Ուզում եմ Դավիթ Բլեյանի ուսումնական ողջ օրը ունենալ աչքիս առաջ՝ որպես ուղիղ միացում, առավոտ 8։30-8։40-ից, երբ ինձ թողնում է Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու կողմը, ես անցնում եմ Մեդիակենտրոն, ինքը Արմինեի հետ շարունակում է ճանապարհը Արևմուտքի իր դպրոց… Երեկ, օրինակ, չեկավ Մարմարյա սրահ ընդհանուր պարապմունքի, մնաց իր ընկերների, իր ընկեր Մելինեի հետ, իր երկարօրյա ճամբարում, երբ իր դպրոցը, իր Լուսինե Փաշայանը Մարմարյա սրահի կենտրոնում էին՝ պարով-երգով, պարերգով՝ խաղով երաժշտական… Ահա, այդ ժամանակ ունենայի ուղիղ միացում… Ամենաշատը ուրախանում եմ, երբ ինձ պատմում-փոխանցում են Դավթի՝ իր ընկերների-ուսուցիչների նկատմամբ հոգատարության դեպքերի-դրսևորումների մասին. հուզվում եմ:

Դավիթն ու ընկերները: Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

— Դու պիտի հոգատար լինես, Դավիթ, խնամես քո ընկեր Լուսինեին, առանց քեզ, պատկերացնում եմ, որքան դժվար կլինի իր համար…
— Լավ, հասկացա, ես քո հավեսը չունեմ…
Կամ սրա պես, ավելի սուր մի բանով կտրում է Աշոտիկը մեր… որ երեկ երեկոյան սպասեց Մեդիակենտրոնում մինչև 7։30, կրթահամալիրի խորհրդի նիստի ավարտը, որ ուղեկցի տուն…

Ողջ ճանապարհին, ի՜նչ ահավոր քաղաք է, իր խաչմերուկներով՝ Գրիգոր Լուսավորչի, Խանջյանի… մինչև հասանք, ծնկներիս նստած, հայացքը մեքենայի պատուհանից դուրս է, գառնուկի նման…
— Ոնց որ իսկական Յուլիսիս,- ասում է Արմինեն, որ թվում է՝ կլանված է վարումով… Մտանք տուն՝ միանգամից, կոշիկներով, տեղավորվեց բազմոցին ընդարձակ հյուրասենյակի, միացրեց իր նոթբուքը… Լավ է, որ ոչ Արմինեի պլանշետը…
— Դավի՛թ, էդ թող, եկ մի նստենք, խոսե՜նք կարգին,- մսրամելիքավարի ձգում եմ ես…
— Դու դեռ շորերդ փոխի, ջուրդ խմի… վա՜յ… Չե՞ս տեսնում՝ ռուսերեն եմ սովորում…
— Դու անկա՞խ չես, Դավի՛թ… Ումի՞ց ես կախված…
— Վիվասել MTS-ից, ինտերնետ մուլտիկներից… Ինչքան քեզ կկտրես քո մտքերից, էնքան էլ քո տղային՝ իր ռուսերենից…
Արմինեի ձայնը-ներխուժումը անկասելի է…

Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիները: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Մեր Սոնա Աբգարյանը զավակ է ունեցել… Լուրն այս, որ մացակավարի եթեր նետվեց, ինձ այնքան զվարթացրեց-աշխարհիկ կյանք բերեց, որ ես հիմա էլ չգիտեմ՝ տղա թե աղջիկ… Սոնա ջան… Այս ճերմակ-շիտակ-ուղղամիտ կապույտի միջից իր, ստեղծական-առեղծով իր, միշտ սիրելի-կարող-հետաքրքիր մարդու հետ երկու պատկեր-աշխարհ գալիս է… Մեկ՝ Ստամբուլն ու լույսը: Ես չեմ եղել Ստամբուլում, չգիտեմ՝ ոնց պիտի լինեմ, Դավթին-Արմինեին-Շուշանին խոստացել եմ, բայց Սոնան երբ եղավ, երբ պատմեց… ես հիացա… Նրա պայծառացած դեմքը Ստամբուլ անվան հետ բռնկվում էր… Ի դեպ, քանի՞ տարի առաջ, Մեդիակենտրոնի պատշգամբում… Հաջորդ պատկերը փոխեփոխ իր ծննդավայր Բերդ-Շամշադինից է, իր ընտանիքից-բնակարանից, ուր մենք անցկացրել ենք, ո՜ր դարում-թվականին, Սուրբ ծննդյան-ամանորի օրեր… Արմինեի հետ, Դավիթ Բլեյանը չկար։ Սոնայի հետ քայլել ենք Բերդով-շրջակայքով-Վարագավանքով, ջրամբարով… Յուրահատուկ Սոնան հիմա մայր է, ու միտքն այս այնքան զվարթացնում է… Ուղիղ եթեր:

Ես գնում եմ Օշական ուխտի, մեր 5-6 տարեկանների հետ… Նորից ուղիղ միացում… 1980-1984 թիվ, ես Խրիմյան Հայրիկի անունը կրող, Երևանի Չարենցի փողոցում՝ ճերմակ տուֆակերտ շենքում տեղավորված դպրոցի փոխտնօրեն-կազմակերպիչն եմ, ու չափում եմ բոլոր տարիքների սովորողների հետ Երևանը, նրա շուրջ, մինչև Բերդ, ջրամբարի մոտ վրան խփելը, մինչև Խնձորեսկ, Արցախի Տոնաշեն ու Երից Մանկանց, մինչև Ջավախք աշխարհ՝ Նոր քաղաքով… Թմկաբերդով… Ինձ համար այնքան կարևոր է սեբաստացիների Թմուկի նվաճումը, որ ես այն առաջնորդելու իրավունքը բաց եմ թողնում… Արման, Ալեքսանդր ու ընկերներ, ես ձեզ ժամը իննին կճանապարհեմ Ջավախք, և դուք կլինեք ուղիղ միացման իմ եթերում… մինչև գագաթից սարի, Թաթուլի-Թմկատիրուհու բերդից ինձ ձեռքով կանեք… Կլինի՞ ուղիղ միացում։

Կավե ժայռապատկերներ: Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Խրիմյան Հայրիկի դպրոցի երրորդ դասարանցիների հետ՝ նոր պիոներ դարձած, կարմիր վզկապներով, ճերմակ-կապույտ ու սև, գնում ենք… ուխտի… Օշական… Տեսարա՜ն՝ կարմրաթուշիկ, կրակի կտոր կազմակերպիչը-ջոկատավարը մի մեծ դասարան պիոներ-ուխտավորների հետ Օշականի ճամփին… Մտնում ենք եկեղեցի. մինչև այդ հանում ենք վզկապները, խոթում մեր գրպանները։ Այբ-բեն-գիմը կարդում ենք, օրհնության իմ ծեսն է, հետո դուրս ենք գալիս, իջնում եկեղեցու մերձակա ձորը, հանում՝ ինչ կարող ենք, մտնում… ջուրը… Այսպես մկրտվեցինք…

Ուղիղ միացմա՞մբ հարազատ կոմունիստական կուսակցությունը հետևում էր, իհարկե, ամեն այսպիսի բռնկումը մի վերջին կաթիլ էր… մի նոր կուսակցական նկատողություն… Ես արագացնում էի նոր աշխատատեղի փնտրտուքը։ Այստեղ ուրիշ պատմություն է… 1985-ից. իմ աքսորի մասին Բանգլադեշ, ես պատմել եմ

#1158

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հովազներն սկսել են… կոկորդիլոս ուտել հենց գետում

Ես չգիտեի, իմ մտքով չէր էլ անցնում… Իսկ մեր չորս տարեկան իգիթը ժամը յոթին արթնացավ վճռական. — Ես պիտի տեսնեմ էդ հովազին… Ու նստեց էդ ինտերնետի առաջ… տեսավ… ֆոտոշարը, քննեց ինձ

Կիրակնօրյա ընթերցարան

Զատկական, իհարկե, բայց կիրակի է: Իմ օրագրի համար սովորական դարձած կիրակնօրյա գիրը, որպես ընթերցարան, ներկայացնում եմ: Զատկից առաջ, Զատկի օրերին, Զատկից հետո էլ, ամեն օր, եթե զատվելու խնդիր ունենք, ապա՝

Իշխան դառնալու ճանապարհ է մեր կրթությունը

Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա: — Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ