— Մեկ-մեկ կբերի կախարդական գուլպան, հո բոլոր մեքենաները չի՞ հավաքի բերի,- կրկնում է Դավիթ Բլեյանը (հիշո՞ւմ եք մեր տանը Ձմեռ պապի ներկայացուցիչ կախարդական գուլպային), երբ, արդեն, խնդրել-ապսպրել է աշխարհի բոլոր մարդատար, բեռնատար ու… ռազմական նոր մեքենաները բերի իրեն… Ռազմական-զինվորականն էլ, երևի, այս օրերի Բանակի օրվա հետ կապվող պրոպագանդայի ազդեցությունն է՝ ընկերներից, մեդիաաշխարհից, Հանրակրթական Դիջիթեքից փոխանցված…
Դավիթը հիվանդ է, և կախարդական գուլպան խնդրում է իր նվերների փոխարեն կատարել մայրիկի բոլոր ասածները՝ խմել քաղցր համով…
– Ինչե՞րը,- հարցնում է…
Ի՞նչ ասես դեղերին, որ այդքան էլ հիմա դեղ չեն: Քաղցրավենի՞ք… Դավիթը, իհարկե, «այո» է ասում… Առավոտ շուտ, երբ գուլպայի կախարդանքի ուժով հայտնվել էր նոր բեռնատար ինքնաթափը, Դավիթը խաբլան դուրս եկավ: Ես նեղացա. ի՞նչ անեմ այս խաբլան տղային՝ 2016-2018 թթ միջնաժամկետի ծրագրերում… Շնորհակալ եմ Հիմնական դպրոցի Տաթև Մելքոնյանին՝ այս ֆիլմի համար. իսկական նվեր:
Չգիտեմ՝ ի՞նչ որոշում կկայացնի Դավիթն ապաքինվելուց հետո, բայց Հիմնականը հիմնավոր մրցակից է… Եվ լավ է, որ մեր երևանցիները, ի դեմս կրթահամալիրի հինգ նախակրթարանների, իրական ու հավասարազոր ընտրության հնարավորություն ունեն իրենց 2-6 տարեկան երեխաների համար:
Դավթի խաբլանությամբ վնասված իմ տոնական տրամադրության ավելացավ նաև իմ աշխատանքային ընկերների՝ տոն օրվա դասալքությունը. TV-ծաղկանոց-թատրոն-դասարան, հիմա կամավոր ո՞վ կաշխատի՝ Գնելից, Մարթայից, Էմանուելից, Նառա Նիկողոսյանից ու… Գրիգոր Խաչատրյանից բացի:
Գրիգոր Խաչատրյանի ու վարպետ Պետոյի հետ մենք երկար ու կոնկրետ քննարկեցինք Դպրոց պարտեզիխմբասենյակի նորացման նախագիծը. որքան էլ որ հեղինակային կրթական ծրագրի մշակումներով վերջին 4-5 տարում ստեղծվել է 2-4 տարեկանների գրավիչ՝ ազատ, հիգիենիկ ու անվտանգ միջավայր, բայց աճել ենք, չէ՞, հո չե՞նք վերարտադրելու եղածը: Լվացարանի, սանհանգույցի, խոհանոցի արդիականացման-մարդկայնացման լուծումներ են առաջանում՝ նոր էսթետիկայով: Հետևե՛ք մեզ՝ «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» հեղինակային ծրագրի նախագիծ է իրականացվում Դպրոց-պարտեզում: Շտապեք, եթե ուզում եք որևէ ձևով մասնակցել, մինչև փետրվարի 15-ը նախագիծն ամբողջությամբ ավարտված կլինի:
Հազար ափսո՜ս. Դավիթ Բլեյանի այս օրերի անառողջությունը և անհավեսությունը փոխանցվեցին մեզ. այնպես ուզում էինք մեր ընտանեկան դիջի-հեքիաթով մասնակցել այսօր կրտսեր դպրոցների ստուգատեսյան ճամբարում հայտարարված դիջի-հեքիաթի օրվան: Նշանավոր սեբաստացի Արամ Պետրոսյանի պլաստիլինե այս դիջի-հեքիաթը և՛ բացում է օրը, և՛ ավետում, թե ինչպիսի ստեղծական առօրյա է մեզ սպասում: Կեցցե՛ք, Արամ ու ընտանիք:
«Ստուգատեսների խաչմերուկում. Հայաստանի բանակ» ուսումնական նախագծի մեկնարկը պիտի տրվեր հունվարի 28-ին և տրված է. կենդանի նախաձեռնություն և մոբիլ իրագործում՝ ստուգատեսյան ճամբարի հունվարի 28-ի ծրագրով. ինչ էլ գրավիչ-անմիջական պատմում են մասնակիցները: Այսօրվա ստուգատեսյան ճամբարն ինքնին նվեր է… Ի՞նչ ավելի իրական ու կոնկրետ գործով կարելի էր կրթությամբ ավելացնել անվտանգությունը՝ մեր ստուգատեսներից առավել… Հունվարի 30-ին բանակին նվիրված ռազամամարզական պատրաստության կկանգնեն 2014-2015-ի 9-րդ և 12-րդ դասարանների շրջանավարտ սեբաստացիները. շքերթը կընդունեն 2015-ին բանակային ծառայությունն ավարտած մեր շրջանավարտները… Այս պատրաստությանը կներկայանան նաև ստուգատեսի մասնակից ոչ սեբաստացիները՝ Գորիսից, Վանաձորից, Շուշիից, Սպիտակից, Գավառից…
Ի՜նչ լավ է, որ տղաները Հայաստանում սկսել են ավելի հավեսով զբաղվել տեխնիկական ստեղծագործությամբ… Երկար կյանք ձեզ, որ և՛ գյուտեր անեք՝ Նոբելյան մրցանակի արժանի, և՛ ապրեք գոնե այնքան, որքան լազերի գյուտարար Չարլզ Թաունսը՝ 99 տարի: Մերի Առաքելյանի և իր ընկերների դիջի-համերգն այս պահին ողջույն է բնագիտությամբ, տեխնիկական ստեղծագործությամբ զբաղվող տղաներին՝ կեցցեք: Շուշիի, Գավառի, Սպիտակի, Վանաձորի խմբերին այսօր կմիանա Արմավիրի, Լոռու մարզի դպրոցների տնօրենների 20 հոգիանոց խումբը, Հրազդանի գործընկեր թիվ 11 դպրոցի խումբը, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի խումբը… Իբրև իսկական բաց ուսումնական-ստեղծական ստուգատեսների խաչմերուկ է գործում կրթահամալիրը… Առանց ձևականության-արհեստականության, առանց վերադաս-իշխանավոր-օլիգարխիկ միջամտության, իրեն-իրեն, մոբիլ ու ստեղծական միջավայրում որքա՜ն կենսական է մեր կրթական ծրագիրը…
Առաջ չընկնենք՝ այս թափ հավաքող զարգացումներն ի՞նչ կբերեն վաղը, փետրվարի 6-ին, երբ հայտնի կդառնան ստուգատեսների հաղթողների անունները: Այո, այնպիսի ստուգատես բերենք մեր հասարակության գլխին, որ դժվար լինի պարտվողի անուն տալը, որ ամեն մի մասնակից հաղթող զգա…
Իսկ ղափամայի հոտը սկսում է գալ… Փետրվարի 7-ին ղափամայի ծեսով «Ղափամա» տոնախմբությամբ, կբաժանվենք իրարից՝ մասնակիցներով, կազմակերպիչներով, հովանավորներով, մրցանակ տվողներով, մրցանակ ստացողներով… Ծնողների-ուսուցիչների-սովորողների մեծ խումբ ուսումնական ծեսի տենդագին պատրաստությունների մեջ է՝ նոր երգ-խորհրդանիշ, նոր ճաշացանկ, դդմի նոր տեսակներ, նոր պարեր, բազմապատիկ ուրախություն… Բաց են կրթահամալիրի բոլոր ութ դպրոցների դռները. համեցեք։
Ինչպե՞ս եմ գնահատում ճամբարային-ստուգատեսային-նախագծային շրջանի առաջընթացը՝ իրար կողք կողքի 2014-ի հունվարի հետ 2015-ի հունվարը, 2016-ի հունվարի զարգացման վեկտորը՝ բոլոր տարիքի սեբաստացիներին տեսանելի դարձնելու համար, որտեղ էլ որ նրանք լինեն… Կյանք է, կարող է շրջադարձներ լինեն. ինչպես Քնարիկ Ներսիսյանի կյանքում, որ միշտ մնալով սեբաստացի, ծափեր ու արցունքներ շաղախված՝ հունվարի 30-ի տոնական մեդիաուրբաթ համերգին, ժամը 15.15՝ Մարմարյա սրահում…
Ցուցանիշ են ընտանիքի մասնակցությունը կամ ստուգատեսներում ընդգրկվածությունը, ստուգատեսների տարածվածությունը… Մարմնամարզությունը, բնագիտատեխնիկական ստեղծագործությունը, թվային միջոցները մարդու անձնական կյանքի, ուսումնական և աշխատանքային գործի, միավորող են՝ իսկը խմբային-ընտանեկան, փորձի-ավանդույթի փոխանցման հրաշալի հարթակներ են ստուգատեսները, ստուգատեսյան ճամբարներն ու նախագծերը… Ահա ձեզ երեք օրինակ. չորս ֆիլմ, որպես հղում, չորս ընտանեկան իրական թարմ հունվարյան պատմություն, որ անընդհատ կարելի է նայել՝ Արփիի ստեղծած ադի-բուդի հեքիաթը, Արենի անիմացիոն թատրոնի ծնունդը, Ալիսայի բռնած կայծակը՝ ննջարանից, Արեգի ավտոպարկը…
Շնորհիվ ընտանեկան աջակցության, ստուգատեսների, ջնջվեցին բոլոր տարիքային սահմանափակումները, ու ընտանիքները հայտնվեցին ստուգատեսների խաչմերուկում… Կրտսեր-միջին դպրոցներում ճամբարային մասնակցություն-հաճախումը հավասարվեց ոչ ճամբարային՝ սովորական ուսումնական օրվա հաճախումներին… Ցուցանիշ է։ 2016-ի հունվարը կանմահանա, ստուգատեսյան-ճամբարային-նախագծային կրթության կարևոր բնագիծ կդառանա, ինչպես 9-րդ դասարանցի հայցվոր Տիգրան Աբրահամյանը նշեց խաղարկային դատարանում՝ իրեն զարդարող ազնվությամբ-կոնկրետությամբ, սեբաստացիների համար սկսեց դատ, և նոր մակարդակում յուրացվեց հեղինակային կրթական ծրագրի ստուգատեսային ուսուցման՝ նախադեպը չունեցող կազմակերպումը: Այստեղից առաջացավ նաև երևույթ՝ նոր ուսումնական նախագծերի, նորամուտների, նախաձեռնությունների՝ ստուգատես ստուգատեսի մեջ… Հորինված ոչինչ. ստեղծագործ-դինամիկ ճամբարային հավաքանու էֆեկտներ են սրանք՝ հայտնի դոմինոյի էֆեկտ անունով… Ծնողական ակումբ-համույթը, որի բեմելը կտեսնեք-կլսեք Ղափամայի ծեսին, չմշկավոր սեբաստացիները, ռազմամարզական ստուգատեսը, որպես բանակին նվիրված օր, ճամբարը՝ անիվների վրա, «Մոնոպոլիա» ուսումնական խաղը, ամենակարող օբյեկտիվը, ընտանեկան անիմացիոն լաբորատորիան… 5 տարեկան Անիի մենաթատրոնը, դասվարների մարմնամարզական խումբը… 2-6 տարեկանների ռոբոտիքսը, նոր ընթերցարան-տոնավաճառը, գեղարվեստական անդրանիկ ֆիլմի նկարահանման մեկնարկը… Առանց ճիգի և դժվարության կարելի է շարունակել և պետք էր անել՝ մեղքի զգացման ծավալը փոքրացնելու համար. որքա՜ն ավելի կոնկրետ ու հեռանկարային նախաձեռնության անուն ես բաց թողեցի, մեղավոր եմ: Ամեն ինչ առջևում է, բարեկամներ՝ և՛ ուսումնական ստուգատես ճամբարները, և՛ իմ օրագիրը: Մնում է, որ առօրյա ուսումնական գործ դառնան թե՛ ստեղծականությունը, թե՛ իմ օրագիրն ընթերցելը…