Արև է պայծառ դրսում, մեր ընդարձակ պատշգամբից այն կողմ․․․ Արևի շողքը իմ բացած դռնից ներս է մտել, հատակով մեկ լուսավոր շերտ գցել․․․
— Դավի՜թ, տե՛ս․․․
— Եթե կպնեմ, տա՞ք կլինի․․․
Կպչում է ձեռքով, հետո ոտքով է կանգնում շողքի վրա․․․
— Տաք չի․․․ ինչի՞․․․
— Դավի՜թ, պրծի. պրծա՞ր, բա ե՞րբ ես լողալու․․․
— Սպասի, տեսնեմ` էս կռիվը ոնց ա վերջանում, նոր․․․
— Կռի՞վ․․․
— Հա, տե՛ս, էս կողմում հայերն են, ով ինչ ունի՝ զրահագնաց, տանկ, զրահամեքենա, ջիպ, ռոբոտ, ամենագնաց․․․ զինվոր-մարդակեր․․․ հայերով շարվել են։
— Ո՞ւմ դեմ են կռվում․․․
— Չե՞ս տեսնում` թուրքերի․․․ Այլմոլորակայիններ են շարված թուրքերը․․․
— Բա էս տրամվայը (երկար, գերմանական) էստեղ ի՞նչ է անում։
— Սպասում է, որ հայերը կռիվ անեն, վերջացնեն, տանի տուն․․․
Դավիթն ինքնամոռաց իր սենյակում խոսում-աշխատում է․․․ Հետաքրքիր է, ինչ է անում․․․
— Ինձ մի՛ խանգարի, ես համալսարանում աշխատում եմ, չե՞ս տեսնում, հետազոտում եմ։
— Եվ ի՞նչ է անում մեր գիտնականն իր լաբորատորիայում։
— Ինտերնետ եմ ստանում․․․ Ահա, ունեցա, — ցույց է տալիս իր ստացած սարքը՝ լեգո կառույցը․․․
Արմինեն մինչև վերջ չի խանգարում, քնած է․․․
Դավթի լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:
Օրեր առաջ, երբ Դավթի հետ դուրս եկանք Շենգավթի մետրոյի կայարանից (է՜, մեկ էլ ե՞րբ էի եղել այս կայարանում) ու քայլում էինք երկար փողոց-պուրակով, Դավիթը ինձ բաց չէր թողնում․․․
— Ինչո՞ւ Երևանը չունի տրամվայ․․․Ո՞վ հանեց տրամվայի գծերը․․․ Չէ՛, ասա հասկանամ, ո՞ւմ էին խանգարում, ինչո՞ւ բոլորը տրամվայ ունեն, իսկ Հայաստանը՝ չունի․․․ Հանեցին, որ ի՞նչ լինի․․․ Հիմի ո՞նց են սարքելու նոր գծերը․․․ Ես ուզում եմ տրամվայով զբոսնեմ, ման գամ, նստեմ-իջնեմ․․․ Անցնեմ տրամվայից-մետրո, հետո՝ ավտոբուս․․․
— Պա՜պ, քաղաքը առանց դրսի մետրոյի, տրամվայի, սիրուն չի․․․
Գրական ակումբում, երեկ, Գեղարվեստի հարթակում, ինչպես՝ տոնն այսօր․․․ Երեկ ես այնքա՜ն յուրային էի զգում, ու ուսուցիչները մեր կարդում էին Չարենց, իրենք իրենց համար, անբռնազբոս, միանալով իրար, ինքնավար, իրար շարունակելով․․․ Չարենցի ծննդյան օրով Չարենցի տուն-թանգարանում այսպիսի մի ակումբային ընթերցողական-գրական միջավայր ստանալու առաջարկը կարծես համակում է, լուծումներ, զարգացումներ, նոր մասնակիցներ առաջացնում․․․ ռոյալի, կիթառի, ջութակի, վոկալի հնչյունով, նվագակցությամբ․․․ Չարենցի հետ ազատ եղեք, ձեր իմպրովիզի առաստաղով, վարվեք, ինչպես Չարենցն իր հանճարով, իր խելահեղ մուտքով մեր նոր գրականություն, մեր ժամանակներ… անխնա ու անսանձ…
Պատանիները ձեզ մենակ չեն թողնի, բայց վճռական նշանակություն ունի, որ դուք՝ սեբաստացի ուսուցիչներով լինելու եք կենտրոնում. դուք, ձեր Չարենցը` ձեր տունը, ձեր որոշումներով, ձեր հուզումներով-խոստովանություններով․․․ Կբավավարի՞ ժամանակը․ վստահ եմ, այսօր էլ դուք ինքնուրույն թե ձեր ընտրած խմբերով ընթերցանության՝ Չարենց ներկայացման մեջ եք, ձեր փորձերով, ձեր մտերիմների համար, ինքներդ ձեզ, ձեր լաբորատորիայում․․․
Կրթահամալիրի Քոլեջի նախակրթարանի սաների լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:
Սեբաստացիական համերաշխություն առաջացրած համախմբումը երեկ հարթակում էր մեր քոլեջ-արհեստագործականի․․․ Ուժի ցուցադրում էր, առիթը, մղումը՝ «Աիդա Պետրոսյան» սրահի բացումն էր, որպես դաստիարակի լաբորատորիա, բայց առավել ներդաշնակ միջավայրում․․․ Տպավորիչ ուղևորություն-շրջագայություն կատարեցինք քոլեջ-արհեստագործականով, նրա հարավային թևից, արևելյան անցումով, հյուսիսային-արևմտյան լաբորատորիան նորակառույց՝ մեծով-պստիկով, ուսանողով-սովորողով սեբաստացի տարատարիք ծնողներով․․․ Ջերմոց-լաբորատորիա, կարի գեղարվեստական գործվածքի ու մոդելավորման, կերպարվեստի-զարդակիռարական-դիզայնի, գեղեցկության, երաժշտության-թատրոնի արհեստանոց-արվեստանոցներ. սրանք անուններ չեն, սրանք աշխատանքի հարմար տեղեր են՝ լեցուն սովորողով․․․ Մենք տեսանք, ուրախացանք․․․
Դավիթ Բլեյանն իր երաժշտական իմպրովիզով, գործիքներով նվագում է, երգում ինքն իր համար։ Ես էլ իմ Տերյան լաբորատորիայում եմ աշխատում․․․ խաղում եմ Տերյան… գարնան շողքերով-ձայներով-տրամադրություններով․․․ Վերցնում եմ տերյանական տողեր, ինչպես բանաստեղծական տրամադրումի լեգոներ (կառույցներ) ու ստեղծում-միացումներով նորերը ստանում, ինչ ուզում եք․․․ Ստացվածը կարդում եմ, ծիծաղում եմ, քանդում․․․ ու նորից․․․ Այս մեկը պահեցի, որ հասկանալի լինի, թե ինչ լուրջ գործով եմ զբաղված, երբ Դավիթը հաշվում-հետևում է պլանշետի լիցքավորմանը՝ 94․95․․․97․․․, իսկ Արմինեն, ենթադրում եմ, Չարենցով քնած է․․․
Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս․․․
Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Օտար դաշտերի անանց մշուշում,
Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մոռացի՛ր կյանքի տառապանքը մութ․
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ․․․
Աչքերըդ փակի՛ր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ։
Դու ինձ չե՞ս տեսնում լուսե երազում․
Բուք ու հողմերում ես քեզ եմ երգում,
Դու քնած ես քո տաքուկ անկողնում,
Եվ արև բախտի երազ ես տեսնում․․․
Հասկանալի է, որ ես կարող եմ անվերջ շարունակել՝ ինչպես Դավիթն իր լաբորատորիայում և իր պլանշետում՝ գիտական ուսումնասիրությունները, ինչպես Արմինեն՝ իր տոնական նինջը՝ իր անկողին-արվեստանոցում։
Հարավային դպրոցի պարտիզպանների ջոկատի փոքրիկ ջերմոցը:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Ձեզ մնում է google-ով, թե ձեր ձեռքի տակ եղած Տերյան թղթե կրիչով, համոզվել, որ իմ օգտագործած բանաստեղծական լեգոները Տերյանից են վերցված․․․ Ունե՞մ ես այս ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունք։ Ձեզ արժանի սովորական տոն- օր ստեղծեք ձեր ձեռքի տակ եղած միջոցներով։
Ֆոտոխմբագիր` Արմինե Թոփչյան
#971