական, բազմազան, հետաքրքիր, գտնված լուծումներով, կենդանի մանկավարժությամբ, ապրեցնող թումանյանական աշխարհի գրավիչ խճանկարով… Կեցցե՛ք… Հիմնական դպրոցի Գոհար Սմբատյան և 2-4 տարեկաններ, Նոր դպրոցի 2-4 տարեկաններ և Նելլի Արղության , Դպրոց-պարտեզի Աշխեն Թադևոսյան և 6 տարեկաններ, Աշոտ և ընտանիք՝ Մելքոնյան Տաթևի, Թումանյանի՝ Երևանի թանգարանը նվաճածներ… ի՜նչ լավ է, որ մի թվարկումով սպառել չի ստացվում… Գրելու շրջանն է հիմա, որ մեր մանկավարժությունը մշակվի որպես մեթոդական լուծումների ամբողջություն: Մարիամ Գևորգյանն «Էթիկետ» ռադիոյի այսօրվա հաղորդմամբ հիմնավորեց իմ՝ մեր կրթահամալիրի, բանգլադեշցիներիս առանձնահատուկ-ընտանեկան վերաբերմունքը մայրենիի միջազգային օրվա՝ փետրվարի 21-ի կատարմամբ: Ես չգիտեի, Մարիամ ջան, շնորհակալ եմ:
Նոր դպրոցի Արմինե Մնացականյանի 1-ին դասարանցիները «Կարդում ենք Թումանյան» նախագծով «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նոր ընթերցարանում հանդիպում են կազմակերպել Մարի Գաբանյանի հետ:
Մեր երեք Սերոբյանների եղբայրներից՝ Արեգը, հինգերորդ դասարանցին, իր ստեղծագործությունների առաջին ժողովածուի հրապարակմամբ որոշեց իմ այս նամակի հերթական, իհարկե, հրատապությունը…
Շաբաթ օրը, գիտեք, ես սեմինար-պարապմունք անցկացրի մեդիակենտրոնում, որ նվիրված էր Հեղինակային կրթական ծրագրի իրավականությանը… կրթահամալիրի դպրոցների և գրասենյակների ուսումնական կենտրոնների ղեկավարների համար… 1973-76թթ., պատմել եմ, Ղազախստանի, Ռուսաստանի մարզերի կորած գյուղերում՝ որպես ուսանող-շինարարներ, բնակելի տներ էինք կառուցում, ժամանակակից անասնագոմեր… Ես հիշում եմ, թե ինչպես որպես մարտիկ, հետո նաև ջոկատի-զոնայի հրամանատար` կքում էի ժամերով, օրերով, ինձ անծանոթ նախագծերի վրա… Պիտի ունենաս պատկերացումը ամբողջի, որի կատարմանը մասնակցում ես. չի կարելի անպատասխանատու լինել, իբր իմ գործը ինչ-որ ձևի կամ բարեխիղճ, քարը քարի վրա ցեխով դնելն է, այդպես են ասում. վերջում ինչ կստացվի` կստացվի, իմ գործը չէ: Քո́ գործն է: Իսկ հեղինակային կրթական ծրագրի նախագծումից սկսած՝ դու ես, քո տաղանդով, քո նվիրումով… Մենք՝ ուսուցիչ թե ծնող, իհարկե, կրում ենք պետական-կրթական ծրագիրը և ինքնահաղթահարման հետևողական խնդիր ունենք հեղինակային կրթական ծրագրի իրագործման ողջ ընթացքում: Բարդ աշխատանք է, գիտեմ, բայց մենք լիազորված (իրավասու) չենք պետական կրթական ծրագրի կիսատ-պռատ տարատեսակը ստեղծելու, ինչ է թե՝ վախենում ենք կամ խիզախելու անընդունակ ենք… Այլոց կարծիքը լսելը պարտադրված ծես է, բայց որպես արդարացման հիմք չես կարող գործածել:
Հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիները փետրվարի 23-ի իրենց դասարանական երաժշտական ներկայացման
անհատական հրավերներն են անում
Տուն մտա իրիկունը խառը տրամադրությամբ. Խնկո-Ապոր անվան գրադարանում մեր կրթահամալիրի լավ բարեկամ Տիգրան Պասկևիչյանի «Դոն Կիխոտի օրագիրը», «Ձնեմարդու ավետարանը» գրքերի շնորհանդեսին էի մասնակցել. Տիգրանը իրեն հատուկ շնորհքով-բարեխղճությամբ, իր ծննդյան օրվա նվեր էր պատրաստել: Տիգրանը միշտ հետաքրքիր է, միշտ կարևոր գործերով լեցուն, հաստատուն արվածով-ճանաչված… Տեսե՛ք, ի՜նչ բազմամարդ է սրահը, ու գրքերը՝ վաճառքի, խլխլում են մարդիկ… Գրադարանից դուրս եկա քայլելու, միայնակ լինելու պահանջով… Հանկարծամահ եղած Տեր Հուսիկ (Գարուշ) Լազարյանին հրաժեշտ տալը հանրային կարգով չի ավարտվում… Մենք միասին ենք սովորել, Գարուշը՝ բանասիրականում, ես՝ ֆիզիկայի ֆակուլտետում՝ Երևանի պետական համալսարանի… մենք կոմերիտական գործիչներ-ընկերներ էինք, միշտ անբաժան, մարդկայնորեն հարազատ, ուշադիր… Տեր Հուսիկի երեխաները մեր շրջանավարտներն են… Առիթ կլինի դեռևս, կարճ է այսօր և՛ իմ քայլելու ճանապարհը, և՛ օրագրի հնարավորությունը …
Փետրվարի 17-ից Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողներն իրենց մասնագիտական փորձառությունն են անցնում կրթահամալիրի Դպրոց-պարտեզում
— Ձյուն մաքրող մեքենա ունե՞մ, ունե˜մ,- իր նոր մեքենաները, որ այսօր մայրիկն է նվիրել, ցուցադրում է Դավիթը:- Շտապ օգնության մեքենա ունե՞մ, ունե˜մ…
Էդ ոչինչ, բայց որ անցավ ավտոսրահի մեքենաների˜ն…
— Ինքնաթափ մեծ բեռնատար մեքենա ունե՞մ, ունե˜մ,- ես սկսեցի ելքեր որոնել ինքնապաշտպանության…
— Իսկ ինչ մեքենա չունես, Դավիթ ջան,- շեղել եմ ուզում ես: Դադար…
— Դեղին ջիպ մեքենա ունե՞մ. չունե˜մ…
— Կապույտ ամբարձիչ մեքենա ունե՞մ, չունեմ ես, հայրի˜կ…
Դավթի համար դժվար չէր ցույց տալը, որ ավելի շատ մեքենա չունի, քան՝ ունի…