Ինձ դուր է գալիս կրթահամալիրում ինքնակազմակերպման, փոխօգնության և համերաշխության ռեժիմը, որն ապահովում է ցանկացած կարգի, ռանգի, քանակի այցելուների պատշաճ ընդունումը-ճանապարհումը առանց կրթահամալիրի բնականոն-կենդանի-բաց գործունեությունը խաթարելու, առանց մեր սովորողին և ուսուցչին՝ սեբաստացի հավաքանուն  պարտադրելու, առանց ձևականության-արհեստականության… Սիրով-ուրախ ընդունում-ճանապարհում ենք, որպես գործ, մեր կյանքի անբաժանելի մաս:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նոր (2014թ. սեպտեմբերից) ղեկավար տիկին Լորա Բեյլիի, գրասենյակի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հովհաննիսյանի, կրթական ծրագրերի համակարգող Անուշ Շահվերդյանի 90 րոպեանոց այցին, եթե անգամ պատրաստվել ենք, ապա ամբողջ մեր կյանքով, գումարած կրթահամալիրի՝ ընտրված պատասխանատուների 2-3 ժամվա համաձայնեցված աշխատանքը… Մարդիկ ոչ միայն համաշխարհային բանկում, այլև Հայաստանում, Երևանում, ԿԳ նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, Մալաթիա-Սեբաստիա վարչակազմում չգիտեն՝ ինչ ասել է կրթահամալիր. ինչից շատ է խոսվում, դեռ երաշխիք չէ էությունը ճանաչելու, առանձնահատուկն իր բովանդակա-կազմակերպական բաղկացուցիչներով պատկերացնելու համար… Այսպիսի այցելությունները նման հնարավորություն տալիս են: Մեզ հատկապես համաշխարհային բանկի նման գործընկեր-ներդրող ունենալու հեռանկարը պարտավորեցնում է կարևորել այսպիսի այցերը:

Ստացվեց: Ես գոհ եմ: Ինձ համար այսպիսի շրջայցերը նաև կողքից մեր գործունեությանը նայելու, ունեցածը կասկածի ենթարկելու, ավելի խորը հաստատելու անփոխարինելի միջոցներ են: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով մասնակցեց, տպավորիչ դարձրեց այս կարևոր խմբի շփումը մեր հեղինակային մանկավարժության կազմակերպմանը, 90 րոպեանոց ներառումը մեր կրթական միջավայրում: Իհարկե, այսօր վստահ կարելի է ասել՝ կրթահամալիրը՝ ութ դպրոցներով,  65 հանրակրթական դասարաններով, 18 ակումբներով, 15 ուսումնական կենտրոններով, մի կրթական յուրահատուկ աշխարհ է. ինչպե՞ս ընտրես կարճատև ընթացքի բովանդակությունը, որ ամբողջական-իրական-գրավիչ դարձնի այցելուների ծանոթությունը կրթահամալիրին, մեր կողմից իրականացվող մանկավարժությանը… Մյուս կողմից, հո չե՞ս պարտադրի, ասենք, ութ առանձին այցելություն, ութ դպրոցներից յուրաքանչյուրը… Կեցցե՛ք, սեբաստացիներ, համերաշխության-միասնականության այսօրվա դրվագի համար:

Նյութական կազմակերպական դժվարությունները, որ ունենում է, ունի, ավա՜ղ, կունենա միջնաժամկետ հեռանկարում կրթահամալիրի աշխատողներից յուրաքանչյուրը, որպես Հայաստանի քաղաքացի ու պետական կազմակերպություն ուսումնական հաստատության աշխատող, մեր սովորողների ընտանիքների ճնշող մասը (մենք եղել ենք, կանք, որպես սովորական մարդիկ, որ ուղղակի կախում ունեն Հայաստանի տնտեսական վիճակից) կրում է, կկրի հայտնի, երևացող ու, ավա՜ղ, դեռ ենթադրվող-սպասելի դժվարություններ. նույն վիճակում է բոլոր սեբաստացիներիս մեծ տունը՝ կրթահամալիրը… Եվ ես, որպես թիվ մեկ պատասխանատու-հիմնադիր-տնօրեն, հավելյալ ջանքեր պիտի գործադրեմ, նոր լուծումներ-մոտեցումներ առաջադրեմ՝ կրթահամալիրի խնդիրները հանրայնացնելու-կոնկրետացնելու-հասցեական ներկայացնելու՝ նյութական-մասնագիտական աջակցության ծավալն ու որակը բարձրացնելու համար: Ահա ինչու դեկտեմբերի 16-ի համերգ-ցուցադրություն-ուսումնական նախագծերի տոնավաճառը հատուկ կարևորություն է ստանում, հատկապես, ուսումնական նախագծերի անդրանիկ տոնավաճառին մեզնից յուրաքանչյուրի ներկայանալու առումով: Մեկնարկն է դեկտեմբերի 16-ին, պատվավոր այսպիսի հարթակում, համերգային-տոնական-մարդաշատ միջավայրում, թմրած քաղաքում հանրային պատշաճ աժիոտաժ արթնացնելու համար… Ստեղծականությունն ու մոբիլությունն անհատականության դրսևորման ամենախնայող (մատչելի) ու արդիական ոտքերն են մեր, մեր ձեռքերը, հաջողելու մեր գրավականները. իսկ ուսումնական նախագիծը ստեղծական-մոբիլ ուսումնական աշխատանքի սովորողի և ուսուցչի անհատականության իրացման-ներկայացմանը հարմար, ինքն իրեն պարտադրող ձև: Ոչինչ արհեստական-բովանդակազուրկ-ձևական. առավելագույն կենդանություն, անհատի ներսից բխող իրական կյանք՝ իր խնդիրներով և լուծումներով. համեցե´ք, կենտրոնացեք, դեկտեմբերի 16-ի մեր հաջողությունն ապահովեք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ եք:

Երեկ ես ու Նառա Նիկողոսյանը մասնակցեցինք մեր ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբային միացյալ պարապմունքին. ա՜յ, համախմբման ինչ ցցուն դրսևորում… Սիրով իմացա, որ Արմանը Գրիգորյան ու ցուցադրության բոլոր պատասխանատուները պատրաստվում են Կամերային երաժշտության սրահում գեղարվեստի ցուցադրությունն ավելի շուտ՝ դեկտեմբերի 9-ին բացելու. իհարկե: Հատկապես, որ դեկտեմբերի 9-ին մեր մաեստրոՀարություն Թոփիկյանի Երևանի կամերային երգչախումբը հայկական և ռուսական հոգևոր երգերի կատարմամբ է հանդես գալու մեր ցուցադրության դահլիճում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ես ականատեսը եղա, թե ինչպես է համերգ-ցուցադրություն-ներկայացման պաստառների-հրավիրատոմսերի վրա մինչև ուշ երեկո աշխատում Գրիգոր Խաչատրյանը: Սրանք կլինեն ու լավ կլինեն, վստահ եմ:

Մայր դպրոցի գլխավոր մուտքից աջ, միջանցքից հետո ռոբոտաշինության՝ տեխնիկական ստեղծագործության ընդարձակվող ամբողջացող աշխարհն է. երեկ ես հանդիպեցի օրվա վերջում՝ ժամը 16.00-ից 17.00-ի արանքում այստեղ Գնել Հարությունյանին ու մեր շրջանավարտ, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Թադևոս Մարկոսյանին, ով սկսել է աշխատել կենտրոնում՝ մեծ խումբ սովորողների հետ… Ի՜նչ միջավայր էր ստեղծական… Կեցցե՛ք: Հետո, Մարմարյա սրահին հարող խոհանոց-ընթերցարանում Մարիի, Նոնայի, մի խումբ ընթերցող-կազմակերպիչների հետ քննարկում էինք մեդիա գրադարանի ու գրադարանի ընթերցողների նորացման խնդիրները. ճիշտ ժամանակին է՝ դուք էլ կեցցեք…

Մայր դպրոցի մուտքից ձախ, միջանցքից հետո՝ երաժշտության կենտրոնում ի՜նչ կյանք էր… Ուրիշ Հայաստան… Շարունակ ուրիշ դարձող կրթահամալիր… Իսկ գերմանացի դաշնամուրի պատմությունը, Լիլիթ Առաքելյանի առաջին կատարումն ինձ հուզեց:

Առտու 6.45 բնակարանով մեկ Դավիթ Բլեյանի ձայնն է.
– Հայրի՜կ…
Թվում է՝ քնի մեջ է: Ոչ: Ես սիրում-գրկում-բերում եմ, ուզում է՝ նորից պատի ժամացույցով ժամն իմանալ մեր ճշտապահը: Իմանում է, ու սկսվում է մեր օրը:

– Պապ, ա՛յ պապ, դու իմ պապիկն ես…
Ինչ ճիշտ է՝ ճիշտ է, ոչ միայն պապիկը, այլև տատիկը, մայրիկը, ախպերը, ընկերը…
– Ես եմ քեզ բերել…
Ծիծաղում է՝ նշանավոր ու խորամանկ…
– Աշո՛տ պապիկ (Սոնայից ու Արևիկից եկավ, հարազատ դարձավ՝ թվում է ինձնից շա՜տ հեռու… Ես ո՜ւր, պապիկն ուր… Սյուզի Մարգարյան ջանը հիմա կշարունակի…), դու իմ պապն ես… Տիար Բլեյան, ինձ տար՝ դեղին մեծ գնդակով լողանամ…
Լողանում է, լողացնում…
– Պահ, պա՜հ, էս ինչ կեղտի մեջ կորել ա էս գնդակը, սև ա դառել…
– Պարոն Բլեյան, տես՝ ոնց եմ լողարանի ջրամանի մեջ ինքնուրույն չիշ անում՝ լրիվ ինքնուրույն…

Դավիթը հաճույք է ստանում, երևի, մտքից, որ պապ-պապիկը, տիար-պարոնը նույն մարդու մեջ են…

– Հայրիկ, ես չա՞ր տղա եմ, թե՞ խելոք…
– Խելո՜ք, խելո՜ք, իմ ամենախելոք տղան, չարը Շուշանն է (ծիծաղում է):
– Սոնուլիկը Շուշանից չա՞ր է… Ես էլ Արմենից եմ չար… (Արմենից էն կողմ, պարզվում է, աշխարհ կա):
– Յախկ, էս ինչ համովա…

Արմինեն ձայն է տալիս.
– Դավիթ, ֆենը որտե՞ղ է… գիտե՞ս:
– Հա, գիտեմ՝ իրեն-իրեն կորել է…

– Պապ, ուզում եմ բաճկոնս հագնեմ…
– Ուշանում ենք, պրծեք (Արմինեն է ասում)…

Ու մեկ էլ սկսում է կարդալ.

Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ձած իջավ Դավիթ Մարութա սարից։
Համբավը տարան Մըսրա Մելիքին
Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեր ճուկն* ու թաս երթան ու գան, ավետիս…

Արմինեն, գիտեք, լավ խոհարար է. չեք մոռացել նաև, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է խոհանոցով․․․ Մինչև մեր տան խոհանոց երեկ իրիկուն ես երկար քայլեցի․․․ քաղաքում խցանում էր նորից․․․ Հեծանվի

Որտեղից՝ ուր

Խոսքս տեսեք՝ ուր է գնում… 

Մեր բարի հսկա Քրիստինե դաստիարակը… Մեր քույրն ու ընկերը…

Մեր բարի հսկա Քրիստինե դաստիարակը, որ ինչպե՞ս էր հայտնվել կրթահամալիրում, Գեղարվեստի նախակրթարանում գտել էր իրեն ու պարգև էր դարձել բոլորիս համար, տնտեսուհի էր, դայակ, խոհարար, դաստիարակ. լսեցեք` խնամակալ էր` որպես մի բարի