Ես, որպես շաբաթ օրվա իմ կարևոր գործ, մասնակցեցի կրթահամալիրի Art TV-ի ամանորի տոնական նախաձեռնությանը. Նառա Նիկողոսյանի հետ կողքից հիանում ենք և´ Մարմարյա դահլիճ-տաղավարով, նրա տոնական հեռուստատեսային վիճակով, և՛ սեբաստացի մասնակիցների տոնական-ոգևորված մասնակցությամբ, և´ իհարկե, կազմակերպիչ սովորողների՝ Դավթի, Սուրենի, Հայկի հմուտ-ազատ-վստահ, ինչպես իրենք են ասում, մոբիլ ու ստեղծական… իրենց հայտարարությունից սկսած: Իսկապես, ամեն ինչ ասված է, ինչ ես տեսա-չտեսա, ինչ արվել է հնարավոր կարճ ժամանակում, վստահեցնում եմ, նվազագույն դրամական միջոցներով… Կարեն Խաչատրյանին՝ նշանավոր Կային կրկին թողեցին երկրորդ պլանում, էկրանից, տեքստից այն կողմ… Հիացած եմ, Art TV ու Կայ… Մնում է բարձր ծափահարել, ինչպես երեկ, ու բացականչել՝ բռավո՜, ամանորի մեր սպասված վայելքի համար… Առանց սպասման-վայելքի, ի՞նչ ամանոր…
Իմ շատ սիրելի Սյուզին շռայլ եղավ երեկ, կարճ հանդիպման ընթացքում երկա՜ր խոստումներ տվեց.
– Տիար ջան, թեժացնենք ամանորն ու Սուրբ ծնունդն այնպես, որ ուսումնական արձակուրդը, ամանորը mskh.am-ի,TV-ի, նրա ռադիոյի եթերում լինի, ինչպես…
Ասեմ, Սյուզի ջան, ինչպես Մարմարյա սրահում վերջին մեդիա-համերգ-ուրբաթի ժամանակ, դեկտեմբերի 12-ին, ժամը 15.15-16.00… Մարմարյա սրահը, որպես ավազան, լցվում է… քչքչալով…
Այս կենդանի կուտակման համար շատ եմ չարչարվել. տեղն է՝ նորից պատմեմ (հիշո՞ւմ եք՝ մի անգամ այս մասին ասել եմ սեպտեմբերի 17-ի գրում)… 1988-ի երկրաշարժից Մայր դպրոցի (նախկին թիվ 183 դպրոց) շենքը լուրջ վնասվել էր, երկհարկանի կենտրոնական մասնաշենքի կրող բազուկներն էին խախտվել։ 1989-ին, երբ մասնագետները լրացուցիչ հետազոտություն արեցին՝ վթարային եզրակացությամբ, արգելեցին ուսումնական պարապմունքները շարունակել… Շտապ կազմեցին շենքի ուժեղացման նախագծային-նախահաշվային փաստաթղթեր… Դրա իրագործումը պահանջում էր, որ մենք ամբողջությամբ ու մեկ ուսումնական տարի ազատեինք շենքը… Ես չհավանեցի նախագիծը. այն թանկ էր, արհեստական՝ իր խորհրդային լուծումներով… Շենքն ազատել, կնշանակեր հրաժեշտ տալ նոր-նոր իրավակազմակերպական ընթացքի մեջ գտնվող կրթահամալիրին… Տենդագին փնտրում էի մոբիլ-ստեղծական լուծումներ… Արագ անցա ողջ Երևանի ինժիներա-նախագծային ինստիտուտներով… Երախտահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը՝ Խորհրդային Հայսատանի մինիստրների խորհրդի նախագահի 1-ին տեղակալը, ով ՀՀՇ-ի տղաներից ինձ առանձնացնում-հավանում էր, ում մենք շատ ենք պարտական, որպես փորձարարական-հետազոտական միավորում, ուղարկեց հայտնի «Ավիաշին տրեստի» նույնքան համաբավավոր՝ Սպարտակ Վիրաբի Ղազարյանի մոտ… Ժամանակն էր այդպիսին. մոտալուտ փոփոխությունների շունչը պահանջում էր հին ու նոր սերնդի գործընկերություն, ես էի՝ խանդավառ-տարված իմ դպրոցով-ծրագրերով, Վիրաբիչն ինձ ընդունեց… Մեր Մարմարյա սրահի շինարարը և Մայր դպրոցի շենքը փրկողը մոռանալու մարդ չէ, շնորհակալ եմ… «Ավիաշինն» ուներ նախագծային-ճարտարապետական ուժեղ խումբ, որ ղեկավարում էր այն ժամանակ արդեն հայտնի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը՝ Մետրոյի «Երիտասարդական» կայարանի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հեղինակը… Կարճատև բուռն-շահագրգիռ քննարկումներից հետո գտնվեց լուծումը՝ շենքն ուժեղացնող կեղծ կամարների տեսքով…
Ձեզնից քչերը գիտեն, որ մեր գլխավոր մուտքի կամարները և´ առաջին, և´ երկրորդ հարկում գեղեցկության համար չեն, դրանք վնասված կրող բալկաներն ուժեղացնող երկաթբետոնե կարկասներ են, որ շենքի նկուղում գտնվող խորը հիմքերի վրա են հենվում՝ այսպիսով պահելով ողջ շենքը… Լուծումը պարզ էր. պետք էր էժան, հնարավորինս արագ անել, ինչը և ստացվեց… 1989-ի ամառվա ընթացքում, առանց ուսումնական պարապմունքները խաթարելու… Իսկ Մարմարյա սրահի կառուցումը, զրոյից, նախագծումից մինչև իրականացում՝ իր սյուներով, տանիքով, աստիճաններով, հարթակով, երկրորդ հարկի պատշգամբով, լավ օրինակ է այն բանի, թե ոգևորված գաղափարով, 1990-ին, ինչպես կարելի էր համակել այդ ոգևորությամբ շինարարին-ճարտարապետին և Հայաստանի համար բարդ մի շրջանում այդպիսի ուսումնական նոր միջավայր ստանալ… Սա կառուցվեց զրոյից, որպես ազատության հրապարակ՝ ազատ մարդու մանկավարժության կենտրոն… Մնացածը զարգացումներ են… ֆիլմի արժանի… Art TV-ի, «Սեբաստացի» TV-ի խմբագրությունների նախագիծ կարող է դառնալ «Մարմարյա սրահի մեկ օրը», ուրբաթ օրը՝ առավոտից սկսած, երբ ավազանը դատարկ է, հետո, երբ լցվում-դատարկվում է… Երբ Գեղարվեստից, Դպրոց պարտեզից, Հիմնականից, Արհեստներից ու Նոր դպրոցից, Միջին ու Ավագ դպրոցների մասնաշենքերից բոլորը գունեղ շարժվում են Մարմարյա սրահ… Համերգի…
Այսպես մենք շարժվում ենք դեկտեմբերի 16-ին համերգի՝ դեպի Երևանի աշխարհագրական կենտրոն՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ մեզ հետ տանելով… այսօրվա համար է ասել Գրիգոր Խաչատրյանը. «Կրթական կենտրոնը. այն շարժվում է մեզ հետ՝ մոբիլ ու ստեղծական 25 տարի»… Կամերայինի պատվավոր դահլիճը վերածենք, ինչպես Մարմարյա մեր սրահը, համերգ-ցուցադրություն-ներկայացման… 24 ժամ առաջ, երբ հաջողությամբ ավարտվել է գլխավոր ու միակ փորձը, Կամերայինի դահլիճում ես հայտարարում եմ 24 ժամյա արտակարգ համախմբում…
Ինձ ոգևորում է, հատկապես, սեբաստացի սովորողների և ուսուցիչների՝ կրթահամալիրային, դպրոցական, դասարանային, ակումբային, խմբային, ընտանեկան, անհատական 2015թ. ուսումնական նախագծերի ներկայացումը, դրանց հանրայնացման մեկնարկը, կրթահամալիր ստեղծած գեղարվեստի մի քանի տասնյակ ընտրված նմուշների անդրանիկ ու ամենամյա տոնավաճառը: 2015-ը, տեսեք, շփոթ տարի է. առաջ տանելու-գնալու համար մեզ անհրաժեշտ է վստահության, մոբիլության ու ստեղծականության լրացուցիչ ծավալ, մեր մանկավարժությունն այս փուլում կարիք ունի հանրային-միջազգային աջակցության, որի կազմակերպիչն այս մեկնարկով, այս համերգով դառնում է «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը՝ հիմնադրված իմ կողմից այսօրվա համար: Համերգ-ցուցադրություն-տոնավաճառ-ներկայացմանը մասնակցելու համար ժամանել է Շուշան Բլեյանը՝ հիմնադրամի հիմնադիր տնօրենն ու Եվրոպայում հիմնադրամի ներկայացուցիչը՝ քաղաք Վիեննա նստավայրով…
Հայտնում եմ իմ ուրախությունը հիմնադրամի հայտարարած կրթական մարաթոնի այսպիսի մեկնարկի առիթով։ Միացեք մարաթոնին։
Կիրակի էր, ու ես Դավիթ Բլեյանի հետ պատասխան այց եմ անում Շուշանին, Տաթևին, Արևիկին։ Ինչպես միշտ, Օղակաձև այգով, մետրոյով, տրոլեյբուսով, զբոսնելով-թափառելով… Դավիթն իր հետ վերցրել է այս երկար ճամփի համար ամենակարևոր իրերը՝ նոր լապտերը, նոր գնդակը, նոր լեգո-գնացքը։
– Գնացքը թունելի մեջ ինձ է սպասում, հայրիկ… Ասում է՝ իմ սիրուն Դավիթ, ո՞ւր ես, արի լուսավորիր մութը՝ թունելում չմնամ…
Ու Դավիթը միացնում է տիար Գևորգի նվիրած կարմիր, մոբիլ ու հզոր լապտերը… Ի՜նչ տեղին է…
– Ո՜ւ…
Թունելի միջից լսվում է գնացքի մոտեցող չխկչխկոցը…