Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումը 1976-ին կարող էր լինել. Սարոյանը Երևանում էր այդ տարի աշնանը, Ուջանում այցելելու էր Զորավար Անդրանիկի հուշարձանին… Մենք՝ գրականասեր-սարոյանասեր ֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսեցի մի խմբով՝ ձեզ ծանոթ Սիմիդյան Կարոն, Գրիշան Գևորգյան, Պետրոսյան Ռաֆայելը, ես, էլի ես… հանդուգն որոշում կայացրինք հանդիպելու Սարոյանին Ուջանում, մեր Գրիշա Գևորգյանի ծննդավայր-բնակավայր գյուղում, ու Սարոյանին Գրիշայի բիթլիսցի ապուպապերի անունից, Գրիշայի ազդեցիկ հոր՝ Հունանի, և քնքուշ Աղունիկ մայրիկի ուժով բերել ուջանցի Գևորգյանների տուն՝ նախապատրաստված քեֆի…

Ամեն ինչ այդպես եղավ, հատկապես որ Սարոյանին հայաստանյան ուղևորության ժամանակ մշտապես ուղեկցող, այն ժամանակ բոլորին հայտնի խումբը՝ Վարդգես Պետրոսյան, Ռազմիկ Դավոյան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, համաձայն էր մեր որոշմանը. բոլորը բոլորիս ճանաչում էին, ու խոստացված աջակցությունը ստացանք ամբողջությամբ… Սարոյանին ու իր խմբին մենք հետևում էինք, գիտեինք՝ որ ժամին պիտի լինեն Սարդարապատում։ Այն պահին, երբ Սարոյանը մոտեցավ հուշարձանին, զանգերը հնչեցին ի պատիվ նրա… Հետո, Ուջանում սա դարձավ կարևոր գործոն՝ Սարոյանի վճռի վրա ազդելու.
— Վարպետ այս խումբն էր, որ զանգերը հնչեցրեց Սարդարապատում…
— Իմ այցն ասոնց համար այդչափ կարևո՞ր է…

Ուջանի կենտրոնում Զորավար Անդրանիկի նշանավոր (Հայաստանում առաջին արձանը, որի տեղադրման պատմությունը յուրաքանչյուր ուջանցի այն ժամանակ մեզ պատմում էր ամենայն մանրամասնությամբ) արձանին ծաղիկներ դնելուց հետո խումբը Սարոյանի որոշումով մտավ մոտակա խանութ՝ գնումներ կատարելու: Սարոյանն ուզում էր իր փողով խանութից մի իր գնել… զննեց ու գտավ չախու (այգեգործական դանակ)… Շատ հավանեց ու երեխու ուրախությամբ բոլորին ցույց էր տալիս: Խանութից դուրս գալիս Հունան քեռին ու Աղունիկ մայրիկը մեր ուղեկցությամբ մոտեցան Սարոյանին ու իր խմբին…

Ամեն ինչ մտածված էր մանրամասնությամբ, ու Սարոյանը համաձայնեց փոխել օրվա ծրագիրը… Բարձրահասակ Սարոյանը քայլում էր դանդաղ, սպիտակ շորերով, որպես Նոյ Նահապետ, ետևից ու առաջից՝ գյուղի մանրն ու մեծը… Տեսարան էր: Ազդեցիկ, ոչ սովորական արտաքինով, անիրական թավ ձայնով, նշանավոր բեղերով ու հայերենով… Յուրաքանչյուրին հարցնում էր պստիկ ու մեծ անունը (ազգանունը), կրկնում, զարմանում-հիանում յուրաքանչյուրի անվան ձայնով… Հունան քեռու տան սեղանը՝ աշնան բարիքով, ու տունը՝ մարդկանցով լեցուն… Մենք յոթերորդ երկնքում էինք. մեր գրական հերոսը ոչ միայն մեզ հետ էր, այլև իր գրականության նման ազդեցիկ՝ բամբ ձայնով, հագուստով շրջապատից կտրվող… Ոչինչ չէր խանգարում հանճարի, իրական հանճարեղ մարդու հետ շփումը վայելելու, ինչպես Սարոյանը վայելում էր գինին, ճաշակում ուտեստները՝ իրենց պատրաստման պատմություններով…
— Հունան, ես քո կնոջը սիրահարվեցա…
Պուճուր, նուրբ, խորոտ, երախտահիշատակ Աղունիկ մայրիկը Սարոյանի պատումներից արբեցած-ոգեշնչված-ամոթխած…

2009-ին, երբ Արմինեի հետ Արևմտյան Հայաստանում էինք, ես պնդեցի, որ մեր ճամփորդական ծրագրում Բիթլիսը տեղ գրավի… Վանա լիճը՝ իր Սուրբ Խաչով, Բիթլիսը՝ քաղաքն իր վայրի բնությամբ, քուրդ մարդկանց բնավորությամբ, կատաղած գետն ու կիրճ քաշող բերդի բարձրությունը… Չխամրող տպավորություններ են թողել… Ու Սարոյան անսովոր մարդը կենդանացավ՝ ինձ հետ էր այդ մի քանի ժամվա ընթացքում… Քանի՜ տարի է անցել 1976-ից, 2009-ից… Կունենա՞մ պատեհություն՝ լինել-գիշերելու Բիթլիսում: Բիթլիսը՝ իր Սարոյանով, ինձ ձայնում է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանկարծամահ եղած Տեր Հուսիկ (Գարուշ) Լազարյանը

Տուն մտա իրիկունը խառը տրամադրությամբ. Խնկո-Ապոր անվան գրադարանում մեր կրթահամալիրի լավ բարեկամ Տիգրան Պասկևիչյանի «Դոն Կիխոտի օրագիրը», «Ձնեմարդու ավետարանը» գրքերի շնորհանդեսին էի մասնակցել. Տիգրանը իրեն հատուկ շնորհքով-բարեխղճությամբ, իր ծննդյան օրվա

Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն…

Բարի օր, կրթահամալիր, օրվա իմ գրի հարգելի ընթերցող, սեբաստացի թե ոչ սեբաստացի՝ որտեղ էլ որ այս պահին լինեք. մեր տան պատի ժամացույցի փոքր սլաքը 4-ի և մեծ սլաքը 12-ի վրա