— Պապ, ի՞նչ ես անում:

– Գրում եմ…
– Ի՞նչ ես գրում…
– Օրագիր:
– Օրագիր ես գրո՞ւմ, հայրիկ, ո՞ւմ համար ես գրում…
Հնչեց, որպես հռետորական հարց. անպատասխան թողեցի…

– Տես, Դավիթ, լույսը բացվել է… Կիրակի է…
– Պապա, կիրակի մանկապարտեզը փակ ա՞… Ես, դու, մայրիկը ո՞ւր ենք գնալու…

Արմինեն մնաց տանը. հայր և որդի Բլեյանները կիրակնօրյա զբոսանք սկսեցին՝ ոտքով կտրելով մեր տան հարևանությամբ գործող նշանավոր Վերնիսաժը. այս անգամ ոչ թե շների-կատուների հատվածն էր մեր հետաքրքրության տարածքը, այլ… գորգերը, կարպետները… Դրանք, դրանցից պատրաստված գլխաշորեր, գդակներ, գոտիներ, խուրջիններ… բոլորն էլ Թումանյան-Աղայան աշխարհքից ծանոթ-հարազատ են Դավիթ Բլեյանին. հատ-հատ նայեց, էնքա՜ն հարցեր տվեց, լսեց. առանձին գրելու նյութ է:

Հետո մետրոյի գնացքով բարձրացանք «Բաղրամյան» կայարանին կպած «Սիրահարների այգի»… Ո՛չ տոնական հագուկապ, ո՛չ մարդիկ… Դատարկ այգում (ցերեկը ժամը 2-ին մոտ) լավ թափառեցինք. հատուկենտ հանդիպող պապիկներին Դավիթը սիրով բարևեց, ներկայացավ, պատմեց իր ծննդյան օրվա շատ մանրամասներ… Հետո, այգու բոլոր բլուրները սիրով հաղթահարած Դավթի հետ ոտքով իջա Բաղրամյանի մայթով դեպի Կասկադ՝ Շուշոյին գտնելու… Վիեննային ավելի շատ այս հատվածներն են նմա՞ն. Շուշոն անգիր գիտի այս կողմերը, իրիկունն ուշ այս կողմերում է իր հավատարիմ ընկերախմբի հետ…

Ազգային ժողովի ընդարձակ այգին, որի վրա, որպես երևանցի, աչք ունեմ, պատմել եմ, փակ էր ու լեցուն շինարարներով… մի տեսակի եզրաքարերն ու սալիկները, բազալտե սալերը փոխարինվում են մի ուրիշ տեսակի նոր ու թարմով… Ահա թե որտեղ են մսխվում «Մեր կրթական պարտեզի»՝ բանգլադեշյան ուսումնական մեծ նախագծին անհրաժեշտ միջոցները. դրա իրագործումը միայն կարող է իմաստ հաղորդել իմ անխուսափելի 60-ամյակին կամ դառնալ միակ արժանի նվերը… Դառը հայացքով չափում եմ փոշու մեջ կորած ողջ տարածքը… Ռուդիկ Սահակյանց, Վահրամ Մարտիրոսյան, ինչո՞ւ չի կարելի այս օգտագործված մեծաքանակ սալիկները դարձնել Նոր դպրոցի պարտեզի անցումներ։

Շուշան Բլեյանն իմ օրագիրը կարդում, նրանից ազդվում է ու Դավթին իրենով անելու հնար է պատրաստել՝ տուփով «քինդեր»-ձվիկ՝ միանգամից երե՜ք հատ… Փառահեղ  քայլեցինք Երևանի աշխարհագրական կենտրոնով, որն անխնամ-փնթի էր… Սա Կոնսերվատորիայի այգի՞ է. Սայաթ-Նովա-Կոմիտաս հայտնի արձաններով, մայրաքաղաքի ամենասրտում, ջերմ, համարյա աշնանային  եղանակով այգին… լքված պահեստ-տարածք…

Մեզ երեք անակնկալ էր սպասում. մեկը մեր շրջանավարտ հայտնի սեբաստացի Վահե Եզիկյանը, ում Շուշանը պիտի հանդիպեր ժամը 5-ին մոտ։ Մյուսը՝ Վահե Հովհաննիսյան-Լիլիթ Բլեյան ընտանիքը ողջ կազմով՝ Սոնա-Արաքսիկով. նրանք մեքենայով անցնելիս նկատել էին աշխարհահռչակ եռյակին՝ առանց թիկնապահ զբոսնելիս, որոշել էին պատիվ տալ «Պիցցա-Լանում» և Դավթին հանձնել Վահեի խոստացած նվերը՝ ամբողջ օդանավակայան՝ ինքնաթիռ-ուղղաթիռներով, սպասարկման բոլոր ավտո-տեխնիկական միջոցներով… Գժություն՝ քիչ հետո կասի Նազենի Հովհաննիսյանի՝ մատուցած փայլուն երրորդ անակնկալի՝ «Ինչ տարբերություն, թե ում հետ» թատերական ներկայացման հերոսուհին. ներկայացում,  որ Կամերայինի լեփ-լեցուն դահլիճում այնքա՜ն տպավորիչ ներկայացրին Նազենին, իմ սիրելի Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Արշո Հարությունյանը… Լավ հանդիսատես էր. Շուշանի հետ շնորհակալ եղանք մեր սքանչելի Նազոյին՝ ներկայացման համար, որի ավարտին, դերասանական հարկաբաժնում խաղաղ, մասնակիցներին սազող զրույց ունեցանք երկար, մինչև Նազենի աստղ Հովհաննիսյանը մեզ հասցրեց տուն…

Նազենիի խաղը, գլխավոր հերոսուհի Ջիլի կերպարը համոզիչ էր… Անխոնջ, ագահ, ամենահաս, անսպառ՝ միշտ խնամված, օրը քանի՜ անգամ է մի հագուստը փոխում մի ուրիշի՝ նկարահանումներ TV-ում, նկարահանումներ կինոյում, թատրոնում, դասախոսություն Թատերական ինստիտուտում, համերգա-հանդիսավարություն, թվում է՝  ամեն մեկն էլ իր ծավալով մի նորմալ մարդու ծանրաբեռնվածություն… Ամեն տեղ էլ կա ու պահպանում է իր հայտնի աստղը… Ի՜նչ ցանկանա քեռին. մնում է մի բան՝ որ 2015-ը Նազենի Հովհաննիսյանի անձնական կյանքին բեկում բերի, որ, ինչպես ներկայացման մեջ, Նազենին երջանկանա իր ընտրյալով…

Իրիկունը ուշ Դավիթը սպասել-քնել էր բազմոցին՝ շորերով. տեսարա՜ն…

Իսկ մեր բնակարանում արդեն երեք ավտոկայանատեղի կա՝ հին մեքենաների, ծննդյան օրվա նվեր մեքենաների, որ տեղափոխել է իմ սենյակ, այսօր կառուցած-հավաքած օդանավակայանի… Իսկական բարգավաճող Հայաստան՝ Դավթի պատկերացումներով…

Մանկավարժությունն ինձ հետ, մեզ հետ կապվող օրվա մեջ ամենուր էր՝ փողոցային թռուցիկ տասնյակ հանդիպումների, հանդիսատեսի հետ ճեպազրույցի, դերասանների հետ առանձնազրույցի, Վահե Հովհաննիսյանի, Լիլիթ Բլեյանի հետ սրճարանային քննարկման, դպրոցում քննարկում նախապատրաստող քննարկման… Մարդիկ՝ այս անգամ էլ Երևանի աշխարհագրական կենտրոնում ապրող, Երևանի կենտրոնում հանդիպած տասնյակ մարդիկ, ինձ ոչ միայն ճանաչում են քսան և ավելի տարիներ… մեկը՝ Խնկո Ապոր անվան գրադարանի դիմաց, նախկին տնօրեն, նշեց, որ ուղիղ 20 տարի առաջ, որպես նախարար, ողջունել եմ իրենց 1-ին դասարանցիներին՝ հուզիչ օր էր, չի մոռացվել, ահա… Կամերայինի մի խումբ հանդիսատեսներ պատմում էին այլ մանրամասներ իրենց դպրոց իմ կատարած այցից… Երրորդը՝ ամուսնական զույգ, իմ բլոգի նյութն էր քննարկում… Ինձ հանդիպած մարդիկ բոլորը հետևում են իմ՝ մարդու, հայրիկի, քեռու, հեռուստա-հրապարակախոսի, բլոգավարի, կրթահամալիրի տնօրենի գործունեությանը, բանավոր թե եթերով՝ մեդիայով ասածին, տարածում, քննարկում… Նրանց համար, պարզվում է, այս ամենը շարունակում է թարմ ու հետաքրիր լինել…

Չես թաքնվի ու թաքցնի… Աշոտ Բլեյան ու ընկերներ… Մնում է՝ լավ անել այս գործը, առավել բարեխիղճ ու անկեղծ ապրել այս կյանքը՝ իր բոլոր վեկտորներով… Ի վերջո, մի կյանք է, ամբողջանում է… Այլ ընտրություն չունեմ… Սիրով: Էլ աշխարհ հո չեմ գալու նորեն, իր տվածն եմ տալիս իրեն Եվ խոսքն իմ մասին չէ, այլ կրթահամալիրում այսօր ներկա, կրթահամալիրն այսօր համալրող յուրաքանչյուրի. ոչ ոք չի կարող թաքնվել, ուրիշ գործով զբաղվել… Մենք չենք կարող նույն մանկավարժությամբ, նույն դաստիարակչական, նույն կրթական, նույն ուսուցման (ընդունենք որպես հոմանիշներ սրանք՝ առանց սահմանման, որպես հանրահայտ հասկացություններ) գործով չզբաղվել… Կներեք, բայց կամայականություն-իներցիոն ընթացք-ձևականություն-նենգափոխում՝ ավելի վճռական ու կոնկրետ թույլ չեմ տալու: Հեղինակային մանկավարժության յուրացման-անհատականացման համար տրված ժամանակը սպառված համարենք, որպես մեկ գործելու ժամանակի մեկնարկը տրված յուրաքանչյուրի համար, առանց բացառության, նախակրթարանում թե ավագ դպրոցում, կրտսերում և միջինում, կերպարվեստով զբաղվողի և մաթեմատիկոսի համար, դաստիարակի օգնականի թե ակումբի ղեկավարի: Ես, կրթական ծրագրերի և կենտրոնների ղեկավարներ, բոլոր տեսակի կազմակերպիչներ, ուսուցիչ- կազմակերպիչներ, մշակողներ, հեղինակային ծրագրերի, դրանց մոդուլ-նախագծերի մշակման, իրականացման, տարածման փուլում ողջ ծավալով աջակցելու եմ. համեցեք, օգնության պահանջը ձևակերպեք, ես հետևում-կանխում եմ… Ես գործել-գործում եմ համոզված, որ ցանկացած ուսուցիչ նախ և առաջ դաստիարակ-կազմակերպիչ է. ահա ինչու՝ իմ նախորդ գրերումկարևորեցի բարեխղճությունն ու անկեղծությունը։

Դպրոցպարտեզի տոնական ձևավորումը, որպես ուսումնական նախագիծ, մշակվում է տեխնոլոգ Զարուհի Ոսկանյանի արհեստանոցում։ 

Օրագրի ձևավորված ավանդույթով պատումը փակենք Դավթի զրույցի պատառիկներով։

– Ես ուզում եմ լողանամ հեծանվով. սկզբից մեծի պես չիշիկ անեմ ու լողանամ… Փոքրերը նստած են չիշիկ անում, ես մեծ եմ, կանգնած պիտի անեմ: Պապա, հիշում ե՞ս, երբ ես փոքր էի…
– Հա, հիշում եմ, Դավիթ, դու այդքան փոքր չես եղել, ես էլ՝ այդքա՜ն մեծ, որ չհիշեմ:

– Պապա, տես՝ ոնց եմ ջրի մեջ շուռումուռ գալիս… Ես, ամեն առավոտ, լույսը չբացված պիտի լողանամ, որ լույսը բացվի, ես ուրախ ու մաքուր լինեմ

– Պապա, ես ուզում եմ՝ միասին գնացք նստենք, ո՞ւր գնանք… Պապա, Շուշոն Վիեննայում է՞, թե՞ Երևանում…

– Պապա, իմ չանչերը, որ թողնեմ՝ կտրի մայրիկը, դու կուրախանա՞ս… Ես չեմ տխրի՞… Հետո ի՞նչ կանեք իմ չանչոտ եղունգները… Պապա, ուզում ե՞ս քեզ նվեր տամ, թե՞ սատանեն տանի…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պիցա-պատում է երբեմն իմ գիրը…

Շաբաթվա գրառումները՝ չօգտագործված, ինչպես սառնարանում եղած-չեղած մթերքները՝ ինչ-որ բաղադրատոմսով պիցայի, կցում-կցմցում ես. երկար-սիրելի կիրակի օրդ ափսոս է՝ խոհանոցում անցկացնես։ Վռազ-վռազ եմ անում առավոտ շուտ. թարսի պես ուշ եմ քնել, էսքա՜ն

Քամին ինչի՞ է փչում, որ երկինքը սառի՞…

Իմ սովորական, բազմազբաղ օրվա, իմ առցանց ուսուցման առաջին շաբաթի ամփոփիչ-սեմինարային օրվա, իմ՝ Արաքս Հովհաննիսյան 14-ամյա թոռնիկի ծննդյան խորհրդով առանձնահատուկ օրվա մեջ, ժամը 14:00 անսասան էր. կանխորոշված էր ու օրվա ավարտը…

Ե՛վ օվկիանոս, և՛ ծով, և՛ աչքի լույս․․․

Իրիկունը 8-ին տանն ենք․ Դավիթ Բլեյանը բազմոցին, էկրանի առաջ, իր TV-մեդիա հերոսների կարոտն է առնում։ Արմինե վարորդը չեմպիոն-ռեկորդսմեն վարորդի ցուցանիշներն է ճշտում՝ 330-350 կմ, մինչև Սևան, Սևանի շուրջ, պարագծով ողջ