Սա գիր է՝ ուղղված նաև այն մարդկանց, ում Հայաստանով մեկ առաջացող Հանրապետության հրապարակները, ժողովրդի ուղղակի իրականացվող իշխանության հարթակները, շարունակում են խրտնեցնել։ Իգոր Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» օպերայի նոր՝ թատերական ներկայացման միակ դերասանն է ասում իր մարմնավորած երեք հերոսից մեկի՝ Սատանայի մասին. «Ես սիրեցի և այս հրեշին»…

Այս ապրիլի փոթորկվող Հայաստանն արդեն ուրիշ է՝ իր Երևանի հրապարակին միացած Գյումրու Վարդանանցով, ընդառաջ եկող Վանաձորով, Իջևանով… Տեսնում-ողջունում ենք հանրապետությունով մեկ ազատության հրապարակների ցանցային եղբայրությունը…

Իմ գիրն ուղղված է և նրանց, որ շարունակում են իրենց դիրքորոշումը մտահոգությամբ ներկայացնել՝  եթե այս անգա՜մ էլ երիտասարդները հուսախաբ լինեն… Ամեն անգամ սա ինձ հունից հանում է, անկախ նրանից՝ ով է փոխանցում։

Երիտասարդությունը, Հրապարակի-փողոցի պարմանիները հրաշալի են. մեծերիս հուսախաբությանը չեն հանձնվում, ու այսօր երկրի իշխանություն են, հանրապետության ինքնիշխանության կրողը…

Հիմա մենք կարող ենք այս երիտասարդությունից հիասթափվել, եթե նա թույլ տա պարտված հայրերիս սերնդի վերադարձը, որպես թավշյա հեղաշրջում, որպես համազգային հուսախաբություն։

Թույլ չտաք, դուք ու ձեր Նիկոլը։ Մնացածս՝ ձեր կողքին, ձեզ համար անվնաս, եթե ոչ օգտակար։ Ես՝ 1994-ից Նիկոլի ընկերը, ասում եմ սա՝ Նիկոլի ապրիլյան թեզիսների բոլոր տեքստերը ուշադիր լսած։ Նիկոլը մեզ սերունդների համերաշխություն է բերում, մեզ ու մեր որդիներին իրար հետ հաշտեցնում՝ տարիների ստորացված արժանապատվության, ոտնակոխ արված արդարության վերականգնումով։ Լսեցի՞ք։ Պատկերացնո՞ւմ եք, որ սա չլիներ, ու մենք ֆիզիկական հիվանդ, մահացող գոյությունը մեր քարշ տայինք ևս, ասենք, տարիներ, մինչև գերեզման… Հետո՞։

Կրթահամալիրի Քոլեջում նախապատրաստում են բացօթյա լողափ-պուրակը:

Սրա հետ թե համաձայն եք, սրան կապվում է մեծահասակի, 1988-ի Շարժման 30 տարվա մեղսունակ-պատասխանատու քաղաքացու երկու նոր մեղք.

  • այս՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխության այս գործի մեջ հատուկ կարևորություն, բաժին ունենալու ձգտումը՝ այլոց արածը իրեն վերագրելու, յուրացնելու, խորհուրդներ պարտադրելու ճանապարհով…
  • իր ամենօրյա համեստ-կոնկրետ անելիքից՝ Հրապարակում լինելուց, Հրապարակին սպասարկելուց հրաժարվելը, նեղանալը, որևէ ձևով, թաքնվելը, չվտանգելը. և՛ կա, և՛ չկա՞… շարունակելով դրսից հարաբերվել Հրապարակի հետ, առանց ներառվելու…

Քահանայի խոսքով ասեմ՝ հրաժարելով հրաժարիմք… Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա և յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք*։

Մի՛ վախեցեք, լսո՞ւմ եք, որևէ ձևով, ժամ առաջ, եղեք Հրապարակում, Հրապարակի հետ, գործեք հանուն Հրապարակի, ասել է թե՝ հանուն Հայաստանի Հանրապետության… Եվ կեցցեն փորձառու, Շարժման 30 տարվա բոհով անցածները, որ հայրաբար ետ քաշվեցին՝ Հրապարակի կենտրոն-հարթակը թողնելով երիտասարդներին, պարմանիներին…

Արևելյան դպրոցի սովորողները ընթերցում-քննարկում են կրթահամալիրի «Ուսումնական ամառ» տեղեկատվական թերթիկը:

Հետգրություն։ 

Իգոր Ստրավինսկին «Զինվորի պատմությունը» օպերան՝ երեք կատարողներով (Պատմող, Զինվոր և Սատանա), յոթ գործիքներով (ջութակ, ֆագոտ, կոռնետապիստոն, տրոմբոն, կլարնետ, հարավածային), գրել է 1917-ին, Շվեյցարիայում, ուր պատսպարվել էր Ռուսաստանում ծնված բոլշևիկյան հեղափոխությունից։ Ապագան գուշակող կախարդական գրքի դիմաց աղքատ Զինվորը Սատանային տալիս է իր ջութակը՝ շատ ուշ հասկանալով, որ տվել է հոգին, զրկվել իր ողջ նախկին կյանքից, իրեն մնացել է միայն գիրքը, որը խոստանում է մեծ հարստություն և ինչ-որ արքայադստեր ձեռք։ Եվ սատանան էլ հեռու չէ…

Եվրոնյուզ էի լսում, որի լուրերին ես հիմա ավելի ուշադիր եմ հետևում, իմացա, որ նոր բեմադրություն է պատրաստվում, ու սա եղավ առիթը՝ այս օպերան հայտնաբերելու։ Ու հիմա Հրապարակի առաջ իմ հերթական խոսքն ասած՝ ապրիլյան իմ խճանկարին իմ պատումին ավելացրած (կարդաք-չկարդաք՝ ինձանից դուրս եկավ, բան ունեի ասելու՝ ասացի) ես անհամբեր օպերան եմ լսում… Վա՜յ, ոնց եմ Վիեննայում Շարժման հրապարակ ստեղծող Շուշան աղջկաս կարոտել, արցունքոտվելու աստիճանի, գրելու բան չէ…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1358

Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից,
նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, չար սպասավորներից, չար կամարարներից և նրա ամբողջ չար զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կտակարան ըստ Սարոյանի

Այսպիսին է մեր հերոսը. երեկ պարտեզում քնել է մինչև ժամը 18.00՝ անդրդվելի… Չեն կարողացել հինգ-վեց մեծերով քնից հանել… Հիմա էլ՝ առտու ութին, քնած է… Ուզում ես՝ հեծանվով վրայով անցի, Բախի՝

Զարգացնող ավանդույթի ուժը

Մեր Տոն-ուսումնական նախագծի 6-րդ օրը, հարիսայի ծեսը, խաղաղ-ուրախ-միաբանող եղավ. ո´չ մի լարում, ո´չ մի արհեստականություն չնկատեցի, չզգացի: Ստացվեց՝ ինչպես շաբաթն էր, այնպես և շաբաթ օրը: Սա ընդհանուրիս համակած տրամադրությունն էր

Հեքիաթի և իրոքի Հազարանի թևերով

Արևմուտքի դպրոց-պարտեզ աշխատանքային խմբով՝ իմ, Վահրամի, Էրիկի այցը՝  Գոհար Բալջյանի նախօրոք  ծրագրած, ուրախ ու լեցուն եղավ։ Ինչքա՜ն սիրուն-ընդարձակվող է մեր աշխարհը․․․  Սեբաստացի երեխաներն ամենուր կրթահամալիրում շատանում են,  որքան էլ սրա հետ կապված հոգսերը արագ արձագանք են ստանում,  մեկ է, ժամանակը, ինչպես սամում, թռչում է,  ու  լուծումներն  ուշանում են․․․   Համառ ենք, չենք նահանջում․․․  Մայիս ամիսը կիսվում է, օրացույցով-ավանդույթով բաց լողափերի կարգավորումները,  լողավազանների տեղադրումը ուշանում են։  Արևմուտքում վճռական են՝ իրենց գործող ֆուտբոլի դաշտում չորրորդ-հինգերորդ դասարանցիների  համար նոր լողափ ստեղծելու,  իսկ սա նշանակում է այդքան չարչրկված նոր մարզադաշտի կառուցում․․․ զուգահեռ․․․