Երբ անցյալը շեղում է՝ անջատում ես, ապագան չի ոգևորում՝ վարագուրում ես, ընկղմվում ես ներկայում…
«Սեբաստացիներ» ռադիոն, իր պարբերականությամբ մրցակից ֆիրմա է իմ Օրագրին. այսօր ես լսեցի նրա 20-րդ հաղորդումը… Ասենք շնորհավոր։ Ես ռադիոհաղորդումները մեր բաց չեմ թողնում. այսօր անգամ Դավիթն էր զվարճանում ռադիոյի՝ Գեղարվեստի դպրոցի շուտասելուկներով…
– Ինչո՞ւ են շտապում, արագ-արագ ասում են, որ հետո ո՞ւր գնան…
«Նոր» ռադիոյին ձեռաց պատասխանեմ։ Կրթահամալիրի գործիքաշինական արհեստանոցը, հենց վաղն էլ կարող է բացել իր դռները, գործել… Ի՞նչն է խանգարում, կամ ի՞նչ է պետք դրա համար… Կահավորված-նորոգված-ընդարձակ, փայտամշակման-մետաղամշակման հաստոցներով-գործիքներով համալրված արհեստանոցին եռանդուն-ստեղծագործ մասնագետ-ղեկավար է պետք, ու վերջ… Ինչո՞վ պիտի զբաղվի… Կրթահամալիրի սովորողների-սաների ուսումնական գործունեության համար անհրաժեշտ երաժշտական ամեն տարբեր գործիքների նորոգմամբ-հավաքմամբ-ստեղծմամբ, ամենափոքրերին անհրաժեշտ հողագործական- պարտեզային գործիքների ստեղծմամբ… Բնագիտա-տեխնիկական գործունեության համար սարքեր ստեղծելով… Դուք էլ ավելացրեք, ու փնտրենք արհեստանոցի ղեկավարին միասին՝ ձեր հարազատների, ծանոթ-հարևանների շջանում… Առաջարկեք, երաշխավորեք։ Կրթահամալիրի այս փուլում նոր մասնագետներով համալրման գործուն միջոց է ճանաչել-երաշխավորելը։ Այդպես հրապարակավ փնտրեցինք-հանդիպեցինք նախնական զինվորական պատրաստության մասնագետ զինղեկին։ Փոխգնդապետ Սաղաթել Խլղաթյանի մուտքը երեկ Մարմարյա սրահով եղավ՝ հանդիսավոր, 15։15-ի մեր մեդիաուրբաթ-համերգին… Լավ մեկնարկ է. Խլղաթյանը վստահելի կենսագրություն, երաշխավորություններ ունի և վճռական-հաստատակամ-շատ է ուզում կրթահամալիրում աշխատել… Շատ ուզենալ. միայն այս դեպքում կարող ես ինքնաարտահայտման համար լիարժեք օգտագործել ամբողջական խթանող, ներդրման համար ամենաբարենպաստ կրթական միջավայրը։
Իմ օրագիրն էլ իր պարբերականությամբ, գրերի քանակով հանդգնում է մրցել կրթահամալիրի կյանք դարձած Մեդիաուրբաթ-համերգների հետ. որևէ մեկը արձանագրե՞լ է առաջին մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունքը՝ ե՛րբ եղավ, որտե՛ղ, ի՛նչ կազմով… Ի՜նչ զարգացումներ ապրեց- ունեցավ այդ ընթացքում, մինչև մեդիաուրբաթ համերգների անցնելը… Ե՞րբ եղավ առաջին մեդիաուրբաթ համերգը… Հրապարակել կարո՞ղ ենք դրա ծրագիրը… Ո՞րերորդ համերգն է այսօր։
Վարժարանի հանրային նոր շնչառության, կրթահամալիրում կենտրոնական նոր դերակատարման ողջունելի հայտ դարձավ այս համերգը։ Այն սկսվեց ամենօրյա ընդհանուր պարապմունքով, որ անցկացվում է 4+1 ձևաչափով՝ չորս օր Միջին դպրոցից առանձին 15 րոպեանոց պարապմունքներ են անցկացնում վարժարանցիները, ակումբներով, որպես պարատուն, իսկ 5-րդ՝ ուրբաթ օրվա միասնական պարապմունքը Միջին դպրոցի հետ, Մարմարյա սրահում։ Այս անգամ այն 15 րոպեանոց տպավորիչ պարատոն էր, երբ հերթով հրապարակի կենտրոնում էին հայտնվում 6-12-րդ դասարանցիները։ Առույգ, գրավիչ տեսարանի ես մասնակցեցի և՛ 12։20, և՛ 15։15։ Եվ լավ է, բնականոն-ողջունելի, որ կենտրոնում 12-րդ դասարանցիներն են՝ հմայիչ, ակտիվ, ընդունակ պատանիներ՝ տղաներ և աղջիկներ, առանց ցցուն լիդերների, նախաձեռնողների մեծացող խմբով… Շարունակ նոր անուններ, դեմքեր, ելույթներ… Իմ ուշքը գնում է այս թամաշաների համար. ես սպասում եմ դրանց և դրանց կարիքն ունեմ։ Շնորհակալ եմ, հրապարակ-համերգ։ Այս հրապարակը ամենադեմոկրատականն է ողջ տարածաշրջանում. գրկում եմ Սյուզի Մարգարյանին, երախտագիտությամբ սեղմում Կայի՝ Կարեն Խաչատրյանի աջը, ողջունում յուրաքանչյուրին, որ ստեղծում-պահպանում-զարգացնում է մեր դեմոկրատիայի, ազատատենչության համերաշխության և ստեղծականության խորհրդանիշ գործող հրապարակը…
– Պապա-կակա, մի՛ տխրի, վաղը կլողանամ-կմաքրվեմ… կպրծնեմ։
– Գրաբա՞ր… Գրաբարի մասին… միտք է ասում… խորապես… գրականություն շատ կա…,- կռահեցի՞ք, որ Դավիթը ծիծաղելով, մեկնաբանելով «Սեբաստացի» ռադիո է լսում, ռադիո «Բան»-ի հաղորդումը գրաբարի ուսուցման մասին…
– Էս մեր Շուշոն ինչո՞ւ չի զանգում… տեսնես՝ ինչ եղավ…
– Վաղը չեմ գնալու ընկեր Կարինեենց խումբ… Տխրեցի՞ր, հայրիկ։
– Խելոք մնա, մայրիկ, կարող ա քեզի պիտի պատժե՞մ, որ խելոք մնաս…
Դավթի քունը իսկական ծիսակարգ է մի։
– Հլը ցույց տուր տեսնեմ՝ ժամը քանիսն է…
Ցույց տվեցի, տեսավ։
– Հա 10 անց 15 է, քնելու ժամն է… Հիմա տեսնեմ՝ մութը դրսում ուր է հասել…
Կանգնում է պատուհանի գոգին իմ օգնությամբ, նայում Խանջյան փողոցին, մթության մեջ փռված քաղաքին… Տասնյակ հարցեր ու նույնքան պատասխաններ…
– Դե, գնանք չիշ անեմ…
Անում է։
– Մայրիկ, արի գնանք, շորերը փոխենք…
Փոխում է բոլորը, նոր ներքնաշորեր հագնում…
– Կապույտ շիշս ո՞ւր է։
Փոխում ենք ջուրը իր կապույտ-հարմար շշի, որը պիտի գտնվի իրեն շատ մոտ. մեկ էլ տեսար գիշերվա ցանկացած ժամի կանչեց.
– Ջուր եմ ուզում, կապույտ շիշս տվեք…
Հետո բերում է օրվա հերթապահ-սիրելի խաղալիքները՝ 2- 3 մեքենա, անսպասելի իր… հետո գալիս է հեքիաթներ կարդալու ժամը… եթե Արմինեն քնած չէ…
Իմ ծրագրերը խառնեց. ուզում էի էս մեր տղուն մորը հանձնելուց հետո ժամ ու կես, մինչև կեսգիշերվա իմ քունը առանձնանալ-կարդալ… Չեղավ։ Պապա-պապիկ-տնօրեն-տիարը պլանավորում է, Դավիթը… իր ուզածը անում։
– Արի պապիկ-պապա ջան, արի, դու էլ էստեղ պառկի…
Իր մահճակալը նորից «պրեզենտացիա» արեցինք՝ բարձով-վերմակ-ներքնաշորով, հատուկ ընտրված կերպարանքներով։ Սիրով նայեց-հիացավ յուրաքանչյուր նկարով… Հետո էլ տեղավորվեց մեծ մահճակալի կենտրոնում. միայն դեմքի լրջությանն ու խոսքի անառարկելիությանը նայեք.
– Արի, պապ-մապ (հայրիկ-մայրիկն է), դու՝ այստեղ, դու էլ՝ այստեղ,- իրենից աջ ու ձախ… Երեքով քնում ենք… Այսպիսի գիշերներ եմ ցանկանում բոլորիդ ընտանիքներում։
Ժամը հինգն է առտու. ես օրվա իմ գործն եմ սկսում. պիտի ավարտեմ, չէ՞…
Հե՜յ գիտի, ընթերցող, սպասո՞ւմ ես… այս գրին… Ի՞նչ է փոխում այն քո մեջ, ունի՞ ազդեցություն, ինչպիսի՞… Չեմ էլ թաքցնում. անցածի-եղածի ու վաղվա ծրագրերի մասին գրելս չի գալիս… Ավելին ասեմ՝ անցյալն ու ապագան այնպես են չեզոքացել- պասիվացել, որ ձայներ չեմ լսում, պատկերներ չեն դառնում՝ չեն ակտիվանում, որ խոսքի բերեմ… Դրա փոխարեն որքա՜ն ակտիվացրել է իմ օրը… ինչպես մեր վարժարանի 12-րդ դասարանցիները… Կանչել պետք չէ. ներկա են ու միայն կենտրոնում-տանող են… Այո, սիրով-կարևոր, ինքն իրեն պատմվում, օրվա գիր է դառնում հենց իմ ու ձեր ապրածը, սեբաստացիներ բոլոր տարիքի… Դիմադրել այս ինքնաբուխությանը՝ կնշանակի արհեստականության- բովանդազուրկ ցանկության բացառման իմ կոչ պահանջին դեմ գնալ…
Իմ սիրելի, հավատարիմ գործընկերուհու, Նոր դպրոցի ղեկավար Կարինե Պետրոսյանի առողջագիտական կարողություններին միշտ վստահել եմ. չվնասելը հո կա ու կա։ Կարինեի խորհրդով ամեն մութուլուսի առավոտը սկսում եմ նրա բաղադրատոմսով (դիմեք հեղինակին) պատրաստած բնական նյութերի համով խառնուրդը նրա որոշած չափով կուլ տալով…
– Անուշ լինի, պարոն Բլեյան,- առաջինը կասի մեր Վահրամի տղա Արմենը, ում հետ Դավիթի կապը ես կարևորում եմ. Արմենը նախանձելի մարդկային որակ է։
Այսպես լուրջ ես վերաբերվում եմ իմ օրագրի այս շաբաթվա ֆոտոխմբագիր Կարինե Բաբուջյանին։ Գեղարվեստական խմբագիրը մեզանում մեկն է՝ անուն բարձր ու վսեմ Գրիգոր Խաչատրյանը. ավելորդ չէ, միշտ էլ ու տեղին՝ որպես հիշեցում՝ վերև աստված, ներքև Գրիգոր Խաչատրյան… Երանի մեզ, որ Գրիգոր Խաչատրյան ունենք… Մեր միշտ հմայիչ-հմայիլ Բաբուջիկը հիմնավորեց իր ոգևորվածությունը.
– Հա՛մ էլ կփորփրեմ իմ ընկերների բլոգները, կսովորեմ…
Ճիշտ է, Կարինե ջան։
Լրապատումը, նկարապատումը, ֆոտոպատումը, ոնց կուզեք, մեդիապատումն էություն է. առանց ֆոտոապարատի անընդհատ, անհապաղ ու տեղում չրխկոցի՝ ի՞նչ մեդիակրթություն, ի՞նչ բլոգով ուսուցում, ի՞նչ երկրորդ պլանից գործող ուսուցիչ ու անհատական-ինքնաբուխ դրսևորման հարգում, պաշտպանություն… Ահա, Կարինե Խառատյանի և Մելինե Սիմոնյանի բլոգներում, խոստովանենք, Դավիթ Բլեյանի պապն ու մապը նախ և առաջ Դավթի մռութներն են փնտրում՝ նրա սպոնտան կյանքի արձանագրումը… Դավիթը մենակ չէ, խմբի 20-25 ընտանիք իրենց մռութների փնտրտուքի մեջ կարող են լինել։ Ես գիտեմ, որ հեշտ գործ չէ ամեն մեկին տեսնելը, նկարելը, բայց անարդարացի լինելը, մեկին չնկատված թողնելը անթույլատրելի է, մեր մանկավարժությունը դա բացառում է։ Սուսան Մարկոսյանը բացել էր Խառատյանի բլոգը, թերթում էր ու պատմում-պատմում ոգևորված… Իսկ ծնողական շաբաթ օրվա ժողովին Դավիթի մայրը՝ Արմինե Աբրահամյանը, հատուկ է պատրաստվում. մենք հուզված ենք մեր տղայի հասունության այս հանկարծակի փաստ ծնողական ժողովից…