Որպես տանտեր-տիար՝ դիմավորեցի մեծ խումբ մարդկանց՝ Հայաստանի տարբեր քաղաքների-գյուղերի մանկապարտեզների դաստիարակներ բոլոր կարգի, կրթահամալիրի հեղինակած հնգօրյա ուսուցման ծրագրով եկած… 50-ի չափ մեծահասակների կրթության կամավորներ, ի՞նչ սպասելիքներով…

Օր առաջին, մայր դպրոց, մարմարյա սրահ. հետո՝ խնամքով մշակած-փորձարկած, բայց ամեն անգամ նոր, հավեսով, կարծես առաջին անգամ, ողջ կրթահամալիրը իր մեծով-պստիկով աշխատում է փոխանցման ռեժիմում… Որպես տանտեր-տիար, արդեն ժամը 15.00 «Սեբաստիա» համերգային սրահում պիտի ապրեմ երանությունն այսպես, 50-ի չափ մեծահասակների, քո ափի մեջ… Աչքերն ինչի՞ համար են հենց այսքան շարժուն ստեղծված, որ կարողանան գրանցեն 50 տարբեր մարդու՝ հասցրած-հարազատ դարձած, սեբաստացի ամենափոքրերին՝ 2-ից հինգ տարեկաններին արդեն խնամած-գուրգուրած, մեր եփած շիլան կերած, մեր մեծ տան քունջ ու պուճախը տեսած, երանության այսպիսի՝ անհատակ ապրումները, որպես անանց-խորը տպավորություն, որ հիմա, ափսոս, էլի գիշերով՝ 3-4-ին, երբ կես ժամն էլ բավարար է, որ որպես գիր որպես վերադարձնես, պահես՝ ինչ անես, պատմես՝ դուրս է գալիս, նորից ապրում ես քո ափի մեջ հայտնված մարդկանց երանությունը…

Վերապատրաստվողների խումբը Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկանների խմբում. ուսումնական գործիքի կիրառում: Ֆոտոշարը՝ Սեդա Խաչատրյանի:

Այսպես էր Ռոզալիա հարսի հիվանդանոցային պալատի, հետո և ռեանիմացիայի միջով անցնող օրվա վերջում, Ստեփան եղբոր տանը… Իսկապես որ մի ափ տարածք, ու իրար ետևից, փոքր ընտանիքներ կազմերով, լցվում ենք՝ Առնոլդը՝ Աստղիկի ու Անդրեայի, ես՝ Արմինեի ու Դավթի, Տաթոն՝ Սամվելի-Վահանի, Անուլյա աղջիկն ու Դանիել թոռը, Էդիտը, որ իր ջիգյարով մի տուն կլցնի… Ստեփանը, հարս Անահիտը… Այս մի ափի մեջ այսքա՜ն երանություն մարդկային, այսքան հարազատություն, որ փոխանցման մեխանիզմով բազմապատկվում-տարածվում է… Հենց այս՝ երանության, մարդկային երանության, որ մանկավարժություն-հարազատություն է կոչվում, տարածման-բազմապատկման մասին է մեր եռյակ միության՝ Գևորգի, Սուսանի, իմ այս օրերի կենտրոնացումը, որպես միջնաժամկետ զարգացման ծրագիր, 2019-21թթ-ի համար, 2018-ը տեսեք թավալգլոր մարտ հասավ, պիտի այս շաբաթ կարգով դուրս բերենք-հասցնենք… Որ ի՞նչ լինի…

Ընտանեկան ֆոտոշարը՝ Արմինե Աբրահամյանի:

— Ինչո՞ւ շուտ, շատ շուտ չեք հասցնում այս եղածը, չէ՞ որ կա, չէ՞ որ բոլորիս սրտով է,- երանության մեջ գտնվող ներկաների հավանությամբ մասնակից մեկի բարձրաձայնումը, որ հռետորական է, հարց չէ, զարմանք է…
Դե, արեք, մեզ էլ ազատեք, ա՛յ հանրաճանաչ տիար… Բազմապատկեք ձեր արածը-տարածեք, մեզ էլ հասեք:
Հենց դրանով էլ զբաղված ենք, ավելի ու ավելի շատ մարդիկ՝ սեբաստացի ուսուցիչ-սովորող, այդ գործի մեջ են, տարբեր կարգավիճակով-խմբերով, բայց նույն գործով, որպես մանկավարժության՝ երանության փոխանցողներ…

Երեկ, այս խիտ-բազմաբևեռ օրվա մեջ, ես ժամանակ գտա տարբեր խմբերով խոսելու հանրապետության հանրակրթական դպրոցների դասվարների, երաժշտության, տեխնոլոգիայի՝ կերպարվեստ-դիզայն-արհեստագործության-կինոֆոտոյի ուսուցիչների՝ մեր կուտակածի մարտին սկիզբ առնող փոխանցումների մասին… Գոհար Բալջյան հմայիլին կարգել ենք, որ համակարգի Լուսինե Փաշայանի, Կարինե Մացակյանի, Տաթև Աթոյանի, Սվետա Ճաղարյանի հետ… Մարդիկ այս ուրախության, մանկավարժական հարազատության՝ երանության մեջ, փոքր-մեծ խմբերով թող շարունակեն գալ, որ հայտնվեն մեր ափի մեջ ողջ 2018-ին…

Լողում են Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիները:
Ֆոտոշարը՝ Սմբատյան Գոհարի:

Դավիթ Բլեյանը տանից դուրս գալիս հանկարծ պատմում է բալենիների մասին…
— Պապ, հիշում ես, դպրոց գնալիս… հասած կարմիր բալենիներ էին, մենք քաղում էինք… Բալենու ծաղիկները ցույց տվեցիր, սպիտակ-սպիտակ, տես, ասացիր ձյուն է եկել, հետո էլ կկարմրի, մասուրից էլ մուգ… Ես չէի հավատում, բայց որ դու էիր ասում, ձայն չհանեցի… Հետո տեսա ընկերներիս հետ, հավատացի…
Շատ բալենիներ՝ մեր բոլոր դպրոցների չորս կողմում, հետո նաև միջդպրոցական անցումներում, որպես կրթահամալիրի Բանգլադեշի խորհրդանիշներ… Հետո կտեսնենք: Օրեր առաջ այս գործը, 2018-ի շարունակություն որպես, թափով ձեռնարկեցին քոլեջում մեր Անահիտ Մելքոնյանի նախաձեռնությամբ… Շատ կուզեմ, որ քոլեջը ստանձնի նաև մյուս դպրոցներին աջակցությունը, որ ամեն դպրոցում ունենանք նաև բալենու խնամված տնկարաններ: Ինչո՞ւ հենց բալենու…
Համոզեցիք… սկսեք բալենուց…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1306

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սև սև ամպեր հեռացե՛ք, արևին ճամփա բացե՛ք…

Մի կողմից՝ մութն է սկսում շուտ ընկնել, մյուս կողմից՝  Դավիթ Բլեյանն է պահանջում առավոտ լուսոն միայն միասին անցկացնել. հայր և որդու նորօրյա-ապրված ծես է՝ արթնանալուց սկսած, երբ տղադ բնակարանով մեկ

Ինչ կարդաս օգոստոսյան կիրակիով, որ վայել ու հարմար լինի, երբ…

Երբ չինացիներն ամենուր են՝ օդում, ջրում, ցամաքում… մեդիայում… Չինաստանից ու չինացիներից ամեն բան սպասում եմ. ինչե՜ր են անելու մեր ու մեզանից հետո եկողների գլխին, մենակ իրենք գիտեն, մեզ մնում է

Փոքրիկ իշխանների մոլորակում որպես…  

-Ես տնօրենի տղան եմ, դրա համա՞ր են իմ ծնունդը էսքան երկար ու ամբողջ կարգով նշում… «Խատուտիկ» դասարանային բլոգում Լուսինե Փաշայանի «Տոն Ագարակում» ուսումնական նախագիծն է, Դավիթ Բլեյանի՝ մեկ տարի սպասած