Փորձում եմ մանկավարժորեն շեղել Դավթին «համբալը» վատ իմաստով օգտագործելու գայթակղությունից՝ «համբալն» անբանը չէ, բանող, աշխատող մարդն է. բա ես համբալ չեմ, ի՞նչ եմ, է…
– Իմ համբալն էլ ե՞ս, հայրիկ…
– Իհարկե…
– Մայրիկի՞նն էլ…
– Անշուշտ…
Տո մայրիկի մայրիկինն էլ, Աստված հոգին լուսավորի… Բոլոր սեբաստացիների՝ որտեղ էլ լինեն, բա առավոտից գիշեր ո՞ւմ համար եմ համ էլ բանում… Բա էս օրագիրը՝ իր 190 անընդհատ գրով, մարդո՞ւ գործ է, բոռը սա կանի՞… Չէ, մեղվի պես բանո՛ղը կանի… Արմենը հենց ծուլանում է (ենթադրում եմ, որ Արմենից է յուրացրել այս փաղաքշական դիմելաձևը, բա հո քույրիկ Տաթևիկից կամ Շուշոյից չէ՞), աշխատանքը բեռ է դառնում, տանողը՝ բեռնակիր կամ համբալ…
Մեկ էլ Դավիթը քույրիկի նվիրած հեծանվով թափով մեծ շրջան է անում, առավոտ 8-ն է արդեն, պիտի լողանա.
– Ա՛յ հոգնածներ, պրծեք, շուտ արեք, ուշանում եմ…
Հիմա նա ո՞նց կհասկանա, թե ինչ է «հոգնած», երբ Արմինեի բնորոշմամբ երկու չհոգնող Բլեյանի հետ է ապրում։
Մարդիկ, հայտնի մարդիկ, կազմակերպություններ շարունակում են շնորհավորական՝ թանկ թղթե բացիկներով ու ծրարներով՝ հայտնի խոսքերով շնորհավորանքներ ուղարկել… Ի՞նչ են տալիս ընդունված-ստանդարտ-չարչրկված շնորհավորանքները… Հետո ի՞նչ անես այդ բացիկները…
Մենք արդեն քանի՜ տարի մեդիա-շնորհավորանքներ ենք ուղարկում… Այ, այսպիսի…
«Հանրակրթական Դիջիթեք 2015»-ն ունի այսպիսի անվանակարգ՝ Ամանորի, Սուրբ Ծննդյան Դիջիթեք… Սկսենք մեդիան ողողել շնորհավորական էլեկտրոնային բացիկներով, մտահղացումներով, նախագծերով… Ո՛չ նոր տարին է ավարտվել, ո՛չ էլ Սուրբ Ծնունդն է սկսվել Հայ առաքելական եկեղեցու օրացույցով։
Ամանորյա հանդեսներ՝ դեկտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին… Երեկ Ձմեռ պապը՝ իր Ձյունանուշով, Նոր տարվա ծաղրածուներով, Գեղարվեստի, Քոլեջի, Նոր դպրոցի նախակրթարաններում էր՝ անհատական նվերներով յուրաքանչյուր մեր 2-5 տարեկաններին, նախակրթարանին… Ի՜նչ լավ են կերպափոխվել դաստիարակները, նրանց օգնականները… առանձին ծնողներ… Ծնողները պիտի ոչ միայն հանդեսների նախապատրաստմանը մասնակցեն, որը շատ կարևոր է, այլև բուն տոնին… Լինեն երեխայի հետ տոնի լիիրավ մասնակիցը՝ հագուստով, տրամադրությամբ, երգելով-խաղալով-պարելով… Մեքենայի մեջ, մուտքի մոտ թողնեն առօրյան՝ իր հագուստով-հոգսերով-կարգավիճակով ու մտնեն՝ իրենց երեխայի տոնին լիարժեք մասնակցելու… Ջերմ, ընդարձակ, ուրախ, գունեղ, ճաշակով, ազնիվ… Ոչինչ չի խանգարում բոլորով այս կերպը հաստատելու՝ կրթահամալիրով մեկ: Մյուսը պիտի լինի՝ չէ՛. և վերջ: Ինչո՞ւ չի արվում սա մեր կրտսեր դպրոցում՝ 1-5-րդ դասարանցիների համար, մեր Միջին դպրոցում… Եկեք մեկընդմիշտ ու վերջնական պայմանավորվենք՝ տոնում ենք Ամանորը միասին՝ երեխայի դպրոցում, նախակրթարանի խմբասենյակում թե Մարմարյա սրահում՝ ծնողներով, սովորողներով և ուսուցիչներով… առանց որևէ բաժանարար գծի…
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12.00, Մեդիա կենտրոնում ես բաց, հրապարակային կամփոփեմ տարին՝ 2014-ը: Սա«Սեբաստացի» TV-ի և ռադիոյի նախաձեռնությունն է, կրթահամալիրային ԶԼՄ-ների հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ… Կմասնակցե՞ն հայաստանյան մյուս խմբագրությունները, TV-ները… Վստահեցնում եմ, դրանից մեր կյանքում, իմ տրամադրության մեջ ոչինչ չի փոխվում. բարով գան. մեր դռները, մեր սրտերի, մեր մտքերի պես բաց են, մենք ուրախանում ենք, հարգանքով ենք վերաբերվում, իհարկե, յուրաքանչյուրին, ով հետաքրքրված է մեզնով, գալիս է մեր տուն: Ինչպես Թբիլիսիի Գլդանի թաղամասի (իրենց Բանգլադեշն է) ուսուցիչների մեծ խումբ, որոշել էհունվարի 11-14-ին այցելել մեզ, ծանոթանալ մեր մանկավարժությանը, մեր միջոցով՝ Երևանին, Հայաստանին… Բարով գան: Հագեցած օր ենք խոստանում, անկեղծ-իմաստավոր շփում… Լավ է, երբ տարին սկսում ես այսպես, որպես ժողովուրդ՝ ժողովուրդ եղբայրների հետ: Մենք Հայաստան ենք եղել ու կանք այսօր. մեր մանկավարժության հերոսն ուսուցմամբ-դաստիարակությամբ իր տաղանդը դրսևորող, կարող դարձող ու կարողություններով իր Հայաստանը շենացնող մարդն է՝ 2 տարեկանից սկսած, Գեղարվեստում, Վարժարանում, Արհեստագործականում՝ առանց բացառության դիմակահանդեսին պատրաստվող յուրաքանչյուր պատանիով…
Դավիթ Բլեյանի զրուցարանից
- Էստեղ կարո՞ղ եմ վեր ընգնեմ, խոսեմ:
- Աշոտ Փաշինյանը չի գալո՞ւ: Ե՞րբ է գալու։ Որտեղի՞ց է գալու։
- «Գիժ» ի՞նչ է նշանակում:
- «Հիմար» ի՞նչ է նշանակում:
- «Խելառ» ի՞նչ է նշանակում:
- «Գլուխդ թաղեմ»՝ ի՞նչ ասել է, հայրիկ:
- «Ապուշ» ի՞նչ է նշանակում:
- «Բոռը» ի՞նչ կենդանի է, հայրիկ: Բոռերը մեղուների հետ ե՞ն ապրում։
Դավթի հարցերը
- Բոռերն են շա՞տ, թե՞ մեղուները:
- Բոռերն է՞լ են կծում:
- Ես ռուսերեն ասե՞մ, թե՞ հայերեն:
- Ես հա՞յ եմ, հայրիկ, ռուս չեմ դառնա՞:
- Ռուս ո՞նց են դառնում:
- Դու հայերեն ե՞ս հասկանում…
Սպասված էր Շուշանի այցը… Պիտի գար, որ մեր տան մեծ տոնածառը դներ… Շուշոն եկավ, ինչպես միշտ, Դավթի համար խելացի-հնարամիտ նվերներով… Տոնածառի խաղալիք քինդեր ձվիկների գաղափարը Դավիթը տեղում ջախջախեց… Մինչ մենք զբաղված էինք խոհանոցով (սոված էինք), մի շնչով կերավ… Իզուր տեղի տվեցինք. ի՞նչ էր պետք անել՝ լեգիտիմ ուժ-արգելք կիրառե՞լ, վերցնել-պահե՞լ… Իհարկե: Այդպես կլինի այսուհետ. «չէ»-ն, եթե չէ է, պիտի որպես արգելք, որպես կարգավորիչ, որպես պաշտպան գործի, որպես անվտանգության երաշխավոր, որպես այլոց իրավունքների պաշտպան՝ առանց խտրության ու կամայական մեկնաբանության կիրառման գործի…
Իսկ իրիկունը Դավթի ջերմությունն սկսեց բարձրանալ. չգիտեմ՝ դա կապվա՞ծ էր (ինչպե՞ս) քինդեր ձվիկի կլանման հետ… Դավիթը մեր աչքի առաջ թուլացավ… Ի՞նչ անենք այս կամային լակոտի հետ՝ ո՛չ ջերմաչափ է ուզում տեսնել, անունը լսել, անգամ, ո՛չ թեկուզ քաղցր դեղ… Համ էլ ուժեղ է… Պետք էր տեսնել Շուշանի շփոթմունքը, խեղճանալը… Դավիթը՝ Շուշանի գրկում… Տեսարան է… Դե, հին տարի է՝ այսպես է գնում՝ չուզելով-ճանկռելով… Իսկ այսօր Դավթի առաջին ամանորյա հանդեսն է Դպրոց պարտեզում…
Ասենք այսպես։ Չարը, իսկ դա մեր Դավթի համար էլ, Սասունցի Դավթի համար էլ Մսրա Մելիքն է, չկարողացավ զորքով հաղթել Հերոսին, չկարողացավ տմարդի փակել-փտեցնել նրան փոսում, մենամարտի դաշտում չկարողացավ… կիսվեց, հո չմեռա՞վ… Որոշեց աներևույթ, որպես հիվանդություն նվաճել-հաղթել Դավթին… Դավիթ Բլեյանն ակամա ձեռքը տարավ Շուշան քույրիկից ստացած Թուր Կեծակին… Ամբողջ գիշեր անկողնում ձեռքից բաց չթողեց Թուր Կեծակին։ Իսկ առավոտ կանուխ, ժամը 7-ին մոտ, երբ հոգնատանջ մայրը զգոնությունը կորցրել-ննջել էր, Դավիթն իջավ մահճակալից, և ինչ…
– Ուզում եմ ճոճանակ նստել, հայրիկ։
Բարձր ջերմությամբ… Ծո՜ւռ իսկական… Պատշգամբում ճոճանակ նստեց, ճոճվեց մինչև 100 հաշիվը…
– Ուզում եմ լողանամ,- պնդեց մեր Դավիթը ու հակառակ հիվանդապահների բոլոր կանոնների՝ լողացավ… ընդգծված ցուցադրաբար… Այդպե՛ս չհանձնվեց մեր Հերոսը Չարին… Ափսոս, տոնական-ամանորյա հանդեսին էլ չմասնակցեց, բայց իր ծռությամբ չտրվեց Չարին, չթուլացավ…