Ուրեմն լսեք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք… «Շողակնի» «Ես և իմ մուսաներ»-ի՝ 8.3-ի Լուսինե Ալեքսանյանին՝ 2015-ի մեր բոլոր մուսաների հեղինակին, ճանաչում եմ օրորոցից՝ մեր շրջանավարտ-սեբաստացի անգլերենի ուսուցիչ խորոտիկ Նելիի ավագն է՝ իսկական լուս-լուսինե, որ կարող է ասել լուսնյակին.

– Դու մի՛ դուրս գա, ես եմ գալու…

Ուրեմն լսեք.
Ինձ համար ականջակալները ականջներիս նստած երգ էի լսում և հանկարծ ուղեղիս մեջ դռան թակոց լսեցի, բաց արեցի և ինչ տեսնեմ, երեք հատ գեղեցիկ արտաքինով Մուսա կանգնած էին իմ առջև։ Ես նրանց ներս հրավիրեցի և մենք սկսեցինք ասելխոսել։ Նրանք ինձ հետաքրքիր 3 միտք հաղորդեցին։ Առաջինը այսպես է կոչվում՝Որքան ավելի անբովանդակ է կյանքը, այնքան ավելի ծանր է այն։
Երկրորդը, այսպես՝ Ընդամենը մեկ հնարավորություն։ Իսկ երրորդը, այսպես՝ Քրտինքն աշխատանքի արցունքն է։ Եվ ահա, իմ մուսաներն ինձ երբեք չեն լքում։ Ճիշտ է լինում են պահեր, որ նրանք ինձ օրերով մոռանում են, բայց վերջում ինձ մոտ են վերադառնում:

Այս ե՜րբ մեծացավ, քիչ է, հասունացավ… Տեսեք-տեսեք… Գիտեք, մեկ-երկու ամիս «Շողակն» բլոգով հետևում եմԼուսինեին՝ տեսեք՝ ինչ ճանապարհ է անցնում իր հետևողական-նպատակասլաց աշխատասիրությամբ, տեսեք, իմացության ինչ բարձունքներ է հաղթահարում՝ ամենօրյա ուսումնական ջանքերով: Կեցցես, Լուս ջան:

Նարե, Արեգ, Հրաչ և Լևոն սեբաստացի սովորողների հայրը՝ կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը,«Շողակն»-ի հրապարակումների առիթով զարմանում է. «Էս երեխեքին էսքան իմաստություն որտեղի՞ց» … Բա «Առականի»-ն ու «Թարգմանիչ»-ը, բա ֆիլմադարանը, … Բոլորն էլ նոր նախաձեռնություններ, որ կներկայացվեն, վստահ եմ, 2015-ի Հանրակրթական դիջիթեքումՀասարակագիտական ստուգատեսում:
– Էս ե՞րբ են առանց տարիքով մեծանալու այսպե՜ս վախեցնելու չափ հասունանում…

Հիմա դու սրան, եղբայր իմ, Արամազդ, այս «հանկարծ հասունացմանը» նայիր որպես մանկավարժական ֆենոմեն, էս երեխեքի ուսուցիչների տեսակետից… Բա՜… Չծերանան, չնայած հոգսաշատ կենցաղով առաջացող տարիքին, ու անընդհատ ասելիք ունենան՝ մոբիլ-ստեղծական-բաց կրթական միջավայրում ուսուցչի ոչ ֆորմալ ազդեցությունն ու կարգավիճակը չկորցնելու համար… Մեր կրթական ծրագիրը, տեսեք, ինչպիսի բարդ խնդիր է առաջ քաշում և հանդգնում լուծել՝ առանց հասարակական կազմակերպված-մեծացող աջակցության… Բա՜, խորհրդի նախագահ ջան… Դժվար է այս խոսակցությանն այստեղ վերջակետ կամ բազմակետ դնելը, իբր, շարունակելի է, ամեն ընթերցող թող իր խոսքն ասի… Ո՞ւմ ասի… Փակ դպրոցական համակարգում, ինչպիսին որ կա, այս խնդիրը չկա. դպրո՛ցն էլ, իշխանությո՛ւնն էլ, հասարակությո՛ւնն էլ մռայլ երրորդությամբ փակել են այսպիսի հարցերը. ուսուցիչը հանձնված է ինքնապահպանության, ինքն իրեն խոսելու, վստահելի խմբերով անկյուններում բամբասելու… Իսկական սովետ… Երեկ ստացանք 2014-ին ատեստավորված մեր ուսուցիչների հերթական խմբաքանակի գործերը՝ ատեստացիոն հանձնաժողովի որոշումով նրանք համապատասխանում են զբաղեղցրած պաշտոնին … Թղթեր գրվեցին, շրջանառվեցին, «արդյունքները» կարտացոլվեն վարկանիշներում… Ահա, խնդրեմ, այսպիսի թարմ հանձնարարություն… «Հանրակրթական դպրոցներում հունվարի 28-ը՝ Հայոց բանակի օրը, պատշաճ մակարդակով նշելու համար անհրաժեշտ է հայ զինվորին ուղղված նամակի տեքստն ուղարկել Ձեր դպրոցի շրջանավարտ, այժմ հայոց բանակում ծառայող զինվորներին»… Եվ կարևորը՝ դպրոցի սովորողի անունից… Սովետի վերադարձը…

Ընթերցողի հարցը.
– Դուք սիրով-հետևողական ներկայացնում եք օրագրում կրթահամալիրի նախակրթարանները. իմ շրջապատում շատերն իրենց երեխայի-թոռան համար նախօրոք տեղ են ապահովում ձեր պարտեզային խմբերում. ձեր դաստիարակները լավ համբավ ունեն: Ի՞նչ պիտի անեք, երբ հագենան ձեր մանկապարտեզային խմբերը. հերթագրելո՞ւ եք, ինչպես քաղաքի պարտեզներում: Չե՞ք պատրաստվում նախակրթարաններ բացել քաղաքի մյուս արվարձաններում, կենտրոնում…

Շնորհակալ եմ, ես հավանում եմ մեր պարտեզները. այսօր եղա մեր Քոլեջի նոր, դեռևս չգործող պարտեզային խմբասենյակում՝ լրիվ պատրաստ է ընդունելու 2-5 տարեկաններին: Այսօր սկսեցինք Դպրոց պարտեզի 2-4 տարեկանների մի խմբասենյակի նորացման աշխատանքները… Մինչև 2015-ի սեպտեմբեր ևս երկու մանկապարտեզային խումբ կբացենք Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսերում… Հագեցում թույլ չենք տա. հերթագրումն առաջիկա 2 տարում բացառում եմ… Մենք սիրով պատրաստ ենք 2-3 այլ նախակրթարան-մանկապարտեզ բացելու… Ես խոսել եմ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հետ՝ կաջակցի: Առիթի դեպքում՝ ուղղակի, նաև հեռուստաեթերով դիմել եմ քաղաքապետին. հատկացրեք շենք-շինություն, կարճ ժամանակում կունենաք մեր պարտեզի նորացված մասնաճյուղը կամ ինքնուրույն պարտեզ… Եթե պետք է խնդրել, խնդրում ենք… Ինչո՞ւ չեն առաջանում ծնողական խմբեր, որ իրենց քաղաքապետին ներկայանան այսպիսի առաջարկով, պահանջով…

Ձմեռային ուսումնական ճամբարում նոր նախաձեռնություններ ու գործընկերություն է։

Մեր ընտանեկան ստուգատեսը շարունակվում է. Դավիթը հանկարծ որոշեց իր լեգոներով տորթ պատրաստել ու անձամբ, «էքսկլյուզիվ» շնորհավորել «իր Նառային»…

Գեղարվեստի նախակրթարանից հայտնի Արեգը ստուգատեսյան շարք է անում՝ իսկական մանկավարժական սերիալ… Ոգևորվել է մանկավարժական սերիալով նաև Մերի Առաքելյանը, ուզում է Դավթի հետ երաժշտական պարապմունքներ անցկացնել, որոնք կդառնան տեսադասեր: Սիրով պատրաստ ենք մեր բնակարանը վերածելու իսկական TV տաղավարի… Ի՞նչ, Բաբուջյան Կարինեն դասարան-խմբասենյակը կվերածի TV տաղավարի, մենք չե՞նք անի… Կա-նե՛նք…

Ստուգատեսին ներկայացրած կրթահամալիրի Նոր դպրոցի նախակրթարանի 3 տարեկան սեբաստացի Տիգրան Խաչատրյանի «Իմ խաղալիքը» տեսա-պատումի մասին առանձին ասեմ… Մեր մաթեմատիկայի ուսուցիչ, մեր Վարժարանի շրջանավարտ Լիանա Հակոբյանի տղան է Տիգրանը. իմացեք, Սյուզի և Լիանա Հակոբյան  քույրիկները կրտսեր դպրոցականների համար մաթեմատիկան տարիներ շարունակ պահում են որպես գրավիչ գործունեություն: Լիանայի բլոգն ուսուցանող է, օգտակար՝ նաև շատ դասվարների համար: Մաթեմատիկայի, դրա ուսուցման մեթոդիկայի դասավանդումը քոլեջում ոչ միայն Լիանայի աճող վարպետության արդյունք է, այլև, տեսեք, խթանում է նրա մանկավարժական աճին, օգնում իրականցնելու մեր հեղինակային մանկավարժությունը տանը՝ իր ծնած-պահած Տիգրանի և Եվայի համար: Չեն կարող մեր ուսուցիչները երկու կյանքով ապրել. միաստվածության ընդունման-հաստատման 2015-ում ենք բոլորս ապրում, չեն կարող մեր անձնական երեխաները, ընտանեկան մանկավարժությունը չլինել մեր մանկավարժության տարածքում:

«Հայերն ապրում են մեծ տրավմայով հանդեպ թուրքերի, և թուրքերն ապրում են վախով (պարանոյա) հանդեպ հայերի: Մենք երկու կլինիկապես հիվանդ պատահելիքներ ենք: Ո՞վ կբժշկի մեզ: Ֆրանսիական խորհրդարանի որոշո՞ւմը: Միացյալ Նահանգների խորհրդարանի որոշո՞ւմը: Ո՞րը կտա դեղատոմսը: Ո՞վ կլինի մեր բժիշկը: Հայերը թուրքերի դարմանն են: Թուրքերը հայերի դարմանն են: Բացի սա, չկա բժիշկ, և ոչ էլ նշանակում․․․Երկխոսությունը միակ նշանակումն է: Բժիշկը յուրաքանչյուրն է մյուսին: Սրանից բացի լուծում չկա․․․»:

Ըստ հասարակագետ, «Տիգրան Հայրապետյանի օրեր կրթահամալիրում» հասարակագիտական ստուգատեսի 2015-ի համակարգող Աշոտ Տիգրանյանի, այս տողերը պատկանում են Հրանտ Դինքին… Հիմա նորից կարդացեք ասելիքի պարզությամբ-կոնկրետությամբ-ամբողջականությամբ թևաթափ անող այս տողերը… «Հրանտ Դինքի չլռող ձայնը»ուսումնական նախագիծը կտեսնե՞նք մարտի 18-19-ի հասարակագիտական ստուգատեսում, ինչպես  նախատեսել են Միջին դպրոցի սովորողները՝ նույն Աշոտ Տիգրանյանի մասնագիտական ղեկավարությամբ…

Անգլերենը խնդիր չէ հանրակրթական դպրոցում, ինչպես և ռուսերենը, մի՛ բարդացրեք, ամոթ է… Իրինա Ապոյանի՝ Գեղարվեստի կրտսերի և Նոր դպրոցի 4-րդ դասարանների «Ուրախ անգլերենը», որպես կյանք, ինչ լավ պատասխանում է իմ հարցադրմանը: Յուրա Գանջալյանը երեկ ոգևորված պատմում էր, որ իր անգլիախոսների ակումբում ճամբարային սիրելի գործն է անգլերեն քննարկումներ անելը. հետաքրքիր խնդիր է՝ սիրով ժամերով անգլերեն սկսում են քննարկել… Բնագիտությունն էլ, Դիջիթեքն էլ, օտար լեզուներն էլ խնդիր չեն… Խնդիրը սովորողի կյանքն է՝ դպրոցում, տանը, պարտեզում, որ միասին ապրենք, մտածողության զարգացումը, մայրենիով՝ մշակույթի հայտնաբերումը, յուրացումը և փոխանցումը, այո, մշակույթը ներկայացնելը, թարգմանելը, քո մեջ եղած, քո, քո դպրոցի, քո ընտանիքի, քո երկրի ստեղծած լավագույնը աշխարհին ներկայացնելը… Ահա ինչու, անհոգնել ծափահարում եմ՝ ջան, 2015-ի ճամբար ջան, որ բոլոր թերություններով հանդերձ, նկատելի առաջ է ուսումնական ձմեռային ճամբար 2014-ից… Այս փաստն արձանագրեց և կրթահամալիրի խաղարկային դատարանը՝ իր երեկվա ուորոշմով… Բայց այս մասին ավելի ուշ, երբ խաղարկային դատարանի աշխատակարգի պահանջով կստանամ դատավոր Վահրամ Թոքմաջյանի՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացրած որոշումը…

Ինչքա՜ն բան կա պատմելու… Խենթանում եմ հունիսյան ամառային ճամբարի տեսլականով, որ պայծառանում է, որքան էլ սեբաստացիները Ծաղկաձորում ձմեռային տրամադրություն են փորձում փոխանցել մեզ՝ անձյուն Բանգլադեշում մնացածներիս…
– Գժությո՜ւն, – լիներ Նազենի Հովյաննիսյանը մեր կողքին ու բացականչեր… Ա՜խ, Նազենի քույրիկ, մոլորվել ես, քեռուն կորցրել… Աո՜ւո՜ւո՜ւ…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքներս մեզ համար գործատու-գործաստեղծ

Մեքենայով, երկար ճանապարհ… Ի՛նչ արած, աշխատանք է, ու այնպիսին պիտի դարձնես, որ դառնա Տոն, Տոն-ական… Միքայել Ղազարյանի ու Տաթև Համբարյան խորամանկների (խորը-մանուկներ), իմ ու Գևորգ Հակոբյանի մայիսի 28-ի ճամփորդությունը մտածված

Աշնան քամու բերանն ընկած տերևի պե՞ս…

Սեբաստացու այս օրերը, Թբիլիսիից նախագծային խմբով վերադառնալուն պես, դեպի նոյեմբերի 18՝ համայնքային տոն, նոյեմբերի 13-17-ի յուրաքանչյուր օրը, որքան քամին ուժեղ՝ աշունը խորն ու գունեղ, իմն է. իմն է ուշ աշունը։

Այն գաղտնի հրեշտակը, որ գաղտնի աշխարհներից է…

Արմինեից էլ հոգատար մա՜րդ քո կողքին… Ամեն ինչ արեց. էս տեսակ՝ մաշկով օրը ապրող մարդու համար ավելի ու ավելի դժվար կլինի, ու իրիկունները՝ հանգույցով, գորդյա՞ն… Լավ է, որ քունը դեռ