Հարմարավետ ավտոբուսը՝ «Էլիտբուս» իսկական, պայծառ օրը, սիրելի մարդկանց՝ կրթահամալիրից, Ջավախքից, Գյումրիից, Սոֆիայից սովորող-ուսուցիչների ճամբարային ընկերակցությունը ուսումնական աշուն-նախագծային կդարձնե՞ն Երևան-Գյումրի ճանապարհը, թե՞ ավտոբուսը անհոգության ժամերի է տրամադրում սոսկ… Այն ավտոբուսը, որտեղ ես եմ նաև և Միջին դպրոցի սովորողներ-ուսուցիչներ, Էմանուել Ագջոյանը ջանաց, ստացա՞վ մեր աջակցությունը. կազմակերպվա՞ծ է մեր յուրաքանչյուր ուսումնական ճամփորդություն այդպիսի աշխատանքի համար… Ինձ օգտակար էր Երևան-Գյումրի՝ Աշտարակով, Գյումրի-Երևան՝ Արմավիրով, ճանապարհներին լսելը Էմանուելին, նրա մասնագիտական-հանրակրթական դիտարկումներն ինձ տվեցին՝ չնեղեցին, չսահմանափակեցին իմ անհոգությունը: Գրի վերնագիրն էլ Էմանուելը հուշեց՝ Գյումրին ու Շուշին, զարմացա, ծովի մակերևութից մոտավորապես նույն բարձրության վրա են… Գյումրին ու Շուշին՝ մեր մշակութային քաղաքները, որպես ուսումնական կետրոններ… Ինձ հետաքրքրեց. տեսնենք օրագրի ընթերցողի արձագանքը…
Համերգ-պարատուն Գյումրիում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի ֆեյսբուքյան էջից:
Իմ գրի-պատումի արանքում ես պարբերաբար լրատվական հոսքին եմ հետևում։ Արցախում օտարերկրացի քաղաքացիների գրանցած ամուսնությունների թիվն աճել է… 60 տոկոսո՞վ… Ամուսնացող օտարեկրացիները եղել են Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից… Լավ է, իհարկե: Հետաքրքիր է այս ցուցանիշը Հայաստանում… Օգնենք, գտնենք, հրապարակենք… CNN-ի հունական ծառայությունը փաստագրական ֆիլմ է նկարահանել Արցախի մասին… մոտ կես ժամանոց… Հունարեն իմացող-սովորող սեբաստացիները հայերեն կդարձնե՞ն ֆիլմը…
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով Հովիկ Աբրահամյանը այցելել է Արցախ. լավ նշան է:
Աշնանային զբոսանք. Արևմտյան դպրոցի հինգ տարեկաններ:
Լուսանկարները ՝ Սրբուհի Ներսիսյանի:
Իսկ Շուշիից, արցախյան ուսումնական ճամփորդությունից վերադարձավ սեբաստացի սովորողների-ուսուցիչների խումբը։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հրավերով չորս օրում խումբը, Էմանուել Ագջոյանի ղեկավարությամբ, հասցրել էր հանգամանալից ծանոթանալ նաև համալսարանի հարևանությամբ գործող Եզնիկ Մոզյանի անվան նորակառույց արհեստագործական ուսումնարանի գործունեությանը և տպավորվել։ Ուսումնարանի տնօրենին, ուսանողների և դասավանդողների խմբին մենք հրավիրե՞լ ենք մասնակցելու «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին. նախագծային մեր խումբը հետևողական կլինի՞ ուսումնարանի հետ հեռանկարային գործընկերային հարաբերություններ հաստատելու հարցում։ Ե՛վ կրթահամալիրի քոլեջը կշահի, և՛ տեխնոլոգիական կրթության մեր միջին դպրոցը, և՛ ուսումնարանը։ Եվ լավ կլինի, որ ամեն տարի մեր 9-րդ դասարանն ավարտողներն իրենց մասնագիտական կողմնորոշման հետաքրքրությունների մեջ ներառեն ֆրանսիական մոդելով-վերջին խոսքով կառուցած այս ուսումնարանը։
Երկու օրով կրթահամալիրում, մեր Գեղարվեստում կլինի Շուշիի կիրառական արվեստի Գյուրջյան ինստիտուտի ուսանողների-դասախոսների երեսուն հոգիանոց խումբը։ Մշակութային Շուշին չի կարող մեր ուսումնական հետաքրքրությունների առարկա չլինել. իսկ այսպիսի գործընկերությունը լավ հիմք է դառնում…
Էրգրի աշունը: Լուսանկարները՝ Նունե Մովսիսյանի:
Երեկ ես Գյումրիում էի մեկ օրով, աշխատանքային այցով. միջազգային պատանեկան ազգագրական-հնագիտական ճամբարը՝ իր 150-ի չափ մասնակցով, կարո՞ղ էր առանց ինձ էլ Գյումրիում տպավորիչ օր անցկացնել, ի մի բերել իր քառօրյա գործունեությունը… Ամենուր ճամբարին-սեբաստացիներին սիրով էին ընդունում, ստեղծում ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու պայմաններ. իսկ երգող-պարող ճամբարականների ազգագրական համերգները Սև բերդում, թատերական հրապարակում մեզ համար կարևոր հարթակներ էին, որ պատվով նվաճեցինք։ Մարգարիտ Սարգսյանն ու Մարթա Ասատրյանը համերաշխ-խելացի համակարգեցին ճամբարային բոլոր օրերի ու երեկվա ընթացքը՝ իր ուղիղ եթերով։ Օրակարգում է Գյումրիում պատշաճ-հարմար կացարանի լուծումը՝ 20-25 մարդու համար։ Համեցեք, եթե առաջարկներ ունեք, շտապեք, որ մտնենք լուծման փուլ։ Մշակութային Գյումրու ուսումնական բաղադրիչը Հայաստանում թերագնահատում են, վատ են օգտագործում, ինչպես և Շուշիինը… Ինչպե՞ս այն բերենք կրթահամալիրի ուսումնական օրացույց՝ ազգագրության-գեղարվեստի ամբողջական բովանդակությամբ. սրանով պատվեր կստեղծվի ոչ միայն Գյումրիի, Շուշիի հայտնի, այդպիսին դառնալու հնարավորություն ունեցող թանգարան-կենտրոնների, այնպես և մասնագետների համար ուսուցման պատվեր… Վերջինը հատկապես Գյումրիին է վերաբերում՝ իր ավանդույթներով, ճանաչում ունեցող վարպետներով։ Կրթահամալիրը լավ հարթակ կարող է դառնալ Գյումրիի, Շուշիի մշակութային օջախների, գործիչների համար՝ անհատի, թե խմբի… Ում ներկայացրի Գյումրիում՝ խանդավառ էին. լիքը կապեր, մարդկային հարազատություն…
Կրթահամալիրի հնարավորությունները՝ նյութական, մարդկային-մասնագիտական միջավայրը հենց սրա համար է կարծես, այս օրվա…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1199