Կատարվեց ապուշիս երազանքը. ես քնել եմ 23.00-24.00-ի արանքում, որպես մեռել, «որպես ուրու հալածական» և արթնացել թարմ՝ առտու 04.00-ին, ինչպես պատշգամբից նոր բերված այս սպիտակ խնձորը, որ գալիս է փոխարինելու կովի մի բաժակ սառը կաթին՝ սև շոկոլադով կամ մեր Գեղարվեստի Դիանայի փախլավայով և (կամ) իմ հորեղբոր աղջիկ-ավագ քույր Ռիմայի պատրաստած Գավառի գաթայով… Սպիտակ խնձորն ինձ զվարթացնում է ու պաշտպանում կարիեսից…
Դավիթ Բլեյանին ուղղում եմ (քնելուց առաջ նրան ես գորովանքով տեղափոխել էի մեր անկողնուց իր անկողին) իմ ավանդական (ծես է, չէ՞) հարցը.
– Ա՛յ շան տղա, ինչպե՞ս հայտնվեցիր նորից մեր անկողնում»։
Արմինեն, թվում է՝ քնի մեջ, պատասխանում է.
– Եկավ կանգնեց, թե չիշիկ ունեմ, տարա, արեց ու չգնաց, մնաց…
Տեսեք՝ ոնց է քնել մեր երեք տարեկան դարձող տղուկը. տեսարան է…
Արթնացավ ժամը 6-ին, երբ ես ավարտել էի իմ օրագիրը, ու առաջին հարցը.
– Հայրիկ, ո՞վ է էշի քուռակը…
Ու էլ չքնեց։ Միասին սկսեցինք օրը։ Սրանք թարմ, պահի նկարներ են. մենք «Սասունցի Դավիթ» ենք կարդում։
Նորից ծեսի մեջ մոտենում եմ պատուհանին, նայում Խանջյանով ձգվող շարունակվող Երևանին, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն…
Պիտի ճշտեմ տողերը. հիմա ձայներ հասան իմ ականջին.
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գնաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա—քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Ես մի վիճակում եմ հիմա, որ չի գրվում՝ խոսվում է, ես պատմում եմ…
Վա´յ, Լիլիթ ջան, իմ սքանչելի Պիլո, Շուշանի ընկեր-ուսուցիչ, որքա՜ն ուրախ եմ, որ Շուշանը քեզ տեսավ, դարձաք անբաժան մի կարևոր տարիքում…
Հիմա Լիլիթ Առաքելյանը կրթահամալիրի երաժշտության կենտրոնում, իր կլոն-մայրիկի հետ կողք կողքի (այսպիսի՜ կապ), երաժշտություն է դասավանդում… Հիմա-ն նոյեմբերի 25-ն է, ժամը 16.00-ին մոտ, երբ ես Մեդիայից Գեղարվեստով իջել եմ Մայր դպրոց… Համարյա մեր Ռուդիկ Սահակյանցի նման՝ մի հատ ֆռֆռամ, տեսնեմ՝ ինչ կա… Գեղարվեստում Գայանե Առաքելյանի ու Սոֆյա Այվազյանի, Արմինե Թոփչյանի հետ լուծեցի, ուրախ եմ, այս ամառը սկսած, սեպտեմբերին ուսումնական շարունակություն ստացած Լևոն Աբրահամյանի անիմացիոն լաբորատորիայի ինքնուրույն-հարմար տարածքի հարցը… Լաբորատորիան կա. կեցցե հայտնի նկարիչ-պլաստիլինագործ Լևոնը՝ իր հետևողականության համար. նախաձեռնեց, շարունակեց՝ վարակեց մուլտեր ստեղծելու գաղափարով Գեղարվեստի տասնհինգի չափ պատանիների։ Հիմա իր նման շնորհքով-գործունյա Արամի հետ խնդիր-պահանջ է դրել նյութական-ամբողջական դարձնելու անիմացիայի (մուլտիպլիկացիայի) լաբորատորիան… Ես խոստացել եմ, և իմ այսօրը օր չի լինի, եթե ժամը 11-ի մոտ Լևոնը, Արամն ու իրենց սաներն ուսումնական պարապմունքները չանեն իրենց, միայն իրենց պատկանող մասնագիտական տարածքում…
Մայր դպրոց ինձ բերել է Սվետա Ճաղարյանի հետ առավոտյան սկսած զրույցը երաժշտության կենտրոնիգործունեության մասին։ Ես մասնակցեցի Վարժարանի 11-րդ դասարանում Մերի Առաքելյանի ամենշաբաթյա հանրակրթական երաժշտության պարապմունքին. մասնագիտական խնամված համերգային դահլիճ-միջավայր՝ լարված ռոյալով, ռոյալի առաջ հմայիչ, ոգեղեն Մերին, Մերիի ընտրած՝ Սայաթ-Նովայի «Բիլբուլի հիդ», Կոմիտասի «Հարսանեկան շարք» երգերի՝ պատին պրոյեկտված տեքստեր ու երգող պատանեկան դասարան… Սա մանկավարժություն է, ընկերներ, և ես ոչինչ չեմ հավելում, կրկնում եմ այն, ինչ ասացի պարապմունքի վերջում.
– Դուք երջանիկ եք. իսկական «Բիլբուլի հիդ» (սոխակի հետ) Սայաթ-Նովա, Կոմիտաս եք երգում…
Հասկացվե՞ց, որ Մերիին եմ ակնարկում…
Երաժշտության սրահի մի կաբինետում մեր սքանչելի Վանուհու երեք նշանավոր սեբաստացի տղաներից երկուսն են՝ Արեգը և Տիգրանը, տասնյակի չափ իրենց հասակակիցների հետ, նոր պրոյեկտորով, ինտերնետ միջավայրում հարմոնիայի լրացուցիչ պարապմունքի են… Տեսնելու բան է. լուսավոր, խաղաղ, արդիական միջավայրում՝ արդիական տեխնոլոգիաներ, և դասական կրթությամբ երաժշտի կենսագրությամբ Սվետան իր մասնագետ աղջիկների՝ երիտարսարդ գործընկերների հետ հետևողական նորացնում է երաժշտության հանրակրթական և մասնագիտական ուսուցման ողջ զինանոցը… Ես, Սվետան ու նրա երաժիշտ 8-10 տարեկանները կոնկրետ-գործունյա քննարկեցինք այսօրվա համերգին նրանց, իրենց ծնողների և ուսուցիչների մասնակցությունը…
Ժամը 15.15 Բանգլադեշի կրթամշակութային կենտրոնում հատուկ մեզ համար ելույթ է ունենալու Լիլիթ Եդիգարյանի երգչախումբը՝ կազմված Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներից… Իրադարձություն հայաստանյան երաժշտական կյանքում. հայտնի խմբերի թվով 4-րդ համերգը՝ նվիրված կրթահամալիրի ստեղծման 25-ամյակին, այսպիսի նվերների չվերջացող շարան մինչև դեկտեմբերի 16-ը, երբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կլինի մեր «Կրթահամալիրի գեղարվեստը. գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ցուցադրությունը:
Վերջին (հետո պարզվեց՝ նախավերջին) հարվածը հասցրեց Լիլիթ Առաքելյանը, երբ ես եղբայրներին հարցրի.
– Բա ո՞ւր է ձեր երրորդությունը՝ կրթահամալիրի խորհրդանիշ դարձած Վահագնը…
Մնացածը դիտեք շնորհիվ նոր տեխնոլոգիաների, անհապաղություն, անընդհատություն հենց հիմա…
Վայ, Լիլիթ ջան, դու ինձ հուզեցիր, և ես հիմա թաց աչքերով մեր Շուշոյին կանչեցի…
– Հեյ, ո՞ւր ես, Շուշան, հայրիկի թալիսման-պահապան-չարխափան…
Ես պիտի մասնակցեի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի երեկվա պարապմունքին. մաեստրո Թոփիկյանը, իր անբաժան ընկեր, վոկալի մեր սիրելի ուսուցիչ Սեյրան Ավագյանի հետ Մեդիա կենտրոնում ժամ առաջ ոգևորված, Թոփչիկի հետ Վարդան Զորավարին նվիրված շարականի նոտաներն էինք բազմացնում՝ պատրաստվում երգչախմբի պարապմունքին… Հետաքրքիր է՝ ի՞նչ ստացվեց այսօրվա ճակատամարտից… Զորավարը հաղթեց, և սա լիակատար հաղթանակ է, մաեստրո, մշակութային-նյութական… կրթահամալիրի Բանգլադեշը, շնորհիվ բարձր երաժշտության, հար կենդանացող-ազնվացող անդաստան է…
Սրանով՝ անդաստանով, սկիզբ առավ իմ օրվա 156-րդ գրի քաղաքական-հասարակական պատումը, որ սկսել եմ երեկ…
Ես ակտիվ պայքարել եմ, որպես Գերագույն խորհրդի պատգամավոր, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա նոր գաղափարախոսություն, նոր իրավակարգ, նոր համակեցություն իր հարևանների հետ՝ նոր պետականություն, նոր խորհրդանիշներ… Նոր գինին նոր տիկերի մեջ՝ նոր հիմն, դրոշ ու գերբ, պետական նոր բովանդակության խորհրդանշական ձևեր: Մասնավորապես Արթուր Շահնազարյանի հետ առավելագույն ջանքեր եմ գործադրել, որ «Անդաստանը» ոչ միայն պատշաճ ներկայացվի հայտարարված օրհներգի ընտրությանը, այլև տարածվի-դառնա… 1990-1991 թթ առաջացավ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները օրենքով հաստատելու պահանջը։ Ստեղծվեցին Գերագույն խոհրդի հանձնաժողովներ, անցկացվեցին մրցույթ-ցուցադրություններ, քննարկումներ՝ դրոշի, հիմնի, գերբի նախագծերի։ Ազգային միասնության, իմ կարծիքով կեղծ, տեսլականը հաղթեց, ունեցանք հին գինի՝ նոր տիկերի մեջ… Այս դեպքում՝ հին, բայց ոչ հնեցված… Օրհներգ, որ չի ոգևորում, ինչպես օրինակ, «Ազգային օրհներգը», կամ ոգեղեն չէ, ինչպես «Անդաստանը»՝ իր Վարուժանով ու Խորենացու շարականով, կամ տաղանդավոր ժամանակակցի հատուկ ապրումը չէ, ինչպես Եղիշե Չարենցի ու Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանին», որ երգվում են, ոգևորում, ինչպես, լսեցեք, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբին։ Դրոշն ու գերբն էլ, որպես պատկեր, արդիական, նկարչորեն ազդեցիկ չեն, որ հետդ լինեն, որ կրես…
Արմինեն պատմեց, որ դեկտեմբերի 12-ին մեր երեք տարեկան դարձող տղան իր մեծերի խմբի չորս տարեկան դարձող Էլենի հետ ծննդյան ծեսի է հրավիրում-պատրաստվում (վա՜յ, Կարինե Խառատյան, ի՜նչ խելահեղ աշխարհ մտար)։ Դավիթը ինչ «փամփերսին» հրաժեշտ է տվել ուղիղ 6 ամիս առաջ՝ ծեսով-հրապարակային, միայն մի անգամ է քնած ժամանակ չիշ արել… Մաքրակենցաղ է մեր հմայիչ-սրիկա-տղան, ահա ինչու, մենք նրա հետ ու ձեզ հետ անշտապ քննարկում ենք երկարամազության հետագայի հարցը՝ կտրել-չկտրել, երբ, որտեղ, ինչպես… Ծեսը ծես է՝ թող հավաքվեն քույրիկները բոլոր՝ Նազենի նշանավոր դարձող կրտսերից մինչև Լիլիթ Բլեյան ու… Չէ, Դավիթն ասում է, որ տղայի մազերը պիտի տղա կտրի…
Իսկ մինչ այդ, տեսեք՝ մեր բնակարանի ցածր սեղանին ինչ գործ, պերֆոմանս է ստեղծել Դավիթ Բլեյանը: Անվանել է «խցանում»: Ընտիրություն՝ կասեր մեր ճարտարապետ ընկեր Համլետ Խաչատրյանը…