Անձրև, կիրակի, ու ինտերնետ չկա…

Հուլիսի 5-ի` ՀՀ Սահմանադրության օրվա անդրադարձ գոնե իմ օրագրում ունեալու ջանքերս, ինչպես տեսնում եք, ի դերև են եղել: Դրանում համոզվելու համար Դուք ստիպված եք կարդալ իմ օրագրի հուլիսի 5-ի գիրը. չիք սոսկ հիշատակում անգամ: Սա այն դեպքում, երբ 1999թ. հուլիսին կալանքում գտնվելը չի խանգարել իմ վերաբերմունքն արտահայտելուն` ինչպես տոնին, այնպես և Սահմանադրության շուրջ «ազգային եռուզեռին»: Ահա, «Նամակներ կալանատնից» ժողովածուի «Սահմանադրական հայաստանասիրություն» վերնագրով իմ նամակը (էջ 93-95) կարդացեք: Ես այն կարդացի, ինչպես Չարենցը կասեր, առանց էնտուզիազմի… Մեր ազգային-պետական տոնացույցը, որ շարունակ լրացվում-փոփոխվում է, այդպես էլ մեր օրը ցույց չի տալիս, օրը այլ, ոչ սովորական, տոնական չի դարձնում խորքում, մի տեսակ անցնում է մեր կողքով:

Օրագրի արձանագրումը: Սահմանադրության տոնին, օրվան ես մասնակից չեղա:

Բայց ես կտրուկ փոխում եմ իմ գրի շարադրանքի ընթացքը, որ նորից, ինչպես կասեր Չարենցը, «պոլեմիկայի մեջ չմտնեմ» իմ օրագրի հարգելի ու անանուն ընթերցողի հետ, ես ուզում եմ այսքանով սահման դնեմ այս խոսակցությանը և տոնական նվեր մատուցեմ երևանցուն` ֆիզիկական Հայաստանում դրված մեկ-երկու սահման վերացնելով: Ինչպե՞ս չասեմ` Սահման քաջաց զէնք իւրեանց: Իմ զենքը իմ գիրն է օրվա:

Օրագրի առաջարկը: Դուք նկատել եք Ծովակալ Իսակովի պողոտայի երկայնքով ձգվող` Ոստիկանության ակադեմիայի ցանկապատը: Հատկապես երևացող փոքրիկ նորակառույց եկեղեցու հատվածում ցանկապատը ինձ ու վերջերս նաև Դավիթ Բլեյանին խանգարում է. ուզում ենք, նախ` տեսնել ոչ միայն գմբեթը, ուզում ենք ավելին` մտնել եկեղեցի: Ահա սրա փոխարեն խուլ ցանկապատը երեսապատվում է փոխանակ կա´մ վերանալու, կա´մ թափանցիկ դառնալու: Հիմա պատկերացրեք նույնը` առանց այս խուլ պատի: Հանեք եկեղեցուց մեզ բաժանող այս սահմանը, խնդրում եմ: Այս օրերին ինձ զբաղեցնողը նորից պատերն են` մեզ իրարից, բնությունից բաժանող ֆիզիկական պատերը, որոնք աղճատում են միջավայրը, չեն թողնում, որ այն ամբողջական ու բաց լինի: Այ, օրինակ, Մայր դպրոցում սեղանի թենիսի սրահի պատը, որ թույլ չի տալիս տեսնելու, թե դրանից այն կողմ ինչ աշխարհ կա. կամ Մեդիակենտրոնի ջերմոցի ու ակումբի տարածքներն անջրպետող խուլ (ես ասում եմ` հիմար) պատը… Կամ որքա՞ն կարելի է հանդուրժել նվագող (ջութակ, դաշնամուր, կիթառ) երեխային ու նրան սպասող ծնողին բաժանող` կրթահամաիրի երաժշտութան դպրոցի, իբրև ավանդույթի ուժով հիմնավորված մեկուսիչ պատերը. ինչո՞ւ ծնողը, ուսուցիչը, անցորդը չդառնան հանդիսատես, ու սրանով նաև տարածվի երաժշտությունը… Օրագիրն էլ իմ կոչված է ջնջելու պատերը, վերացնելու թյուրիմացությունները` իմ ու իմ կրթահամալիրի, իմ ու ձեր միջև, հարգելի ընթերցող…. Բայց ես քիչ առաջ կարևորում էի հենց ֆիզիկական միջավայրում ֆիզիկական պատերի վերացման անհրաժեշտությունը, որ միջավայրը դառնա բաց, կրթական:

Քաղաքական ձևակերպում օրագրում: Սահմանադրություն կոչվածն էլ պիտի գար` բոլոր պատերը ջնջելու, ամրացնելով երկու տիպի պարիսպ`

  1. ինչ չի կարելի մարդուն, քաղաքացուն, յուրաքանչյուր մեկին. մնացածը ոչ միայն կարելի է, այլև համեցեք, չկա խոչընդոտ.
  2. ինչ է կարելի պետական մարմնին, պաշտոնատար անձին. մնացածը` ոչ միայն նրանց գործը չէ, այլև հանցավոր է անգամ այդ մասին մտածելը, քանի որ ի´մ «կարելին» է` որպես անձեռնմխելի…

Կրթահամալիրը ոչ միայն ունի իր օրացույց-տոնացույցը, այլև մենք ուսուցումն իրականացնում ենք օրացույցով: Հետաքրքիր են, չէ՞,  սովորողի անհատական, ընտանեկան, խմբային օրացույցները. սրանք կամուրջներ են հաղորդակցվելու, միասնական զգալու, որպես մեկ հանդես գալու, իրար ճանաչելու միջոցներ են:

Օրագրի լուրերը: Դավիթի եղբայր-քույրիկները` Դանիելը, Գոռը, Արևիկը, Սերժը, Ռոբերտը, Մարկը  Դանիելի ծննդյան օրը ՓլեյՍիթիում խաղ են շահել, և քանի որ այն վերաբերում է մեքենաներին և երթևեկությանը, որոշել են այն նվիրել ավտոսիրահար փոքր եղբորը: Դանիելը այն բերեց և նվիրեց Դավթին: Դավիթը ցնծում է. նա Սահմանադրության այս օրը երկար կհիշի:

Մեդիակենտրոնում հավաքվել էին հուլիսի 8-ին Սևանով, Այրիվանքով, Վարդենիսով Արցախ` Քարվաճառ,  Դադիվանք, Գանձասար, Վանք, Մարտունի, Ճարտար, Ամարաս, Շուշի մեկնող սեբաստացիները, որ վերադարնալու են հուլիսի 12-ին Խնձորեսկով, Գորիսով, Վայքով: Եվ ճամբարական Դանիել Բլեյանի կնքահայրը, պապիկը, տնօրենը, նույն ինքը օրագիր վարող տիար Բլեյանը, կրթահամալիրի հոբելյանի առթիվ նրան քնապարկ նվիրեց:

Օրագրի գովազդը: Օգտագործեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 25-ամյակը և արշավային-ճամփորդական պարագաներ նվիրեք իրար:

Ժամը 04-05-ի արանքում է: Անձրև է գալիս: Լավ է, երբ Երևանում անձրև է գալիս. ի´նչ ասեմ` արի երկար:

Ջանի Ռոդարին` ձեր սիրելի մանկագիրն ու իմ անփոխարինելի մանկավարժ գործընկերը, գործող կրթական հաստատություններն անվանում էր ժամային (դասային) ուղղիչ տներ և ավետում էր` եկել է սրանց պատերի փլուզման ժամանակը: Գևորգ Հակոբյանը` իմ հարյուր տարվա ընկերը, սանիկը, մեր վարժարանի ղեկավարը, որ մանկավարժությունը հետազոտում է հաճույք ստանալու աստիճան, Հ Թումանյանի հեքիաթներից առանձնացնում է «Ճամփորդները»: Սկսեմ հեքիաթը պատմել` ընդհատելով այն մի տեղում, որից դուք պիտի շարունակեք… ձեր ճանապարհն անցեք: Սա էլ ռոդարիական հնարքներից է, որ նա բերում է իր «Ստեղծագործական երևակայության քերականությունը» գրքում: Մեծ երևակայություն է հարկավոր հայաստանցիներիս մեր այս վիճակից դուրս գալու համար: Կիրակի է ու անձրև, իսկ ինտերնետ չկա ու չկա:

«Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։
— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը։
— Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին։
— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։»

Ահա, մանկավարժությունը հենց այս հայացքն է` ինչ կա երևացող պատից այն կողմ…

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA1610778_707513099283899_1525672559336325694_n10438149_313692975472612_6801472302634804590_n

10448799_10152519425719054_8529715695377761536_n

2 thoughts on “Օրագիր-սահմանագիր”

  1. Ես ուրախանում եմ Ձեր նորարարություններով: Նախատերթոդիկյան հասարակակրթարան: Ուսանել-սատարել, ուսը դեմ տալ-օգնել և ոչ թե դպրոցի երեխաներին վերածել ատելությամբ լցված սանձարձակների: Ձեր դասերը սովորեցնում են ինքնուրույնություն և անհատականություն, որը հայի տեսակը պահպանել էր անգամ Օսմանյան կայսրությունում: Իսկ 25 տարիների ընթացքում… վայ, դլե յաման…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առակը ի՞նչ ուսուցանի նոր տարում․․․

Նոր Տարին սկսում եմ նոր գրքեր կարդալով, Ձմեռ Պապին օգնելու մղումով։ Տասնյակ նոր հրատարակության նվերներ եմ վերցրել գրախանութից ու մինչև բաժանելը թերթում եմ․․․ «Իմաստության արկղիկ» հին չինական առակներ ․․․ «Էդիտ

Կիրակի՝ առցանց ուսուցման շաբաթների միջև

«Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը». Ռուսաստանը հայտնվել է պարտված, դաունշիֆթեր երկրների շարքում… Սա ասում է մի մարդ՝ Գերման Գրեֆը, Մոսկվայում ընթացող գայդարյան ֆորումի ժամանակ, ռուսական сбербанк-ի ղեկավարը, ՌԴ տնտեսական զարգացման և

Իմ օրվա հերոսը՝ հնգաթև աստղի պես սեբաստացի ընտանիք․․․

Օրվա երկրորդ կեսին է իմ հանդիպումը Արևելյան դպրոցում, սեբաստացի մայրիկ-իրավաբան Մարիամ Ղուլյանի հետ։ Մենք իրավական օգնություն ենք ստանում դպրոց-պարտեզի սեղանատանը՝ բաց անցուդարձով Արևելքի սեբաստացիների․․․ սեղանին՝ սուրճով․․․ Մոտենում են գործին մասնակից Սմբատը,