Արթնացել եմ գիշերը 2-3-ի արանքում՝ Դավթի «ջուր եմ ուզում»-ի՞ց, թե՞ քունս առել եմ… Մինչև ջուրը բերեցի, Դավիթը քնեց… Շան տղա… Արթուն լիներ, կասեր.

– Ես հայրիկի շան տղեն եմ…

Սա ավագ եղբորիցս է մնացել. նրա կարոտի արձագանքն է, երևի… Մեկ էլ, երբ խոսում եմ Վահրամի զոքանչից ու ծիծաղում… եղբորս ծիծաղի ձայնն է. հայելու մեջ նայելու պետք չունեմ՝ եղբորս դեմքն է… Իսկ շարժումներով ես ավելի շատ Գագիկ եղբորս եմ նման… ով ինձ հանգիստ չի տալիս… Ինչպես հիմա Լևոն Խեչոյանը, Մարգարիտ Սարգսյան ջան… Լավ-վատը ձեզ մնա, համա թե խասյաթով ենք Բլեյան քույր-եղբայրներով…

Քանի՜ անգամ Լևոնի հետ պայմանավորվեցի իր այցի մասին՝ 2013-ից առաջ, իհարկե… Խեչոյան Լևոն վայելքի համար պարտական եմ քաղաքական-քաղաքացիական պայքարի երևանյան հարթակներին… Հատկապես 2008-2009-ին, երբ Ազատության հրապարակը, հիշում եք, զինվորներով փակ էր քաղաքացիական ելումուտի համար, և մենք իմ չհավանած Հյուսիսային պողոտայում էինք դիրքավորվել՝ Ազատության հրապարակի մատույցներում… Լևոն ջան, եղբայր իմ, ես քո մոտ ակնածանքից առաջացող կաշկանդում ունեի, կորցնում էի նախաձեռնությունս, լսում էի քեզ՝ քո քննախույզ հայացքը չնկատելու տալով… Դու, գրողական քո կերպի մեջ, ուզում էիր լսել նշանավոր Աշոտ Բլեյանին… Վստա՞հ էինք, որ հանդիպելու ենք քո տանը, քո Հրազդանում, իմ տանը, իմ դպրոցում… Ինչքան անփո՜ւյթ ենք մարդո՞ւ, թե՞ ժամանակի, թե՞ մարդու և նրա ժամանակի հանդեպ… Ափսո՜ս, հազար ափսոս… Սա էլ, երևի, Սեյրան Ավագյանի այսօր երգելիք «Սասնա էպոսի» նախերգանքից է… Ես նաև Լևոն Խեչոյանիժամանակակիցն եմ, ինչպես մեր միջի ամենահամեստ-ամոթխած միտք կրող մարդկանցից մեկը, իհարկե, Գրիգոր Խաչատրյանը… Մարգարիտ ջան, ընթերցողների ակումբով մեր տան դուռը բանուկ պահիր՝ մի ձեռքի մատների չափ գործիչների առաջ… Թող գան, որ չուշանա հանդիպումը մեր ժամանակի հերոսների հետ… Այո´, Լևոն Խեչոյանն իմ ժամանակի հերոսն է: Ես դա գիտեմ: Թումանյանի նման ասեմ՝ ես ջնջելական եմ, որ սկսեցի հաշվե՜լ, մի ձեռքի մատներս էլ շատ կլինեն…

Դավիթը ո՜նց է վախենում հիմա գնացքից ու կայարանում կպել է ինձ՝ թունելի կողմ չի նայում… Տիկին Ֆրիդայենց տանից հետո, շնորհակալ եմ Մերի Առաքելյանին, որ միացավ մեզ, երբ մետրոյի գնացքով տուն էինք գալիս, ոտքով անցնում էինք ձյունառատ Օղակաձև այգով…

Ուղիղ մեկ ժամ կարդացի, դեռ mskh.am-ի 1-ին էջը չեմ կարողանում թերթել, պոկվել ընթերցումից, որ անեմ օրվա գիրս…

Հարգելի «Առականի» բլոգ, իմ սիրելի Գեորգի Թևոսյան, ես դեռ չեմ կարդացել ձյան փաթիլների մասին քո օրվա առակը, Դավիթն էլ, պիտի որ չիմանա… Բայց տեսեք, Դավիթը որքա՜ն մանրակրկիտ, ոտքերով-ձեռքերով շփվում է ձյան, ձյուն դարձած փաթիլների հետ… Ափսո՜ս, որ այգում մենք միայնակ ենք, այդպես էլ չի հասկացվում՝ որտե՞ղ են «ձմեռում» երևանցիները, եթե ոչ իրիկնային ձյունառատ այգիներում, հազար ափսո՜ս, որ Արմինեն վատառողջ է. դե, ինչքա՞ն կարելի է հետաձգել այցը տիկին Ֆրիդային, Դավթի հանդիպումը ձմռան հետ… Հետաձգելն անցած տարում չէ՞ր, այդպես չանցկացրի՞նք 2014-ը… Նոր տարի է, օրվա, չէ´, չէ´, Սրբազան վայրկյանի տարի… «Ու մենք կհալվենք և ընդմիշտ կանհետանա՞նք», Գեորգի ջան… Իսկ Էրիկ Ոսկանյանի բանաստեղծական կառույցի «Հիսուսին կամ Ալլահին»՝ ես ասում եմ՝ Հիսուսին և Ալլահին մենք (ես) ճանաչելու խնդիր ունեմ… Տեսեք, այս աշխարհը մարդու կողմից չճանաչված Հիսուսի և Ալլահի հակադրության արդյունքում չէ՞ երերացող-ահաբեկչական ժամանակն ապրում, որ, տեսեք, 100 տարի մարդկությանը ցնցելու օրվա խնդրով տարված՝ չտեսնելու ենք տալիս Իրաք-Սիրիա-Լիբանան-Իրան Արևելքից հայոց հերթական բռնագաղթը… Եթե բանաստեղծությունը, եթե «Լուսաստղը», եթե Աստծուն (Հիսուսին և Ալլահին) ատելը միջոց են, Էրիկ Ոսկանյան, նրանց ճանաչելու համար… Իհարկե: Ուրախ եմ:

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահը հենց այդպես էլ մտածված է՝ որպես նոր ակումբ ընթերցասերի… Մի գրում՝ Էրիկ, Նարեկ, Գեորգի, «Շողակն»-ի գոհարներ… Ի՜նչ հետաքրքիր է Միջին-Ավագ դպրոց վարժարանում կյանքը դարձել… նկատել ե՞ք… Ահա ինչու ես ընդհատում եմ այստեղ իմ օրագիրը. մասնակցելու եմ ժամը 11.00-ին ձմեռային դպրոցի 2-րդ օրվա պարապմունքի ծրագրով Միջին-Ավագ դպրոց վարժարանի Հանրակրթական դիջիթեք 2015-ի պատասխանատուների հավաքին… որ չընդհատվի այս՝ ինձ ոգևորություն պարգևած ու թև տված զրույցը… Միջին դպրոցի Ալեն Ավետիսյանը, ով Մարի Գաբանյանի «աղջիկների» հետ ուսանող դառած Շուշան և Արտավազդ Սողոմոնյանների, հավերժ գրադարանի աղջիկներ Զառա ու Լիաննա Առաքելյանների հետ պարելով՝ նոր ընթերցասրահի շարունակ ընդարձակվող տարածքն են յուրացնում-նվաճում-բարեկարգում (Մարի ջան, մենակ թե գործով տարված չմոռանաս աղջիկներիդ մի մասին, Արմինե Բաբայանին էլ հետը, այս տարի մարդու տաս. աղջկա գնացողն է լավ), հանկարծ մոտեցավ ինձ ու սպասելի հարց տվեց.
– Տիար Բլեյան, ինչո՞ւ այս տարի ուսումնական ճամբարի ժամանակը փոխվեց՝ դեկտեմբերից բերվեց հունվար…

Ես չխուսափեցի իմ պատասխանից՝ հետաձգելով այն հունվարյան ճամբարից հետո. ոչ միայն որ լինի-տեսնենք-համեմատենք, այլ որ հարց է՝ ուղղված ոչ միայն ինձ. հեղինակային կրթական ծրագրերի իրագործումը, ըստ Հանրակրթության մասին օրենքի սահմանման «առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր» է, մշակվում է «մանկավարժական որոշակի համակազմի կողմից»։ Գեորգին և մյուսները (մնանք օրվա գրի շրջանակներում), նշված բլոգները վկա, մասնակցում են հեղինակային կրթական ծրագրի բովանդակության ստեղծմանը, ավելի ու ավելի լիարժեք ինչո՞ւ պիտի չմասնակցեն ուսուցման կազմակերպման ձևերից մեկի՝ Օրացույցով ուսուցմանը, հենց օրացույցի կազմմանը, նրա փոփոխությանը… Մասնակցեն: Ես էլ, հարգելի Գեորգի, այդպես պատասխանեցի, 2015 Նոր տարվա արդեն հին դարձած պատասխան, որ դեռ շատ կկրկնվի… Դրանից ուր փախչե՞ս, մեր կյանքն է…

Վրաստանի Մառնեուլի Շուլավեր գյուղի բնակիչ Սաքոյին (այդպես վերջում ներկայացավ) հանդիպեցի տարեմուտին, օրեր առաջ… Վաթսունն անց, Բանգլադեշում վարձով ապրող Սաքոն տուն-տեղը-հողը թողել է Շուլավերում՝ տաքսի ծառայության մեքենա է վարում. ուրիշ ի՞նչ անի՝ երեխաները Երևանում են, թոռներին մոտ լինի, կնոջ հետ Շուլավերում ի՜նչ անի… Աշխույժ, հեշտ խոսքի բռնվող, մտքերը ճշգրիտ ձևակերպող Սաքոն անմիջական արձագանքում է բոլոր հարցերին… Հողից օգուտ չկա… Հողի վրա աշխատելու հավես չունի… Յոթ հեկտարի չափ հողը վարձով տվել է ադրբեջանցիներին… Չեն խաբի, երբեք: Ինքը սրանում համոզված է. ծնվել, մեծացել է Շուլավերում, ապուպապերը Տաճկահայաստանից են, կան նաև Ղարաբաղից շատ առաջ տեղափոխված հայեր… Ողջ կյանքն անցկացրել է ադրբեջանցիների հետ… Թուրքն առևտրի մեջ չի խաբի երբեք, եթե ախպերացավ, վերջացավ, հավատարիմ կլինի, հատկապես՝ հային… Այս ողջ շրջանում՝ 1988-ից սկսած, դրանից առաջ, ոնց որ ախպեր-դրկից ապրել ենք, այդպես էլ շարունակում ենք ապրել… Թշնամության, անհասկացության, գողության ոչ մի դեպք չի եղել… Թվաքանակով Մառնեուլում ամենաշատն են թուրքերը,  հետո վրացիք են գալիս, հետո՝ հայերը… Հայերը հալվում են, պակասում… Աշխատանք չկա…

– Էդ ո՞նց,- հարցնում եմ,- ադրբեջանցիների համար կա, նրանք շարունակվում-բազմանում են, նույն հողից բերք ստանում, դեռ հայերից էլ վարձակալում, իսկ հայերը… Բանգլադեշո՞ւմ են…
Տեղ հասանք:
– Ես Բլեյան Աշոտն եմ:
Լսե՞ց Սաքոն:
Վճարեցի, իջա:

Մեր Գեղարվեստի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբի նշանավոր Արեգ Պարսիլյանի բլբլոցը ներկայացնում էտիկին Աիդա Պետրոսյան տատիկը։

– Որ մեծանամ, բանակ եմ գնալու, նկարիչ եմ դառնալու ու երկնքի գիտնական, որ վերջապես իմանամ՝ ինչ ա կատարվում տիեզերքում:

Երկար ժամանակ մեքենայի մեջ լուռ էր, ինչ-որ մտքի վրա կենտրոնացած:
– Աիդ, գիտե՞ս ինչ էի մտածում:
– Ի՞նչ:
– Ոնց անեմ, որ էս մեքենան առանց բենզինի ու առանց գազի աշխատի: Ախր դրանց վրա շատ ենք փող ծախսում:
– Եվ…
– Ոնց որ մի բան մտածել եմ, բայց լրիվ չեմ գտել: Հըլը էլի պիտի շատ մտածեմ:

Արեգը մտավ իմ սենյակ.
– Աիդ, մի բան ասե՞մ:
– Ասա:
– Ինչի՞ են մեծերը հիմար կատակներ անում ու ծիծաղում դրանց վրա:
– Բայց ծիծաղելի կատակներ են լինում, Արեգ ջան:
– Գիտեմ, ես նկատի ունեմ հիմար մեծերին:

– Աիդ, ես ձմեռ պապից թաքուն իսկական ցնցուղ էի ուզել, որ ամռանը այգում իմ աճեցրած բույսերը ջրեմ,  բայց չբերեց: Խեղճը երևի ամռանը չի եկել, չգիտի էլ ցնցուղն ինչ է: Բա ի՞նչ պիտի անեմ:
– Մենք քեզ համար կգնենք:
– Ուրեմն Ձմեռ պապին ես անպայման պիտի տեսնեմ, որ ցնցուղս ցույց տամ:

Սա էլ մեր Բլեյան զարմից՝ Նեկտար ավագ քրոջս ծոռ Հայկազն է,  պատմել եմ, իր դոկտոր դարձող տարածաշրջանի ամենաբարձրահասակ արևելագետ հոր հետ։ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սիրասուն կանայք հայոց աշխարհի…

Շաբաթ` մարտի 5-ին, Մայր դպրոցում Մարի Գաբանյանը աշխատանքային եռուզեռի մեջ էր: Սպասվող բնակարանամուտի պատրաստությամբ էին զբաղված գրադարանի մի խումբ աղջիկներ` Ավագ դպրոցի սովորողներ, անբաժանելի Նոնան, ամենավարպետ Պետոն, Վահրամը Մարտիրոսյան… Մարին

Լռությա՞ն, փիքրի-մտածումի՞, անկեղծությա՞ն, որոշումների՞… ինչի՞ օր…

Դե, խոսե՛ք, բան հասկանանք… Շաբաթ օրով, լույսը բացվելուն պես թաքնված տեսախցիկով-ձայնագրիչով անցնում եմ երևանյան բոլոր բակերի հավաքատեղիներով-տաղավարներով, նստած նարդու-թղթախաղի շուրջ, պարզապես խմբված մարդկանց տեղերով։ Այսպես՝ ամբողջ օրը։ Ինչի՞ մասին են

Մեծ հիացողը. ո՛չ ընկրկողը, ո՛չ սարսափահարը, այլ հիացողը

Որքա՜ն տպավորիչ են Արման Երանոսյանի, Մերի Թելունցի նախաձեռնությամբ «Տնտեսական միամսյակի»՝ մեկը մյուսին հաջորդող հավաքները: Հավաքներ եմ ասել՝ որպես ուսումնական պարապմունքի հեղինակային ձևեր, երբ տարատարիք սովորողները՝ սկսած 6-րդ դասարանից մինչև 12-րդ