Համաձա՞յն եք, որ կրթահամալիրի Բանգլադեշում վերջին շրջանում մենք զբաղված ենք հանճարեղ (որքան էլ որ ես այս աստիճանին շատ զգույշ եմ մոտենում, հո ձկնորս Գագիկ Հարությունյանը չե՞մ) ինովացիաներով՝ նորարար ստեղծական գործունեությամբ, ոչ այսպիսի թանկ, բայց հենց սրանով՝ էժան-մատչելի-կիրառական մեր ուսումնական կյանքում, մեր կրթական միջավայրում… Այլ մարդիկ, չգիտեմ, կարևոր է, թե մենք՝ սեբաստացի-սովորող-փորձագետ, ինչպես ենք մեր ինովացիաները գնահատում-ներկայացնում. ասենք՝ հեղինակային մանկավարժությամբ ստեղծված՝ հենց ֆիզիկական միջավայրի նորարարական լուծումները 2017-ի հունիսի վիճակով։ Ասում եմ՝ հունիսի «Գեղարվեստը կրթահամալիրում» տեխնոլոգիական-դիզայներական ցուցադրությունները տալի՞ս են այսպիսի լավ հնարավորություն. կինոֆոտո մասնագետներն իրենց սաներով, դիզայներ-տեխնոլոգներն՝ իրենց, կկարողանա՞ն Մայր դպրոցում հունիսյան ցուցադրությունների շարքում բաժիններ հատկացնել այսպիսի՝ նորարարական լուծում-նախագծերին, պայմանական անուններով ասեմ՝ «Ուսումնական տանիք», «Ուսումնական նկուղներ», «Ջան-լանջեր՝ մահ-հենապատերի փոխարեն», «Նոր մանկավարժության մետաքսի ճանապարհ», «Չարենցի կամար-բարձունքներ»… «Ամենաէժան լողափեր»… Կարևոր է նաև, որ և հունիսյան ուսումնական ճամբարներում, ամառային աշխատանքային ջոկատներում ու տարաբնույթ հավաքներում շարունակվեն այսպիսի նորարարական նախագծային լուծումների փնտրտուքը, սկսած նախագծերի իրագործումը…
Շրջանավարտների ձայնասկավառակի շնորհանդես:
Լուսանկարները` Լիլի Եղիազարյանի:
Ինովացիան Հայաստանում հաճախ նույնացվում է ֆոկուսի հետ, մի այնպիսի բան մտածեմ-հորինեմ, որ… էլ չաշխատեմ, ազատվեմ հոգսից. հոգսն էլ՝ հայ մարդու կյանքն է… Նորարարական-ստեղծական-հեղինակային լուծումները սովորական մարդու՝ իր կյանքին անսովոր հայացքից-վերաբերմունքից-ակտիվ դիրքից-գործուն վիճակից, ինքնուրույնությունից ծնվող լուծումներ են, փոփոխություններ, գյուտեր, մտավոր սեփականության հավաստումներ…
2017թ. շրջանավարտների հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ։
Լուսանկարները` Լուսինե Սարգսյանի։
Օրեր առաջ դպրոց-պարտեզի 5-րդցի սովորող Գոռ Կնյազյանի իրավաբան ծնողները մեզ գործընկերության նախագիծ առաջարկեցին՝ «Ես ստեղծում եմ» նորարարական գաղափարների մրցույթ։ Լավ է, որ իմ, տիար Գևորգի, Սուսան Մարկոսյանի հավանությանն արժանացած նախագիծը, որպես առաջարկ, հենց սեբաստացի ընտանիքից է գալիս՝ իսկական հունիսյան, ճամբարային, ամառային նաև ընտանեկան նախագիծ:
Առա՜ջ, սեբաստացի ուսումնական ճամբար 2017, իհարկե, այսպիսի նորարարական-շարունակական վերաբերմունքով քո քաղաքին, երկրին՝ իր Զանգվով-կրթահամալիրով-Բանգլադեշով…
Կարող եմ կրթահամալիրի բոլոր դպրոցների տնօրեններին, կազմակերպիչներին և պարոն Բլեյանին շնորհավորել՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր դպրոցներով փայլուն և առաջադեմ ուսումնական հաստատությունների օրինակ է նույնիսկ Գերմանիայի շատ դպրոցների համար: Շնորհակալ եմ, որ այսչափ հաճելի, հետաքրքիր և գեղեցիկ օրեր անցկացրեցի Երևանում: Շնորհակալությո՛ւն:
Սրտանց գերմաներեն մաղթում է մեր հարազատ ավագ ընկեր Գերդ Քյոհլերը իր Գերմանիայից… Տեսեք՝ ինչ բարեխիղճ անդրադարձ երեքշաբաթյա կրթահամալիրային կյանքին… Շնորհակալություն, Գերդ… կհանդիպենք:
Ծառուղու ստեղծում…
Լուսանկարները` Գոհար Եղոսյանի։
Երեկ ինչպես տեղատարափ-հորդ (հասկանալի է՝ ինչու ենք Դավթի հետ սիրում-գործածում հորդառատը) անձրևն էր անակնկալ մեր ընտրական կյանքում, այնպես և օրվա վերջի շրջադարձը… Արմինեի ու Դավթի հետ հայտնվեցինք սենսեյ Հայկուհու Փարաքարի տանը… Հայկուհու ամուսնու՝ Գուրգենի, երեխաների՝ սեբաստացիներ Հրաչի, Էլենի, Էդգարի հետ, նշանավոր շան ընկերակցությամբ, կանաչ, խնամված բակում սիրուն երեկո անցկացրինք: Իսկական սենսեյը այսպիսին է լինում՝ պաշտպանված ընտանիքով, ամբողջական՝ կյանքով իր, որ առաջից գնա-տանի մեզ:
Երբ դուրս էինք գալիս դեպի մայրուղի, ոստիկանը փակել էր մայրուղին, նրանով կառավարական-ուղեկցող մեքենաների երկարատև հաղթական շարք էր վերադառնում օդակայանից… ՀՀ նախագահին Քաթար ճանապարհումից:
— Էս ո՞ր երկրում ենք ապրում,- նետում եմ շփոթված ոստիկանին…
— Իսկ ի՞նչ է եղել,- չարանո՞ւմ է ոստիկանը, թե՞ խեղճանում…
— Հանրապետական կուսակցությունը հաղթեց և՛ ազգային, և՛ քաղաքային ավագանու ընտրություններում… Բա նորարար-ստեղծական-խնայող ծրագրային լուծումները կյանք չդառնա՞ն…
Ու ես վերադարձին, խաղաղ-մտերիմ իմ իրիկնային Երևանում տեսա այդպիսի մի հանճարեղ ինովացիա… Սիրուն մի ավտոբուս՝ կառավարության կազմով, զրուցելով-շփվելով, շարժվում է օդակայան՝ հանրապետության առաջին դեմքին ճանապարհելու… Դուք նրանց մեջ ավտոբուսում առաջին դեմքին էլ տեսա՞ք… Զարգացում է: Ժպտացինք նրանց ու բարի վերադարձ մաղթեցինք:
# 1039
*Ինովացիա — գիտության, տեխնիկայի, ղեկավարման, աշխատանքի կազմակերպման ոլորտներում արվող նորարարություն։
Աղբյուրը՝ Աշոտ Հայրապետյան, Օտար բառերի բառարան։