Աշխարհ է, փոփոխական է, վաղը, մյուս օրը կարող է հանդիպենք, մեկմեկու նայել կարողանանք… Հիմա ես դիտում եմ «Տնից՝ տուն» ֆիլմը, որի դեպքերը տեղի են ունեցել 1989-ին… թե ինչպես են Ադրբեջանում հայաբնակ ու Հայաստանում ադրբեջանական գյուղերի բնակիչները փոխանցում իրար իրենց տան բանալիները, ինչպես են պայմանավորվում ու կարողանում ապրել՝ չպղծելով միմյանց գերեզմաններ… Երկօրյա շրջագայության մեր ճանապարհին մենք Ճամբարակով անցանք Գետիկի հովտով՝ Գետիկ, Մարտունի, ԱյգուտԴպրաբակ, Չորավանք, Աղավնավանք՝ հիմա հայաբնակ, մինչև 1989-ը՝ ադրբեջանաբնակ գյուղերի միջով… Տեսանք նաև ադրբեջանցիների չպղծված-պահպանված գերեզմանատունը, ինչպես ֆիլմում, իրական, ինչպես (երեկ Կարինե Պետրոսյանը պատմեց) Ելենա Սարգսյանի նախագծի մասնակից մեր Ավագ դպրոցի սովորողներն են Կալավան գնալիս տեսել Բարեպատ գյուղում… Ճիշտ ու ճիշտ, ինչպես ֆիլմի սցենարիստ, ռեժիսոր, իմ սիրելի Սեդա Մուրադյանն է նշել. «Ֆիլմն ապրում է անկախ կյանքով ու ժամանակ առ ժամանակ հիշեցնում իր մասին»… Մենք Գետիկի հովտին, այդ գյուղերին, գերեզմանոցներին, այս ֆիլմին մոտակայում դեռ կվերադառնանք… Հիմա ֆիլմը նայենք, մեր նախագծային-բլոգային հրապարակումներն անենք, պատրաստվենք նախագծային խմբով Հարթակում հանդիպելու…

Բարեպատ գյուղի ադրբեջանական գերեզմանոցը ամբողջովին պահպանված վիճակում:
Լուսանկարները`  Կարինե Պետրոսյանի:

Շրջագայության հարթակները, որ այնպես են տպավորվել, հնարավոր նոր ֆիլմերի սցենարը որոշել, որ երեկվա իմ գրի վերնագիր են դարձել, հանգիստ չեն տա մինչև… ջնջվելը կամ պատում դառնալը… Առանց Արտանիշի բարձունքի՝ Սևանի լճի որպես ծովի ընկալումը անհատական ապրում չէ… Գյուղի դպրոցի տնօրեն Արայիկ Մարգարյանի ուղեկցությամբ հեշտ թվաց բարձունքը, մատչելի՝ անկախ տարիքից-պատրաստվածությունից յուրաքանչյուրի համար… Ուխտի ճանապարհ ամեն մի սեբաստացու համար… Արտանիշի բարձունք կկարողանա՞մ սեպտեմբեր-հոկտեմբերին Արտանիշի ծոցով բարձրանալ, քանի՞ սեբաստացի-խումբ կհետևի…

Մեծ ու փոքր Սևանի միացման պարանոցը՝ Արտանիշի ու Նորատուսի թերակղզիները միացնող… ուժեղ տպավորություն է. Ջանազյան Իվետա, լողալով անցե՞լ ես… Ինչո՞ւ չի կարող այդպիսի օր լինի՝ պարանոցով Սևանի մի ափից մյուս ափ անցնելու օր… Միաժամանակ երկու կողմից, իրար ընդառաջ… ա՜յ քեզ նախագիծ..

Աշնանային լողափ Արևելյան դպրոց-պարտեզում:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Գետիկ ու Աղստև գետերի միախառնումը՝ խառնարանը Ճամբարակ տանող կամրջի տակ… Միշտ կանգնում եմ այստեղ, նայում երկու զարմանալի հովիտներով-ձորերով, ծայրից ծայր տեսնում… Կամրջից Գոշով մինչև… Կամրջից Հաղարծին գյուղով մինչև… Կամրջի մոտի կեղտը զայրացնում է. ավանդական է, բայց մեկ է, զարմանում եմ։ Այսպիսի՜ հովիտներ, այսպիսի՜ գրկախառնություն-սեր, ի՜նչ կյանք-ամառային հեքիաթի վայր, իր խորհրդանիշն է ուզում, իր վերաբերմունքը… որ թույլ չտա տգեղ-ոչնչացնող-արհամարհական-չտես միջամտության… Մեր հիմա աղբը մաքրելն է, հո տուրիստ չե՞նք. ու մենք մաքրում ենք…

Իսկ կամրջից մոտ՝ Աղստևի ափին, մի մեքենա Արթիկի տուֆ էր թափված …

Նրանք կգան, կավերեն, — չի մնա էլ ոչինչ՝
Ո՛չ դրախտը ձեր գեհեն, ո՛չ թախիծը ձեր դյութիչ:
Չարենց

Կկարողանա՞նք նախագծով, սովորողների ակցիաներով-աղմուկով սրա դեմն առնել որպես քաղաքացիական կրթություն… Յուրաքանչյուրը՝ մի-մի նախագիծ, մի-մի գործողություն… «Գետը համայնքում» նախագիծը ոչ միայն շարունակական է, այլև կյանքի գործ… Սա նախագծային ուսուցման բերած խնդիրն է ու ձեռքբերումը։

Բակային աշխատանքները Հարավային դպրոց-պարտեզում։
Լուսանկարները` Հասմիկ Պողոսյանի:

Նախագծով նոր, ճամփորդական ուսուցմամբ-արշավախմբային երթուղիներ են իմ գլխում… ուխտագնացություն ուսումնական երկօրյա-եռօրյա՝ կրթահամալիրի Բանգլադեշից Արտանիշ, ծոցով-բարձունքով, գիշերումով-լողով Արտանիշի թերակղզում, Գետիկի հովիտով մինչև Գոշա լիճ, գիշերումով, իհարկե, լճի ափին, դադարներով Աղավնավանքի-Կենու պուրակ-արգելավայրում, մինչ այդ՝ չպղծված-հաշտության խորհրդանիշ ներկայացնող գերեզմանոցով գյուղով, Գետիկի-Աղստև գրկախառնության խառնարանով… Բնապահպանական ակցիաներով, իհարկե… Տեսանյութերով, որպես վերահսկման թվային ձևեր, ինչպես այս ֆիլմում՝ դուք մեր գերեզմանոցը՝ գյուղը, հուշարձանը, հիշատակը, մենք՝ ձերը, փսփսոցի, դրա բերած վայրենության դեմն առնելով… Գործում է, տեսնո՞ւմ եք: Ու դժվար ինչ կա, ամեն գյուղում կգտնվի նախագծով 5-6 հոգի, վրանով-աղուհացով, պատրաստ ուղեկցելու… Սա եմ անվանում կրթական փոխանակում.. Ա՛յ, սա է դժվար, որ մոռանալ չի լինում: Այսքանը:

Ֆիլմի ավարտը, ձեռնափայտի տկտկոցները՝ որպես նյարդի թակոցներ, չեն մոռացվի… կմնան:

Գետիկի հովիտ։ Նկարները՝ Գուգլի քարտեզներից։

Արմինեն է պատմում. կարդացեք որպես դրվագ Դավիթ Բլեյանի հասունացման… Էպոսում էլ է այդպես…
Վարորդ Արմինեի մեքենայի դուռը թեթև հարված է ստացել կիրակի օրը։ «Ապպա»-ոստիկան… իրարանցում… մորաքույր Ռուզանն իր ընտանիքով… Որքան էլ որ տուժող կողմը, համակրելի երիտասարդ, Ամերիկա շտապող, բարեկիրթ-ընդառաջող է եղել, խուճապ է… Դավիթը մոր կողքին է եղել, մոր ձեռքը բռնած, հուզված-վճռական՝ որպես պաշտպան…

Դավիթը հասունանում է ու չի մեծանում… վեց տարեկանին դեռ երեք ամիս կա: Երեկ քնելուց առաջ հավաքել է 4-5 մեքենա, լցրել ծոցը… Կողքին կարդացող-պատմող մայրիկը՝ թե.
— Դավի՛թ, ի՞նչ ես անում, քնած ժամանակ քեզ կխանգարեն, կվնասեն։
— Մայրիկ, հիմա դու կգնաս, ես կմնամ մենակ, թող ինձ հետ լինեն…

Դավթի հանգստյան օրերը Ջրաշխարհում:
Ֆոտոշարը` Արմինե Աբրահամյանի:

Առավոտ գիշերով, մութուլուսին, ահա, այս մեքենաներով անցավ ննջարանից ննջարան…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1147

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ…

«Ամեն մեկն ունի քնից արթնանալու իր պատճառը: Իմը՝ արթնանալն ու քեզ սպասելը»,- ազատության իր «Շողակն» — ում գրում է սեբաստացի Թամին՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանցի Թամար Աճեմյանը: Իմը՝ արթնանալն ու

Գիր՝ արձագանքի պահանջով… Կարո՞ղ եմ

Շաբաթ իրիկունը Արատեսի դպրոց բնության գրկում՝ ճամբարի կրակի շուրջ, ես սկսեցի-շարունակեցի հունիս, հուլիս-օգոստոսի ուսումնական ճամբարների կազմակերպման, պատրաստության՝ մայիսյան հավաքի օրացույցով կարևոր հարցի մասին զրույց-քննարկումը․․․ Մենթորը՝ մենթոր, բայց հեշտ չէր ճտճտացող կրակի շուրջ

Հեռու երկրի լուսե հովտում…

Տերյանն ինձ բաց չի թողնում… Տերյանը, ով 1919-ի նոյեմբերին գրել է իր վերջին բանաստեղծությունը. Գինով եմ, գինով եմ ես էլ, Թեթև եմ, անհոգ, լեզվանի. Օրորիր մեզ, պանդոկ կարուսել, Օրորիր, օրորիր